Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏՎՈՎ ԵՆՔ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ
ՊԱՏՎՈՎ ԵՆՔ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ

ՊԱՏՎՈՎ ԵՆՔ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՔաշաթաղում զորակոչ է: Մեծուփոքրով՝ պաշտոնյա ու ազատամարտիկ, զինկոմ ու ուսուցիչ, բանակ են ճանապարհում զինվորների նոր հերթափոխը: Եկել են տարբեր գյուղերից՝ Լեռնահովիտից ու Բերձորից, Նորաշենիկից ու Արտաշավիից, Կերենիից ու Գրհամից: Եկել, միացել են իրար, մեկտեղել են բազկի ու ոգու ուժը, որ հայրենիքն անառիկ ու հայրենի հողը աննվաճ պահեն: Այնքան նման են իրար ու այնքան տարբեր են: Կարլենը բազմանդամ ընտանիքից է, երեք եղբայր ու երկու քույր ունի: Այնպիսի հպարտությամբ է ասում.

– Լեռնահովիտ գյուղից եմ:

Հետո նույն հպարտությամբ էլ ավելացնում է.

– Պապիս անունն եմ կրում, ընտանիքիս ավագ որդին եմ: Գնում եմ բանակ իմ գյուղը, իմ ընտանիքին ու իմ պատիվը պաշտպանելու:

Աղունիկ Գրիգորյանը որդուն է նայում անսահման գորովանքով, հայրը՝ անթաքույց հպարտությամբ: Հետո ականջս մի կերպ որսում է մոր շշունջը. բոլոր զինվորների համար է աղոթում: Իսկ հայրը ասում է.

-Եկող տարի էլ երկրորդ որդիս՝ Կարենը, եղբոր ճամփեն կբռնի….

Իսկ բերձորցի զինվորական Գևորգ Իսախանյանի երկու որդիները՝ Սմբատն ու Սամվելը, միասին են զինվորանալու: Երկվորյակ են: Տղաները ինչպես բնավորությամբ են տարբեր, այնպես էլ նախասիրություններով. Սմբատն ուսանում է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի անասնաբուժական բաժնում, իսկ Սամվելը ԱրՊՀ ժուռնալիստիկայի բաժնում, ապագա լրագրող է:

-Դժվար չէ՞ երկու որդիներին միաժամանակ բանակ ուղարկելը,- հարցնում եմ: Բայց էլ ինչ զինվորական, որ ասի՝ դժվար է:

-Հպարտ եմ, – պատասխանում է Գևորգ Իսախանյանը ու լռում դժվարության մասին:

Գոռի հայրը ազատամարտիկ է: Հաղթել է Արցախյան պատերազմում, ազատագրել է իր հայրենիքը, հետո մյուսների հետ հիմնել Նորշենիկ գյուղն ու իր օջախի ծուխը երկինք հանել… Չորս երեխաների հայր է Արթուր Կիրակոսյանը: Ավագ որդին՝ Մհերը, մասնակցել է ապրիլյան պատերազմին, զորացրվելուց հետո աշխատում է որպես ականազերծող: Դժվար, վտանգավոր մասնագիտություն է ընտրել, քաջի մասնագիտություն: Գոռին հիմա կճանապարհի, տարիուկես հետո Համբարձումը կգնա… Ի դեպ, Գոռի հետ զորակոչվում է նաև քեռորդին, որի անունը նույնպես Գոռ է: Նույն դասարանում են սովորել, մեկ էլ տեսար՝ բախտները բերեց՝ նույն զորամասում ծառայեցին: Բայց, ամեն դեպքում.

-Պատվով ենք տուն գալու, – ասում են միաբերան:

Հարություն Աբրահամյանը Ողջի գետի հովտի Գրհամ գյուղից է: Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանի աչքից չվրիպեց, որ թեև Գրհամը Քաշաթաղի ամենահեռավոր գյուղերից է, բայց զինակոչիկն առաջինն է հասել զինկոմիսարիատ:

-Վստահ եմ, որ պարտաճանաչ ու պատասխանատու զինվոր է դառնալու,- ասաց կապիտանը գոհունակությամբ:

Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Արցախի ազատամարտիկների միության շրջանային միավորման ներկայացուցիչ Վահե Դավթյանը վերջին խորհուրդներն են տալիս զինակոչիկներին, բարեմաղթանքի խոսքեր ասում ու հայրենիքն ամեն գնով անառիկ պահելու պատգամով ճանապարհում Ստեփանակերտ, որտեղից նրանք կմեկնեն իրենց զորամասերը, ու կսկսվի կյանքի այն պատվաբեր ու կարևոր շրջանը, որ կոչվում է Հայրենիքի պաշտպանություն:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ