Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է». ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ



«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է». ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԱրագ ու աննկատ՝ այսպես են գործում մեր զինված ուժերի հետախույզները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց տարբերանշանին չղջիկ է պատկերված: Այսուհետ առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները կունենան նաեւ իրենց ռազմադրոշը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ մասնագիտության բացառիկ հատկանիշները արժեւորելու, հետախուզության վարչության համաբանակային ձեռքբերումների շարունակականությունը ապահովելու, նոր նվաճումների մղելու նպատակով նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին հանձնեց նորաստեղծ ռազմադրոշը:

 

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Զինված ուժերի հետախուզական զորամասերից մեկի շարահրապարակում մասնագիտական հանդերձանքով, սպառազեն շարված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներին շնորհավորեց հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը. «Նոյեմբերի 5-ին լրացավ ռազմական հետախուզության կազմավորման 26-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ շնորհիվ մեր հետախույզների բազմիցս բացահայտվել ու չեզոքացվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական եւ այլ սադրիչ գործողությունները: Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների հետախույզների հայթայթած տեղեկությունների հիման վրա են կայացվում կարեւոր որոշումները: Հետախուզությունը միշտ եղել եւ մնում է որպես առաջապահ, որպես բանակի «աչքերն ու ականջները»: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորին, ցանկանում նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, քաջառողջություն եւ հետախույզին բնորոշ համբերատարություն ու ողջամտություն»: Գեներալ-մայորը հավաստիացրեց՝ ռազմական հետախույզներն ի զորու են պատվով կատարելու առաջադրված մարտական խնդիրները` հավատարիմ իրենց  կարգախոսին. վասն Հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է». ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՈղջունելով եւ շնորհավորելով հետախույզներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասաց. «Համաշխարհային ռազմական հետախուզության պատմության էջերում քիչ չեն հայ լեգենդար հերոսները, իսկ շատերի անունները դեռ չգիտենք կամ շատ ուշ կիմանանք: Այդպիսին է հետախույզի մասնագիտությունը: ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության կայացման գործում իրենց մեծագույն ավանդն ունեն երբեւէ այս կարեւոր առաքելությունն ստանձնած մարդիկ՝ Արցախյան պատերազմի մասնակիցներից մինչեւ ոլորտի այսօրվա պատասխանատուները: Նրանց եւ նրանց ընկերների, նաեւ առաջադրանքը կատարելու համար առողջությունն ու կյանքը չխնայած անհայտ հետախույզի շնորհիվ ենք հասել այս նշաձողին: Եվ այսօր, մտովի վերհիշելով զորատեսակի անցած դժվարին, վտանգաշատ ու փառավոր ճանապարհը, նաեւ պիտի գլուխ խոնարհենք այն հետախույզների «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է». ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆհիշատակի առջեւ, որոնք ընկան մարտական խնդիրը կատարելիս: Հավերժ փառք նրանց»:

Նախարարի գնահատմամբ՝ զինվորական բոլոր մասնագիտություններն էլ կարեւոր են, սակայն. «Հատկապես մեզ համար ռազմական հետախուզության դերը չափազանց բարձր է: Եվ սա ես ասում եմ  ոչ թե իբրեւ ականջահաճո միտք, այլ որովհետեւ իրականում հենց այդպես է: Գրագետ հետախուզությունը խելացի պատերազմ վարելու առաջին նախապայմանն է: Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր հաղթաթուղթը հենց խելացի պատերազմն է: Վաղ ազդարարման համակարգի եզակի առաքելություն, հրամանատարությանը եւ մյուս զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու  դրանց տեղաբաշխման, այլեւ մտադրությունների եւ պլանների մասին, պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ հակառակորդի թիկունքում՝ այսպիսի անելիքներ ունի հետախույզը»:

Դավիթ Տոնոյանը կարևորեց հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը թե՛ Արցախյան հերոսամարտի օրերին, թե՛ հետագա տարիներին. «Հետախուզական ստորաբաժանման յուրաքանչյուր մարտիկ, առանց չափազանցության, ազգային հարստություն ու արժեք է: Սա մի բան է, որ չի վաճառվում, եւ ձեռք չես բերի փողով: Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ այս ճշմարտությունը անհերքելի է: «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է». ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԲարեբախտաբար, այս ամենը շատ վատ կամ բոլորովին չեն հասկացել հարեւան երկրում: Զինված ուժերը ոտք են դրել իրենց պատմության նոր ու կարեւոր շրջափուլ: Վերջին տարիները հայկական բանակի համար առանձնանում են մեծ ծավալներով ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած, բարձր տեխնոլոգիական սպառազինության համալրմամբ: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հետախուզական ստորաբաժանումներին: Հպարտության մեծ առիթ է, որ այդ միջոցներից շատերը մշակվել կամ արտադրվել են Հայաստանում: Այդուհանդերձ, մարտական տեխնիկայի ու սպառազինության յուրաքանչյուր նոր նմուշ ստեղծվում է այն կիրառողի պահանջով: Ամեն ինչ արվելու է ձեր գաղափարները իրագործելու, նոր պահանջները բավարարելու համար»,-ընդգծեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Միջոցառման ավարտին տարբեր զորամասերի մի խումբ հետախույզներ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, խրախուսվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով: Կապիտան Սարգսյանն արժանացավ ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալին: Նա մեկ անգամ չէ, որ առերեսվել է վտանգին, հմուտ գործողություններով կանխել հակառակորդի սադրանքները, հայտնվել թշնամու թիկունքում: Քչախոս է, ինչպես բոլոր հետախույզները,  իր մասնագիտական ունակությունների ու կատարած սխրանքների մասին նախընտրում է լռել, միայն. «Քանակն անզոր է, երբ սիրտն է կռվում»:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1267) 14.11.2018 - 20.11.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/11/2018