Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸ
ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸ

ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸՋիվան Գասպարյան: Նրա անունազգանունն ավելին է ասում, քան որեւէ կոչում կամ մրցանակ: Մարդլեգենդ, որը 75 տարի բեմում է եւ օրերս տոնեց իր ծննդյան 90-ամյակը: 20 հազար համերգ, 31 միջազգային հեղինակավոր մրցանակներ: Նրա մեղեդին հնչել է 40 հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում, նրան լսել են աշխարհի բոլոր ծագերում: Ծիրանափողի մեծագույն վարպետը նվագել է մոլորակի ամենաանվանի երաժիշտների հետ, ամենահեղինակավոր համերգասրահներում… Եվ ահա նստած է իմ առջեւ իր համեստ ու կոկիկ բնակարանում, անհավատալիորեն երիտասարդ, ձիգ, առույգ ու ժպտուն

 

Վարպե՛տ, շնորհ արեք, բացեք Ձեր գաղտնիքը՝ ի՞նչ եք անում, որ 90 տարեկանում 65 տարեկանի տեսք ունեքԵս կարդացի Ձեր ինքնակենսագրությունն ու ապշած մնացի. վերջին տասնամյակում որտեղ ասես՝ չեք նվագել՝ Ամերիկա, Ճապոնիա, Ռուսաստան, Անգլիաերեք համերգ Գերմանիայում, մի քանիսը՝ Ֆրանսիայում։

-Գաղտնի՞քը… Ամբողջ կյանքում իմ ավուր հացը վաստակել եմ հալալ քրտինքով: Երբեք որևէ մեկին չեմ նախանձել: Եթե մրցել եմ, ապա՝ միայն ինքս ինձ հետ: Չեմ հաղթել կամ պարտվել: Ապրել եմ արարման վայելքով, հոգուս մեջ՝ հույզեր ու մեղեդի:

 

Գիտեմ, որ հեշտ չեք ապրել

-Ես 12 տարեկանից ճաշակել եմ որբության դառնությունը։ Երբ հայրս գնաց կռիվ, մենք երեք երեխաներով մնացինք անտեր ու անխնամ։

Իմ ճակատագիրը կանխորոշվեց այն պահին, երբ առաջին անգամ լսեցի դուդուկի նվագը։ Կախարդվել էի նրա սրտաբուխ ու թախծոտ հնչյուններից։ Ես սիրեցի դուդուկը: Իսկ ճշմարիտ սերը ճանապարհ է բացում ի հեճուկս ցանկացած արգելքի:

Երբեք չեմ երազել մեծ բեմեր, չեմ ցանկացել փառք ու ճանաչում, փող ու բարեկեցություն, միակ փափագս եղել է այն, որ լավ նվագեմ, հասնեմ կատարելության: Որ արժանի լինեմ դուդուկի գեղեցկությանը, խորությանը: Որ գործիքը չխռովի ինձնից։ Միջակությունն սկսվում է ինքնաբավությունից, մեծ ու ազնիվ նպատակների բացակայությունը կործանում է նույնիսկ շնորհալի ու օժտված մարդկանց։ Երբ ընդունվեցի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, 16 տարեկան էի, ընդամենը ինքնուս կատարող և օրուգիշեր սովորում էի, անհագ ունկնդրում, յուրաքանչյուր բարձրաճաշակ մեղեդուց ու լավ կատարումից ինչ-որ բան էի վերցնում։

Ես եկել եմ այն համոզման, որ միայն օժտվածությունը բավական չէ լավ մասնագետ լինելու համար. մենք պետք է առաջին հերթին լավ հայ լինենք։

 

Իսկ ի՞նչ եք հասկանում՝ լավ հայ ասելով։

-Մի՞թե հանուն Ջիվան Գասպարյանի անձի փառքի ու ճանաչման ես կարող էի այդքան աշխատել, այդքան ջանալ, իհարկե՝ ո՛չ։ Ինձ կարող էր այդքան ոգեշնչել միայն հայրենիքս եւ ժողովրդիս բարձրացնելու, նրանց անունն ու հռչակը տարածելու բախտավորությունը: Մենք՝ յուրաքանչյուրս, անցողիկ ենք, մնայունը ազգն ու հայրենիքն են, նրանցն են բոլոր հաղթանակներն ու դափնիները։ Բոլորս ենք ցանկանում, որ մեր ընտանիքը ապրի ապահով ու գեղեցիկ, սակայն չենք հասկանում, որ դրա միակ ճանապարհը մեր մեծ տունը՝ մեր հայրենիքը շենացնելն է: Նախագահը պետք է լավ կառավարի, դերձակը պետք է լավ կարի, բժիշկը պետք է լավ բուժի, ես պետք է լավ նվագեմ, դու պետք է լավ գրես…. Ու բոլորիս պետք է առաջնորդի պետության ու ժողովրդի շահը, հավերժական Հայրենիքի գաղափարը, այլապես ամեն ինչ կլինի թերի ու անկատար, մեր տունը չի կառուցվի, պատերը չեն բարձրանա։

Աստված յուրաքանչյուրիս մեր հայրենի հողից է ստեղծել՝ այդ հողի վրա ապրելու, այդ հողից ուժ ու ավիշ առնելու, այդ հողը ծաղկեցնելու, այդ հողին միանալու խորհրդով։ Ես շրջել եմ ամբողջ աշխարհով, տեսել եմ շքեղ երկրներ, հնարավորություն եմ ունեցել ապրելու ըստ պահանջի, սակայն նորից հայրենիք-տուն եմ վերադարձել։ Հայրենի օդից, հող ու ջրից քաղցր բան չկա։

…Լավ հայը իմ Խաչատուր պապն էր: Նա հովիվ էր ու իր յոթ որդիներին հորդորում էր զինվոր դառնալ, գնալ ու կռվել թշնամու դեմ, պաշտպանել Հայրենիքը:

 

ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸՊարոն Գասպարյան, Ձեզանից առաջ նույնպես եղել են լավ դուդուկահարներ՝ Լեւոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, սակայն միայն Ձեզ հաջողվեց գործիքի հռչակը տարածել աշխարհով մեկ։

-Ես շատ բան եմ սովորել ե՛ւ Լեւոն Մադոյանից, ե՛ւ Վաչե Հովսեփյանից, սակայն ստեղծել եմ իմ ուրույն ոճը, իմ դպրոցը։ Իմ երաժշտական ճաշակն ու կատարումներն ավելի մոտ են դասական ավանդույթներին եւ ըստ այդմ՝ ընկալելի են աշխարհին։ Առաջին անգամ Ամերիկայում նվագեցի 1956 թվականին ու շատ ջերմ ընդունելության արժանացա։ Մոտ կես դար հետո հոլիվուդյան համերգի ունկնդիրներից մեկը ճանաչեց ինձ ու հիշեց իմ նվագը։ Հուզվել էի:

Ես շրջել եմ աշխարհով մեկ, ու օտարազգի ունկնդիրը հիացել է մեր դուդուկով, նրա հնչողությամբ, խորությամբ, զգացմունքայնությամբ, սիրել է հայոց ազգային երաժշտությունը։ Դուդուկը իրեն հատուկ ներշնչանքով ու պարզությամբ ամբողջ աշխարհին պատմել է մեր ժողովրդի տառապանքի, ցավի, ողբերգության, նաև հաղթանակների ու ուրախությունների մասին: Ես նվագել եմ աշխարհահռչակ երաժիշտների հետ, դուդուկը հնչել է անգլիական, գերմանական, ամերիկյան, ռուսական, իտալական ֆիլմերում։ Օտար մեղեդիներին խառնվել է հայկական շունչ, հայկական ոգի ու մտածողություն, եւ այդ համատեղումը դուր է եկել ե՛ւ այլազգիներին, ե՛ւ հայերին։

 

Ո՞րն է դուդուկի ֆենոմենը, ինչո՞ւ է դուդուկի մեղեդին այդքան հոգեհարազատ ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներին: Ես հիշում եմ՝ մի անգամ մոսկովյան մի հեռուստահաղորդման ժամանակ հնչեց այսպիսի միտք՝ դժվար է ասել՝ Ջիվան Գասպարյա՞նը հռչակավոր դարձրեց դուդուկը, թե դուդուկը հռչակ բերեց Ջիվան Գասպարյանին: Դուք կարո՞ղ եք այս հարցին պատասխանել:

-Հայկական մեղեդին ամենագեղեցիկն ու հուզականը, ամենանուրբն ու ճաշակովն է ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ եք զարմանում, որ օտարները այդքան բարձր են գնահատում մեր երաժշտական արվեստը: Մեզնից շատ բան չի պահանջվում՝ պարզապես պիտի չխաթարել այն: Պիտի մաքրել եթերն ու համերգասրահները ցածրաճաշակ աղավաղումներից, որպեսզի հայ մանուկի հուզաշխարհը լցվի մեր հիասքանչ ազգային մեղեդիներով: Որպեսզի վաղը ունենանք մշակութային հասարակություն՝ ազգասեր, մեղմ, հանդուրժող: Հպարտ: Իմ սիրտը ցնծացել է, երբ տեսել եմ, թե աշխարհի ամենամեծ երաժիշտները ինչպես են գնահատում մեր ազգային մեղեդին…Ես նվագել եմ Նելսոն Մանդելայի համար, աշխարհահռչակ դաշնակահար Վան Կլիբերնի ամառանոցում ինձ լսել է Ջոն Քենեդին, Լորդերի պալատում իմ դուդուկով հիացել է Անգլիայի թագուհին…

 

Որտե՞ղ եք գտել Ձեր ամենալավ ունկնդրին:

-Հայաստանի դաշտերում, երբ նվագել եմ քաղվորների համար…Ճապոնիայում, երբ մարդիկ սպիտակ անձրևանոցներով ունկնդրում էին իմ նվագը հորդ անձրևի տակ: Աշխարհի ամեն ծայրում էլ լավ ունկնդիր կա: Մի դեպք հիշեցի: Տոկիոյի համերգասրահում իմ լավագույն ռեպերտուարն էի նվագում: Առաջին մեղեդին ավարտվեց, մի քանի վայրկյան սպասեցի՝ ոչ մի ծափ չհնչեց, շարունակեցի նվագել: Հաջորդ երաժշտությունն ավարտեցի՝ դահլիճում քար լռություն էր: Ապշել էի՝ մի՞թե ոչ մեկին դուր չեկավ իմ նվագը: Ամբողջ ծրագիրն ավարտվեց՝ 50 րոպե նվագեցի, դարձյալ ոչ մի շշուկ: Մարդիկ գլուխները կրծքներին հակած-նստած էին: Հույսս կորցրած՝ հեռացա բեմից: Քիչ անց կուլիսներում ականջիս հասավ դահլիճի աղմուկը: Ճապոնացիները 10 րոպե հոտնկայս ծափահարեցին մեր դուդուկին, մեր ազգային երաժշտությանը:

 

ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸԵս լսել եմ, որ երբ Դուք արտասահմանյան ֆիլմում նվագելու համար դնդնացել եք Կոմիտասի «Ծիրանի ծառը» ու Ձեր գրած «Մայրիկ» երգի մեղեդին, Ձեզ խնդրել են, որ ֆիլմում նաև երգեք

-Գիշերները չես քնել,

անուշ քունդ ես կտրել,

իմ անուշիկ, իմ քնքուշ մայրիկ…

Այո՛, ինձ խնդրեցին երգել ֆիլմում, ու ես համաձայնեցի. երևի մեր հայկական հրաշալի մեղեդին հուզիչ էր իմ փոքր-ինչ խռպոտ, թրթռուն ձայնով….

 

Երբեք այսքան քաղցր մեղեդի չէի լսել, Վարպե՛տ, շնորհակալ եմ: Միայն մոր մասին կարելի է այսքան տաք ու սիրառատ երգելՄիշտ մտածել եմ, որ զինվորներին պետք է ներշնչել ռազմի, հզոր, ռիթմիկ երգերով: Բայց այս քնքուշ երգը նույնպես մի յուրահատուկ մարտակոչ էՈւժ տվող, պնդացնող

Շատ կարեւոր է, որ դասական դուդուկի Ձեր դպրոցը ունենա հետեւորդներ։ Երիտասարդները այսօր ուզո՞ւմ են դուդուկ նվագել, եւ կա՞ն երաշխիքներ, որ տասնամյակներ հետո դուդուկը կպահպանի իր միջազգային վարկն ու ճանաչումը։

-Ես 20 տարի դասավանդել եմ կոնսերվատորիայում, լավ ուսանողներ շատ եմ ունեցել, սակայն միշտ էլ ինձ հուզել է դուդուկի հնչողության հանդեպ նախանձախնդրության պակասը։ Ընդհանրապես, հայկական ազգային մեղեդին շատ հարուստ է, կառուցիկ, իսկ դուդուկը հավասարապես արտահայտիչ է ե՛ւ պարային ռիթմերի, ե՛ւ ծանր մեղեդիների կատարման ժամանակ, սակայն չի կարելի նրա հնչողությունը գունազարդել ավելորդ նրբերանգներով, մելիզմներով հեղինակազրկել, փչացնել։ Նման «կոմերցիոն» կատարումներն այսօր տարածված են եւ ինձ խոր ցավ ու հիասթափություն են պատճառում։ Խոսքը, դժբախտաբար, չի վերաբերում միայն դուդուկին, մեր մշակութային կյանքը բոլորովին բարձիթողի է, արժեքներ են ոչնչանում։ Դուդուկը կամերային գործիք է, ծանր գործիք է, դուդուկահարը իրավունք չունի սազանդար լինելու։ Թառի, քամանչայի մշակույթն արդեն վերանում է Հայաստանում, մինչդեռ սրանք այն գործիքներն են, որոնք հայի հոգու, արյան հետ են խոսում:

Մի ընկեր ունեմ՝ Էդիկ Սարգսյանը։ Արցախյան պատերազմի ժամանակ արդեն տարիքով մարդ էր, բայց անասելի նեղվում էր, որ չի կարող զենք վերցնել, կռվել, պաշտպանել հողը: Այն մեծ նյութական օգնությունը, որ տրամադրում էր ազատամարտիկներին, քիչ էր համարում։ Հաճախ միասին գնում էինք զինվորների ու ռազմիկների մոտ: Հերթական հաղթական ճակատամարտից հետո ես հանպատրաստից համերգ տվեցի մեր հերոսների համար։ Աշխարհի ամենահեղինակավոր բեմերում այդպես չէի ներշնչվել, որքան հենց նոր ազատագրված հայկական հողի վրա նվագելիս, մոլորակի ոչ մի անկյունում այդպիսի հուզում ու հպարտություն չէի ապրել:

 

ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸԽոսքն իր հունով եկավ, հասավ բանակին

-Շատ եմ սիրում մեր բանակը: Ես բազում հաջողություններ եմ ունեցել կյանքում, բայց երբեք այնքան չեմ հպարտացել, որքան՝ մեր բանակի հաղթանակները տեսնելով: Բանակը երկրի հենարանն է, մեր հողն ու ջուրը պահողը, մեզ կյանք ու պատիվ տվողը: Մեր փառքը: Մենք երբեք, ոչ մի դարում այսպիսի բանակ չենք ունեցել՝ մարտունակ, հայրենասեր, ոգեղեն, հաստատուն։ Հայրենիքն սկսվում է զինվորից, սահմանին զինվորն է կանգնած: Միայն զինվորի պաշտամունք ունեցող ազգերը տեղ ունեն այս արևի տակ: Իմ թոռնիկը՝ Դավիթը, ազգային բանակում է ծառայել, դա լրացուցիչ առիթ էր՝ այս անգամ որպես զինվորի պապ շփվելու բանակի հետ։ Փառք Աստծու, որ կարողացել ենք բանակի ուժին, հերոսականությանը, խիզախությանը հավելել մտերմություն, սեր, հոգատարություն, հավատարմություն։ Դավիթը մինչ օրս կապված է իր հրամանատարների հետ, այցելում են իրար, ընկերություն են անում։

 

Ի՞նչ ասել է ՝զինվորի պաշտամունք ունեցող ազգ:

-Այսինքն՝ զինվոր դաստիարակող ու զինվորին իր ամենալավ պատառը տվող ազգ: Զինվորից գողանալը հանցանք չէ, ազգային դավաճանություն է: Զինվորին թուլացնելը նույնն է, թե հակառակորդի կողմից կրակես սեփական ժողովրդի վրա… Զինվոր ասելով՝ ես նկատի ունեմ նաև սպաներին ու գեներալներին: Սահման պահողին առհասարակ:

 

ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸՎարպե՛տ, երբ անցել եք 90-ի շեմը, երբ նվաճել եք բոլոր հնարավոր բարձունքները, ի՞նչ երազանք ունեքԵվ գուցե հուշե՞ք երջանկության Ձեր բանաձևը:

– Իմ երազանքները միշտ էլ անանձնական են եղել: Փառքը ինքն է վազել իմ հետևից: Փառքը ծանր խաչ է, որովհետև փառքից անպատվություն մի քայլ է ընդամենը, ու ես ուզում եմ մինչև վերջ պատվով կրել իմ խաչը: Կյանքը ակնթարթ է՝ կար ու չկա, մարդու անունը պիտի անբիծ լինի:

Երջանկությունը գեղեցիկ ապրելն է: Մեկը գրող է, մյուսը՝ վարորդ, երրորդը՝ երաժիշտ… Մեկը մի փոքրիկ սենյակ ունի, մյուսը՝ քառահարկ տուն, հոգին կապ չունի այս ամենի հետ, հոգին սիրո, արդարության, բարության, ազնվության մեջ է խաղաղվում: Մնացածը մեծ սուտ է: Երազա՞նք: Դուդուկի դպրոց եմ հիմնելու որբ ու աղքատ, խեղճ ու անխնամ երեխաների համար: Դուդուկի թանգարան եմ բացելու, որտեղ կհավաքվեն գործիքի հետ կապված բոլոր մասունքները, նրա ամբողջ պատմությունը: Հիմնելու եմ ձայնագրման իմ ստուդիան, որը կօգնի հայկական զուլալ մեղեդին ավելի հաճախ հնչեցնել:

 

Վարպե՛տ, շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը: Առողջ եղեք: Թող Ձեր բոլոր երազանքներն իրականանան:

-Ջերմ բարևներս փոխանցեք զինվորներին ու սպաներին, իմ երախտագիտությունը, սերը: Իմ հպարտությունը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ