Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԻՐԱՌՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ
ԿԻՐԱՌՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ

ԿԻՐԱՌՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐՊաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Հրամանատարական հավաքների կարևորագույն ուսումնամարտական միջոցառումը անցկացվեց հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակներում: Զորավարժության եզրափակիչ փուլին հետևում էին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:

Նախ՝ ծավալված ցուցադրական կետերում անդրադարձ եղավ գումարտակային մարտավարական զորավարժության ժամանակ մշակվող մարտական փաստաթղթերին ու հրամկազմի պարտականություններին: Զորամասերի հրամանատարներին ու նրանց տեղակալներին ներկայացվեցին  ՊԲ-ում ներդրված նորագույն սարքավորումներն ու մի շարք նոր զինատեսակներ՝ նախատեսված հետախուզության վարման ու տեսադիտարկման իրականացման համար: Նշվեց, որ ներկայացված նորամուծությունները կիրառվում են բարձր արդյունավետությամբ: Զորավարժության ընթացքում առաջին անգամ  մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք նախքան մարտավարական զորախաղերում կիրառվելը անցել են բավականին երկարատև փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը:

…Մարտական հրաձգության փուլի խաղարկման ժամանակ մեր ուժերի առաջին դիրք մխրճված պայմանական հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով յուրային ուժերը զբաղեցրին կրակային բնագիծ, ապա անցան հակահարձակման: Զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին՝ առաջնագիծը վերականգնվեց:  Պայմանական մարտի ընթացքում իրականացվեց անընդհատ ղեկավարում, կազմակերպվեց արդյունավետ փոխգործակցություն, անձնակազմը գործեց գրագետ:

Գումարտակային մարտավարական զորավարժության արդյունքում կատարելագործվեցին մասնակից ստորաբաժանումների հրամկազմի գիտելիքներն ու գործնական ունակությունները որոշումների ընդունման, տվյալների նախապատրաստման և հաշվարկների կատարման, ինչպես նաև փոխգործակցության անընդհատ ապահովման և ստորաբաժանումների ղեկավարման գործում: Կրտսեր հրամանատարները հնարավորություն ստացան զարգացնել որոշումներ ընդունելու և ենթականերին խնդիրներ առաջադրելու կարողությունները: Անձնակազմը ձեռք բերեց բարոյակամային ու մարտական բարձր որակներ: Զորավարժության արդյունքները բարձր գնահատեց գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Գումարտակային մարտավարական զորավարժությունը հերթական անգամ փաստեց, որ վերջին տարիներին ՊԲ-ում իրականացված եւ դեռ  շարունակվող բարեփոխումները, ռազմատեխնիկական համալրումներն ու արդիականացման համալիր գործընթացներն արդեն շոշափելի դրական արդյունքներ են տալիս:

ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ