Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՏարածքը – 2 680 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը – 9.0%

Մարզկենտրոնը` ք. Գյումրի

Տարածաշրջանները` Արթիկ, Ախուրյան, Անի, Ամասիա, Աշոցք

Քաղաքները` Գյումրի, Արթիկ, Մարալիկ

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 4090 մ (Արագած լ.)

Ամենացածր կետը ծովի մակարդակից – 1300 մ

Բնակչությունը –  235.4 հազ. մարդ (2018 թ.-ի դրությամբ)

 

Շիրակի մարզը Հայաստանի Հանրապետության հյուսիսում է, այն արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է Լոռու մարզին,  հարավից՝ Արագածոտնի մարզին:

Մարզի հարավն զբաղեցնում է Շիրակի դաշտը, հյուսիսը՝ Աշոցքի սարահարթը, որ իրարից բաժանվում են Շիրակի լեռնաշղթայով: Հարավում տարածվում է Թալինի սարավանդը, հյուսիս-արևելքում՝ Շարայի լեռը: Արևելքում Ջաջուռի (1952 մ) ու Քարախաչի (2273 մ) լեռնանցքներով մարզը կապվում է Լոռու մարզին:

Աշոցքի սարահարթն արևելքից եզերող Ջավախքի լեռնավահանը տարածաշրջանի առավել բարձրադիր վայրն է, որն իր առավել խոնավության և ամպամածության բարձր ցուցանիշի պատճառով կոչվում է նաև Խոնավ կամ Մթին: Լեռնավահանի ամենաբարձր կետը Աչքասարն է` 3196մ:

Եղնախաղի լեռները ձգվում են Աշոցքի սարահարթի արևմտյան մասով` Թուրքիայի և Վրաստանի սահմանով: Առավելագույն բարձրությունը հասնում է Մեծ Եղնախաղ գագաթին (3045մ):

Աշոցքի սարահարթը հարավից եզերվում է ծալքաբեկորավոր կառուցվածք ունեցող Շիրակի լեռնաշղթայով, որը սարահարթը բաժանում է հարավում գտնվող Շիրակի սարահարթից:

Շիրակի լեռնաշղթայից հարավ տարածվում է մարզի ամենաընդարձակ հարթությունը` Շիրակի սարահարթը: Այն տարածվում է Ախուրյան գետի միջին հոսանքի սահմաններում: Ունի 1500-1600 բացարձակ բարձրություն:

Շիրակի մարզի հյուսիսը 8-9, իսկ կենտրոնն ու հարավը` 9 բալ և ավելի ուժգնություն ունեցող սեյսմիկ ակտիվության գոտիներում է: Մարզի տարածքին հատկապես մեծ վնաս պատճառած երկրաշարժերից հայտնի են 1319 թ. Անիի, 1899 թ. Կարսի, 1868 թ. Գյումրիի, 1926 թ. Լենինականի, 1988 թ. Սպիտակի և այլն:

 

Շիրակի մարզի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության շնորհիվ բազմազան են նաև ընդերքի հարստությունները: Մարզում լայն տարածում ունեն տուֆը, պեմզան, բազալտը, անդեզիտը, կրաքարը, պեռլիտը, հրաբխային խարամն ու մոխիրը, զանազան կավերը և շատ այլ շինանյութեր: Շինանյութերի մեջ առաջնակարգ նշանակություն ունի տուֆը, որի պաշարներով Հայաստանի Հանրապետության մարզերի մեջ գրավում է առաջին տեղը: Շիրակի մարզում առավել հայտնի են Արթիկի, Անիպեմզայի, Պեմզաշենի և Գյումրիի տուֆի հանքավայրերը:

Մարզի կլիման ցուրտ լեռնային է, լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ: Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -120C է, հարավում՝ -60C, հուլիսինը համապատասխանաբար՝ +120C և +200C (առավելագույնը՝ +360C): Աշոցքի սարահարթում Հայաստանի Հանրապետության ամենացուրտ վայրը Պաղակն է (նվազագույն ջերմաստիճանը՝ -420C): Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են կայուն ձնածածկույթը, ձնաբքերն ու մառախուղը, ամռանը՝ ամպրոպները: Տարեկան տեղումները 450-900 մմ են:

Մարզի ռելիեֆի, կլիմայի և ջրաերկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Շիրակի մարզի տարածքն աչքի է ընկնում համեմատաբար թույլ զարգացած ջրագրական ցանցով: Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին: Մարզում կազմավորվում և սկիզբ է առնում Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով: Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում և Ախուրյանի վտակներին են միախառնվում Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակները: Ախուրյան գետը համարվում է Շիրակի մարզի ջրային հիմնական զարկերակը: Գետի ընդհանուր երկարությունը 186 կմ է, որից Շիրակի մարզում` մոտ 105 կմ: Ախուրյան գետը համարվում է Արաքսի ձախակողմյան վտակը, այն սկիզբ է առնում Արփի լճից, մոտ 70 կմ երկարությամբ, գետն ամբողջովին հոսում է մարզի տարածքով, որից հետո միջին և ստորին հոսանքներում սահմանային գետ է Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև:

Շիրակի մարզն աղքատ է լճերով: Մարզում կառուցվել են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, ամենախոշորը՝ Հայաստանի Հանրապետությունում), Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի, Սառնաղբյուրի, Սարալանջի ջրամբարները, Շիրակի, Ախուրյանի, Կապսի ջրանցքները:

Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, որը 1950 թվականից վերածվել է ջրամբարի: Արփի լիճը Հայաստանի Հանրապետությունում իր չափերով զբաղեցնում է երկրորդ տեղը Սևանա լճից հետո: Շիրակի մարզում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ամենախոշորը Ախուրյանի ջրամբարն է, որը կառուցվել է Ախուրյան գետի միջին հոսանքում: Ջրամբարի մակերեսը կազմում է 41.8կմ2:

Շիրակի մարզն ունի բազմազան բուսականություն, որը պայմանավորված է բնական պայմանների առանձնահատկություններով: Շիրակի մարզում ներքևից վերև իրար են հաջորդում բուսականության հետևյալ տիպերը՝ լեռնատափաստանային և մարգագետնատափաստանային բուսականությունները:

Շիրակի մարզի կենդանական աշխարհի բազմազանությունը կապված է բուսականության բազմազանությամբ: Այստեղ հանդիպում են  նապաստակ, գայլ, աղվես, դաշտամուկ, ճագարամուկ, գետնասկյուռ, աքիս և այլն: Մերձալպյան և ալպյան գոտում տարածված են թռչունների մի քանի տեսակ` արծիվ, գառնանգղ, եղջերավոր արտույտ, լեռնային հնդկահավ, ճնճղուկ: Շատ են միջատներն ու թիթեռները: Կաթնասուններից երբեմն հանդիպում է վայրի ոչխարը (մուֆլոն) և հազվադեպ` բեզոարյան այծը:

 

ԳՅՈՒՄՐԻ

Գյումրին (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.՝ Լենինական, 1990-1992 թթ.՝ Կումայրի), բնակչության թվով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՔաղաքի կարգավիճակ ունի 1837 թ.-ից:

Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից: Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ:

Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ: Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.ա. VIII դար, այն հիշատակում է Կումայրի անունով: Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում: Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո հիշատակվում է Գյումրի տարբերակով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թ. քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի. Լենինի անունով: Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին, շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո՝ 1992-ին, կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը:

Գյումրիի (Կումայրի) տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից: Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում:

Առաջին լուրջ հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1928 թ.՝ Գյումրիի ավազահանքերում: 1941 թ. հողային աշխատանքների ժամանակ, մսի կոմբինատի տարածքում, գտնվել է մամոնտի կողոսկր: 1929 թ. Գյումրիում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ.: 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Գյումրի քաղաքը: Երկրաշարժի ուժգնությունը Գյումրիում 9 բալ էր: Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը: Փլվեցին բազմաթիվ դպրոցներ, գործարաններ և բնակելի շենքեր:  Գյումրին տվեց ավելի քան 17 000 զոհ:

Մասնագետների հաշվարկներով՝ երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում արտանետված էներգիայի հզորությունը համարժեք էր 1945 թ. Հիրոսիմայի վրա նետված ռումբի նման տասը ատոմային ռումբերի պայթյունների ուժգնությանը:

Երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդին օգնություն ցույց տալու նպատակով Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և ԽՍՀՄ այլ հանրապետություններից Հայաստան եկան հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ: Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին շուրջ 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ: ԽՍՀՄ փրկարարների հետ համատեղ փրկարարական աշխատանքներում մասնակցում էին ամերիկացիներ, անգլիացիներ, իտալացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, չեխեր, լեհեր, նորվեգացիներ, շվեդներ, արաբներ, հարավսլավացիներ և այլք:

Բազմաթիվ հայ բարերարներ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին, որոնց թվում էր նաև հայազգի աշխարհահռչակ դերասան և երգահան Շառլ Ազնավուրը, որը հետագայում մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը: Մեծն շանսոնյեի արձանը հիմա կանգնեցված է Գյումրիի Աստղի հրապարակում:

Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ: Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք:  Թատրոնի և կինոյի ոլորտներում գյումրեցիները իրական առաջնորդներ են:

Առաջին բեմականացված  օպերան` «Անուշ»-ը, ցուցադրվել է Գյումրիի թատրոնի հին շենքում, որը կենտրոնական այգում է:

Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի մեծագույն գործիչների՝ գրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը:

2016 թ. հունիսի 25-ին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում պատարագ մատուցեց:

Գյումրի քաղաքը հարուստ է եկեղեցիներով: Ընդհանուր առմամբ, ողջ պատմության ընթացքում Գյումրիում 16 եկեղեցի է կառուցվել: Այդ եկեղեցիներից 5-ը ռուսական զորամասային եկեղեցիներ են, մեկը՝ հայ կաթոլիկ, մյուսն էլ՝ հունական:

Գյումրիում կան երեք կանգուն բերդեր՝ Գյումրիի Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը:

 

ՍՈՒՐԲ ՅՈԹ ՎԵՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՍուրբ Աստվածածին Մայր եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Կառուցվել է 1874-1886 թթ., քաղաքի Կենտրոնական, այժմ Վարդանանց հրապարակում է: Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է:

Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածին, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք, ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի:

Սրբապատկերում Սուրբ Մարիամն է իր յոթ վերքերով: Եկեղեցին կառուցված է սև քարից: Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել է վերը նշված նկարը: Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

-Հիսուսի տաճարին հանձնելը,

-Եգիպտոս փախչելը,

-տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,

-խաչը տանելը,

-Հիսուսի մահը խաչին,

-Հիսուսի մարմնի ստանալը,

-Հիսուսի գերեզման դնելը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Լմպատավանք

Լմպատավանքը ճարտարապետական հուշարձան է (VI դար): Խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է:

Ըստ արձանագրության՝ գմբեթը X դարում վերականգնվել է: Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար: Խորանում և նրանից աջ ու ձախ պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ: Աջ ու ձախ պատկերված են խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է), ձեռքին խաչավարդ ցուպ:

 

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՄարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Բաղկացած է շինությունների երկու խմբից, Մեծ և Փոքր, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029 թթ.-ին: Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է:

1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն:

Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի հոգեւոր ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական ճարտարապետության արժեքավոր համալիրներից է:

 

ՀԱՌԻՃԻ ՎԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՀառիճավանք (նախկինում Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում: Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է: Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Սբ. Գրիգոր եկեղեցին է: Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր կառույց է:

Վանքը եղել է նաև գիտության կենտրոն: Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ. սովորել է Ավետիք Իսահակյանը:

2012թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանին կից Հառիճավանքում վերաբացվեց Թրբանճյան հոգեւոր ընծայարանը, որը գործում է ավագ դպրոցի կարգավիճակով, եւ այնտեղ են ուսանում ու կրթվում ապագա հոգեւորականները:

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ