Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ…



ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այստեղ եկողը հզորության, անառիկության ու պաշտպանվածության մի անասելի զգացում է ունենում: Իսկ գագաթներից որևէ մեկին բարձրացողը գիտակցում է, որ լեռնաշղթան կարծես յուրատեսակ անհաղթահարելի պարիսպ լինի, պարիսպ, որ պաշտպանում է Արցախի սահմանները Քարվաճառ միջնաբերդում: Սարերում, ձորերում մի քանի ժամ անցկացնելն արդեն իսկ փորձություն է, էլ ուր մնաց երկարատև գործունեությունը ամբողջությամբ ձնածածկ լանջերին: Այստեղ մեկ ժամվա ընթացքում եղանակը մի քանի անգամ կարող է փոխվել. մեկ անձրև է ու կարկուտ, մեկ փոթորիկ կամ պայծառ արև: Դժվար է հատկապես ցրտաշունչ ձմռանը: Այստեղ կարող են դիմանալ միայն հոգով ուժեղները: Եվ հենց այստեղ են իրենց ծառայությունն անցկացնում հայ զինվորն ու սպան՝ սարերի պես հզոր, սարերի պես ամուր…

Քարվաճառի զորամասերից մեկում ենք: Գնդապետ Ժամհարյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է կատարում բարդ տեղանքում: Հիմնական խնդիրը պետական սահմանի պահպանությունն է: Գնդապետ Ժամհարյանի հետ զրուցում ենք զորամասի առօրյայի, ամենօրյա խնդիրների լուծման ուղիների շուրջ:

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...-Մեր զորամասի պատասխանատվության գոտին բավական ընդգրկուն է, ծառայության պայմանները՝ բարդ: Այդուհանդերձ, մեր հիմնական մարտահրավերը եղանակային ծանր պայմաններն են, ձմռանը, կարելի է ասել, «պատերազմում ենք» եղանակի հետ: Մարտական հենակետ բարձրանալիս կհամոզվեք դրանում,- նշում է գնդապետը:

Ու թեև դժվարությունները շատ են, դրանք չեն խանգարում ծառայության լիարժեք իրականացմանը: Նախորդ տարի զորամասի անձնակազմի ներգրավմամբ հանկարծակի երկու խոշոր զորավարժություն է անցկացվել առաջնագծին մոտ: Ստորաբաժանումների գործողությունները գնահատվել են գերազանց և լավ: Հընթացս խաղարկվել են տվյալ տեղանքում հավանական մարտական գործողություններին բնորոշ զորքերի մարտական կիրառման դրվագներ: Մարտական պատրաստության գործընթացի, ծառայության ընդհանուր կազմակերպման արդյունավետության մասին են վկայում նաև հետևյալ փաստերը. ստորաբաժանումներից մեկի դիպուկահարը երրորդ տեղն է զբաղեցրել դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարում, հրետանային դիվիզիոնը զորատեսակում ընթացիկ ամենաբարձր ցուցանիշներն ունի, լավագույններից է նաեւ զորամասի թիկունքային ծառայությունը:

Հրամանատարը հպարտությամբ է խոսում անձնակազմի մասին.

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...-Զինծառայողների մեծ մասը պայմանագրային է, փորձված ու թրծված ծառայողական անցուդարձերում: Բոլորն էլ առանց տրտնջոցի ծառայում են:

Հին ավանդույթ է՝ այստեղ պայմանագրայինները միայն հաստատուն աշխատավարձի համար չեն գալիս: Զորամասը յուրաքանչյուրի երկրորդ տունն է, ընտանիքը: Սպաներ ունենք, որոնց պարտադիր ժամկետային ծառայությունն այս զորամասում է անցել, հետո շարունակել են ծառայությունը եւ այժմ հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Իրապես, մեր զինվորն ուրիշ է, ցանկացած խնդիր կատարում է ճիշտ և ժամանակին, աշխատում է օգնել, թևութիկունք լինել ծառայակից ընկերոջը: Դժվար պայմաններում ավելի միահամուռ են, նախաձեռնող, գործելու պատրաստակամ: Ունենք նաև կին պայմանագրայիններ, որոնք տղամարդկանց հավասար ծառայում են՝ կապավորներ են, սանհրահանգիչներ, դիրքապահներ:

Գնդապետ Ժամհարյանի հետ ուղևորվում ենք առաջնագիծ: Հրամանատարը պատմում է դիրքապահների անվտանգության ապահովման ու կենցաղային պայմանների բարելավման նպատակով կատարված ինժեներական աշխատանքների մասին:

-Անցած տարի առաջնագիծն էականորեն վերափոխել ենք: Կառուցվել է ինը նոր գետնատնակ, կահավորվել են կրակային նոր դիրքեր, խրամախորշեր: Ճանապարհների նոր ցանցի շնորհիվ հեշտացել է մեր ստորաբաժանումների տեղաշարժն ու հենակետերի միջև կապի ապահովումը: Հիմնական վտանգավոր ուղղություններում տեղադրված են տեսադիտարկման սարքեր,- նշում է գնդապետը:

Ապա հավելում է, որ թեև արվում է հնարավոր ամեն ինչ առաջնագիծն առավել պաշտպանված դարձնելու համար, այդուհանդերձ, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը բացառված չեն, հատկապես, եթե հաշվի առնենք նրանց կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Կան որոշ անցանելի հատվածներ, և դրանց հսկողությանը առավել մեծ ուշադրություն է դարձվում: Իսկ զինծառայողներին ամեն հերթափոխից առաջ հրահանգավորում են զգոն լինել, իրենց պարտականությունները կատարել պատշաճ՝ առաջնորդվելով համապատասխան հրամաններով, որ բացառվեն արտակարգ դեպքերն ու պատահարները:

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...…Վեր բարձրանալուն զուգահեռ տեղաշարժը դժվարանում է: Ձյունապատ լեռների համատարած սպիտակությունն աչք է ցավեցնում: Հասնում ենք գումարտակի հրամանատարական կետ: Այստեղից է կատարվում տվյալ ստորաբաժանման ընդհանուր կառավարումը, անհրաժեշտության դեպքում՝ ուժերի և միջոցների բաշխումը: Տվյալ ուղղությամբ մարտական հերթապահություն է իրականացնում փոխգնդապետ Ա. Մովսեսյանի ղեկավարած գումարտակը: Փոխգնդապետը հրամանատարին զեկուցում է առաջնագծում տիրող իրավիճակը, ներկայացնում առկա խնդիրները: Մինչ նրանք զրուցում են, նկատում ենք կայանած թրթուրավոր ամենագնացը: Արտաճանապարհային բոլոր միջոցներն այստեղ պիտանի են: Նույն պահին հենակետ է հասնում հզոր «Ուրալը». դիրքապահների համար թարմ հաց է բերել: Ինչ-ինչ, բայց թիկունքային ապահովումը գործում է անխափան ցանկացած եղանակին:

Ճանապարհը շարունակում ենք «Ուրալով»: Հեշտությամբ հաղթահարում ենք ոլորապտույտ անցումները, տեղ-տեղ սառցակալած հատվածները: Առաջնագծի ամեն թևի ուղղությամբ մեկ տրակտոր մշտապես հերթապահում է ձմռանը և անընդհատ մաքրում է ճանապարհները: Հենակետերից մեկում ենք: Դիրքի ավագն է Արսեն Գևորգյանը: Գումարտակի հրամանատարի, փոխգնդապետ Մովսեսյանի հետ է որպես շարքային ծառայությունն սկսել այս զորամասում: Ծանոթ են շրջակայքի ամեն քար ու թփին, ամեն ձորակին: Արագ-արագ ցույց են տալիս հակառակորդի դիրքերը, հարձակման հավանական ուղղություններն ու մեր պաշտպանիչ գործողությունները: Ու միանգամից էլ նշում են. միայն խելագարները նման եղանակին սարերով կամ ձորերով առաջխաղացման փորձ կանեն: Անմիջապես կնկատենք նրանց, մի քանի քայլ էլ չեն հասցնի անել, կամ էլ կսառցակալեն: Նշեցին, որ առավոտից մաքրել են խրամուղիները, սակայն մի քանի  ժամ անց դրանք նորից կիսով չափ ձնածածկ կլինեն:

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...Նման պայմաններում անտրտունջ և աչալուրջ ծառայություն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ, ավելի ճիշտ՝ ամեն մարդու բան չէ: Շարքային Նորայր Սերոբյանի գնահատականը հստակ է.

-Մեզանից յուրաքանչյուրը կարծես միաձուլվում է շրջակա սարերին ու ձորերին: Գիշերները հերթապահելիս մի պահ կանգ եմ առնում, փորձում լսել նրանց «շունչը»: Հավատացնում եմ՝ սարերում երկար ժամանակ անցկացնելուց հետո տարբերում ես ամեն մի հնչյուն, հատկապես «օտար»: Անասելի վստահություն ես զգում, երբ զենքը ձեռքիդ կանգնում ես սարի գագաթին, կարծես ամբողջ աշխարհի պահապանը լինես:

Նայում ենք ներքևի ձորակի ուղղությամբ, գիտակցում, որ շատ բարձր կետում ենք, թվում է՝ ամենաբարձր գագաթին: Հայացքս վեր եմ ուղղում, և ի՞նչ՝ ավելի բարձր լեռներ են: Ակամա հիշում ես Վիսոցկու երգի հանրահայտ տողերը՝ լեռներից վեր միայն լեռներն են: Այս դեպքում՝ նաև մեր զինծառայողները:

-Տեսնո՞ւմ եք սարի գագաթի հենակետը բարձրացող մեր տղաներին,-հարցնում է փոխգնդապետը,-այնտեղ մեքենա չի կարող բարձրանալ, ոտքով ենք մթերքը բարձրացնում:

Երկար նայում եմ, ոչինչ չեմ տեսնում: Դիրքի ավագի օգնությամբ միայն կարողանում եմ տարբերել բարձրում նշմարվող մի քանի կետ: Մեր աչքը լեռներին սովոր է՝ ասում են լեռները սանձած, լեռների նման ուժեղները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #4 (1275) 6.02.2019 - 12.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/02/2019