Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴՈՒՌՆ ԱՆԱՌԻԿ ԼԻՆԻ
…ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴՈՒՌՆ ԱՆԱՌԻԿ ԼԻՆԻ

...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴՈՒՌՆ ԱՆԱՌԻԿ ԼԻՆԻ-Մի քանի հարյուր մետր: Ինձ  դիրք են վստահել: Առաջին մարտական հերթապահությունս է: Իմ մտքով անցնում է ծանր, համառ հարցը՝ կդիմանա՞մ: Երեւի այդ հարցը բոլորն են իրենց տալիս, բոլոր նորավարտ լեյտենանտները: Բայց ես միանգամից էլ ինքս ինձ պատասխանում եմ՝ կդիմանա՛ս: Դիրքում մի պտույտ եմ անում, մտնում խրամաբջիջ: Զինվորը հեռադիտակ է տալիս: Աչքի եմ անցկացնում շրջակայքը: Հողաթումբ եմ նշմարում, թեև ասում եմ, որ հակառակորդի դիրքը լավ տեսնում եմ: Անսովոր է: Ասես ամեն ինչ լսող ականջներ կան, ամեն ինչ տեսնող աչքեր: Լարվածություն՝ հողի մեջ, օդի, երեք հարյուր մետրի… Հակառակորդը դեռ չկա, դեռ հստակեցված չէ, շատ հեռու է: Որոշակիանում է կարճ կրակահերթից հետո միայն: Եվ այդ մի կրակահերթով էլ անհանգստությունդ կոտրվում է. ագահաբար ուզում ես հարված հասցնել: Ոչ հանուն փառքի եւ կամ ինքնահաստատվելու համար, այլ որովհետեւ հասկանում ես՝ մի քանի հարյուր մետրում ընդամենը մի հաղթանակ կա ու մի պարտություն:

«Մարտական ծառայության» մեդալակիր մայորի՝ Ֆրունզե Հակոբյանի թանձր ձայնը լցվել է գետնատնակը: Նա պատմում է, իսկ ես փորձում եմ մտովի պատկերացնել նրան տասնմեկ տարի առաջ, երբ ծառայությունը դեռ նոր էր սկսում: Դժվար է: Հիմա արդեն պաշտպանության բանակի գումարտակներից մեկի լավագույն հրամանատարն է: Ամուր զինվորական, որի հայացքում միաձուլված են գերծանրաբեռնվածությունը, մտախոհությունն ու բարությունը: Նայում է գումարտակի դիրքերից պատկերներ հաղորդող  մոնիտորին այնպես, ասես այն իր կյանքից ինչ-որ կարեւոր դրվագ է ցուցադրում:

-Մի քանի կիլոմետր,- մատը սահեցնում է էկրանի վրայով.- ոմանց համար սա գուցե երեւակայական գիծ է, ազատագրված կամ գրավյալ տարածք, ռազմաճակատ, իսկ ինձ համար իմ ներկան է, իմ հենարանը, պատասխանատվության գոտին, որի ամեն քառակուսու վրա նոր-նոր կյանք մտնող մի զինվոր է կանգնած, մի մարդ, մի ընտանիքի զավակ: Ինչպե՞ս կարող եմ անհանգիստ չլինել: Ես միշտ անհանգիստ եմ: Խրամատից խրամատ եմ գնում, հենակետից հենակետ, դիրքից դիրք: Իհարկե, հոգնում եմ, բայց, հավատացե՛ք, ինձնից բացի ոչ ոք այդ մասին երբեք չի իմանում: Չափազանց շատ եմ սիրում իմ գործը, որպեսզի հոգնածությունից խոսեմ: Ռազմական համալսարան ընդունվեցի բարձր միավորներով: Ընդգրկվեցի հրետանավորների խմբում:  Իսկ ես որոշել էի հրաձիգ դառնալ: Մի այսպիսի խոսք էի լսել՝ քանի դեռ հրաձիգի ոտքը հողին է, այն նվաճված չէ:  Փոխեցի ֆակուլտետս: Ժամանակն իսկապես որ արագ է թռչում: Հիմա իմ ոտնահետքը ձգվում է բազմաթիվ կիլոմետրեր: Եվ ամեն կիլոմետրը հարազատ է ու սիրելի: Փոխվե՞լ եմ: Չէ՛: Էլի  առավոտից իրիկուն գլխումս նույն հարցերն են՝ զինվորիս տրամադրությունը լա՞վ է, կո՞ւշտ է, զենքը սարքի՞ն է: Ես չեմ կարող անտարբեր լինել, որովհետեւ ուշադիր եմ: Անպայման անհանգստություն կնկատեմ մեկի շարժուձեւի մեջ, լարվածություն՝ մյուսի խոսքում,  հոգնածություն՝ երրորդի հայացքում: Սահմանին այլ կերպ հնարավոր չէ: Հետո սիրում եմ լսել տղաներին, նույնիսկ երբ նրանք դժվարություններից են խոսում: Առաջնորդելու համար պիտի  լսել կարողանաս: Թե չէ զինվորը խրատների կարիք չունի, նա ինքն էլ գիտի իր պարտականությունները: Երբ գումարտակի շտաբի պետ էի, միայն արձակուրդի խնդրանքով էին դիմում: Հիմա ամեն ինչից պատմում են՝ երազանքներից, հոգսերից, տան խնդիրներից, պակաս-պռատից: Փորձում եմ օգնել, չհերիքող բանը հասցնել զինվորիս ծնողին, եթե անգամ այդ մասին ինձ ոչ ոք չի խնդրել: Իմ զինվորները, ես, մեր հայրենիքի մի քանի կիլոմետրը…

 

Երեւի իր այս բնավորության համար են տղաները մայոր Հակոբյանին «գումարտակի հայր» մականունով կնքել՝ չնայած հազիվ երեսունն անց է:

 

Իսկ ո՞վ է լուծում Ձեր խնդիրները,-միջամտում եմ:

-Էլի ես: Ես պարտականություններ ունեմ ոչ միայն հայրենիքիս, այլեւ իմ տան, իմ երեխաների, իմ ընտանիքի նկատմամբ: Նրանք ինձ համար նույնքան թանկ են ու սիրելի, եւ ուրեմն թերանալու իրավունք չունեմ: Հարցնում եք՝ բանակը քեզ  ի՞նչ է տվել: Չեմ սիրում այդ հարցը: Ի՞նչ պիտի տար: Ես ընկերներ եմ ձեռք բերել, շատ ընկերներ, որոնք այնքան նման են ինձ:  Դա մի ներդաշնակ զգացողություն է, երբ դու պետք ես տասնյակներին, իսկ տասնյակները պետք են քեզ: Մհերի հետ ընկերացա ռազմական համալսարանում: Հետո երկուսս էլ ծառայության նշանակվեցինք հարավային սահմանին: 2014 թվականն էր՝ հակառակորդի գնդակը դիպավ նրան: Իմ զուսպ, բարի, համեստ ընկերը… կարոտում եմ: Կորուստի  զգացողությունը բազմապատկվում է, երբ լավ ես ճանաչում մարդուն: Այն սեղմում է քեզ, բթացնում է ուրախանալու կարողությունդ… պետք է ուժեղ լինել, պետք է հաղթահարել… Կրտսեր որդուս Մհեր անվանակոչեցի:

 

«Նա մարդու պինդ տեսակից է՝ չկոտրվող, չխոնարհվող».-մտածում եմ, իսկ մայոր Հակոբյանը սպասողական լռում է,  ապա շարունակում:

-Չեմ կարծում, թե դժվարություններն են կոփում մարդուն: Դժվարությունները հասկանալու համար են՝ կարո՞ղ ես լավը մնալ, հավատարիմ՝ գործիդ, համբերատար լինել ինքդ քո հանդեպ:  Երբ ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, 14 տարեկան էի:  Մեզ վազքուղի հանեցին, եւ քչերը հասան վերջնագծին:  Ոմանք անհաջողությունից հետո որոշեցին՝ վարժարանը իրենց տեղը չէ: Ես էլ էի հոգնել, բայց նպատակ ունեի եւ ինքս ինձ թույլ չտվեցի հանձնվել: Ավարտական արարողության ժամանակ դրոշակակիրն էի՝ մեծ պատիվ ցանկացած սանի համար: Այնպես որ՝ երբեմն պարզապես համառություն է պետք:

 

Ուրեմն մարդկային հատկանիշներից ամենակարեւորը չընկճվե՞լն է:

-Ներողամտությունն է: Սրտումդ զայրույթ չպիտի պահես, պիտի վանես վիրավորանքի զգացումն ու վրեժխնդիր լինելու ցանկությունը: Ներելով են արիանում՝ սահմանի փիլիսոփայությունն է: …Եվ այսպես ամեն օր իրար ներելով, լսելով, օգնելով, փոշի կուլ տալով, դժվարություններ հաղթահարելով, սխալների համար հաշիվ չպահանջելով՝ իմ գումարտակն անառիկ է պահում մեր հայրենիքի դուռը:

 

ՇՈՒՇԱՆ  ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի