Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ
ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ

(1994 թ. հունվար-փետրվար)

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ

Հունվարի 30-ին լրացավ Պետրոս Ղեւոնդյանի (Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ) ծննդյան 55-ամյակը: 

1993 թ. աշնանը ԼՂՀ բանակի ձեռնարկած մարտական գործողությունները չափազանց արդյունավետ էին: Բարոյալքված ու խուճապի մատնված ադրբեջանական բանակը, չկարողանալով ցույց տալ փոքր-ինչ արժանի դիմադրություն, կրում է հերթական պարտությունը: Ադրբեջանի իշխանությունները երբեք չհամակերպվելով պարտության իրողությանը՝ ձգտում էին ռևանշի ու այդ նպատակով տենդագին քայլեր էին ձեռնարկում համալրելու և հզորացնելու բանակի մարտաշարքերն ու ռազմական կարողությունները:

ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն՝ թուրք հրամանատարությունը մարտական մեծ ուժեր էր կենտրոնացնում արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում, այդ թվում նաև Աղջաբեդի և Ժդանովսկի շրջաններում, որտեղից նախատեսվում էր հզոր հարվածներով ճեղքել Արցախի պաշտպանների դիրքերը հարավային (Հորադիզ քաղաք-կայարան), հարավարևելյան (Ֆիզուլու շրջան, Հորադիզից հյուսիս-արևելք՝ դեպի Շուքյուրբեյլի-Ալխանլի հատվածը) և արևելյան (Մարտունու շրջանի հարակից ուղղությունը) ճակատներում և գրավելով Մարտունու ու Ֆիզուլու շրջանները՝ դուրս գալ Հադրութ և Ստեփանակերտ, իսկ հաջողության դեպքում՝ գուցե նաև Զանգեզուր ու Նախիջևան…

Լարված օրեր էին: ԼՂՀ բանակի հետախուզությունը գրեթե ամեն օր տեղեկություններ էր հաղորդում թուրքերի զինուժի նորանոր կուտակումների մասին: Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ հակառակորդի լայնածավալ հարձակումն օրերի հարց է:

Ադրբեջանի հրամանատարությունը հասցնում է քանակական գերակշռություն ստեղծել ռազմաճակատի բոլոր հատվածներում: Զգալի էր նաև ծանր զինատեսակների, հրասայլերի ու զրահամեքենաների գերազանցությունը: Միայն հարավարևելյան ռազմաճակատի ուղղությամբ (Ալխանլիից մինչև Հորադիզ) ադրբեջանական բանակի հրամանատարությունը կենտրոնացնում է երեք հետևակային բրիգադներ, որոնց, բացի երեք հրասայլային գումարտակներից, հարձակումների ընթացքում պիտի աջակցեին մեծ քանակությամբ հրանոթներ, հրասանդներ ու «Գրադ» կայանքներ: Հակառակորդի վերոհիշյալ ուժերին հարավարևելյան ճակատում դիմագրավելու էին Հադրութի գնդի երեք գումարտակները և Պետոյի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակը: Ուժերի հարաբերակցության տարբերությունն անհամեմատելի էր:

1993 թ. աշնանային հաղթական գործողություններից հետո, Պետոյի հրամանատարությամբ գործող Շուշիի առանձնակի գումարտակը տեղափոխվում  ու դիրքեր է գրավում Ֆիզուլու շրջանի Ալխանլի գյուղի մերձակայքում: Ռազմաճակատի պաշտպանության բնագծում Պետոյի գումարտակից ձախ՝ Ալխանլի գյուղի մոտակայքում, դիրքեր են գրավում Արթուր Աղաբեկյանի գլխավորած Հադրութի գնդի Ռիժիկի, իսկ աջ կողմում՝ Վահեի, ապա Վահանի զորավաշտերը:

Գումարտակի պաշտպանական բնագծում հիմնական ուժերը՝ Վիտոյի գլխավորած վաշտն ու Էռնեստի կրակային դասակը, չորս հիմնական հենակետերում տեղաբաշխված էին հետևյալ դասավորությամբ. 1-ին և  2-րդ հենակետերում դիրքավորվում են արարատցի Խաչիկ Զաքարյանի և քանաքեռավանցի Տիգրան Հարությունյանի, իսկ 3-րդ և 4-րդ հենակետերում՝ Էռնեստի և Մուրադի գլխավորած դասակները: 2-րդ հենակետի տեղամասում դեպի 1-ին հենակետը նայող խրամատներում դիրքավորվել էին թալինցիների դասակի արեգցի Աղասու գլխավորած վեց ազատամարտիկներից (կարմրաշենցիներ Գևորգ, Հրաչ, բազմաբերդցի Հարութ, արեգցի Սամվել և թալինցի Ալբերտ) կազմված ջոկատը:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԲացի վերոհիշյալ ուժերից, Պետոյի հրամանատարությամբ էր գործում Հովիկի հրասանդորդների դասակը, պռոշյանցի երիտասարդ ազատամարտիկների ջոկատը, Ափոյան Անդրանիկի գլխավորած հրազդանցիների դասակը և մեկ Տ-72  հրասայլ:

Այո, սպասվելիք ճակատամարտերը ծանր էին լինելու, և բոլոր նրանք, ովքեր ծանոթ էին Շուշիի գումարտակի մարտական ներուժին, հարուստ կենսագրությանն ու հրամանատարական կազմին, ինչպես նաև զինվորների նվիրվածությանն ու անսասան ոգուն, չէին կասկածում, որ այս անգամ ևս գումարտակը գերազանց կկատարի առաջադրանքը:

Փետրվարի 5-ին, դեռ լույսը չբացված, ադրբեջանցիները հրետանային ուժեղ նախապատրաստությունից հետո մեծաքանակ ուժերով գրոհում են Հադրութի գնդի Վահեի և Վահանի գումարտակների պաշտպանական դիրքերի վրա: Գնդի հրամանատար Արթուր Աղաբեկյանի հավաստմամբ՝ «Թշնամին օգտագործեց նոր մարտավարություն: Սահմանի մոտով մեր թիկունքն անցավ մի վաշտ: Առավոտյան, մի քանի կռիվներից հետո պարզվեց, որ թիկունքից ազերիները փորձում են փակել Վահանի և Վահեի դիրքերը տանող ճանապարհը: Խուճապ առաջացավ զորքի մեջ, որը հարկադրված նահանջեց մինչև Շուքյուրբեյլի: Պարսկաստանի սահմանի հատվածը մնացել էր անպաշտպան: Այդ մի քանի կիլոմետրը չէր հսկվում, և ադրբեջանցիները կարողացան վաշտն անցկացնել մեր թիկունքը:

Պետոյի գումարտակը հայտնվում է օրհասական իրավիճակում: Ադրբեջանցիները հսկայական ռազմական ուժեր կենտրոնացնելով և օգտվելով Վահեի և Վահանի գումարտակների նահանջից, կարող էին հեշտությամբ առաջանալ բաց տարածքից և աջ թևից շրջանցելով գումարտակի պաշտպանական հենակետերը, այն վերցնել շրջափակման մեջ:

Պաշտպանական երկրորդ դիրքեր գոյություն չունեին, ինչպիսի՞ ընթացք կունենային մարտադաշտում ծավալվող իրադարձությունները, եթե Պետոյի գումարտակը շրջափակման սպառնալիքից խուսափելու նպատակով իր հարևանների նման նույնպես փորձեր նահանջել: Վրա է հասնում այն ճակատագրական պահը, երբ Պետոն իր մարտական զինակիցներով պիտի կատարեր, հիրավի, պատմական նշանակություն ունեցող քայլ: Այժմ արդեն մեծապես նրա գլխավորած զորավաշտերի հաստատակամությունից ու դիմադրողական կարողություններից էր կախված ռազմաճակատում ծավալվող մարտական գործողությունների ճակատագիրը: Այդ իրավիճակում Պետոն, ավելի քան երբեւէ, տրամադրվում է դիրքերը մինչև վերջին ուժն ու փամփուշտն աներեր պաշտպանելու ու թշնամու գրոհները ջախջախելու վճռականությամբ: Նույն ոգով ու հաստատակամությամբ էին համակված գումարտակի բոլոր մարտիկները, որոնք անվերապահորեն հավատում էին իրենց հրամանատարին, նրա ընդունած վճիռների ճշմարտացիությանը:

Հունվարի 5-ի առավոտյան, երբ լույսը դեռ չէր բացվել, ադրբեջանցիների հետևակը հրասայլերի աջակցությամբ գրոհում է Պետոյի գումարտակի դիրքերը՝ 3-րդ և 4-րդ հենակետերի ուղղությամբ: Քանի որ աջ թևն արդեն լրիվ բաց էր, ուստի թուրք հրամանատարությունը ձգտում է մեծաքանակ ուժերի հարվածներով հաղթահարել պաշտպանության այդ հատվածում դիրքավորված բուժականցի Մուրադի գլխավորած մարտիկների ու Էռնեստի կրակային դասակի դիմադրությունը և շարժվելով ռազմաճակատի խորքը՝ արցախյան ուժերի նկատմամբ ձեռք բերել դիրքային վճռական գերակշռություն: Հապաղելու ժամանակ այլևս չկար: Անհրաժեշտ էր եղած ուժերով փակել աջ կողմում առաջացած ճեղքվածքը և արագ տեղաշարժերով ու անսպասելի հարվածներով խափանել գումարտակը շրջափակելու՝ ադրբեջանցիների փորձերը: Պետոյի հրամանով պահուստային ուժերը՝ Մուկուչի, Անդոյի դասակներն ու Հովիկի գլխավորած պռոշյանցիների և հրասանդորդների միացյալ ջոկատն արագորեն շարժվում են գումարտակի աջ կողմը՝ դիմագրավելու այդ ուղղությամբ առաջացող թշնամուն:

 

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ