Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸՍկիզբը՝ նախորդ համարում

 

Հոգեբանական գործողությունը հակառակորդի դեմ ուղղված  յուրօրինակ ազդեցության ձեւ է, արդյունավետ մի զենք, որի կիրառումը երբեմն հնարավորություն է տալիս ընդհանրապես ձեռնպահ մնալու ռազմական ուժից:  Դրա՝ ներկայումս լայնորեն կիրառվող եւ կարեւոր տարատեսակներից է տեղեկատվական հոգեբանական զենքը: Վերջինիս կիրառման հիմնական միջոցներից են.

 

  1. Տպագիր՝ թռուցիկներ, ցուցապաստառներ, տեղեկագրեր և այլն, ինչպես նաև դրանց արտադրության (պատճենահանում) և տարածման միջոցները: Թռուցիկները տարածվում են հրետանու օգնությամբ` 105 և 155 մմ, 81 մմ ականներով, քարոզչական ռեակտիվ ականներով, ավիացիոն փաթեթներով և տուփերով կամ հատուկ պլաստիկե ռումբերով (M129E1), որոնք նետվում են ուղղաթիռներից և ինքնաթիռներից, անօդաչու հրթիռներով, որոնք նշանակման վայր են տեղափոխում մինչև 500 կգ բեռ՝ ինքնաբացվող ավիացիոն փաթեթներ (5000 թռուցիկ), ավիաբեռնափոխադրիչներով (մինչև 50 կգ թռուցիկներ), օդային DG-100 բալոններով  (տեղավորում են 1300 թռուցիկ) և այլ միջոցներով:

Թե ինչ մեծ նշանակություն են տալիս թռուցիկներին հոգեբանական գործողությունների մասնագետները, խոսում են հետևյալ փաստերը: Վիետնամում դրանց տարածման համար 10 ինքնաթիռ է օգտագործվել՝  4 մարտավարական գոտիներում: Պարսից ծոցի պատերազմի ընթացքում  (1990-1991թթ.) ամերիկացիները ավելի քան 30 մլն թռուցիկ են տարածել: Ասվում է, որ գերի հանձնված իրաքյան զինվորականների 98%-ը կարդացել են ամերիկյան թռուցիկները, նրանցից 88%-ը հավատացել է դրանց և հենց այդ պատճառով էլ հանձնվել է:

Սոմալիում ՄԱԿ-ի զորքերը 1992-1993թթ. հոգեբանական գործողությունների մասնագետների պատրաստած թռուցիկների 37 տարբերակ և ավելի քան տասնյակ բրոշյուրներ են տարածել: Սոմալիցիների շրջանում՝ «թեժ կետերում» շուրջ 7 մլն թռուցիկ և «Ռաջո» քարոզչական թերթի 116 համար է ցրվել:

  1. Հոգեբանական գործողությունների կարևոր միջոցներից են ռադիոն և հեռուստատեսությունը: Սրանց են վերաբերում ստացիոնար և շարժական ռադիո և հեռուստակենտրոնները (ավտոմոբիլներով, ինքնաթիռներով, նավերով): Հոգեբանական գործողությունների այս միջոցների դերը հատկապես նշանակալի է այն տարածաշրջաններում, որտեղ շատ են ռադիոհեռուստաընդունիչները, ինչպես նաև՝ կիսագրագետ բնակչությունը: Օրինակ՝ Հայիթի ներխուժման (1994թ.) նախապատրաստման հոգեբանական գործողությունների ժամանակ հենց ռադիոն և հեռուստատեսությունն են եղել երկրի բնակչության վրա ազդեցության հիմնական գործոնները: Կարճ ժամանակում Ֆորտ-Բրետտ բազայից Վաշինգտոն տեղափոխվեց 4-րդ խմբի հոգեբանական գործողությունների մասնագետներով և կրեոլյան լեզվի մասնագետ քաղաքացիական անձանցով համալրված ռազմական-տեղեկատվական աջակցության խումբը: Ժամանումից 5 ժամ հետո այս խումբը, համագործակցելով Հայիթիի աքսորյալ նախագահ Ժ. Արիստիդի հետ, սկսեց ռադիոհաղորդումներ և թռուցիկներ պատրաստել: Հեռարձակման համար ստեղծվեցին «Ժողովրդավարություն» ռադիոն և հեռուստատեսությունը և «Ռադիո միջին ալիքներ 940»-ը, որոնք գործողությունից երկու ամիս առաջ աշխատեցին օրական 10 ժամ: Նախկին  նախագահ Արիստիդը ամեն օր դիմում էր ժողովրդին: Կղզու բնակչության շրջանում հոգեբանական մշակման հնարավորությունների ընդարձակման նպատակով  տարածվեցին հոգեբանական գործողությունների համար նախատեսված շուրջ 10 հազար ֆիքսված հաճախականությամբ տրանզիստորային ընդունիչներ: «Վահանը անապատում» և «Փոթորիկն անապատում» գործողությունների ընթացքում իրաքյան բանակի անձնակազմի վրա՝ միայն մերձճակատային գոտում, շուրջօրյա հաղորդումներ էին հեռարձակում 6 կայաններ: Բնակչության և զինվորականների շրջանում պոտենցիալ լսարանի մեծացման նպատակով   ավիացիայի օգնությամբ տարածվեց 150 հազար ֆիքսված հաճախականությամբ փոքր չափի ընդունիչ: Հոգեբանական գործողություններին աջակցելու նպատակով ռադիոյի և հեռուստատեսության հետ մեկտեղ, որպես կանոն, կիրառվում են նաև ՌԷՊ միջոցները, որոնք ճնշում են հակառակորդի ռադիոկայանները: Օրինակ՝ «Բաղդադի ձայնը»  ռադիոկայանն, ըստ էության,  կաթվածահար էր եղել տարածաշրջանային հակամարտության ամբողջ ընթացքում:
  2. Տեսաֆիլմերը, ձայնային նյութերն ու տեսողական, լսողական տեղեկության այլ կրիչները նախատեսված են ոչ միայն համոզման, այլև ներշնչման ազդեցություն թողնելու համար: Օրինակ՝ Պարսից ծոցում ռազմական գործողությունների ընթացքում Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և այլ պետությունների բնակչության շրջանում տարածվում էին Սադամ Հուսեյնի մասին տեսագրություններ, որտեղ նա ներկայացվում էր որպես իրաքյան ժողովրդի թշնամի, միասնական արաբական աշխարհի պառակտիչ: Միևնույն ժամանակ, դրանք պարունակում էին ԱՄՆ` պայքարի հզորությունն ու արդարությունը քարոզող սյուժեներ:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸՄարտավարական հոգեբանական գործողությունների ընթացքում հակառակորդի վրա տեղեկատվական-հոգեբանական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից է նաև ձայնասփռումը: Այն իրագործվում է ձայնահաղորդման կայանների  և ձայնի ուժգնացման, այդ թվում՝ շարժական՝ ջիփերի, տանկերի և բեռնատարների, ՀՄՄ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների  վրա տեղադրված միջոցների շնորհիվ: Բարձրախոսները բեռնատարների վրա հիմնականում գործածվում են թիկունքային գոտիներում, իսկ տանկերի և այլ զինտեխնիկայի վրա տեղադրվածը՝ զորքերի գրոհը ուղեկցելու նպատակով:

  1. Բոսնիայում և Հերցեգովինայում ամերիկյան զորքերի խաղաղարար ուժերի տեղեկատվական-հոգեբանական ապահովման գործողության արդյունքները վկայում են համակարգչային միջոցների և, առաջին հերթին, համացանցի՝ որպես մարդկանց վրա ազդեցության միջոցի, աճող դերակատարման մասին: Այսպես, նախագահական ընտրություններից առաջ տարածաշրջանում ԱՄՆ հոգեբանական գործողությունների մասնագետները այս համակարգի ուղիներով տեղեկատվություն էին փոխանցում` տեղի բնակչության շրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու նպատակով: Արձանագրվել են համացանցի միջոցով թռուցիկների, պաստառների և նույնիսկ թերթի փոխանցման փաստեր:
  2. Ինչպես ցույց է տալիս փորձը, որպես տեղեկատվական-հոգեբանական ազդեցության չափազանց արդյունավետ միջոց՝ հատկապես մարտական գործողությունների գոտիներում, ծառայում են կենցաղային իրերի՝ սննդամթերքի, խաղալիքների, սպորտային պարագաների վրա արված հոգեբանական ազդեցության մակագրությունները: Այսպես, 1945թ. Գերմանիայի երկնքից թափվում էին հրկիզման հրահանգավորումով կրակվառիչներ, պայթող գրիչներ և մատիտներ, Վիետնամում տարածվում էին մեկ հաճախականություն ուեցող ռադիոընդունիչներ, Հայիթիում՝ սպորտային շապիկներ, ֆուտբոլային գնդակներ, Պարսից ծոցի երկնքից թափվում էին շապիկներ, ձայնասկավառակներ և այլն:
  3. Հոգեբանական ազդեցության համեմատաբար նոր միջոց են մթնոլորտային հոլոգրաֆիկ և ձայնային էֆեկտների սինթեզատորները: Մի շարք երկրներ մշակում են գործող արբանյակների վրա տեղադրվող լազերային-լուսային համակարգերի ծրագրեր, որոնք կարող են ամպերի վրա տարբեր պատկերներ պրոյեկտել: Ինչպես հայտնի է, ամպերը հրաշալի բնական էկրաններ են. դրանց վրա պրոյեկտված պատկերները հստակ տեսանելի են 100-150 կմ հեռավորությունից: Ամպերի վրա պատկերներ պրոյեկտելու առաջին փորձերն իրականացվել են 1915թ.: Այն ժամանակ ռուս-գերմանական ճակատի հատվածներից մեկում՝ ռուսական զորքերի դիրքերի վերևում, լուսարձակների միջոցով պրոյեկտվեց Աստվածածնի պատկերը: Ականատեսները պատմում էին այս տեսարանի հոգեբանական ցնցող ազդեցության մասին: Նմանատիպ մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Սոմալիում՝ 1993թ.: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փետրվարի 1-ին ԱՄՆ հետևակայինները, որ գործում էին Մոգադիշոյի մերձակայքում, փոշու և ավազի ամպերի մեջ նկատել են Հիսուս Քրիստոսի պատկերը: Հետևակայինները պատմել են, որ ծնկաչոք լաց են եղել և երկար ժամանակ ի վիճակի չեն եղել շարունակելու մարտական խնդրի կատարումը:

Սրբերի, հրեշների և այլ անբացատրելի պատկերների անսպասելի հայտնվելը կարող է հզոր հոգեբանական ազդեցություն ունենալ մարդկանց վրա, ընդ որում՝ ինչպես մոբիլիզացնող, այնպես էլ բարոյալքող: Ձայնային տեխնիկայի ներկայիս զարգացածությունը մարդկանց վրա ազդելու համար հնարավորություն է տալիս օգտագործելու ձայնային սինթեզատորներ: Օրինակ՝ զինծառայողները հանկարծ կարող են լսել հայտնի քաղաքական գործչի ձայնը, որն իրենց կոչ է անում` թողնել մարտի դաշտը կամ նույնիսկ զենքը շրջել սեփական ծառայակիցների դեմ:

 

Կազմեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

(շարունակելի)