Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՒ ՓԱՌԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՒ ՓԱՌԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԶրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի տեղակալ, գնդապետ ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, մեր բանակը համալրվում է, այսպես կոչված, «խառը» սկզբունքով, եւ Հայաստանի քաղաքացիների զինվորական ծառայության ներգրավումը իրականացվում է զորակոչի, պայմանագրի, ինչպես նաեւ զորահավաքի միջոցով (պահեստազորում հաշվառված անձանց համար): Նաեւ ակնհայտ է, որ տարեցտարի մեծանում է պայմանագրային հիմունքներով բանակը համալրողների թիվը՝ ստեղծելով տպավորություն, որ ապագայում կարող ենք բոլորովին հրաժարվել ժամկետային զինծառայության զորակոչից:

-Բանակի համալրման խառը սկզբունքը այսօր ամենաարդյունավետ տարբերակն է եւ կլինի շարունակական: Այս խնդրին անդրադարձել է նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ասելով, որ բանակը համալրման այլ տարբերակ չունի, բացի ժամկետային եւ պայմանագրային զինծառայության փոխլրացումից: «Մենք ստիպված ենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին, որոնք շարունակական են: Մենք պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան բանակ, այդ պատճառով էլ անում ենք ամեն ինչ, որ փոխլրացման համակարգը գործի»,- ասել է նախարարը:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զինված ուժերը զինապարտ զորակոչիկներով համալրելու առավելությունն այն է, որ այդ եղանակով կարելի է կազմավորել բազմահազարանոց բանակ, միեւնույն ժամանակ, ունենալ ռազմաուսուցանված պահեստուժ (ռեզերվ): Զորակոչային համալրումը թույլ է տալիս ունենալ նաև այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:

-Զորակոչով զինծառայության անցնող քաղաքացիները, բնականաբար, չեն կարող ունենալ պայմանագրայինների արհեստավարժությունը՝ պայմանավորված հենց թեկուզ ծառայության կարճ ժամանակահատվածով: Նյութական ազդակների բացակայությունը նույնպես իր ազդեցությունն ունի:

-Պատերազմի ժամանակ անհրաժեշտ կլինեն մարդկային այնպիսի ռեսուրսներ, որոնք զգալիորեն կգերազանցեն խաղաղ պայմաններում բանակի թվաքանակը: Ինչը միայն կարելի է ապահովել պարտադիր ժամկետային զորակոչով եւ ռազմաուսուցանված ռեզերվով, եւ հնարավոր չէ իրականացնել պայմանագրային հիմունքներով կազմավորված բանակի դեպքում:

Անշուշտ, պայմանագրային զինծառայության անցնողները, պայմանավորված զինծառայության երկար ժամկետով, ավելի փորձառու են, իրենց դերն են խաղում նաեւ նյութական ազդակները, նրանք հետաքրքրված են իրենց մասնագիտական աճով: Հաշվի առնելով այս ամենը, հետզհետե ավելացնում ենք պայմանագրայինների թիվն առաջնագծում, եւ մենք նպատակ ունենք ապագայում առաջնագծի պաշտպանությունն ամբողջովին իրականացնել պայմանագրայինների միջոցով:

-Նախկինում ավելի շատ էր խոսվում պայմանագրային սերժանտների դերակատարումը բանակում ուժեղացնելու մասին: Այն, կարծեմ, ամերիկյան մոդել էր ու ենթադրում էր զորքերի տարբեր ստորաբաժանումներում ունենալ պայմանագրային սերժանտ՝ դասակի հրամանատարի տեղակալից մինչեւ գումարտակի հրամանատարի տեղակալ: Այդ ինստիտուտը արդարացրե՞լ է իրեն:

-Պայմանագրային սերժանտները պատրաստության ծրագիր են անցնում ենթասպաների դպրոցում եւ համալրում են զորքերը՝ որպես դասակի հրամանատարի տեղակալներ: Պայմանագրային սերժանտը անմիջականորեն աշխատում է զինվորի հետ եւ զինվորին ամենամոտ հրամանատարական օղակն է: Պայմանագրային սերժանտն ունի առաջխաղացման հնարավորություն մինչեւ գնդի սերժանտ, ինչը բավականին բարձր պաշտոն է զորքերում:

Սրանք բավականին լուրջ խթաններ են պայմանագրային սերժանտի ծառայությունը կարևորելու և այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, կարծում եմ, որ առայժմ պայմանագրային սերժանտի ինստիտուտը զորքերում չի կայացել, ինչը ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցից առաջինը գործունեության կարճ ժամանակահատվածն է: Պետք է որոշակիորեն տարանջատել պայմանագրային սերժանտի եւ ստորաբաժանումը ղեկավարող սպայի ծառայողական պարտականությունները, պատասխանատվության մեխանիզմները, ու թույլ տալ, որ պայմանագրային սերժանտները զորքերում ինքնահաստատվեն: Այն, որ բանակը պայմանագրային սերժանտներով համալրելու գաղափարը օգտակար է ու նպաստավոր, վիճարկման ենթակա չէ:

-Ընդունված է ասել, որ «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորները կազմավորում են էլիտար ստորաբաժանում: Գուցե նրանց գերազանցությունը երևում է ծառայության երրո՞րդ տարում, երբ ավելի մեծ փորձառություն են ունենում, քան երկու տարի ծառայող զինվորները:

-«Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորների ուսումնական փուլն ավելի երկար է տեւում, այս հանգամանքը անպայման որոշակիորեն ազդում է նրանց մասնագիտական արհեստավարժության վրա: Եվ սա բնական է. «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորները ծառայում են միմիայն առաջնագծում, ի տարբերություն մյուսների, որոնք կարող են համալրել նաեւ թիկունքային զորամասերը: Իսկ երրորդ տարում, բնականաբար, նրանք շատ ավելի փորձառու են լինում, քան մյուս ժամկետայինները: Այդուամենայնիվ, էլիտար բառը ավելի շատ ընդգծում է «Ես եմ» ծրագրով զորակոչվածների ոչ այնքան ֆիզիկական, որքան բարոյահոգեբանական պատրաստվածությունը: Նրանք կամավոր զենքով հայրենիքը առաջնագծում երեք տարի պաշտպանելու որոշում են կայացրել:

-Ծրագիրը գործողության մեջ դնելիս են բացահայտվում առավելություններն ու թերությունները: Կա՞ն ինչ-ինչ դրույթներ, որոնք խանգարում են «Ես եմ» ծրագիրը մասսայականացնելու գործին, եւ դրանք փոփոխության կարիք ունե՞ն:

-Մենք առաջարկել ենք ավելացնել «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորների 5 միլիոն դրամ պարգեւավճարները օգտագործելու հնարավորությունները: Այսինքն՝ թույլ տալ, որ այդ գումարը օրենքով նշվածից բացի այլ նպատակներով ևս օգտագործվի:

-Իսկ հնարավո՞ր չէ, առհասարակ, վերացնել սահմանափակումը:

-Ո՛չ, քանի որ գումարի նպատակային օգտագործումը թույլ է տալիս լուծել մի շարք խնդիրներ: Առաջին հերթին, զորակոչված երիտասարդին կապել հայրենիքին՝ սեփական հողի վրա բնակարան ունենալու, հայրենիքում կրթություն ստանալու, գյուղատնտեսական բիզնես հիմնելու միջոցով:

-Եթե բիզնեսը լինի «քաղաքային», ոչ գյուղատնտեսական, ինչպես նշվում է օրենքում, նա չի՞ կապվի հայրենիքին: Կամ՝ եթե այդ գումարը տրվի նորապսակներին՝ երիտասարդ ընտանիքին՝ որպես օգնություն:

-Ես էլ նույնն եմ ասում: Սահմանափակումները ոչ թե կվերանան, այլ կմեծանան գումարը իրացնելու հնարավորությունները, բայց դարձյալ հաշվի առնելով այն առավելագույն արդյունավետությամբ տնօրինելու եւ առաջնահերթությունները չանտեսելու պայմանը: «Ես եմ» ծրագրում կան հավելումներ, որոնք ավելի են նվազեցնում սխալվելու ռիսկերը եւ զինակոչիկներին հնարավորություն են տալիս առանց մտավախության ընտրելու զինծառայության այդ տարբերակը: Եթե «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորը ծառայության ընթացքում հասկանում է, որ սխալ որոշում է կայացրել, կարող է ծառայությունը շարունակել սովորական հիմունքներով: Պարզապես նրա ժամկետին կավելացվի արձակուրդում եղած ժամանակահատվածը, եւ կկարգավորվեն ֆինանսական խնդիրները: Եվ հակառակը, սովորական հիմունքներով զորակոչված զինվորը կարող է ծառայությունը շարունակել «Ես եմ» ծրագրով: Եթե նախկինում նա պատկերացում չուներ զինծառայության մասին և դժվարացել է երեք տարով զրակոչվելու որոշում կայացնել, ապա ծառայության ընթացքում ներսից ծանոթանալով զինծառայությանը, կարող է վստահաբար ընտրել «Ես եմ» ծրագիրը:

-Պարոն գնդապետ, հայտարարված էր, որ զորակոչը տեւելու է մինչեւ հունվարի 31-ը: Ինչո՞ւ այն երկարաձգվեց եւս 15-օրով, չէի՞ք հասցրել կատարել զորակոչային պլանը:

-ԶՈւ համալրման պլանը կատարել ենք ժամանակին, զորակոչի միջոցով բանակը համալրել ենք ամբողջովին՝ ըստ պլանի եւ ժամանակացույցի: Զորակոչի երկարաձգումը կապված էր առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների կրկնակի հետազոտման տվյալների ուշացման հետ:

-Այս տարի զորահավաքակայանում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը տեղում պատասխանում էր զինակոչիկների ու նրանց ծնողների հարցերին: Ինչո՞վ է պայմանավորված այս նորամուծությունը:

-Եթե նախկինում զինակոչիկներն ու նրանց ծնողները իրենց մտահոգությունները շարադրում էին պաշտոնատար անձանց ուղղված նամակներում եւ սպասում էին պատասխանի, ապա այս զորակոչին աշխատանքային խումբը տեղում պատասխանում էր նրանց հարցերին՝ գործընթացն ավելի արագ ու արդյունավետ դարձնելու համար: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետը, անձնակազմի համալրման բաժնի պետը, հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը:

-Հատկապես ինչի՞ց էին դժգոհում զինակոչիկներն ու նրանց ծնողները: Եվ արդյոք դժգոհություններն արդարացվա՞ծ էին:

-Ծնողը միշտ արդար է, որովհետեւ ծնող է: Այլ բան է, թե որքանով են նրա պահանջները համընկնում օրենքի տրամաբանության հետ: Ծնողն ասում է, որ ինքը հիվանդ է եւ ուզում է՝ իր որդին ծառայի բնակության վայրին մոտ, որպեսզի կարողանա երբեմն այցելել նրան: Ծնողն արդա՞ր է: Մարդկայնորեն՝ այո: Բայց օրենքը այլ բան է ասում: Ծնողը չունի նյութական հնարավորություն հասնելու հեռավոր զորամաս: Խնդրում է, որ իր տղային մերձակա զորամասն ուղարկենք: Արդա՞ր է նրա ցանկությունը: Իհարկե, արդար է: Բայց մենք առավելագույն սիրալիրությամբ նրան բացատրում ենք, որ օրենքը թույլ չի տալիս նման արտոնություն: Որոշ բողոքներ վերաբերում էին զինակոչիկների առողջական խնդիրներին: Ծնողն ասում է, որ իր զավակը ասենք ստամոքսի շրջանում ցավեր ունի: Նա ծնող է եւ մտահոգվում է իր զավակի համար: Ու դա միանգամայն արդար է: Բայց մեր պարտքն է բացատրել ծնողին, որ բժշկական եզրակացությունն այնպիսի հիվանդություն չի արձանագրել, որը կազատեր որդուն զինվորական ծառայության պարտքից: Մենք պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվենք զինակոչիկների ծնողներին: Պետք է փարատենք նրանց բոլոր կասկածները: Ի դեպ, այս տարի զորահավաքակայանի բակում զինակոչիկների ծնողների համար բացվեցին վրաններ՝ անձրեւից, ձյունից պաշտպանվելու համար: Իսկ ներսում՝ հարմարավետ սենյակներում նրանց սուրճ ու թեյ հյուրասիրեցինք: Այս տարի ժամը 5-ից հետո զորահավաքակայանից ոչ մի ավտոբուս չուղեւորվեց զորամաս:

-Իրոք, զորահավաքակայանից ուշ ժամին զորամաս մեկնելը շատ լուրջ անհարմարություն էր առաջացնում: Զինակոչիկների ծնողները մինչեւ ուշ գիշեր մնում էին զորահավաքակայանի բակում, որ զորամաս ճանապարհեն իրենց զավակներին: Եվ հետո՝ ձմռանը ուշ ժամին երթեւեկելը վտանգներով լի է: Ու մենք պատահար ունեցանք անցյալ տարի: Այս նախադեպը կպահպանվի՞ գալիք զորակոչին, թե իրավիճակային որոշում էր:

-Բոլոր մտահոգությունները հաշվի առնելով, այս տարի վերջին ավտոբուսը զորահավաքակայանից զորամաս է ճանապարհվել ժամը 5-ից ոչ ուշ: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ ծնողներն ավելի հանգիստ, խաղաղ ու առանց մտավախությունների բանակ ճանապարհեն իրենց որդիներին: Այս պրակտիկան կգործի նաեւ գալիք զորակոչերին: Գուցե լինի ժամի փոփոխություն՝ կապված ամառային եղանակի հետ:

-Պարոն գնդապետ, ապրիլյան պատերազմը քննություն էր նաեւ զորահավաքային ռեսուրսի մարտական պատրաստականությունն ստուգելու առումով:

-Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զորահավաք չի եղել, եւ զորահավաքային ռեսուրսի մարտունակությունը գնահատելու մասին չենք կարող խոսել: Այլ բան է, որ կարող ենք գնահատել մեր բնակչության, այդ թվում նաեւ՝ ռեզերվի հոգեբանական պատրաստականությունը եւ հայրենիքը պաշտպանելու ցանկությունը:

-Ինչը մարտունակության կարեւոր բաղադրիչ է:

-Անշուշտ: Ապրիլյան պատերազմն արթնացրեց կամավորական շարժում: Մենք տեսանք բնակչության ոգին, խիզախությունը, առաջնագծում զինվորի կողքին կանգնելու ցանկությունը, կազմակերպվածությունը: Իսկ զորահավաքային ռեսուրսի մարտունակությունը մենք ստուգում ենք ըստ պահեստազորի պատրաստության ծրագրով իրականացվող միջոցառումներով:

-Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է «Ակտիվ պահեստազորի ծառայության կազմակերպման կարգը», որով կարգավորվում են քաղաքացիներին ակտիվ պահեստազորում ներգրավելու հետ կապված հարաբերությունները: Ինչո՞վ են տարբերվում ակտիվ պահեստազորայինները պասիվներից:

-Համաձայն գործող օրենքի՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիներին զինկոմիսարիատները կցագրում են զինված ուժերի պատերազմական հաստիքներին: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսվում է, որ պահեստազորայինների մի մասը կարող է հաստիքով նախատեսված պարտականությունները կամավոր հիմունքներով կատարել խաղաղ ժամանակահատվածում՝ քաղաքացու եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքված պայմանագրով:

-Սա նույն պայմանագրային ծառայությունը չէ՞:

-Ո՛չ: Նախատեսվում է, որ ակտիվ պահեստազորայինը ծառայելու է ամիսը 3 օր՝ մասնագիտական պատշաճ մակարդակը պահպանելու, ռազմական ունակությունները կատարելագործելու նպատակով:

-Ինչպես հասկացա, այդ 3 օրը չի խանգարի քաղաքացու հիմնական աշխատանքին, կընտրվեն ոչ աշխատանքային օրեր: Իսկ քաղաքացին վճարվելո՞ւ է ակտիվ պահեստազորում ընդգրկվելիս:

-Այո՛, ծառայության երեք օրվա համար քաղաքացին կստանա համապատասխան գումար:

-Այս նորամուծությունը միայն պահեստազորայինների մասնագիտական մակարդակը պահպանելու համա՞ր է, թե՞ զուգահեռաբար համալրման խնդիր է լուծում: Եթե ակտիվ պահեստազորը մեծ լինի, մենք լրացուցիչ զո՞րք ենք ունենում բանակում:

-Ակտիվ պահեստազորային ծառայության ներդրումը կբերի ԶՈՒ համալրվածության անհրաժեշտ թվաքանակի պահպանման, ԶՈՒ կառավարման մարմինների պատրաստականության բարձրացման, ԶՈՒ կառավարման մարմիններում եւ ստորաբաժանումներում պատերազմական պաշտոններին կցագրված պահեստազորայինների մարտական պատրաստության կատարելագործման, ԶՈՒ առանձնահատուկ պահանջների եւ խնդիրների կատարման համար հատուկ մասնագետների ներգրավման:

-Ովքե՞ր են հատուկ մասնագետները:

-Օրինակ՝ բժիշկները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, կիբեռանվտանգության մասնագետները…

-Պարոն գնդապետ, շնորհակալություն բազում տեղեկություններով լի օգտակար զրույցի համար:

-Ուզում եմ շնորհավորել բոլոր նորակոչիկներին զինվորական ծառայության անցնելու կապակցությամբ, մաղթում եմ հերոսական ու փառավոր ծառայություն:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/02/2019