Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆ

Հրազդանի շրջանից ռազմաճակատ է զորակոչվել 2541 հոգի, զոհվել կամ անհայտ կորել են 1126-ը:
Թիկունքից ռազմաճակատին մեծ օգնություն են ցույց տվել շրջանի դպրոցները: Հրազդանցիները` չնայած սուղ վիճակին, իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ անում էին գործող բանակին դրամով, սննդամթերքով, հագուստով օգնելու համար:
Ֆանտան գյուղից էր Փառքի շքանշանի ասպետ Գինեվան Միսակի Ոպանյանը: Նա իր երեք փառքի աստիճանները ստացել էր Կերչի (3-րդ աստիճան, 22.02.1944), Սեւաստոպոլի (2-րդ աստիճան, 26.06.1944) եւ Լեհաստանի (1-ին աստիճան, 31.05.1945) ազատագրման մարտերում ցուցաբերած հերոսության համար:
Ծնունդով Դարաչիչակից (Ծաղկաձոր) էր Սոցիալիստական աշխատանքի հերոս (10.06.1945), ճանաչված ֆիզիոլոգ, Ս. Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիայի պետ (1943-1950), Ի. Պավլովի անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, գեներալ-գնդապետ (1944) Լեւոն Օրբելին: Նրա շնորհիվ ռմբակոծություններից ավերված ակադեմիայի շենքը վերականգնվեց եւ մոտ 1800 ռազմական բժիշկներ պատրաստվեցին այնտեղ:
1944թ. հոկտեմբերի 30-ին Կարմիր դրոշի շքանշանով պարգեւատրվեց Աթարբեկյան գյուղից զորակոչված մայոր Գերասիմ Մկրտչյանը, ով իրեն գերազանց դրսեւորեց Պետսամո-Կիրկենես գործողության հարձակողական մարտերում: Նրա դիվիզիոնը ոչնչացրեց թշնամու վեց մարտկոց, երեք հրանոթ: 1943թ. սեպտեմբերի 20-ին նա պարգեւատրվեց Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: Ընդհանուր առմամբ պատերազմի սկզբից նրա հրետանային դիվիզիոնը մինչեւ 1943թ. սեպտեմբեր ոչնչացրել էր թշնամու 4 հրետանային մարտկոց, 6 դզօտ, ռազմամթերքի 2 պահեստ, հրետանային 2 գումարտակ:
Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի ազատագրման համար մղվող մարտերում Կարմիր դրոշի շքանշանի արժանացավ 73-րդ դիվիզիայի 214-րդ գվարդիական գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանը:
1945թ. ապրիլի 13-ին գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի ազատագրման համար գնդի հրամանատար արզականցի փոխգնդապետ Դավիթ Ավետիսյանը պարգեւատրվեց Կարմիր դրոշի շքանշանով:
Արզական գյուղում էր ծնվել Ռուբեն Սիմոնովի սան, դերասան, թատերագետ, ռեժիսոր Հովսեփ Հովսեփյանը: Նա ռազմաճակատ էր զորակոչվել 1942թ. փետրվարի 20-ին: Նրա անունը անմահացել է Երեւանի դերասանի տանը` հայ բեմի զոհված երախտավորներին նվիրված մարմարե հուշատախտակին:
Իրենց պարտքը պատվով կատարել, հաղթանակած ու պարգեւներով տուն են վերադարձել Պատվական Միրզոյանը (Ծաղկաձոր), Վաղարշակ Սաֆարյանը (Մաքրավան), Ցոլակ Ադամյանը (Սոլակ), Ավետիս Ավետիսյանը (Ալափարս) եւ շատ շատերը:
Հրազդանի շրջանում այժմ էլ խոնարհումով են հիշում Մեծ հայրենականի զոհվածներին:

ԿԱԼԻՆԻՆՈՅԻ ՇՐՋԱՆ

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շրջանից ռազմաճակատ զորակոչվել են 3017 մարտիկներ, որոնցից զոհվել են 845-ը:
Պատերազմը հիմնովին փոխեց շրջանի գյուղացիության առանց այդ էլ ծանր պայմանները: Նրանց առջեւ ծագեցին նոր, առավել բարդ խնդիրներ, որոնց լուծումը մեծ ջանքերի ու եռանդի հետ էր կապված: Անհրաժեշտ էր պարենով եւ հագուստով ապահովել ոչ միայն ռազմաճակատ մեկնածներին, այլեւ թիկունքում մնացածներին, բազում վիրավորներին եւ որբերին: «Ամեն ինչ ռազմաճակատի համար», «Ամեն ինչ հաղթանակի համար» հայրենասիրական կարգախոսները պարտքի մեծ զգացումով ընկալվեցին շրջանի ազգաբնակչության կողմից: Պատերազմի դաշտ մեկնածներին փոխարինելու եկան կանայք, պատանիներն ու ծերերը, ովքեր օրնիբուն աշխատում էին ամենադժվարին տեղամասերում, իրենց համեստ ավանդը ներդնելով հաղթանակի գործում:
Շրջանում կազմակերպվեցին հանգանակությունների հանձնախմբեր, որոնք գլխավորապես զբաղվում էին տաք հագուստ, նվեր-ծանրոցներ, դրամական միջոցներ ռազմաճակատ ուղարկելով:
Թշնամու դեմ մղված մարտերում իրենց անունը փառքով պսակեցին Կալինինոյից՝ Աղաբեկ Աբրահամյանը, Պողոս Խանաղյանը, Հաբեթնակ Ամիրխանյանը, Պոլինա Կոնդրատեւան, Մեծավանից` Ցոլակ Տոմերյանը, եղբայրներ Գասպար եւ Բեգլար Սոլոյանները, Լեռնահովիտից` Նիկոլայ Անտոնյանը, Բեգլար Մինասյանը, Սարչապետից` Սուրեն Մխոյանը, Եգոր Առաքելյանը եւ շատ ուրիշներ:
Երախտապարտ հայրենակիցներն ու հարազատները նրանց հիշատակը հավերժացնող կոթողներ, հուշաղբյուրներ եւ հուշարձաններ են կառուցել շրջկենտրոնում եւ գյուղերում:

ԼԻԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ
մայոր
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի գլխավոր ֆոնդապահ