Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ՝ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԿՌՎԵԼ



Ազատամարտիկ Հենրիկ Սեւումյանը ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում է ապրում։ Ազատամարտի օրերին ավանի ինքնապաշտպանական մարտերում ցուցաբերած նրա արիության մասին շատերը գիտեն։

-Եթե Կարմիր Շուկան կարողացել է դիմանալ պատերազմի կրակներում ու մնալ անառիկ, ապա նաև` ավանի կամավորական ջոկատի հրամանատար Հենրիկ Սեւումյանի շնորհիվ,- ասում է Մանվել Ավագյանը։ Նա Շեխեր գյուղից է, Հենրիկի մարտական ընկերը։

Եվ հիմա Շեխերից Մանվելի հետ գնում ենք Կարմիր Շուկա։ Մինչեւ ավան մեքենայով 10 րոպեի ճանապարհ է։ Մանվելը մանրամասներ պատմեց այդ վայրերում տեղի ունեցած կատաղի մարտերից։ Դեռեւս պահպանվում են 20 տարվա վաղեմության խրամատները։ Ազատամարտի օրերին Կարմիր Շուկայի պաշտպաններն իրենց հրամանատարի հետ մեկտեղ այդ խրամատներում են կռվել եւ նահատակվել են, հերոսացել այդ հողում ու անմահության գիրկն անցել։

…Մանվելը մեքենան արգելակում է ավանի ծայրամասի տներից մեկի դարպասի մոտ։ Հենրիկենց տունն է։ Տանտերը հարազատի ջերմությամբ է մեզ դիմավորում։ Հետո գալիս է կինը՝ Սվետլանան, գալիս են որդիները՝ Տիգրանն ու Վիլենը, ապա՝ Արարատը` երեխաներին գրկած։ 4-ամյա Սիսն ու Մասիսը երկվորյակներ են։ Ամառային արեւի թուխն է երեխաների դեմքերին։ Եվ բակը ծփում է բերկրանքի լույսերով։

Հենրիկենց տունը երկհարկանի է՝ կանաչ ծառերի մեջ։ Բակում այգու մրգահոտն է տարածվել։

-Տունը ծառերի մեջ պիտի լինի, որ զգաս կենսական արմատներիդ զորությունը,- ասում է Հենրիկը, ու ժպիտ է շողում նախկին ճակատայինի դեմքին։

1990-ին տունն ավերվեց «Գրադի» արկից։ Տանը միայն ավագ որդին էր՝ 17-ամյա Տիգրանը. պատրաստվում էր մեկնել դիրքեր, մարտական հերթապահության, երբ անսպասելիորեն պայթած արկի որոտը խլացրեց շրջապատը։ Պայթյունի ալիքը մի կողմ նետեց պատանուն։ Տիգրանին ուղեղի ցնցումով տեղափոխեցին հիվանդանոց։

Հենրիկը վերականգնեց հայրական օջախը, ու վերստին շարունակվեց կյանքը երեխաների խինդ ու ծիծաղով լեցուն նրա հարկի տակ։

1991-ին տունը դարձյալ ավերվեց. արկը պայթել էր բակում։ Բարեբախտաբար տանը ոչ ոք չկար։ Հենրիկն այդ օրը դիրքերում էր։ Եկել տեսել է տունը փլատակների վերածված։ Կսկիծն աչքերում, նայել է փլուզված պատերին, ու սիրտը սեղմվել է ցավից։ Ծանր է տեսնել փլուզումն այն ամենի, ինչը քո ձեռքով է ստեղծվել։ Հենրիկը, սակայն, չկոտրվեց։ Նորից կառուցեց որդիների հետ, շենացրեց։ Նրա համար միշտ էլ թանկ է եղել հարազատ տունը. քանի՜ տարի սուրբ նշխարներ է պահում իր չորս պատերի ներսում։

-Գնանք ցույց տամ արկի բեկորը,- ասաց ու քայլեց դեպի նկուղը, ուր 20 տարի առաջ պայթած արկի հսկա սեւ բեկորն է՝ մխրճված պատի մեջ։ Երկաթբետոնե սյուներին ու առաստաղին «Գրադի» ավերիչ հետքերն են։

-Միայն բակի ծառերն են կանգուն մնացել,- ասում է Տիգրանը։

Ծառերն, այո, կանգուն են, և կանգնած էլ մահանում են։ Տիգրանի ասածից ակամա հիշեցի մի ցնցող պատմություն, որը Ստեփանակերտում ինձ պատմել է ազատամարտիկ Վազգեն Դոլուխանյանը։

1992-ին էր, երբ Վազգենը կորցրեց եղբորը. Գարիկ Դոլուխանյանը քաջի մահով ընկավ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ինքնապաշտպանական մարտերում։

Հայրը շատ ծանր էր տանում որդու մահը։ Երկու տարի առաջ Ժորան կորցրեց նաեւ կնոջը՝ իր միակ խնամողին։ Որդու եւ կնոջ մահը ջլատել էին նրա ուժերը։ Հիվանդացավ ու ընկավ անկողին։ Դեղերն այլեւս չէին օգնում։ Բայց ահա Ժորան ուժ գտավ իր մեջ ու սկսեց պայքարել հիվանդության դեմ. դրա լավագույն միջոցը վշտահար ծերունու համար աշխատանքն էր։ Առավոտ կանուխ գնում էր այգի, որն այնքան էլ հեռու չէ տնից, խնամում մատղաշ ծառերը, փխրեցնում հողը։ Այգին իր ձեռքերի աճեցրածն է։

Սովորաբար իրիկնադեմին տանն էր լինում։ Որդին այդ օրը ուշ էր եկել աշխատանքից, մութն արդեն ընկել էր, սակայն հայրը չկար։ Վազգենը սկսել է անհանգստանալ։ Ձեռքի լապտերը վերցրել, քայլել է այգին տանող արահետով… Արդեն խորացել էր դեպի ծառերը, երբ հանկարծ տեսնում է հորը. Ժորան հենվել էր խնձորենուն, ալեհեր գլուխը դրել ծառի թեք ճյուղին, իսկ ոտքերի արանքում մոշով լի դույլն էր։ Վազգենը մոտեցել, ձեռքը դրել է հոր ուսին ու ասել. «Այս ժամին ի՞նչ ես անում այստեղ… Դու դեռ այդքան չէիր ուշացել…»։ Հայրը լուռ էր։ Եվ որդին հասկացել էր ամեն ինչ… Ժորայի սիրտը կաթվածահար էր եղել, բայց նա մինչեւ վերջին պահը մոլեգնորեն պայքարել էր մահվան դեմ։

Ես այդ մասին պատմեցի Հենրիկին։ Նման պատմությունները չեն կարող չհուզել մարդկանց։ Նա ուշադիր լսեց մինչեւ վերջ ու ասաց.

-Մահվան դեմ պայքարելու ու հաղթելու տենչը զորեղ է ամեն բանից,- ու լռեց՝ սուզվելով հուշերի գիրկը… Պատերազմի օրերին քանի՜ անգամ է նա, հակառակորդի ականների ու գնդակների սուլոցի տակ, ջոկատի մարտիկների հետ նետվել գրոհի, տեսել, թե ինչպես էին թշնամու տանկերը, թրթուրներով տրորելով հայրենի հողը, առաջ սողում, եւ կամքի գերագույն լարումով ինքն իր մեջ սպանելով մահվան սարսափը, խրամատի պատին սեղմված, նռնակների կապոցը ձեռքին սպասել է դրանց մոտենալուն։ Ու կատաղի մոլուցքով տանկերի դեմ կռվել է մինչեւ վերջ, կանխել նրանց առաջխաղացումը։

Հենրիկի հետ մեր զրույցը անկեղծ ու անմիջական էր։ Պատերազմի առաջին օրերը հիշեց։ Դժվարին պայմաններում էր աշխատում ինքնապաշտպանական ուժերի շտաբը, որն ինքն էր ստեղծել։ Չէին բավականացնում հանդերձանքը, զենքն ու ռազմամթերքը։ Ու ստիպված` դպրոցների ուսումնական ինքնաձիգներն ու հրացանները հավաքել, դարձրել էին մարտական զենք եւ զինել ջոկատին։ Դաժան շրջափակման մեջ հայտնված ավանում սննդամթերքի ու դեղորայքի խիստ կարիք էր զգացվում։ Չկային տրանսպորտային և կապի միջոցներ։ Բայց դիմանում էին՝ ամեն մի փորձության պատրաստ։

Հենրիկը պատմեց նաեւ, թե ինչպես էին ծերերի ու երեխաների համար ապաստաններ կառուցում գետնի տակ, իսկ գիշերները պատրաստում հակատանկային պայթուցիչներ, եւ այդ ինքնաշեն պայթուցիչներով մարտնչում հակառակորդի զրահամեքենաների դեմ։ Ավանի կամավորական ջոկատում, որի շարքերում կռվում էին նաեւ նրա երկու որդիները, զինագործների մի ամբողջ խումբ էր ընդգրկված։ Տղաները վտանգված հայրենի եզերքի կանչով էին եկել ու համալրել ջոկատի շարքերը։ Տղաները՝ Վլադիմիրը, Արկադին, Արարատը… Նրանք միեւնույն ժամանակ կռվել են իրենց պատրաստած ինքնաշեն զենքերով։ Խոշոր ռազմական հենակետերի վերածված Ղաջար գյուղի եւ Ֆիզուլու համար մղվող մարտերը նրանց արդեն զինվոր էին դարձրել։ Այդ թեժ մարտերում հերոսաբար զոհվեց Արկադին՝ ջոկատի քաջերից մեկը։

Արցախյան պատերազմում Կարմիր Շուկայի մարտական ջոկատը 19 զոհ է տվել։ Բոլորն էլ ջահել, կորովի ու քաջ։

-Նրանց համար ամենաթանկը սերն էր հայրենի եզերքի նկատմամբ։ Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այդ սիրո,- ասում է Հենրիկը՝ նայելով տանը խնամքով պահպանվող նրանց ռազմաճակատային լուսանկարներին։

Ազատամարտի օրերին շտաբի էր վերածվել Հենրիկենց տունը։ Ջոկատի մարտիկները նրանց տնից էին մեկնում առաջավոր գիծ։ Եվ ամեն անգամ, մեկնելուց առաջ, հրամանատարի կինը՝ Սվետլանան, նրանց շորերը կարգի էր բերում՝ լվանում, արդուկում ու ճամփում էր ռազմի դաշտ։ Այդ անվեհեր կինը գիշերները չէր քնում, սպասում էր որդիների եւ ամուսնու ու նրանց ընկերների վերադարձին։

Սվետլանայի հուշերում շատ բան է պահպանվում պատերազմի օրերի մասին…

Մարտունու շրջանի սահմանամերձ Շեխեր գյուղն է նրա ծննդավայրը։ Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը, ապա Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Սվետլանան ավագ բուժքույր էր աշխատում Կարմիր Շուկայի տեղամասային հիվանդանոցում։

Ազատամարտի տարիներին Կարմիր Շուկայի տեղամասային հիվանդանոցի բուժանձնակազմի կատարած գործը ավելին էր, քան հերոսությունը։ Բուժանձնակազմն անասելի ծանր պայմաններում էր աշխատում։ Վիրահատությունները կատարվում էին հիվանդանոցի շենքի նկուղներում, հրետակոծության ու գնդակոծության տակ։ Սվետլանան հպարտությամբ էր պատմում վիրաբույժ Ռոբերտ Խաչատրյանի մասնագիտական սխրանքի մասին։ Ինքը հաճախ է տեսել բժշկին վիրահատությունների ժամանակ, նրա հետ մեկտեղ անհուն բերկրանք ապրել, երբ փրկվել է մարտիկի կյանքը։ Հիմա էլ ողջ-առողջ են Ֆիզուլու համար մղված մարտերում ծանր վիրավորված Մհեր Աբրահամյանն ու Լյովա Աղավելյանը՝ բժշկի շնորհիվ։ Առաջին բուժօգնությունը նրանց Սվետլանան է ցույց տվել։

1991-ին կտրուկ սրվեց իրադրությունը։ Թշնամու ռազմական հենակետերից օր ու գիշեր փոթորկալից կրակ էր տեղում ավանի վրա։ Ավերվել էին հիվանդանոցի շենքն ու գինու գործարանը։ Բնակիչներից շատերի տները փլատակների էին վերածվել։ Ադրբեջանցիները մարտի նետելով թարմ ուժեր, այդ թվում` զրահատեխնիկա, ամեն գնով փորձում էին զավթել Կարմիր Շուկան, դրանով իսկ տիրանալ ավանը շրջկենտրոնի, ինչպես նաեւ Ստեփանակերտի հետ կապող մայրուղուն, որը հակառակորդը կրակի տակ էր պահում։ Սակայն ավանի պաշտպանների արիության ու հմուտ մարտավարության շնորհիվ ձախողվեց ոսոխի նենգ մտահղացումը։

Այդ ճակատագրական օրերին ավանի տեղամասային հիվանդանոցի բուժանձնակազմը աննախադեպ սխրանքներ գործեց։ Բուժանձնակազմն արդեն տեղափոխվել էր անտառներում գտնվող Թասկերտ կոչվող տեղամասը։ Աշխատում էին վրանային պայմաններում։ Վիրավորները շատ էին։ Հիվանդանոցի բժիշկներն ու բուժքույրերը տասնյակ մարտիկների կյանք են փրկել ու վերստին շարք վերադարձրել։ Սվետլանան երբեք չի մոռանա արիության այդ օրերը, թե ինչպես էին կանանց ու երեխաներին տարհանում, երբ հակառակորդի ինքնաթիռները սկսեցին օդից ռմբակոծել ավանը։ Եվ ինքը, քուն ու հանգիստ մոռացած, դեղորայքի պայուսակը ձեռքին նրանց հետ քայլել է անտառները տանող ճանապարհներով, օգնել մարդկանց, ինչով կարող էր, ինչով հնարավոր էր… Եվ հաջողվել է, մեծ ջանքերի գնով, կանանց ու երեխաներին տարհանել թիկունք, փրկել նրանց կյանքը։ Ավանում մնացել էին զենք բռնելու ընդունակ մարդիկ։

-Ես նայում էի իմ հայրենակիցներին ու մտածում. «Այդ նույն ճանապարհներով, որոնցով հիմա նահանջում ենք, մի օր մենք հաղթանակած վերադառնալու ենք մեր հարազատ ավանը,- վերհիշում է Սվետլանան։ Ապա մտաբերեց իր գործընկերուհիներին՝ Էլադային, Արշալույսին, Դոնարային, Նադյային… Մտաբերեց հարազատ քրոջը. ավանի տեղամասային հիվանդանոցի խիզախ բուժքույրերից էր Մարինեն։ Պատերազմը նաեւ նրանց ուսերին էր ծանրացած, որոնց հետ կողք կողքի Սվետլանան մարտնչել է։

Հայրենիքը բարձր է գնահատել անվեհեր բուժքրոջ ծառայությունները։ «Արիության համար» մեդալը, պատվոգրերը, շնորհակալագրերն ու մարտական պարգեւները նրա ծառայությունների արժանի գնահատականն են։

Երրորդ կարգի հաշմանդամ է 9 թոռների տատ Սվետլանա Ավագյանը, ձեռնափայտի օգնությամբ է շարժվում։ Վատառողջ է նաեւ ամուսինը. հին վերքերը զգացնել են տալիս։ Բայց նրանք չեն ընկճվում, չեն գանգատվում պատերազմում կորցրած առողջության համար։ Նրանք գիտեն, թե ինչի համար են կռվել, թե ի՜նչ գնով է ձեռք բերվել խաղաղությունը։

Երբ զրուցում էինք, Հենրիկն ասաց.

-Հիմա մեր ամենամեծ հպարտությունն ու պարծանքը բանակն է, որն այլեւս թույլ չի տա, որ խեղվեն մեր լեռնաշխարհի խաղաղ առավոտները։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Ճակատագրեր


14/09/2011