Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԵՐԻՐ, ԶԻՆՎՈՐ ՏՂԱՍ
ՆԵՐԻՐ, ԶԻՆՎՈՐ ՏՂԱՍ

ՆԵՐԻՐ, ԶԻՆՎՈՐ ՏՂԱՍԿեսգիշերն անց էր: Մոտակա շենքի հատուկենտ տներում էր լույս վառվում: Վահրամի քունը չէր տանում. առավոտյան պետք է ներկայանար զորահավաքակայան. առջեւում  զինվորական երկու տարվա կյանքն էր: Կողքի մահճակալին եղբայրն անուշ խռմփացնում էր, իսկ մայրն էլ խոհանոցում խնջույքից հետո հավաքված ամաններն էր լվանում:

Օրվա հերոսն ինքն էր. հարազատ-բարեկամ հավաքվել էին՝ իրեն բանակ ճանապարհելու: Դասընկերուհին ՝ Անին էլ էր եկել, բայց, ափսոս, որ Անիին չկարողացավ սեր խոստովանել, մի տեսակ կցկտուր ստացվեցին բառերը:

Կենացները շատ էին, խմում էին հայրենիքի զինվորների, հայրենիքի պաշտպան Վահրամի կենացը: Մոր կենացն էլ խմեցին՝ «տղամարդ կին» անվանելով: Այդ պահին նայեց մորը, տխուր նստել էր սենյակի մի անկյունում եւ արդեն կարոտած հայացքով ժպտում էր որդուն: Մենակ էր մեծացրել որդիներին եւ մայրական քնքշանքին մի քիչ խստություն էր խառնել, որ հոր պակասը շատ չզգացվի: Մտքերը Վահրամին տարան մանկություն…

…11 տարի առաջ էր, մի քանի  օրից սեպտեմբերն էր, ու Վահրամն առաջին անգամ դպրոց պետք է գնար: Ինչքա՜ն էր սպասել սեպտեմբերի 1-ին, մոր հետ ի՜նչ բծախնդրությամբ ընտրեցին դպրոցական պայուսակը, համազգեստը: Ինչքա՜ն էր մայրը պայծառացել՝ առաջնեկը դպրոց է գնալու… Բայց ահա մայրը խեղճացած նստել էր խոհանոցի մի անկյունում, իսկ հայրը տնից հավաքում էր իրեն պատկանող ամեն ինչ: Բաժանվում էին…

Դրսում բեռնատար մեքենան սպասում էր, որ տեղափոխի հոր իրերը: Վահրամը հիշեց, թե ինչպես թռցրեց հոր իրերից մեկը եւ խելագարի պես սկսեց փախչել. կարծում էր՝ հորը հետ կպահի…

Առաջին անգամ դպրոց գնաց մոր ձեռքն ամուր բռնած ու տխուր նայում էր այն երեխաներին, որոնք իրենց երջանիկ ծնողների ուղեկցությամբ էին դպրոց գալիս: Հենց այդ օրը հոր պակասը շատ զգաց, կարոտեց հորը… Հիմա էլ, տարիներ անց, կեսգիշերին զարմանալիորեն  նույն զգացողություններն ուներ: Հիմա, հենց այս պահին շատ կցանկանար հոր հետ զրուցել,  տղամարդու՝ հայրական խորհուրդ ու մաղթանք լսել:

Լուսացավ: Մայրը, եղբայրը, Անին  ուղեկցեցին Վահրամին: Զինկոմիսարիատում ասեղ գցելու տեղ չկար: Հարազատները շրջապատել էին իրենց զինվոր զավակներին, վերջին խորհուրդներն էին տալիս, խրատում ուշադիր լինել, զգոն: Հավաքված բազմության մեջ  Վահրամը հանկարծ նկատեց իրեն հառած ծանոթ աչքերը… Հազար տարի էր անցել, բայց նույն հայացքն էր… Շատ էր ծերացել  հայրը:  Երեւի իրենց շենքի Սարգիսը, որ հոր հետ մտերիմ էր, նա  էր տեղեկացրել, որ որդին բանակ է գնում: Ինչքա՜ն է սպիտակել: Կոտրված ժպիտ կար հոր դեմքին: Մոտեցավ, մի տեսակ անվստահ ձեռքերը պարզեց, բայց այնպես ամուր փաթաթվեց՝ ասես ուզում էր բացակա տարիների կարոտը որդուց միանգամից առնել: Վահրամը կարկամել էր, չգիտեր՝ ինչպես վարվել ու մեղավոր հայացքով մորն էր նայում, ասես ուզում էր կարդալ պատասխանը:

Հայրը Վահրամին մի ծրար տվեց:  Երբ զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը պետք է շարժվեր, Անին էլ ծածուկ մի թուղթ խցկեց գրպանը՝ կկարդաս, ասաց:

Ավտոբուսները շարժվեցին, ու դրսում կանգնած ծնողները փորձում էին հեռացող  ավտոբուսների մեջ որսալ իրենց զինվորի հայացքը:

Քաղաքը մնաց հեռվում: Զորակոչիկներից ամեն մեկն իր մտքերի հետ էր: Վահրամն առաջինը հոր ծրարը բացեց. «Բարեւ, տղա՛ս: Չգիտեմ, գուցե ընդվզես, որ քեզ այդպես եմ կոչում եւ ունե՞մ արդյոք ես այդ իրավունքը: Չգիտեմ, տղա՛ս… Կյանքում հաճախ սխալներ ենք գործում եւ ուշացած զղջում… Երբ Սարգիսն ասաց, որ գնում ես ծառայության, որոշեցի հենց այդ պահին գալ քեզ մոտ… Չհամարձակվեցի: Տղաս զինվոր է, էս ինչքա՜ն արագ թռան տարիները… Ամբողջ գիշեր, հավատա, չքնեցի, անհամբեր սպասում էի լուսաբացին, ուզում էի քեզ տեսնել… Բանակը երեւի կլրացնի այն բացը, որն իմ մեղքով է եղել, բանակը քեզ տղամարդկության դասեր  կտա: Ուզում եմ հավատալ, որ մեծահոգի ու ներողամիտ կլինես: Ների՛ր ինձ, իմ զինվո՛ր բալա… Ձեռքերս դողում են, բայց համարձակվում եմ գրել՝ քո հայր»:

Վահրամը հուզվել էր, կոկորդում տարօրինակ մի  ծանրություն էր:  Բացեց նաեւ Անիի նամակը. «Ամբողջ գիշեր անընդհատ բառեր էի փնտրում քեզ գրելու, սրտիս զգացածը նկարագրելու, բայց բառերն անզոր են արտահայտելու այն, ինչ զգում եմ… Ես քեզ կսպասեմ, Վահրամ…»:

…Կիսամութ էր, երբ  զորակոչիկների ավտոբուսը հասավ սահմանային զորամասերից մեկը: Ճանապարհին Վահրամը ծանոթացել էր զինընկերների հետ, արդեն հասցրել էին միմյանց մականուններով կնքել. «Ծոն»՝ գյումրեցի Արմենն էր, «Ձուկը»՝ սեւանցի Սուրոն, «Բիբար կրծողն» էլ ինքն էր, շրջանների տղերքն  էդպես են անվանում քաղաքաբնակներին: Էսպես մեկմեկու  կնքել էին նոր անուններով, ու ոչ մեկը մյուսից չէր նեղացել, հակառակը՝  լիասիրտ, մի կուշտ ծիծաղել էին:

-Աշխույժ, ազնիվ, սրամիտ տղերք են, հաստատ այս երկու տարիները հետաքրքիր ու հեշտ են անցնելու,- անկողնում շուռումուռ գալով-հարմարվելով մտածում էր Վահրամը,- վաղվանից, բարեւ, զինվորական երկու տարվա կյանք…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ