Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՈՒՐ, ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ
ԱՄՈՒՐ, ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ

Պաշտպանական եւ դիրքային մարտական գործողությունների ժամանակ շատ մեծ է խելամտորեն, ճիշտ հաշվարկով պատրաստված պատնեշների, ամրությունների նշանակությունը։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել` պետական սահմանի առավել խոցելի հատվածներն ամրապնդելու, մարտական հերթապահությունն ավելի ապահով ու անվտանգ կազմակերպելու, ճանապարհների, բնակավայրերի անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքները հիմնականում իրականացնում է գնդապետ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորային զորամասը` զինված ուժերի գլխավոր շտաբի մասնագետների ղեկավարությամբ։

Մասնագիտական տոնի նախօրեին այցելեցինք զորամաս, ընթացիկ ուսումնական տարվա առաջադրանքների կատարման շուրջ զրուցեցինք գնդապետ Ա. Հարությունյանի, հմուտ մասնագետ սպաների հետ, հետեւեցինք ուսումնական գործընթացին։

ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

-Մեր զորամասի ստորաբաժանումները մշտապես առաջնագծի տարբեր հատվածներում են եւ կատարում են ինչպես տարեկան պլանով նախատեսված, այնպես էլ ընթացիկ աշխատանքներ։ Այս տարվա հենց սկզբից գումարտակներն աշխատում են բավական ծանրաբեռնված։

Զգալիորեն ամրապնդվել է հանրապետության հարավային սահմանների պաշտպանունակությունը, ավելի անվտանգ են դարձվել ճանապարհները։ Փոխգնդապետ Վ. Մարտիրոսյանի գումարտակի ուժերով նշված հատվածում կատարել ենք ամրաշինական աշխատանքներ, կառուցել ենք ճանապարհ։ Այս ծրագրի իրականացումը շարունակվում է։ Տեղում աշխատանքները ղեկավարում է կապիտան Գ.Համբարձումյանը, գովեստի են արժանի պայմանագրային զինծառայողներ, բուլդոզերավարներ Կարեն Խաչատրյանը եւ Կարեն Բաբայանը։

Առաջնագծում` գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի զբաղեցրած պաշտպանական գոտում են փոխգնդապետ Ա. Նազարյանի գումարտակի աշխատանքային խմբերը։ Այստեղ հիմնականում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։ Ենթասպա Սերոբ Մուրադյանը մշտապես դիրքերում է, աշխատում է սրտացավորեն։ Նրան ամեն հարցում համարձակորեն աջակցում է բուլդոզերավար Ռ. Մուրադյանը։

Հարավային սահմանամերձ շրջաններում են առաջադրանքներ կատարում փոխգնդապետ Ա. Աշոտյանի գումարտակի զինծառայողները, որոնցից ուզում եմ առանձնացնել խմբի ղեկավար ենթասպա Կարեն Մարգարյանին եւ բուլդոզերավար Մանուկ Կարապետյանին։

-Այս տարի զգալի աշխատանքներ ենք կատարել ՊՆ համալիրի տարածքում եւ զինված ուժերի կենտրոնական՝ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում, որտեղ, ինչպես հայտնի է, նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման ուժերի հերթական զորավարժությունը։

Ընթացիկ տարվա համար նախատեսված է ճանապարհների կառուցում եւ խճապատում հանրապետության հյուսիսարեւելյան սահմանային գոտում, հարավային սահմաններում: Միաժամանակ պետք է հողային աշխատանքներ կատարենք ՀՕՊ զորամասերից մեկի համար եւ վերանորոգենք քաղաքի կամուրջը։ Ինչպես տեսնում եք, պլանավորված աշխատանքները քիչ չեն։ Լինում են դեպքեր նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով անհետաձգելի առաջադրանքներ ենք կատարում ինչպես առաջնագծում, այնպես էլ այլ վայրերում,- ասաց գնդապետ Ա. Հարությունյանը։

ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Ներկայացնելով տեխնիկայի վիճակը` գնդապետը նշեց.

-Ապահովված ենք մեզ անհրաժեշտ ամեն ինչով։ Առաջադրանքների մեծ մասը կատարում ենք «Կամացու» եւ վերջին շրջանում ձեռք բերված «Շանթու» մակնիշի հզոր մեքենաներով։ Ձեռք են բերվել նաեւ ժամանակակից այլ մեքենաներ, սարքավորումներ։ Տեխնիկայի, սարքավորումների, վառելիքի կամ քսայուղերի հետ կապված որեւէ խնդիր չկա։

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ

Անդրադառնալով ուսումնական գործընթացին` գնդապետն ասաց.

Պարապմունքները շարունակվում են այնպես, ինչպես նախատեսված է մարտական պատրաստության ծրագրով։ Մեծ ուշադրություն ենք դարձնում ուսումնական գումարտակին, որը լիովին կայացած ստորաբաժանում է, իսկ հրամանատարը` փոխգնդապետ Կ. Անդրեասյանը, փորձառու մասնագետ սպա է։ Սեպտեմբերի 13-ից մինչեւ հոկտեմբերի 17-ն այս գումարտակի համար կկազմակերպվի ճամբարային հավաք, որի ընթացքում հիմնականում կանցկացնենք գործնական, մարտավարամասնագիտական պարապմունքներ։

Վերջերս զորամասի վարչակազմը, մասնակցելով համաբանակային հրամանատարաշտաբային զորավարժությանը, հաջողությամբ կատարեց բոլոր առաջադրանքներն ու արժանացավ հրամանատարության խրախուսանքին: Ասեմ նաեւ, որ մեր զորամասը նույնպես մասնակցելու է վերը նշածս՝ ՀԱՊԿ երկրների ԶՈՒ համատեղ զորավարժությանը։ Շատ շուտով անցկացնելու ենք զորամասի շտաբային մարզումներ, որում կներգրավվեն հրամանատարի տեղակալները, ծառայությունների պետերը, գումարտակների ղեկավար կազմերը։

Ինժեներասակրավորային դասակներից մեկը նախապատրաստվում է համաբանակային մրցումներին։ Մեր զինվորներից սերժանտ Արմեն Քալեմջյանն առաջին տեղը գրավեց կայազորի հրաձգության (քառամարտի) մրցումներում։ Յուրաքանչյուր ամսվա վերջում կատարվում է ստորաբաժանումների արդյունքների ամփոփում, որին մասնակցում են նաեւ ջոկերի հրամանատարները, որոնք պատասխանատվություն են կրում իրենց ստորաբաժանումների համար։

Ավելացնեմ նաեւ, որ զգալի աշխատանք է տարվում զինվորների առօրյան հետաքրքիր, բովանդակալից անցկացնելու, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։ Ուրախների ու հնարամիտների մեր խումբը երկրորդ տեղն է գրավել համաբանակային մրցումներում։ Գոհ եմ հրամանատարի տեղակալ մայոր Կ. Բեգլարյանի արդյունավետ աշխատանքից։

Մեզ մոտ ծառայության են նշանակվել չորս երիտասարդ սպաներ, որոնցից երկուսը սովորել են ՌԴ ուսումնական հաստատություններից մեկում։ Բոլորն էլ մասնագիտորեն լավ պատրաստված են, հատկապես ՌԴ-ից եկածները։ Նրանք նշանակվել են համապատասխան հաստիքների եւ փորձառու սպաների ղեկավարությամբ զորամասում ծառայողական առաջին քայլերն են կատարում։ Հուսով եմ, որ լավ սպաներ կդառնան։

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Գնդապետ Ա. Հարությունյանի հետ զրույցին ներկա էր մարդասիրական ականազերծման կենտրոնի հրամանատար գնդապետ Վլադիմիր Զալունցը: Վերջինիս խնդրեցինք ներկայացնել ընթացիկ տարում կատարված աշխատանքները.

-Ականազերծման կենտրոնն առաջադրանքները կատարում է Սյունիքի մարզում։ Այս տարի ականազերծել եւ տեղական համայնքների տնօրինությանն ենք հանձնել 17 հեկտար հողատարածք։ Աշխատանքները շարունակվում են։ Մասնագիտական տոնը լավ արդյունքներով են նշանավորում ավագ լեյտենանտներ Լ. Հովհաննիսյանը, Ա. Մարտիրոսյանը, սերժանտներ Հայկ Մալխասյանը, Գուրգեն Խաչատրյանը եւ մյուսները, վատ ծառայողներ մենք չունենք։ Կարծում եմ, մինչեւ տարեվերջ կկարողանանք եւս 10-15 հեկտար ականազերծել։

ԻՆՉՊԵՍ ԱՆՑՈՒՄ ԲԱՑԵԼ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏՈՒՄ

Կապիտաններ Գ. Գալստյանի եւ Է. Միսակյանի սակրավորային վաշտերի ստորաբաժանումները գործնական պարապմունք էին անցկացնում։ Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Սամվել Բաղդասարյանն ասաց, որ իրենք կատարելագործում են հակառակորդի կողմից ականապատված դաշտում անցում բացելու հմտությունները։

-Իմ ջոկում են շարքայիններ ավագ սակրավոր Հովհաննես Մաթեւոսյանը, սակրավորներ Տարոն Սանոսյանը, Ալեքսեյ Գրիգորյանը եւ ավագ սակրավոր Սարգիս Մանուկյանը։ Ես եւ Սարգիսն ավելի փորձառու ենք, ծառայել ենք գրեթե մեկուկես տարի, մյուսներն անցած աշնանն են բանակ զորակոչվել։ Ընդհանուր առմամբ, ջոկը փորձառու է եւ կարողանում է ճիշտ աշխատել,- ասաց ջոկի հրամանատարը։

Պարապմունքի ընթացքում վաշտի հրամանատարը երբեմն կանգնեցնում էր զինվորներին, պարզաբանում, հարցերի միջոցով ճշտում նրանց իմացությունը։

ԱԿԱՆԱՊԱՏՈՒՄ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ

Կապիտան Է. Միսակյանը պարզաբանեց իր վաշտի զինվորների պարապմունքի թեման. ջոկի գործողությունները հակահետեւակային ականադաշտ տեղադրելիս՝ շարային հաշվարկով, երբ առկա է հակառակորդի ազդեցությունը։ Առաջադրանքը բոլորից լավ էին կատարում շարքայիններ Մեսրոպ Հազեյանը, Հարություն Ապրյանը, Մեսրոպ Մնացականյանը, Ռոման Պողոսյանը, Գրիգոր Մանուկյանը, Ռազմիկ Մելքոնյանը, Արթուր Ղազարյանը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՓՈՐՁԱՌՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

Վաշտերի հրամանատարներ կապիտաններ Գեւորգ Գալստյանը եւ Էդգար Միսակյանը զորամասի լավագույն սպաներից են։ Գեւորգը ծնվել է Գյումրիում, Էդգարը՝ Արմավիրի Բամբակաշատ գյուղում։ Երկուսն էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են Ռուսաստանի Դաշնության ռազմաինժեներական ակադեմիան, համակուրսեցիներ են։ Ավարտելով ուսումը, վերադարձել են եւ որպես դասակների հրամանատարներ ծառայության նշանակվել առաջնագծի տարբեր զորամասերում։

Գեւորգ Գալստյանը մասնակցել է ականապատման, ականազերծման, մարտական հենակետերի տեղադրման գործողություններին, պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։ 2008թ. նա տեղափոխվել է ինժեներական զորամաս։ Նրա վաշտը 2010թ. զորամասի կազմում ճանաչվել է լավագույնը եւ պարգեւատրվել զորամասի պատվո դրոշով։ Կապիտանը բազմիցս խրախուսվել է հրամանատարի կողմից։

Կապիտան Էդգար Միսակյանը նույնպես մարտական առաջադրանքներ է կատարել հակառակորդի հետ շփման գոտում, որոնցից մեկի ժամանակ էլ վիրավորվել է հակառակորդի կրակից։ Ուժերի գերագույն լարումով կարողացել է դուրս գալ ականապատված դաշտից։ Բուժվելուց հետո նա կրկին վերադարձել է ծառայության։ Էդգարը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Նա այս զորամասում է 2009-ից։ Ասենք, որ տղաները նշանված են եւ այս աշնանը ամուսնանալու են։

ՈՉ ՈՔ ՉԻ ԹԵՐԱՆՈՒՄ

Ուսումնական գումարտակի տեխնիկական վաշտի անձնակազմին հանդիպեցինք զորամասի մեքենայական պարկի հարակից տարածքում, ուր նրանք գրեթե ամեն օր գործնական (մեքենավարման) պարապմունքներ են կատարում։ Վարում են հիմնականում ԲԱՏ-2, ՄԴԿ-3 եւ այլ մեքենաներ։ Վաշտի հրամանատար մայոր Ա. Հարությունյանը շատ լավ արտահայտվեց կուրսանտների մասին.

-Չկա մեկը, որ թերանա կամ ընդհանուր ծրագրից հետ մնա. առաջընթացն օր օրի զգացվում է: Իհարկե, կան տղաներ, որ մինչ բանակ գալը տարբեր տեսակի մեքենաներ են վարել եւ այժմ ընդհանրապես չեն դժվարանում, կարողանում են նույնիսկ տեխնիկան նորոգել, սարքավորումներ փոխել։

-Կարող եմ առանձնացնել կուրսանտներ Էրիկ Մնացականյանին, Վահե Սայադյանին, Արայիկ Ստեփանյանին, Վահե Ասատրյանին, ագրարային համալսարանի շրջանավարտ գյումրեցի Արամ Մատնիշյանին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ հրազդանցի Գառնիկ Ղազարյանին,- ասաց ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Խաչատուր Մկրտչյանը։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ԻՆԺԵՆԵՐ-ՍԱԿՐԱՎՈՐԸ

Փոխգնդապետ Կ. Անդրեասյանը ուսումնական գումարտակի հրամանատարն է։ Ծնվել է Երեւանում, սովորել է N 88 Լեփսիուսի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտելով դպրոցը, Կարենն ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց, իմանալով, որ հիմնադրվել է ռազմական ինստիտուտ, դուրս է եկել պոլիտեխնիկականից եւ ընդունվել ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որի առաջին շրջանավարտներից է։

Նա «գերազանց» գնահատականներով ավարտել է ուսումը եւ ծառայության նշանակվել սահմանամերձ զորամասում, ուր տասնմեկ տարի ծառայելով` դասակի հրամանատարից հասել է ծառայության պետի պաշտոնին։ 2009թ. տեղափոխվել է ինժեներական զորամաս եւ նշանակվել ուսումնական գումարտակի հրամանատար։ Փոխգնդապետ Կ. Անդրեասյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «ԼՂՀ մայրական երախտագիտություն» եւ «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։ Նա ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ։

-Ինժեներ-սակրավորի մասնագիտության տեր սպան ոչ միայն ականներից պետք է հասկանա, այլեւ լավ ինժեներ պետք է լինի եւ իմանա հետախուզություն, պայթեցման գործ, կարողանա կատարել ջրամատակարարման, շինարարական, կամրջաշինական, ամրաշինական աշխատանքներ, տիրապետի այս բոլոր առանձին մասնագիտությունների անվտանգության կանոններին, կարողանա վարել բոլոր տեսակի մեքենաները եւ օգտագործի շինարարական տեխնիկան… Եվ պատահական չէ, որ մեր մասնագիտության տեր մարդիկ հաճախ աշխատում են շինարարությունում եւ հանքարդյունաբերությունում։ Ասեմ, որ գումարտակում մենք խնդիրներ չունենք, ամեն ինչ արվում է ուսումնական ծրագրի համաձայն։ Ես գոհ եմ կուրսանտների առաջադիմությունից, գոհ եմ մայոր Ա. Սեդրակյանից, մայոր Է. Սահակյանից, մայորներ Ա. Ներսիսյանից եւ Ա. Հարությունյանից։

ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Համակարգի ամենափորձառու սպաներից է զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Մանուկյանը։ Նա ծնվել է Երեւանում, սովորել է Հ. Թումանյանի անվան N 32 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Որոշ ժամանակ ծառայելուց հետո նրան առաջարկել են ուսումը շարունակել ռազմական ուսումնական հաստատությունում։ Ռուսերենի գերազանց իմացության շնորհիվ նա հաջողությամբ հանձնել է քննությունները եւ ընդունվել Ռուսաստանի Դաշնության ռազմաինժեներական-հրամանատարական համալսարանը։ Վերադառնալով հայրենիք` որպես վաշտի հրամանատար ծառայության է նշանակվել: Այնուհետեւ եղել է գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար։

2002-2004թթ. նա սովորել է ՌԴ ռազմաինժեներական ակադեմիայում, վերադառնալուց հետո ծառայության է նշանակվել ինժեներական զորքերի վարչությունում։ Փոխգնդապետ Ա. Մանուկյանը եղել է առաջնագծում, ղեկավարել ամրաշինական աշխատանքները։ Նա պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով» մեդալներով։ 2009թ. փոխգնդապետ Ա. Մանուկյանը զորամասի շտաբի պետն է, ամուսնացած է, ունի երկու երեխա։

«ԲԱՆԱԿՈՒՄ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ»

Ուսումնական գումարտակի տեխնիկական վաշտի հրամանատար մայոր Ա. Հարությունյանն ամբողջովին նվիրված է իր գործին։ Նա ծնվել է Էջմիածնում, սովորել է տեղի N 11 միջնակարգ դպրոցում։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո սովորել է տեխնիկումում եւ աշխատել տեղի «Էլեկտրոն» գործարանում։ 1992թ. նա աշխատանքը շարունակել է «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ 1998-ից ծառայության է անցել։

-Ինձ գործուղեցին սովորելու ենթասպաների դպրոցում, հետո սպաների վերապատրաստման դասընթացներում։ Քանի որ տեխնիկային շատ լավ էի տիրապետում, նշանակեցին տեխնիկական վաշտի հրամանատար։ Չեմ թաքցնում, ես ինձ երջանիկ եմ զգում, որ բանակում եմ եւ կարողանում եմ ինձ տրված առաջադրանքները հաջողությամբ կատարել,- ասաց մայոր Ա. Հարությունյանը։

ԱՐԹՈՒՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՄԻՇՏ ՍԱՐՔԻՆ Է

Շարքային Արթուր Ճաղարյանը սեւանցի է, քսան տարեկան։ Նա 2008-ին է ավարտել դպրոցը, ձեռք բերել մեխանիկ-վարորդի մասնագիտություն եւ զորակոչվել բանակ։ Նրան ամրակցված ԶԻԼ-131 կցորդվող ՊՄԶ 4-1 մեքենան զորամասի ամենաշատ օգտագործվող մեքենաներից է, այն միշտ սարքին վիճակում է եւ մաքուր։ Արթուրի ծառայությունը մոտենում է ավարտին, եւ նա աշնանը կզորացրվի։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ