Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ. ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՊԻՏԱԼԸ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ. ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՊԻՏԱԼԸ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ. ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՊԻՏԱԼԸԶրույց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի հետ

 

-Տիկին Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ եւ բոլոր զինվորական բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձեր բոլոր հիվանդներն առողջանան, որ անձնական երջանկությունն ու աշխատանքային հաջողությունները Ձեր կյանքը դարձնեն լիարժեք: Եվ ուզում եմ, որ առաջին հերթին խոսենք վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաբժշկական ծառայության ակնառու ձեռքբերումներից: Ի՞նչ դրական փոփոխություններ են արձանագրվել կառույցում:

-Ռազմաբժշկական ծառայությունը իր բոլոր ստորաբաժանումներով մի ամբողջական համակարգ է, որի համաչափ ու ներդաշնակ զարգացումը միայն կարող է որակական երաշխավորված առաջընթացի նախապայման դառնալ: Եթե համակարգում որեւէ պտուտակ լավ չի աշխատում, կամ որեւէ դետալ խափանված է, ապա դա շղթայական ռեակցիայով բացասաբար ազդելու է բոլոր օղակների գործունեության վերջնական արդյունքի վրա: Տարեսկզբին մենք փորձել ենք «նկատել» թիրախային ուղղությունները եւ, դրանց աշխատանքը խթանելով, բերել ընդհանուր հավասարակշռության: Դրանք կարող են լինել առաջին հայացքից աննշան թվացող հարցեր, որոնք առերեւույթ չեն կարող ազդել զինվորի ու սպայի առողջության պահպանման եւ նրանց բուժումը կազմակերպելու գերխնդրի վրա, սակայն իրականում կարող են խաթարել ռազմաբժշկության մշակույթի դիմագիծը եւ նրա բարի համբավը:

-Լավ, քանի որ Դուք զրույցը տարաք դեպի ռազմական բժշկության խնդրահարույց ոլորտները, ձեռքբերումներից կխոսենք ավելի ուշ, իսկ հիմա անդրադառնանք, Ձեր բառերով ասած, ռազմաբժշկության մշակույթի դիմագիծը խաթարող իրողություններին: Դրանցից մեկն էլ կենտրոնական հոսպիտալի շենքային պայմաններն է: Որքան էլ պնդեք, որ, ասենք, վնասվածքաբանության բաժանմունքում Լեւոն Ժամագործյանը տարածաշրջանում եզակի վիրահատություններ է կատարում, կամ վիրաբուժության բաժանմունքում Սեւակ Շահբազյանի լապարասկոպիկ վիրահատությունները բժշկության վերջին խոսքն են, միեւնույն է, հարմարություններից զուրկ հիվանդասենյակները տեսնելիս հրաժարվում ես հավատալ, որ այստեղ կարող են բարձրորակ բուժօգնություն տրամադրել հիվանդին:

-Տարվա ընթացքում նորոգվել են կենտրոնական հոսպիտալի վիրահատարանները` եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան, նորոգվել են նաեւ վերակենդանացման, նեյրովիրաբուժության եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքները: Վնասվածքաբանության եւ վիրաբուժության բաժանմունքները կնորոգվեն գալիք տարում:

-Ձեր տարբեր ելույթների ժամանակ քանիցս կրկնել եք, որ ռազմաբժշկական ծառայության ամենամեծ ռեսուրսը, ամենաթանկ կապիտալը զինվորական բժիշկն է: Այսօր, թեկուզ չնչին, բայց նկատվում է զինվորական բժիշկների արտահոսք համակարգից: Ու եթե մենք շարունակենք զինվորական բժշկի անձնազոհ ծառայությունը փոխհատուցել բարոյական խթաններով, ինչպես դա արել ենք 25 տարի, ապա արտահոսքի չափը կարող է մեծանալ եւ որակական հետընթացի նախադրյալ դառնալ համակարգում:

-Ես պատահական չեմ ասել, որ մեր ամենամեծ ներուժը եւ ամենաթանկ կապիտալը զինվորական բժիշկն է: Նրա նվիրումը զինվորին, նրա անձնազոհությունը: Շատ զինվորական բժիշկներ կարող էին բազմապատիկ ավելի վճարվել քաղաքացիական բուժհիմնարկներում նույն աշխատանքի համար, բայց նրանք մնացել են բանակում, շարունակել են բուժել հայրենիքի պաշտպաններին: Սա նրանց կռիվն է, նրանց պատերազմը` հանուն հայրենիքի:

Ուրախությամբ պիտի նշեմ, որ տարվա ընթացքում մեր հոսպիտալները լիցենզավորվեցին: ՀՀ պաշտպանության ու առողջապահության նախարարների համատեղ հրամանով հաստատվեց ռազմաբժշկական հաստատություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների կարգը:

-Ստացված գումարները ինչպե՞ս են բաշխվելու եւ ինչպե՞ս են օգտագործվելու:

-Ստացված գումարները բաշխվելու են նշված կարգի համաձայն, ըստ որի՝ բուժօգնության կազմակերպմանը ներգրավված յուրաքանչյուր բուժաշխատող ստանալու է իր կատարած աշխատանքին համարժեք խրախուսում: Վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների մյուս մասը կօգտագործվի ռազմաբժշկական հաստատությունների գործունեության ապահովման նպատակով:

-Իսկ մեր հոսպիտալների տրամադրած բուժօգնության համար քաղաքացիները վճարելու են Հայաստանում ընդունված սակագներո՞վ, թե…

-Ռազմաբժշկական ծառայությունները քաղաքացիների համար կլինեն Հայաստանում ընդունված սակագների տրամաբանության շրջանակներում՝ ապահովելով առողջ մրցակցություն, ինչի արդյունքում ակնկալում ենք հիվանդների մեծ հոսք դեպի զինվորական հոսպիտալներ:

-Տիկին Հովհաննիսյան, զորային օղակի բժշկությունը միշտ էլ եղել է ռազմական բժշկության ամենազգայուն ու ամենախոցելի հատվածը: Եթե որակավորված բուժօգնությունը հոսպիտալային օղակում վստահված է համբավավոր բժիշկների, ապա զորամասերում ծառայում են ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած նորընծա բժիշկները կամ քաղաքացիական բուհեր ավարտած երկտարեցի բժիշկները:

-Տեսեք, խնդիրն այն է, թե բուժօգնության ինչ ծավալ է իրականացնում բժիշկը: Զորամասի բժշկի պարտականությունների մեջ մտնում են հիվանդությունների կանխարգելումը եւ դրանց արագ հայտնաբերումը: Նրանք բուժօգնություն են ցուցաբերում ամենաթեթեւ ու անվտանգ գանգատների դեպքում միայն: Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, նա արդեն պետք է հետազոտվի համապատասխան մասնագետների կողմից: Այսինքն` նրա բուժօգնությամբ պիտի զբաղվեն փորձառու եւ որակյալ մասնագետները: Բուժօգնության ծավալները բաշխված են տրամաբանության սահմաններում:

-Զորամասային բժշկի պարտականություններից կարեւորագույնը հիվանդություն ծնող պատճառների հայտնաբերումն ու վերացումն է: Նա պետք է հետեւի սննդի որակին, զորանոցների ջերմային ռեժիմին, հագուստին, հիգիենային… Զորամասային բժիշկը ունի՞ այդ կշիռն ու դերակատարումը զորամասում, որ կարողանա սահմանել համապատասխան հսկողություն:

-Զինվորի առողջության պահպանումը զորամասի բոլոր օղակների խնդիրն է, եւ բոլորն են շահագրգռված, որ զինվորները զորամասում եւ դիրքերում լինեն առողջ, ամուր, կենսունակ: Եվ ճիշտ չէ կանխարգելիչ աշխատանքները դիտարկել «պայքարի ու հակամարտության» կոնտեքստում: Եթե զորամասի բժիշկը նկատում է ինչ-ինչ թերություններ սննդի որակի կամ հիգիենայի հարցում, դրանք արագ շտկվում են: Այս տարի մենք ոչ ձմռանը, ոչ ամռանը համաճարակային բռնկումներ չենք ունեցել, զորամասում եղել են շնչառական ուղիների հիվանդությունների աննշան սրացումներ եւ աղիքային ինֆեկցիաների մի քանի դեպք ամռանը: Այս տվյալները կանխարգելիչ աշխատանքի հուսալի ցուցանիշ են:

-Ինչպե՞ս է աշխատում սանհրահանգիչների ինստիտուտը: Այն արդարացնո՞ւմ է իրեն՝ որպես առաջին օղակի բուժօգնություն ապահովող կառույց:

-Սանհրահանգիչների ներկայությունը բանակում էապես բարելավել է առաջին բուժօգնության կազմակերպման որակը, ինչից կախված է հիվանդի բուժման հետագա ընթացքը եւ արդյունավետությունը:

-Սանհրահանգիչները բանակի զինվորներն ու պայմանագրայիններն են, այո՞:

-Այո՛, Նրանք ավարտում են ռազմաբժշկական վարչության ռազմաուսումնական կենտրոնի դասընթացները, ստանում համապատասխան գործնական հմտություններ և գիտելիք, այնուհետև սկսում են ծառայել առաջնագծում: Մեր սանհրահանգիչների որակյալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանք են փրկվել: Շատ կարեւոր է, որ սանհրահանգիչները առաջին բուժօգնություն են ուսուցանում առաջնագծում ծառայող զինվորներին ու պայմանագրայիններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան օգնել իրենք իրենց եւ ընկերներին:

Ի դեպ, այդ տարի բանակը համալրվելու է նոր ամենագնաց ռեանիմոբիլներով, որոնք որակավորված բուժօգնությունն էլ ավելի կմոտեցնեն առաջնագծին` կրճատելով ոսկե ժամանակը: Երբեմն մի քանի րոպեի կորուստը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար: Իսկ ամենագնաց ռեանիմոբիլը կարող է արագ մոտենալ սովորական մեքենայի համար անմատչելի տարածքներին:

-Տիկին Հովհաննիսյան, բժշկությունն աշխարհում այնքան արագ է զարգանում, մենք կարողանո՞ւմ ենք հասնել այդ ռիթմին:

-Օրերս պաշտպանության նախարարն ու Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորը հուշագիր ստորագրեցին, ըստ որի` զինվորական բժիշկները կարող են գիտական եւ հետազոտական ուսումնասիրություններ կատարել՝ օգտվելով բժշկական համալսարանի կլինիկաներից: Սա ռազմաբժշկական միտքը զարգացնելու նոր հորիզոններ կբացի: Միեւնույն ժամանակ, քաղաքացիական բուժհիմնարկների լավագույն բժիշկները առավել ակտիվորեն կներգրավվեն ռազմաբժշկական ծառայությունների ոլորտում, եւ այդ փոփոխությունները, անշուշտ, դրական արդյունք կունենան: Մեր բժիշկները որոշակի պարբերականությամբ վերապատրաստվում են Ռուսաստանում եւ Եվրոպայի զարգացած երկրներում: Հատկապես վերջին տարիներին ես նկատում եմ ինքնակատարելագործվելու մեծ մղում մեր բժիշկների շրջանում. շատացել են գիտական աշխատանքները, թեկնածուական թեզերը: Եվ մենք մեծապես խրախուսում ենք այն երիտասարդ բժիշկներին, որոնք ուզում են նոր խոսք ասել ռազմաբժշկական ասպարեզում:

-Տիկին Հովհաննիսյան, աշխարհում բուժքույրերի ինստիտուտը մեծ զարգացում է ապրել: Եվրոպական կլինիկաներում բուժքույրը հիվանդի առաջին օգնականն է, նա գիտի հիվանդության ամբողջ պատմությունը, ընթացքը, միշտ հիվանդի կողքին է ու օգնում է նրան: Հաճախ հիվանդը իր բժշկին չի էլ ճանաչում, որովհետեւ բուժօգնության մեծ մասը կազմակերպում է բուժքույրը, իսկ Հայաստանում, այդ թվում եւ զինվորական հոսպիտալներում, բուժքույրը սրսկելուց, ճնշում ու ջերմություն չափելուց բացի, ոչինչ չի անում: Հին, խորհրդային «պրոյեկտն» է: Ե՞րբ է վերանալու այս կարծրատիպը:

-Միանգամայն համաձայն եմ: Բայց անկեղծորեն պիտի ասեմ, որ մոտ ապագայում որակական մեծ փոփոխություն չի լինի: Իհարկե, մենք բուժքույրերին պարբերաբար վերապատրաստում ենք, բայց եվրոպական մոդելը ներդնելը աշխատատար ու ժամանակատար գործընթաց է:

-Տիկին Հովհաննիսյան, ես իմացել եմ, որ զինվորական բուժծառայության ամբողջ համակարգը (զորամասեր, հոսպիտալներ) տարվա ընթացքում համալրվել է համակարգիչներով: Սա ենթադրո՞ւմ է արդյոք, որ կենտրոնական հոսպիտալում նստած բժիշկը կարող է հետազոտել, ասենք, Տավուշի զորամասում ծառայող հիվանդին:

-Կառույցը համակարգիչներով համալրելը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնելու վերահսկողությունը, հիվանդի վարման կարգը, փաստաթղթային աշխատանքները: Ձեր ասածը վերաբերում է հեռուստաբժշկությանը, ինչը ընդգրկված է զարգացման յոթնամյա ծրագրում:

-Տիկին Հովհաննիսյան, վերջում ի՞նչ կմաղթեք զինվորական բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

-Ուզում եմ, որ նրանց առաքելությունն ու փառքը հավասարակշռեն իրար:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ