Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՐՁԱԿ ԵՐԱԶԻՐ



ՀԱՄԱՐՁԱԿ ԵՐԱԶԻՐՕլիմպիական խաղերի եռակի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ 90 տարեկան է:

 

-Պարոն Ազարյան, Դուք օլիմպիական խաղերի եռակի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն եք։ Ձեր կենսագրության այդ շրջանը, բնականաբար, հայտնի է ու հռչակված, քանի որ մարզական հաջողությունները հաջորդում էին իրար, բերում ճանաչում, պատիվ, մեծարանք… Սակայն մեծ սպորտ տանող ճանապարհն ավելի վաղ է սկսվում, ու վերելքի յուրաքանչյուր հատվածը հաղթահարվում է տքնանքով, ջանքով, ուժերի լարումով։

-Ես շատ դժվար մանկություն եմ ունեցել, ոչ միայն մարզական հաջողություններս, այլեւ ցանկացած աննշան ձեռքբերում ինձնից մեծ ջանք ու եռանդ է խլել։ Ծնվել եմ Գանձակում։ Հայրս երիտասարդ տարիներին ոստիկանապետ էր աշխատել, սակայն վատառողջ լինելու պատճառով թողել էր գործն ու սկսել էր կոշկակարությամբ զբաղվել, որ պահի ընտանիքը։ Նա շատ վաղ մահացավ՝ կնոջն ու երկու մանկահասակ որդիներին թողնելով բախտի քմահաճույքին։ Ես վեցերորդ դասարանում տեղափոխվեցի երեկոյան դպրոց, որպեսզի ցերեկները աշխատեմ։ Ծանր է խոստովանելը, բայց ես մանկություն չեմ ունեցել։ Դեռ երեխա՝ ազգականներիս նվիրած մեր միակ հարստությունը՝ կովը, տանում էի արածացնելու, իսկ կաթն ու մածունը վաճառում էի՝ տնից տուն շրջելով։

-Գանձակո՞ւմ…

-Մենք այդ ժամանակ արդեն եկել էինք Հայաստան ու ապրում էինք Վանաձորում։ Հիշում եմ, մի անգամ Վանաձորում ծառայող խորհրդային բանակի զինվորներն ինձնից մածուն գնեցին ու բանկաները չվերադարձրին, զինմասի պատերի տակ, փակ դռների մոտ կանչում¬խնդրում էի վերադարձնել բանկաները: Մամաս ինձ տուն չի թողնի՝ ասում էի լաց լինելով։ Մայրս հասկանում էր, որ կով արածացնելն ու մածուն ծախելը ապագա չեն ինձ համար, ու ցանկանում էր, որ ես արհեստավոր դառնամ։ Ես դարբնություն եմ սովորել, դարբնի աշակերտ եմ եղել։ Մուրճը սալին խփելուց մկաններս պրկվել, զարգացել էին, ու հաջողություններիս համար ինչ¬որ չափով նաեւ դարբնի իմ արհեստին եմ պարտական։ Բակային կռիվներում իմ արժանի «փառքն» ունեի. ընկեր¬տղերքով մարզադպրոց էինք հաճախում, որպեսզի ուժեղանանք ու մեզ լավ դրսեւորենք պարբերաբար կրկնվող ծեծկռտուքների ժամանակ։ Որքան էլ զավեշտալի է, ես մարզադպրոց եմ հաճախել բնավ էլ ոչ այն պատճառով, որ երազել եմ մարզիկ դառնալ, այլ պարզապես թաղի ուժեղ տղայի համբավն ու հարգանքն էին հրապուրել ինձ։ Զբաղվել եմ ըմբշամարտով, ծանրամարտով։ Սերգո Համբարձումյանը մեծ հույսեր էր կապում ինձ հետ, ցանկանում էր, որ ես ծանրամարտիկ դառնամ։

-Երբ սկսվեցին հաղթանակները:

-Իմ առաջին փոքրիկ հաղթանակը 1947¬ին էր։ Ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին մասնակցելու համար յուրաքանչյուր հանրապետությունից մարմնամարզիկներ էին ուղարկում Մոսկվա։ Ինձ նույնպես ընտրեցին։ Պարզվեց, որ ես շատ լավ կազմվածք ունեմ, ֆիզիկապես ուժեղ եմ ու կարող եմ առանց ճիգի բարդ համարներ կատարել օղակների վրա։ Սակայն նախապես մեզ չէին ասել, որ կան պարտադիր համարներ, ու հերթական ընտրական փուլում սալտո չանելու պատճառով ինձ զրկեցին հետագա պայքարին մասնակցելու հնարավորությունից։ Ընկերս խորհուրդ տվեց հանել վերնազգեստս ու, մարմնական բարեմասնություններս ի ցույց դրած, խնդրել մեր ղեկավարին՝ Սվիրիդովին, ինձ նույնպես շքերթին մասնակցելու հնարավորություն տալ։ Սիրտ արի, մկաններս մերկացրած մոտեցա Սվիրիդովին ու նույն պահին հիշեցի, որ անհրաժեշտ է մտքերն արտահայտել ռուսերեն, ինչը շատ հեռու էր ինձնից։ Սվիրիդովի հարցական հայացքից ու անելանելի իրավիճակից ազատվելու համար ինքս էլ չհասկացա՝ ինչպես միանգամից սալտո արեցի։ Սվիրիդովին դուր եկավ համարձակությունս, ու նա ինձ շնորհեց շքերթի ժամանակ հայկական դրոշը տանելու պատիվը։ Եղածը մի բան չէր, բայց Մոսկվայից վերադառնալուց հետո Վանաձորում հերոսի պես էի քայլում. տեսել էի ԽՍՀՄ մայրաքաղաքը, գեղեցիկ մարզահագուստ ունեի…

-Տարիներ հետո Ձեզ հաջողվեց շրջել ամբողջ աշխարհը, Ձեր անունը տարածվեց մոլորակով մեկ, քանի¬քանի անգամ նվաճեցիք առաջինի տիտղոսը։ Իսկ ի՞նչ զգացումներ էիք ունենում այն ժամանակ։

-Ես երբեք մեծ նպատակներ չեմ դրել իմ առջեւ, չեմ գերագնահատել ուժերս, պարզապես նվիրվել եմ անմնացորդ, աշխատել եմ ուժերի գերլարումով, ու հաղթանակները չեն ուշացել։ Պատասխանատվության զգացումն է դաստիարակվել իմ մեջ մանկության տարիներից, երբ սեփական քրտինքով վաստակել եմ ավուր հացս, հոգացել ընտանիքիս կարիքները։ Ու ողջ ուժերով աշխատելն ինձ համար դարձել է կենսակերպ։ Մի միտք մշտապես առաջնորդել է ինձ. իմ ու հայրենիքիս պատիվը բարձր պահելու պարտավորությունը, եւ մի համոզմունք, որ միայն նվիրումն ու աշխատանքը կարող են երաշխավորել բոլոր հաղթանակները։ Հետագայում իմ հաղթանակներով հայ ժողովուրդն ավելի էր հպարտանում, քան ես։ Եվ դա ամենամեծ վարձատրությունն էր։

-Ոմանք պնդում են, որ մենք՝ հայերս, այնքան էլ նախանձախնդիր չենք մեր հերոսներին մեծարելիս, նույնիսկ կարծում են՝ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ մենք երբեք հանճարների պակաս չենք ունեցել եւ ոչ մի բնագավառում։

-Ասվածի մեջ ճշմարտություն կա։ Ես նկատել եմ, որ ե՛ւ վրացիները, ե՛ւ ադրբեջանցիները աստվածացնում են, երկինք են հանում բոլոր նրանց, ովքեր իրենց գործով բարձրացրել են ազգի պատիվը, բերել են հռչակ ու ճանաչում։ Մենք ավելի զուսպ ենք այդ առումով։ Գիտե՞ք՝ սերն ու մեծարանքը ազգի երախտավորների հանդեպ ավելի շատ պետք են հենց ժողովրդին, բարձրացող սերնդին, երիտասարդությանը։ Ջահելներին օրինակ է պետք։ Նրանք պետք է երազեն նմանվել այն մարդկանց, ովքեր վաստակ ու կենսագրություն ունեն, ովքեր բարձրացրել են ազգն ու հայրենիքը եւ իրավամբ վայելում են յուրայինների սերը, ջերմությունը, հարգանքը։ Հաղթելու, բարձունքներ նվաճելու համար նյութական շահագրգռվածությունը թույլ խթան է, ավելի վեհ ձգտումներ են անհրաժեշտ։ Հասարակությունն ինքն է բարձրացնում իր արժեքները, ինքն է ձեւավորում չափանիշներ, ու վայ այն ազգին, որի զավակների ձգտումներն ու երազանքները կպարփակվեն նյութականի ու բարեկեցիկի շրջանակներում։

-Հայաստանից շատ են արտագաղթել մարզիկներ։ Երբեմն նույնիսկ դժվար է մեղադրել. արտասահմանում նրանց ընդունում են գրկաբաց, բարձր աշխատավարձ են տալիս։

-Մենք որքան էլ ցանկանանք, չենք կարող մարզիկներին վճարել այնքան, որքան նրանք դրսում են վաստակում։ Այդ մարդկանց պիտի հայրենիքին կապեինք մեր սիրով, մեր հարգանքով, մեր ջերմությամբ։ Եթե շատ սիրեինք նրանց, եթե արժանիորեն մեծարեինք, հավատացած եմ՝ չէին տրվի գայթակղությանը, կմնային, կդիմանային։ Արտասահմանում ամենասովորական մարզչին մի քանի հազար դոլար աշխատավարձ են տալիս։ Նրանք գիտեն մարդկանց սեփական երկրում պահելու ու իրենց շահերին ծառայեցնելու ձեւերը։ Ցավալի է, որ մեր տղաները մարզում են օտարազգի երեխաներին, որոնք վաղը չափվելու են հենց մեր երեխաների հետ, մեր մարզիկները մրցում են օտար դրոշների ներքո, նրանց հաղթանակի պատվին օտարաբառ ու օտարահունչ օրհներգ է լսվում… Չի կարելի խլել ազգից այն, ինչը նրա սեփականությունն է։ Ժողովուրդն է կյանք տվել մարզիկին, արվեստագետին, գիտնականին ու նրա հաղթանակների սեփականատերն է։ Ես աշխատելու հրավերներ եմ ստանում տարբեր երկրներից, բայց մերժում եմ։ Ոչ մի օտար երկրում 10¬15 օրից ավելի չեմ կարող մնալ։ Դա անբացատրելի զգացում է՝ զգալ հողիդ ջերմությունը, ժողովրդիդ շնչառությունը, վերջապես՝ բանակիդ մշտաներկա ուժը։ Զինվորական համազգեստով սպաներին տեսնելիս ամեն անգամ հպարտության, ինքնավստահության հաճելի զգացում եմ ունենում, ասես ուժ եմ առնում, հոգնությունս անցնում է, ավելի մեծ հավատով ու լավատեսությամբ եմ նայում ապագային։

-Ձեր որդին՝ Էդուարդ Ազարյանը օլիմպիական խաղերի եւ Եվրոպայի չեմպիոն է։ Որքա՞ն է Ձեր ավանդը նրա հաղթանակներում։

-Յուրաքանչյուր մարզիկ ինքն է կռում իր հաղթանակը։ Ամեն դեպքում, հաճելի է, երբ զավակդ հետեւում է քեզ, հասնում հաջողության։ Սակայն առավել կարեւոր է, որ քո մարզաձեւը սիրելի լինի հարազատ երկրում ու հետեւորդներ ունենա ազգիդ մեջ, օրինակ լինի ոչ միայն որդուդ, այլեւ առհասարակ հայ պատանիների համար։ Ես 1964 թվականին ավարտեցի իմ մարզական կարիերան եւ աշխատանքի անցա մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն ու մինչ օրս մարզօջախի ղեկավարն եմ։ Մարզադպրոցը փառահեղ կենսագրություն ունի, այստեղ իրենց մասնագիտական մկրտությունն են ստացել շատ անվանի մարզիկներ, տվել ենք օլիմպիական խաղերի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ: Բնականաբար, նրանցից լավագույնները կշարունակեն մարզական կենսագրությունը, իսկ մյուսները կդառնան ավելի առողջ, գեղեցիկ, ուժեղ կամքով, նպատակասլաց։

-Պարոն Ազարյան, Դուք մրցել եք աշխարհի 49 երկրում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ, ճանաչվել եք 20¬րդ դարի հայազգի լավագույն մարզիկը։ Ո՞րն է մեծ նվաճումների հասնելու ամենակարեւոր պայմանը, ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր վաղվա Հայաստանն են ներկայացնելու աշխարհին։

-Հազիվ թե կարողանամ բանաձեւումներ անել, բայց կփորձեմ նշել մի քանի կարեւոր հատկանիշ։ Առաջինը նպատակին հասնելու հաստատակամությունն է։ Երբեմն դժվարությունները թվում են անհաղթահարելի, կամքը տեղի է տալիս, բայց ուժեղները չեն հանձնվում, չեն պարտվում…։Եթե ամեն մեկս մեր բնագավառում հաղթենք, հայրենիքն անպարտ կլինի:

-Ի՞նչ կմաղթեք Հայոց բանակի զինվորին։

-Համարձակ երազիր:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Մարզաշխարհ


21/02/2019