Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Է, ԳԱՂԱՓԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ



ԲԱՆԱԿԸ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Է, ԳԱՂԱՓԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾՀունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում բացվեց Դիանա Հարությունյանի գեղանկարների եւ գրաֆիկական գործերի ցուցահանդեսը:

Դիանա Հարությունյանը ծնվել է 1999թ.: Ուսանել է Նորքի Հայորդաց տանը եւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնում: Այժմ գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկական բաժնի ուսանողուհի է:

-Դիանա, Դուք գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի թոռնուհին եք. զինվորական են նաեւ Ձեր հայրն ու մորեղբայրը, եւ ես եկել եմ Ձեր ցուցահանդեսին՝ զինվորական թեմայով կտավներ դիտելու ակնկալիքով: Բայց որքան էլ փնտրեցի «զինվորական գործեր» չգտա:

-Եթե Դուք զինվորական թեմա ասելով՝ նկատի ունեք կտավին պատկերված զենք, համազգեստ կամ զինվորական առօրյա, ապա, իրոք, ես զինվորական թեմայով գործեր չունեմ, բայց իմ բնութագրմամբ, բանակը արժեհամակարգ է, գաղափար, ազգային դիմագիծ: Եվ այդ առումով՝ իմ գրեթե բոլոր գործերը աղերսներ ունեն զինվորական թեմային:

ԲԱՆԱԿԸ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Է, ԳԱՂԱՓԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ-Լավ, համաձայն եմ: Ցուցադրված գործերի մեջ շատ են բնանկարները, կան նաեւ հայկական եկեղեցիներ, բայց գունային լուծումները շատ տարբեր են, օրինակ, ինչո՞ւ է երեւանյան համայնապատկերը այսպես անբնական վառ կարմիր:

-Այո՛, անբնական է: Որովհետեւ իմ խնդիրը չի եղել պատկերը վերարտադրել բնական գույներով ու ձեւերով, այլ ես շեշտադրել եմ ասելիքը: Կտավին պատկերված է Երեւանը, իմ ծննդավայրը, եւ ես այն նկարել եմ հայրենիքի հանդեպ իմ անսահման սիրո ու ջերմության գույներով, եւ գերիշխող է տաք կարմիրը: Զրույցի սկզբում Դուք ասացիք, որ ես զինվորական ընտանիքում եմ մեծացել, ու զարմանալի է, որ զինվորական թեմայով կտավներ չունեմ: Իմ ընտանիքում միշտ գերիշխել են հայրենիքի հանդեպ սերը ու նվիրումը երկրի սահմանների պաշտպանության գործին: Հենց այդ սիրո գույներով էլ ես հայրենիք ու երկիր եմ նկարում: Եվ ուզում եմ այդ սերը փոխանցել դիտողին:

ԲԱՆԱԿԸ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Է, ԳԱՂԱՓԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ-Բնանկարների գույներում շատ լույս կա: Նույնիսկ մուգ գույները ասես ներսից լույս են ճառագում:

-Դա մեր ժողովրդի լավատեսության ու կենսունակության լույսն է, ապագայի հանդեպ մեր հավատը: Մեր ազգային կենսագրությունը հարուստ է դրամատիկ անցքերով՝ եղեռն, տեղահանություն, կորուսյալ հայրենիք, բայց լույսը չի մարել:

-Զարմանալի է, որ Դուք ունեք նաեւ մանրանկարչական գործեր: Այս արվեստը ավելի բնորոշ է մեր միջնադարյան մշակույթին:

-Մանրանկարչությունը գրավում է ինձ, որովհետեւ շատ գունեղ է, խիտ ու պատումային: Մանրանկարչությունը մեր ժողովրդի մանրանկարն է՝ փոքր, բայց բովանդակալի, խորքային:

-Ինչո՞ւ են Ձեր դիմանկարները այդքան տխուր:

-Տխուր չեն, մտածկոտ են: Կարծում եմ, սա էլ է գալիս իմ գենետիկ կենսագրությունից: Ում էլ նկարեմ, որ ազգի ներկայացուցիչ էլ պատկերված լինի իմ դիմանկարներում, ունենալու է հայի հոգի, հայի կերպար՝ մտածող, արարող, խոհաշատ:

ԲԱՆԱԿԸ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Է, ԳԱՂԱՓԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ-Տեսեք, այս կողք կողքի շարված կտավներում նատյուրմորտներ են, նույն պատկերները, բայց բոլորովին տարբեր գունավորմամբ:

-Ես ցանկացել եմ ասել, որ մենք ընկալում ենք աշխարհը մեր հոգու պատուհանից, մեր տրամադրության գույներով:

-Դեղինը ամեն տեղ կա:

-Դեղինը հույսի գույնն է: Ու այն կա իմ բոլոր կտավներում:

-Եկեք խոսենք նաեւ այս գրաֆիկական գործի մասին, սպիտակ քառակուսու մեջ, շախմատի տախտակի վրա իրար ձուլված մարմիններ են:

-Կտավը կոչվում է «Սպիտակ ստրկություն»: Դա  հոգու ստրկությունն է, որը կապ չունի մաշկի գույնի հետ: Այս կտավը ազատության ներբող է: Անհատն ու ազգը պիտի կոտրեն բոլոր կապանքներն ու կախվածությունները եւ ազատ ապրեն: Նկարում ես պատկերել եմ ստրկության գարշ դեմքը՝ այն մերժելու, վերացնելու մեծ ցանկությամբ:

ԲԱՆԱԿԸ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ Է, ԳԱՂԱՓԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ-Այդուամենայնիվ, բուն զինվորական առօրային վերաբերող կտավներ նկարելու մտադրություն չունե՞ք:

-Ունեմ, իմ հաջորդ ցուցահանդեսի ժամանակ անպայման կցուցադրեմ նաեւ մեր բանակի խրոխտ, հպարտ ու հերոսական կերպարը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ Նորություններ


22/01/2019