Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՐՁԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ



ՀԱՄԱՐՁԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ«Զառ» ուսումնական կենտրոնի պետ, փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանի ծառայողական ուղին սկսվել է 2001թ.՝ Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանից: Ստացել է հրետանավորի մասնագիտություն և որպես դասակի հրամանատար՝ ծառայության անցել ԼՂՀ զորամասերից մեկում: Եղել է հրաձգային վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ և 2017թ. ԱՄՆ-ում Հրամանատարաշտաբային քոլեջն ավարտելուց հետո նշանակվել նորաստեղծ «Զառ» ուսումնական կենտրոնի պետ:

 Մեր զրույցին սպասելիս հնարավորություն ունեցա հետևելու զորամասի անցուդարձին, այդ օրվա դասընթացին և աննկատ դիտելու,  թե ինչպես է հարաբերվում իմ հերոսը ենթակաների, կենտրոն այցելած ամերիկացի փորձագետների խմբի, նաև՝ հրամանատարության հետ: Շփման մեջ բաց, բարեհամբույր, բայց դրա հետ մեկտեղ՝ գործնական ու վստահ երիտասարդ  ղեկավար:

Մեր զրույցից  կուզենամ առանձնացնել նրա խոհերը,  տարբեր երկրներում զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած փորձից հատկապես հետաքրքրական պատմություններն ու վերլուծությունների արդյունքները, որոնցով առաջնորդվել ու այժմ էլ առաջնորդվում է իր ստանձնած նոր պաշտոնում:

 

Առաջին առաքելությունը, որին մասնակցել է՝  2011-ին էր, երբ  հինգ սպաներով՝ որպես խաղաղապահ ստորաբաժանումների հրահանգիչներ, մեկնեցին  Աֆղանստան: Աշխատում էին աֆղանստանցի սպաների հետ: Դավիթը՝ որպես հրետանավոր, մարզում էր ականանետային գումարտակի անձնակազմին. հետո նաև իրական մարտական գործողությունների էին մասնակցում: Այդ շրջանում Աֆղանստանում հանգիստ չէր: Մի դեպք է հիշում, երբ ամերիկացիները հայտնվեցին դարանակալման մեջ, և իրենք աֆղանստանցիների հետ պետք է օգնություն ցուցաբերեին նրանց: Ավելի ուշ, գործողության տեսագրությունը դիտելիս տեսել էին, որ հակառակորդը  իրենցից ընդամենը երեսուն մետր հեռավորության վրա դարանակալած էր եղել: «Տեսել էին մեր մեծածավալ ուժերը (ուղղաթիռով աջակցություն էլ ունեինք),  մտածել էին՝ եթե մեզ շարքից հանեն, հուժկու հակահարված կստանան: Այդ օրը բախտը  մեզ ժպտացել էր»:

«Ահա մի լուսանկար, որ հետաքրքիր պատմություն ունի,-ցույց է տալիս պատին փակցված լուսանկարներից մեկը,-սա գերմանացիների արած պատահական լուսանկար է: Տարածքում, որտեղ իջել էինք, տեղաբնակները դեռևս կոալիցիոն ուժերի զինծառայողներին չէին հանդիպել: Երբ մեզ տեսան, հավաքվեցին մեր շուրջը՝ ասես այլմոլորակայիններ լինեինք: Հիմնականում երեխաներ էին, որոնք, ինչպես շուտով հասկացանք, անգամ չգիտեին, թե ինչ է թուղթն ու գրիչը: Սկսեցինք բաժանել՝  մեծ հիացում պատճառելով նրանց: Որոշեցի թղթերից ինքնաթիռներ պատրաստել: Երեխաներն իրենց խաղալիք ինքնաթիռները ստանալու համար հերթ կանգնեցին:

ՀԱՄԱՐՁԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԱմերիկացիներն ասում են՝ «Winning hearts and minds», առաջնահերթ է ժողովրդի «սրտերն ու մտքերը գրավելը»: Առանց խաղաղ բնակչությանը «գրավելու», «փափուկ ուժ» կիրառելու, անհնար է  հաջողության հասնելը: Այս է վկայում նաև Խորհրդային Միության փորձը Աֆղանստանում: Իրաքի գործողությունների սկզբնական փուլն էլ հստակ  ցույց է տալիս այս բացթողումը: Կարծում եմ՝ մենք էլ սխալ գործած կլինենք, որ հնարավոր պատերազմի դեպքում հաշվի չառնենք քաղաքացիական բնակչության գործոնը: Եթե տեղի մարդկանց վատ ես վերաբերվում, մի թշնամիդ դառնում է երկու, երեք և այսպես շարունակ: Մենք՝ հայերս, էությամբ  հումանիստ ենք, սկզբունքորեն դեմ ենք վայրագություններին, պետք է իմանանք ու հետևենք այս կարգ ու կանոններին»:

Վերհիշելով երրորդ՝ Կոսովոյում անցկացրած խաղաղապահ առաքելությունը՝ Դավիթը մի հետաքրքիր դեպք էլ պատմեց. «Բազան էինք պաշտպանում: Մի դեպք եղավ, երբ ամերիկյան զորքերը շրջափակման մեջ էին ընկել, ու սերբերից կազմված ամբոխը ցույցի էր դուրս եկել նրանց դեմ:  Մեր առջև  խնդիր դրվեց՝ արագ հանդերձավորվել ու օգնության հասնել ամերիկացիներին: Մոտ տասը ամերիկյան «համերներով» էինք: Որպեսզի մոտենայինք նրանց, պետք է անցնեինք ցույց անող ամբոխի միջով: Ես՝ որպես  հրամանատար, առջևից էի գնում ու մոտենալով տեսա, որ արդեն ամբոխը մեր կողմն է շրջվում. իհարկե, երեսուն հոգով նրանց կառավարելն անհնար էր:  Որոշում կայացրի և միայն զրահաբաճկոնով՝ առանց զենքի, մի զինվորի ուղեկցությամբ մոտեցա:  Ղեկավարներից մեկը մոտեցավ ու արհամարհանքով քաշեց համազգեստիս թևքի դրոշը. «Ա՜, Էրմենիա»,- ասաց: «Այո՛»: «Քրիստոնյա՞», «Այո՛, քրիստոնյա ենք: Ի՞նչ է պատահել»: Ասաց. «Բա, էսպես ու էսպես, նեղացնում են»: Ասացի` «Ինչպե՞ս թե՝ նեղացնում են: Բացեք ճանապարհը, տեսնենք՝ ի՞նչ է եղել»: Ճանապարհը սահուն բացվեց, ու ամերիկացիների զարմացած հայացքի ներքո մեր մեքենաների շարասյունը հանգիստ անցավ ամբոխի միջով, մոտեցավ իրենց: Այս գործողությունը հետագայում ղեկավարության բարձր գնահատանքին արժանացավ»:

Փոխգնդապետ Ալեքսանյանը նշում է, որ հայկական զորախմբերը միշտ էլ ակտիվ են եղել: Նստել, սպասելը, թե երբ հրամաններ կստանան, արդյունավետ գործելաոճ չէ: Նախաձեռնողականությունն ընդունելի է ու անգամ խրախուսվում է նման առաքելությունների ընթացքում: Անձամբ իր համար բոլոր խաղաղապահ առաքելություններում կարևորագույն խնդիրներից մեկն է մեր երկիրն արժանավայել ներկայացնելը:

Հետագայում՝ ԱՄՆ-ում հրամանատարաշտաբային քոլեջում սովորելիս, բացի հիմնական դասընթացներից, որոշել է մասնակցել նաև մագիստրոսական դասընթացների ու գրել մի աշխատություն, որ օգտակար լինի հայկական  բանակին: Այն ժամանակ արդեն լայնորեն շրջանառվում էր «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքը: «Ուսումնասիրեցի Ամերիկայի, Իսրայելի, Գերմանիայի և Անգլիայի փորձն այս ոլորտում ու փորձեցի հասկանալ, թե մեր պարագայում ինչպես կարող ենք արդյունավետ ղեկավարման համակարգ ձևավորել: Ասեմ, որ այս սկզբունքն է, որ այժմ կիրառում ենք մեր կենտրոնում: Հրամանատարը հենց նրա համար է, որ ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնի»:

Այստեղ Դավիթը մեջբերում է տնտեսագիտության հայտնի հասկացություններից մեկը. «creative destruction»՝ «կառուցողական ոչնչացում»: «Կան բաներ, որ անում ենք  սովորության ուժով: Ամերիկացի զինվորականներից մեկը մի այսպիսի դեպք է պատմել: Ներկով տարաները տեղափոխելիս՝ զինվորներից մեկի ձեռքից ներկամանն ընկնում է ու մի մեծ տարածք աղտոտում: «Վե՛րջ, սերժանտի ձեռքից չես պրծնի»,-ասում են ընկերները: Բայց  հնարը գտնում է՝ վերցնում է վրձինն ու այդ հատվածում մի շրջան է նկարում: Զորացրվելուց տարիներ անց ընկերներից մեկը զանգում է նրան ու ասում. «Չես պատկերացնի, թե ինչ է եղել: Մեր զորամասում էի, և նույն շրջանը, որ դու էիր նկարել, ոչ միայն չեն մաքրել, այլև պարբերաբար թարմացնում են»: Զավեշտալի, սակայն իրական դեպք է,  որից հարկ է դասեր քաղել…»:

Կարևոր սկզբունքները, որոնց կարևորությունը ծառայողական կյանքի փորձն է ապացուցել, այժմ փոխգնդապետ Ալեքսանյանը ներդնում է իր ղեկավարած ուսումնական զորամասի ծառայողական առօրյան կազմակերպելիս: Խոսելով «Զառ» ուսումնական կենտրոնի գերակա նպատակների մասին՝ փոխգնդապետը շեշտում է՝ առաջինը խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստումն է, երկրորդը՝ մեր զինված ուժերի այլ ստորաբաժանումների անդամների պատրաստումը, երրորդը՝ միջազգային հարթակում գործընկեր երկրների հետ համագործակցությունը:

ՀԱՄԱՐՁԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ«Հենց այս պահին ուսումնական զորամասում փորձարկում ենք մեր մշակած՝ դասակի կազմով մարտական ունակությունների զարգացման երկշաբաթյա դասընթացը: Մեր հարկի տակ ընդունել ենք Լիբանան մեկնող խաղաղապահների խմբին, անցկացնում ենք նախատեղակայման երկշաբաթյա վարժանք, զուգահեռաբար անց են կացվում նաև հրամանատարաշտաբային մարզումներ: Այստեղ է ԱՄՆ-ից ժամանած փորձագիտական խումբը, իրականացնում ենք «Մայլս» համակարգի երկրորդ մակարդակի դասընթացը: Հրամանատարների համար այնպիսի իրավիճակներ ենք մոդելավորելու, որոնց դեպքում իրենք պետք է ստիպված լինեն ինքնուրույն և արագ որոշումներ ընդունել, նախաձեռնություն ցուցաբերել: Ներմուծականներով անընդհատ զարգացվում է իրավիճակը:

Շատ եմ կարևորում նոր ու համարձակ մտքերի, գաղափարների կիրառումը: Մեր ուսումնական կենտրոնի սկզբունքներից է իրական մարտական պայմաններին մոտեցված պայմաններում վարժանքների իրականացումը: Այս ամենը միտված է նրան, որ իրական պատերազմական իրավիճակներում հնարավորինս խուսափենք սխալներից»:

«Զառ» ուսումնական կենտրոնում կարևորվում է յուրաքանչյուր զինծառայողի անձնական ներդրումը: «Հիմնական շեշտն այստեղ դրված է սերժանտական կազմի վրա, խորհրդային ժամանակների իներցիայով դեռ սովոր ենք, որ սպանե՛րը պետք է որոշումներ կայացնեն,- նշում է փոխգնդապետը,- շատ ապացույցներ ունեմ, որ սերժանտը կարող է արդյունավետ որոշումներ կայացնել: Եթե մարդը գիտելիքներ է ստացել ու ցանկություն չունի  դրանք կիրառելու, ուրեմն իր գիտելիքներն անարժեք են: Մի լավ բանաձև կա՝ անգլերեն կոչվում է «4 F-երի կանոն»: Մարդուն կոլեկտիվում արդյունավետ դարձնելու համար պետք է չորս կարևոր բան: Առաջինը «Fund»-ն է՝ գումարը: Բայց սա միակ պայմանը չէ. բնավ համաձայն չեմ, թե մարդկանց արդյունավետությունը միայն ֆինանսով է պայմանավորված: Երկրորդը հաճույքն է՝ անգլերեն՝ «Fun» բառից: Այն, թե մարդը որքան է հաճույք ստանում իր արած աշխատանքից: Երրորդը զգացողություններն են: «Feelings: Որքանով ես գնահատված, որքանով ես արժևորված, համարո՞ւմ ես արդյոք, որ եթե քո գործը չարվի, ընդհանուր գործը կտուժի: Եվ չորրորդն ընկերությունն է «Friendship»: Եթե շրջապատված ես բացասական մարդկանցով, եթե տհաճությամբ ես գալիս ծառայության, դա միանշանակ ազդելու է գործի արդյունավետության վրա: Այսքանը հաշվի առնելով և այս չորս «F»-երն իմանալով՝ եթե անգամ այդ պահին առաջին «F»-ի վրա ներգործելու հնարավորություն չլինի, գոնե մնացած երեքը հաստատապես ինձանից են կախված»:

Դավիթ Ալեքսանյանի հաջորդ նախաձեռնությունը, որ շուտով իրականություն կդառնա, կրտսեր հրամանատարական կազմի՝ որոշումներ կայացնելու մեխանիզմների վերաբերյալ դասընթացն է լինելու: «Իմ խորին համոզմամբ, մարդկանց պետք է մտածելու մեխանիզմներ սովորեցնել: Եթե առաջադրանք ենք ստանում, նախ պետք է ճիշտ հասկանանք դրա էությունը, հասկանանք ռիսկերը, լուծման եղանակները, որից հետո միայն որոշում կայացնենք ու հրամանի տեսքով հասցնենք ենթականերին: Զինվորական առաջնորդությունն, իրականում, մեր կողմից քիչ կարևորված առարկա է: Բայց արևմտյան բանակներում այն համարվում է հրամանատարի կարևորագույն որակ: Եթե վերջինս չունի ղեկավարին, առաջնորդին բնորոշ հատկանիշներ՝ գիտելիքներ և ունակություններ, նրա բոլոր արժանիքները երկրորդ պլան են մղվում:  Մենք հաճախ շփոթում ենք մենեջերին կառավարչից, լիդերին՝ առաջնորդից: Մի լավ խոսք կա. «Մենեջերը կարճաժամկետ խնդիրներ է լուծում, իսկ լիդերը քաղաքականություն է մշակում»: Մեր՝ զինվորականներիս պարագայում ևս հրամանատարները չպետք է միայն մենեջերներ լինեն, պիտի լինեն նաև լիդերներ, ճիշտ կողմնորոշվեն, թե իրենց անձնակազմին որ ուղղությամբ են տանում: «Եղի՛ր խնդիրներ լուծող և ոչ թե խնդրի մի մասը». սա ինձ համար ամենակարևոր կարգախոսն է: Ցանկացած պարագայում՝ ռազմի դաշտում լինի, թե առօրյա ծառայության մեջ, մենք պետք է հստակ հասկանանք մեր հրամանատարի մտադրությունը՝ նպատակը, և այդ շրջանակներում ընդունակ լինենք երբեմն կոնկրետ խնդիրների կատարումից շեղվելով՝  հասնել դրա կատարմանը:

Դավթի խանդավառությունը, որով պատմում է այս ամենը, նրա հետևյալ խոսքերի վկայությունն է. «Իմ կյանքում երկու կարևոր նախասիրություն ունեմ՝ ծառայությունս ու ընտանիքս՝ երկու բան, որ ոչ միայն հարազատ ու սիրելի են ինձ համար, այլև՝ շատ կարևոր: Երկու շատ գեղեցիկ դստրիկներ, հրաշալի ընտանիք ունեմ: Սիրով գալիս եմ ծառայության ու սիրով վերադառնում եմ տուն: Երջանիկ եմ այս ամենով:

Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր վերադաս հրամանատարներին,  քանի որ նրանք մեծապես նպաստում են զորամասի մթնոլորտի, աշխատանքային ճիշտ գործընթացի  ձևավորմանը: Ուզում եմ նաև իմ ենթականերին շնորհակալություն հայտնել: Անչափ տպավորված եմ նրանցով, սիրում եմ բոլորին:  Իրականում, առանց նրանց ջանքերի ոչ մի լավ գաղափար իրականություն չէր դառնա: Համատեղ ուժերով ամեն օր այսպես քարը քարին ենք դնում»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1269) 28.11.2018 - 4.12.2018, Ռազմաքաղաքական


29/11/2018