Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ
ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ-Միքայել ջան, ես դիտել եմ «Մեծ փոքրիկներ» հաղորդաշարը «Շանթ» հեռուստաընկերության եթերում եւ գիտեմ, որ դու շատ խելացի ես: Դու ճանաչում ես 200 հայ հռչակավոր մտավորականների, կարող ես պատմել նրանց մասին, գիտես աշխարհի քարտեզը իր` անգամ ամենափոքր քաղաքներով ու լճերով, գիտես Մենդելեեւի պարբերական աղյուսակը, պատկերացում ունես բազմաթիվ քիմիական միացությունների մասին…

-Այո՛, ես սովորել եմ: Կարող եմ ասել Տերունական աղոթքը, 800 համաշխարհային լոգոներ գիտեմ, հետո… հուշարձաններ, 195 երկրների դրոշներն ու մայրաքաղաքները…

-Դու այդքան փոքր ես, ինչպե՞ս ես սովորել այդ ամենը, ո՞վ է քեզ սովորեցրել:

-Ես արդեն մեծ եմ, չորս տարեկան եմ արդեն եւ ոսկե մեդալ ունեմ շախմատից ու կարող եմ աշխարհի 21 լեզուներով ասել շախմատ, գիտեմ աշխարհի բոլոր շախմատի չեմպիոնների անունները:

-Միքայել, ինձ ասել են, որ դու շատ ես սիրում հայոց բանակը եւ ուսումնասիրում ես:

-Իհարկե: Ես քիմիկոս եմ դառնալու, որպեսզի քիմիական զենք ստեղծեմ ու ոչնչացնեմ Հայաստանի թշնամիներին: Երբ ավելի շատ մեծանամ, գնալու եմ բանակ, որ ծառայեմ ու պաշտպանեմ իմ երկիրը: Ես շատ զենքեր ունեմ, բայց դրանք կարող եմ օգտագործել, երբ զինվոր դառնամ:

-Ի՞նչ զենքեր ունես:

-Զենք ու զինտեխնիկա: Ֆ-1 նռնակներ, «Կալաշնիկով» ինքնաձիգ: Այդ ինքնաձիգը Միխայիլ Կալաշնիկովն է ստեղծել, ատրճանակ ունեմ, գնդացիր, «Իգլա»…

-Իսկ տանկ չունե՞ս…

-Մի րոպե, մի րոպե: Դուք զենքը զինտեխնիկայից չե՞ք տարբերում:

-Իսկ ո՞րն է զենքի եւ զինտեխնիկայի տարբերությունը:

-Զինտեխնիկան անիվների վրա է: Ես ունեմ տանկեր եւ հրասայլեր: «Սմերչ» ունեմ, ՍՈՒ-25 ինքնաթիռ ու Մի-24 ռազմական ուղղաթիռ, մոռացա` նռնակներ ունեմ: «Ստրելա» ու էլի շատ զենքեր ունեմ:

-Իսկ գիտե՞ս, թե ի՞նչ կոչումներ ունեն զինվորականները, այ, որ դու բանակ գնաս, ի՞նչ կոչում ես ունենալու:

-Մի րոպե: Եթե ես հիմա չասեմ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների ու Արցախի Հանրապետության Ազգային հերոսների անունները, անհեթեթություն կլինի:

-Հա, երեւի անհեթեթություն կլինի խոսել բանակի մասին ու չնշել Ազգային հերոսներին: Խնդրե՛մ, ասա՛:

-Վազգեն Առաջին կաթողիկոս, Վազգեն Սարգսյան Սպարապետ, Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Մոնթե, Գեղազնիկ Միքայելյան, Ջիվան Աբրահամյան, Յուրա Պողոսյան (26-ի Յուրա), Կարեն Դեմիրճյան, Վիտալի Այվազյան, Քըրք Քըրքորյան, Ալեք Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Շառլ Ազնավուր, Նիկոլայ Ռիժկով, Հովհաննես Չեքիջյան:

-Ապրես, Միքայել ջան, վստահ եմ, որ գիտես նաեւ Արցախի Հանրապետության հերոսներին:

-Նրանցից շատերը զոհվել են Արցախյան պատերազմի ժամանակ: Եվ գիտեք` որտեղ են հանգչում:

-Եռաբլուրում:

-Ճիշտ ասեք` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այնտեղ եկեղեցի կա, որը փամփուշտի տեսք ունի:

-Փամփուշտի՞: Ես չգիտեի:

-Այո՛: Ես գիտեմ Ավարայրի ճակատամարտի մասին, Եղեռնի, Արցախյան պատերազմի եւ ապրիլյան քառօրյայի մասին: Ես միշտ գնում եմ Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ եմ դնում եղեռնի զոհերի հիշատակին: Ես ճանաչում եմ քառօրյայի բոլոր հերոսներին: Գիտեք` ինչ արեց Ռոբերտ Աբաջյանը. նռնակով պայթեցրեց իրեն, որ գերի չընկնի: Իսկ գիտեք՝ ինչ արեցին ադրբեջանցիները Քյարամ Սլոյանին…

-Գիտեմ…

-Մենք ծովից ծով Հայաստան ենք ունեցել մի ժամանակ: Ես գիտեմ մեր բոլոր արքաների անունները եւ մեր բոլոր մայրաքաղաքների անունները: Երբ մեծանամ, ծով եմ ստեղծելու Հայաստանում: Ռոբերտ Աբաջյանը ամենավերջինն է Արցախի հերոսի կոչում ստացել: Գիտե՞ք:

-Հա, դա գիտեի:

Դու ի՞նչ զինվորական կոչում ես ունենալու՝ երբ մեծանաս:

-Հիմա ես բանակի գեներալ եմ, հինգ տարեկանում դառնալու եմ ադմիրալ:

-Բայց մենք ծով չունենք, ի՞նչ ադմիրալ:

-Ես արդեն կրկնում եմ` ես ծով եմ ստեղծելու Հայաստանում:

-Օհ, կներես, մի պահ մոռացա:

-Դուք ունե՞ք զինվորական կոչում:

-Այո՛, ես փոխգնդապետ եմ:

-Դուք ավագ սպայակազմից եք, իսկ ես բարձրագույն սպայակազմից, որովհետեւ ես բանակի գեներալ եմ: Ես կարող եմ թվել բոլոր կոչումները` շարքայինից մինչեւ բանակի գեներալ: Բանակի գեներալի ուսադիրին չորս մեծ աստղ կա, բայց հիմա մարշալ չկա: Մարշալ են եղել Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը, իսկ Իսակովը ադմիրալ էր:

-Իսկ հիմա ասա, թե ի՞նչ մեդալներ կարող են ստանալ զինվորականները:

-Մի՛ շտապեք, հերթով…

-Լավ, հերթը ինչի՞ն է հասել հիմա:

-Հիմա… Մեր տանը մի գիրք կա, այնտեղ պաշտպանության բոլոր նախարարների նկարները կան, բացի Դավիթ Տոնոյանից: Որովհետեւ այդ գիրքը հին է: Հիմա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն է, ես բոլոր նախարարներին ճանաչում եմ: Լավ գիտեմ բոլոր զինանշանները: Ի՞նչ եք մտածում…

-Մտածում եմ, որ դու, իրոք, աշխարհի 8-րդ հրաշալիքն ես, իսկական հրաշամանուկ:

-Այո՛: …Եղեռնի հուշարձանի կրակը երբեք չի մարում: Հիշում ենք ու պահանջում-I Remember and Demand: Ես  անմոռուկ ունեմ բաճկոնիս: Գիտեք, ես լեգոյով տներ եմ պատրաստել 200 հայ մտավորականների համար:

-Իրո՞ք:

-Իհարկե, բոլոր մեծերը կարեւոր են յուրովի:

-Փաստորեն, յուրովի կարեւոր են:

-Ուզո՞ւմ եք՝ ասեմ աշխարհի բոլոր ամենա-ամենաները:

-Այսինքն:

-Ամենաբարձր գագաթը, ամենաերկար գետը, ամենախոր ծովը…

-Դրանք շա՞տ են…

-Այո՛:

-Վստահ եմ, որ գիտես, բայց ես ուզում եմ, որ խոսենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շքանշանների ու մեդալների մասին:

-Լավ: Զինանշանները չնկարագրե՞մ:

-Ավելի լավ է` մեդալները:

-«Հայրենիք» շքանշան, «Արցախի հերոս», «Ոսկե Արծիվ» շքանշան: «Մարտական խաչ» I եւ II աստիճաններ ու «Պատվո շքանշան», «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան», «Արիության մեդալ», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» I եւ II աստիճան: Իսկ հիմա` Արցախի Հանրապետության պարգեւներն ու շքանշանները:

-Լավ, Արցախի Հանրապետության մեդալները թող մնան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալները թվիր:

-Սկսենք կրծքանշաններից` «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Անբասիր ծառայության» I, II, III, IV աստիճան, «Մարտական հերթապահության» I եւ II աստիճան, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Նելսոն Ստեփանյան», «Ծովակալ Իսակով»: Ես կարող եմ պատմել այս բոլոր մարդկանց մասին:

-Լավ, Միքայե՛լ…

-Սպասե՛ք, սպասե՛ք, մի՛ շտապեք: Առաջին հայատառ նախադասությունն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սա գրաբար է: Ես կարող եմ գրաբար ասել մեր այբուբենը: Առաջին տպագիր գիրքը Աստվածաշունչն է: «Մշո Ճառընտիրը» ամենամեծ գիրքն է 28 կգ, 660 էջ ունի, իսկ  «Տոնացույցը» 19 գրամ է, պատրաստված է հորթուկի կաշվից… 104 էջ ունի, լուցկու տուփի չափ է, հայոց տոների մասին է:

-Որտե՞ղ են պահվում այդ գրքերը: 

-Կատակո՞ւմ եք:

-Դե… ոչ:

-Իհարկե, Մատենադարանում: Եվ երբեք մի՛ ասեք օվալաձեւ, ասեք` ձվածիր, ձվածիր գեղեցիկ է եւ հայերեն:

-Ձվածիր: Այո՛, այսուհետեւ ձվածիր կասեմ: Ես ուզում եմ քեզ երկու գիրք նվիրել: Մեկը կկարդաս, երբ մեծանաս, Վրեժ Իսրայելյանի պատմվածքներն են, մյուսը հայոց թռչնագիր այբուբենն է: Տառերը կներկես, ես գիտեմ, որ դու սիրում եմ նկարել:

-Իսկ դուք կկարդաք այս գիրքը, ես Ձեզ եմ նվիրում, պապիկս է գրել: Պապիկիս անունը Հակոբ է, նա մասնակցել է Արցախյան պատերազմին ու հանգչում է Եռաբլուրում: Նաեւ կկարդաք Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»:

-Շնորհակալություն, անպայման կկարդամ: Ես ուզում եմ քեզ նվիրել նաեւ այս շոկոլադե Ձմեռ պապիկին:

-Դուք քանի՞ լեզվով կարող եք Ձմեռ պապիկ ասել:

-Ե՞ս… Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն…

-Իսկ ես 6 լեզվով: Դուք հո չեք մտածում, որ Ձմեռ պապիկը «ջիպով» է գալու: Նա գալու է սահնակով:

Ես քառանկյուն աստղ ունեմ երկնքում: Դուք գիտե՞ք մոլորակների մասին:

-Երեւի ինչ-որ բան գիտեմ:

-Իմ անունը մի քանի անգամ գրանցվել է «Հայոց դյուցազնագրքում»: Քրիստինեն իմ փաստաթղթերը ուղարկել է Լոնդոն, որ գրանցվեմ նաեւ Գինեսի ռեկորդների գրքում:

-Քրիստինեն ո՞վ է:

-Մամաս… Լավ, ես արդեն պիտի գնամ: Մյուս անգամ, որ հանդիպենք, ես Ձեզ հարցեր կտամ, Դուք կպատասխանեք` այո կամ ոչ: Հայոց զորավարների մասին չպատմեցի, բայց արդեն ուշանում եմ, պիտի գնամ:

-Ինչի՞ց ես ուշանում:

-Շատ բան ունեմ ուսումնասիրելու:

Վայ, չեմ արտասանել:

-Արտասանիր:

-Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ՝ ինչու է այդպես,

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թեւերս բացվում են,

Չգիտեմ` ինչու է այդպես…

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է,

Կմնամ, կլինեմ այսպես… 

 

Լավ, ես գնացի, հաջողություն:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ