Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ



Սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թալին եւ Ներքին Սասնաշեն համայնքների հյուրերն էին ԱՄՆ 3-րդ օդուժի (Ռամշտեյնի oդային բազա) փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Մարկ Զամզոուն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչ գնդապետ Հելմինգերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները: Առիթը 1958թ. ԽՍՀՄ օդային տարածքում խփված ամերիկյան ռազմական ինքնաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված միջոցառումն էր: Այն արդեն ավանդական է դարձել եւ նշվում է ամեն տարի` սեպտեմբերի 2-ին:

Հյուրերը նախ ներկա եղան Թալինի պոլիկլինիկայի բացման արարողությանը, որի ամբուլատոր բաժնի վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը եւ ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսը տրամադրել էին 220 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց գնդապետ Հելմինգերը, աշխատանքների համար պայմանագրի կնքումը եւ որակի հսկողությունն իրականացրել է ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի` Թբիլիսիում գտնվող Կովկասյան գրասենյակը. «Տեղի աշխատուժի օգտագործման միջոցով ծրագիրն ապահովեց որոշակի տնտեսական խթաններ»,-ասաց ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչը:

Արագածոտնի թեմի Թալինի շրջանի հոգեւոր հովիվներ Տեր Ղեւոնդն ու Տեր Հայկը օծեցին պոլիկլինիկայի վերանորոգված երկրորդ հարկը, այնուհետեւ ներկաները հնարավորություն ստացան գնահատելու կատարված աշխատանքը. մաքուր եւ կահավորված հիվանդասենյակներ, նոր դռներ եւ պատուհաններ: «Նորոգվել են նաեւ ջրագծերը, սանհանգույցներն ու հատակը, անցկացվել են հոսանքալարեր: Ակնկալում ենք, որ առողջապահության նախարարությունը կարդիականացնի նաեւ սարքավորումները»,-մեզ հետ զրույցում նշեց պոլիկլինիկայի տնօրեն Թամարա Գեւորգյանը եւ ընդգծեց, որ իրենց անձնակազմը տարածքի 17 հազար բնակիչներին տրամադրում է առաջնային եւ մասնագիտական բուժօգնություն: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը 2005թ. վերանորոգել էր նաեւ պոլիկլինիկայի մանկաբարձական բաժանմունքը:

Հյուրերն այնուհետեւ շարժվեցին դեպի Սասնաշեն` հարգելու կես դար առաջ զոհված ամերիկացի զինվորականների հիշատակը: Գյուղի մատույցներում նրանց դիմավորեցին դպրոցականները` հայկական եւ ամերիկյան դրոշներով: Ի դեպ` ամերիկացի զինվորականների հիշատակին նվիրված առաջին միջոցառումը տեղի է ունեցել դեռեւս 1993թ.` Սասնաշեն գյուղի բնակչության կողմից վթարի վայրին հարող բարձունքի վրա տեղադրված հուշաքարի մոտ:

1958թ. սեպտեմբերի 2-ին Խորհրդային Միության հակաօդային ուժերը խոցեցին երկրի սահմանը հատած թշնամու` ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող C-130 հետախուզական օդանավը, որի ամբողջ անձնակազմը` 17 հոգի, զոհվեց:

Գեներալ-լեյտենանտ Զամզոուն շնորհակալություն հայտնեց Սասնաշենի բնակիչներին` զոհված օդաչուների հիշատակը հարգելու և վառ պահելու համար. «Ես անչափ զգացված էի` իմանալով, որ Սասնաշենի բնակիչները դեռ հիշում են այդ դեպքը և ամեն տարի հիշատակի տուրք են մատուցում զոհված օդաչուներին: Այն բանից, թե դուք ինչպես եք կազմակերպում այս հիշատակի միջոցառումը, ինչպես եք պահպանում այս հուշարձանը, երևում է, թե ինչքան ամուր է ձեր համայնքը»,- ընդգծեց գեներալ-լեյտենանտ Զամզոուն: Նա նշեց, որ իր զինվորական ծառայության սկզբում ինքն էլ է եղել C-130 ինքնաթիռի օդաչու և գիտի, թե ինչ մեծ ռիսկ է ինքնաթիռով թռչելը. «53 տարի առաջ ամերիկացի 17 զինծառայողներ հերոսաբար զոհվեցին: Հերոսաբար, որովհետև զգալով կործանման անխուսափելիությունը, նրանք փոխեցին ինքնաթիռի ուղղությունը, որպեսզի գյուղի վրա չընկնի»:

Գյուղի բնակիչներից Ժակլին Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ 14 տարեկան էր, հիշում է. «Գյուղացիք սիլոս էին հնձում, մենք էլ օգնում էինք: Մեկ էլ տեսանք` արեւմուտքից եկող ինքնաթիռը օդում երկու պտույտ կատարեց, հետո ծխաց և ընկավ: Գյուղացիները վազեցին վթարի վայր` հուսալով վառվող ինքնաթիռից փրկել մարդկանց, բայց պարզվեց, որ նրանք զոհվել են»:

Դեպքից մի քանի տարի անց Անդրանիկ Ստեփանյանի հայրը վթարի վայրում գտավ երկու մատանի (այդպիսի մատանի կրում են ԱՄՆ ռազմական ուսումնական հաստատության շրջանավարտները), եւ բերեց տուն. «Ես փոքր էի, բայց հիշում եմ, թե ինչպես հայրս մեզ պարտավորեցրեց մատանիները աչքի լույսի պես պահել, մինչեւ զոհվածների հարազատները կամ ամերիկացի զինվորականները գան»:

Այժմ հենց այդ պահն էր, եւ Անդրանիկ Ստեփանյանը մատանիները հանձնեց գեներալ-լեյտենանտ Զամզոուին: Վերջինս տպավորված էր այդ արարքից եւ վստահեցրեց, որ իրենք մատանիները կնույնականացնեն ու կհանձնեն զոհվածների հարազատներին:

ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակն իր երախտագիտությունը հայտնեց գյուղի բնակչությանը` վերանորոգելով տեղի մանկապարտեզը, ինչի համար ծախսվել է 425 հազար ԱՄՆ դոլար: Փոխվել են շենքի տանիքը, բոլոր պատուհանները, դռները, հոսանքալարերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, հարդարվել են հատակը, ներքին եւ արտաքին պատերը, կատարվել են սանտեխնիկական աշխատանքներ:

Մանկապարտեզի բացմանը սպասում էին ավելի քան 100 երեխաներ: Նրանք ծնողների հետ հավաքվել էին մանկապարտեզի բակում: Գնդապետ Հելմինգերը բացման խոսքում նշեց, որ երբ 3 տարի առաջ իրենք գյուղապետին հարցրին, թե ինչով կարող են օգտակար լինել համայնքին, նա պատասխանեց. «Կուզենայինք, որ երեխաների համար ավելի լավ պայմաններ լինեին»:

«Ձեզնից շատերը երեւի հիշում են, որ տանիքից կաթում էր, սանհանգույցները չէին գործում, մանկապարտեզը փակ էր: Այսօր այդպես չէ: Երեխաների կրթությունը կարեւորում են բոլոր ծնողները: ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը նպատակ ունի բարելավելու կրթության հասանելիությունը ինչպես Ներքին Սասնաշենում, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասաց ամերիկացի գնդապետը:

Նշենք, որ այս տարի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ընդհանուր ներդրումը Հայաստանի առողջապահական եւ կրթական հաստատություններում կազմում է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Ռազմաքաղաքական


14/09/2011