Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ



ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆԶորավարժարաններից մեկում ճամբարային հավաքներ են: Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական կուրսի կուրսանտները: Արդեն մի քանի օր բանակի ապագա մոտոհրաձիգներն ու հրետանավորները տարաբնույթ ուսումնական խնդիրներ են կատարում դաշտային պայմաններում: Մարտականին հնարավորինս մոտ իրադրությունում ստուգվում է նրանց պատրաստվածության աստիճանը, կատարելագործվում են մասնագիտական հմտությունները: Վարժանքներին հետեւում է համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը: Կուրսանտները համատեղ գործողությունների արդյունքում սովորում են ներդաշնակ գործել ստորաբաժանման տարբեր օղակներում: Եվ որպեսզի դաշտային ելքը լիարժեք լինի,  ապրում են վրանային ավանում. այն նախապատրաստվել ու կահավորվել է նախապես:

 

Զինավանում շրջում ենք ճամբարային հավաքի պետ, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Զաքարյանի ուղեկցությամբ: Ասում է՝ դաշտային ելքը մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչն է: Այն հնարավորություն է տալիս ամրապնդելու դաշտային վարժվածությունը, բարձրացնելու անձնակազմի բարոյահոգեբանական եւ ֆիզիկական կոփվածության աստիճանը: Երբ չորս կողմդ մարտական հրաձգություն է, առաջնային է անվտանգության կանոնների պահպանումը: Փորձառու դասախոսները հետեւում են, որ հանկարծ որեւէ խախտում չգրանցվի. «Ցանկացած գործողություն կարելի է նորից կատարել, իսկ փոքրիկ վրիպումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Կուրսանտը պետք է հակատանկային նռնականետից մարտական հրաձգություն կատարեր: Արկը փոխանցելիս զգացի, որ լարված է: Լրացուցիչ ժամանակ տրամադրեցի, որ կենտրոնանա: Առաջին իսկ կրակոցով խոցեց տանկ-թիրախը: Սովորաբար երեք կրակոցից մեկ խոցում է ակնկալվում, իսկ նա երեք անգամ էլ դիպավ նշանակետին. սա մեզ հաճելիորեն զարմացրեց»,-նշում է փոխգնդապետ Զաքարյանը:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆՄոտենում ենք հոգեբանական հաղթահարման արգելագոտուն: Կուրսանտներն առաջադրանք են ստանում եւ գործի անցնում: Խրամատից վազքով ներթափանցում են արգելագոտի, այնուհետեւ սրընթաց գրոհով հաղթահարում ականապատ տարածքը, շրջանցում խոչընդոտները, ամրանում հակառակորդի առաջնագծում, հետապնդում նահանջող թշնամուն եւ դուրս գալիս կրակային բնագիծ:  Այս ամենը կատարվում է մթության ու նեխածահոտի պայմաններում, զինտեխնիկայի կրակի ձայնային ուղեկցությամբ: «Ձայները, տեսարանները, հոտը հնարավորինս նույնացված են մարտականին: Նման վարժանքներից հետո պատերազմական գործողությունների ժամանակ զինծառայողը հոգեբանական մեծ ցնցում չի ապրի»,-ասում է փոխգնդապետ Զաքարյանը: Կուրսանտները վստահորեն են անցնում փորձությունը:

Զորավարժարանի մյուս հատվածում կուրսանտները ջոկի կազմով պայթեցման առաջադրանքներ են կատարում: Հեռվից ենք հետեւում, թե ինչպես են  այրվում պայթուցիկ նյութերը: Լավագույնի տիտղոսը Լիլիթ Չոբանյանինն է. «Առաջին անգամ ռազմաինժեներական պատրաստության առարկայից կատարեցի պայթեցում: Երկու հարյուր գրամ տրոտիլ ունեի: Դասախոսի ցուցումով շարժվեցի նախանշված վայր: Ուսումնական լսարանում տեսականորեն յուրացրել էի պայթեցման նրբությունները, բայց քանի որ տղաներից շատերին չհաջողվեց առաջին փորձից հաջողություն արձանագրել, ես էլ մեծ հույսեր չունեի: Դիրքավորվեցի: Տրվեց հրամանը: Ստացվեց. ծխացող վառոդը այրվեց: Անմիջապես նահանջեցի անվտանգ գոտի: Եվ այնտեղից տեսա պայթյունը:  Հպարտություն ապրեցի:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆԵս սահմանապահ գյուղից եմ: Միշտ օգնել եմ ընտանիքիս գյուղատնտեսական աշխատանքներում: Արդեն չորս տարի է, ինչ տնեցիներս առանց ինձ են գործը գլուխ բերում: Նեղսրտում էի, որ մի աշխատող ձեռք պակասել է: Բայց այս պայթյունն ասես իմ բացթողումների վարձատրությունը լիներ»: Լիլիթը վեցերորդ անգամ է մասնակցում ուսումնական վարժանքների՝ դաշտային ելքով. «Վրանային կյանքը, եղանակային բարդ պայմանները, կպչուն ցեխը կոփում են: Սահմանին այս փորձառությունը հաստատ պետք կգա: Պատրաստ եմ ծառայելու մարտական հերթապահություն կատարող զորամասում»:

Հրետանավոր կուրսանտները 82մմ  ականանետները բերում են մարտական վիճակի, այնուհետեւ նախապատրաստում հրաձգության` ուղղություն են տալիս զենքին, որոշում թիրախի հեռավորությունը, նշանառում: «Կրա՛կ». զորավարժարանը վերածվում է մարտադաշտի: Բորիս Ավետիսյանն ու Վարդան Չոբանյանը գերազանց են կատարում խնդիրը: «Ականանետային կրակով կաշկանդեցինք պայմանական հակառակորդի առաջխաղացումը:  Քանի որ վերջին գործնական պարապմունքներն են, ամեն կրակոցը գիտակցված ու պատասխանատվությամբ ենք իրականացնում: Դաշտային ելքերը ամրապնդում են կարողություններդ: Սովորում ես արագ գործել, ճիշտ կողմնորոշվել, ճկուն լինել»,-ասում է կուրսանտը: Սա Բորիսի առաջին հաջողությունը չէ. հրետանային տարբեր զենքերից միշտ գերազանց է կրակում. «Երկրորդ կուրսում էի եւ, հաշվի առնելով բարձր գնահատականներս, ինձ հնարավորություն տրվեց կրակել «Գրադ» կայանքից: Հրամանատարական դիտակետից փոխանցեցին կոորդինատները: Նշանառեցի, այնուհետեւ մեքենայի խցիկից արձակեցի արկը: Տպավորիչ էր: Շատ սիրեցի հրետանային այդ համալիրը, բայց տարբերություն չկա, թե հետագայում ինձ ինչ զենք կվստահեն: Կարեւորը՝ արդյունքն է»:

Զրուցում ենք նաեւ Վարդան Չոբանյանի հետ: «Կրակեցինք ինը արկ: Խոցեցինք պայմանական հակառակորդի գնդացրային կրակակետերը: Ամեն արկն էլ մեզ համար կարեւոր էր: Լարված վայրկյաններ էին, բայց արդյունքի համար արժեր ջանք ու եռանդ չխնայել: Այս դաշտային ելքի ժամանակ հասկացանք ականանետի գործարկման սկզբունքները, պարզեցինք հնարավորությունները. հարցեր լուծող զենք է»: Վարդանը մանկուց է երազել զինվորական դառնալ.  «Ես սահմանամերձ գյուղից եմ՝ Արծվաբերդից: Լավ  գիտեմ, թե ինչ կարեւորություն ունի զինվորականի մասնագիտությունը մեր պետության համար: Հայրս մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար էր: Հաճախ էի  այցելում զորամաս, բարձրանում դիրքեր, շփվում զինվորների հետ: Պարտավորվել եմ լավ սպա դառնալ. եթե ընտրել  ես զինվորականի  մասնագիտությունը, ուրեմն պետք է ձգտես գերազանցի»:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆՏղաները «հավաքում»  են զենքը, իսկ մենք քայլում ենք դեպի հաջորդ դաշտային լսարան:  Այստեղ կուրսանտները մարտական հրաձգություն են վարում ջոկի եւ դասակի կազմով: «Կրակում են խոշոր տրամաչափի զենքերից ՝ «Սև նետ»,  «Կորդ», «ՆՍՎ», «ԿՊՎ»: Չնայած  այս զենքերը կիրառում են առաջին անգամ՝ արդյունքները գոհացնող են,  գնահատականները՝ բարձր: Արդեն վստահ կարող ենք ասել, որ ապագա հրամանատարները յուրացրել են առաջնագծում գործածվող զինատեսակների բնութագրերը»,-նշում է գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Զաքարյանն ու ներկայացնում ամենադիպուկ հրաձիգին: Հայկ Պողոսյանը «Սեւ նետով» խոցել է բոլոր թիրախները: «Ստաժավորումս հյուսիսարեւելյան զորամասում է անցել: Երկու շաբաթով ստանձնել էի մարտական հերթապահություն իրականացնող դասակի հրամանատարի պարտականությունները:  Հենց այդ ժամանակ էլ մոտիկից տեսա «Սեւ նետը»: Ինձ ասացին, որ առաջնագծում այն կարեւորագույն զենք է: Իմ առջեւ նպատակ դրեցի կատարելապես տիրապետել: Այս դաշտային ելքի ժամանակ  այդ հնարավորությունը վերջապես ընձեռվեց: Նաեւ սովորեցինք կառավարել դասակը մարտական գործողության պայմաններում, արձակել արդյունավետ հրամաններ, արագ կողմնորոշվել տեղանքում: Ճիշտ հրամաններ տալու համար պետք է կարողանալ սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, իսկ  լավ հրամանատար լինելու համար գիտելիքներդ պետք է հիմնավոր լինեն»: Հայկը որոշել է՝ վիճակահանության չի մասնակցելու, կամավոր ընտրելու է առաջին կարգի զորամաս. «Ուզում եմ ծառայել բարձր լեռնային գոտում, դեռ «Փոքր Մհեր» կրթահամալիրում սովորելու տարիներին եմ այդպես որոշել»:

Լսարանից զորքեր տանող ճանապարհը ապագա հրամանատարները պատվով են անցնում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1269) 28.11.2018 - 4.12.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/11/2018