Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՒՐՔ ԱՊԱԳԱՅԻՆ



ՏՈՒՐՔ ԱՊԱԳԱՅԻՆՄերի Առաքելյանի ֆեյսբուքյան էջին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հրամանատար, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի զինվորական լուսանկարն է: Չգիտես ինչու, մտածում եմ, որ Մերին փոխգնդապետի դուստրն է: Նա նամակով մի տեսանյութ է ուղարկում ինձ: Ռազմահայրենասիրական երգ է` տեսաշարով, որտեղ նաեւ Ալեքսան Առաքելյանի լուսանկարն է երեւում մի քանի վայրկյան: Չգիտեմ` ինչ պատասխանեմ աղջկան: Մեկ ուրիշ տեսանյութ եմ հիշում, որը պատմում էր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի վերջին սխրանքի մասին: Նա ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների անակնկալ հարձակումը հերոսաբար հետ մղող զինվորներին օգնության հասած 5 սպաներից մեկն էր, որն ընկավ քաջի մահով: Ուսը վիրավոր` կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը…

«Այսօր մեր ամուսնության 12 տարին է լրանում»,- գրվում է էկրանին: Ու ես հասկանում եմ, որ Մերին զոհված հրամանատարի կինն է:

…Գեղեցիկ, քնքուշ աղջիկ է, երկար, հարթ մազերով, սպիտակ, թափանցիկ մաշկով ու թավշյա հայացքով:

-Օրն ինչպե՞ս անցավ,- հարցնում եմ: Հետո ուզում եմ ավելացնել` Ձեր ամուսնության 12-րդ տարեդարձի օրը, բայց բառերը շարվում են կոկորդիս:

-Ինչպես բոլոր օրերը` հիշողություններով լի,- պատասխանում է Մերին: -Ես ու Ալիկը միասին ապրել ենք ընդամենը 9 ու կես տարի, բայց այնքան բան կա հիշելու: Ես փակում եմ աչքերս, գնում անցյալ ու վերապրում մեր երջանիկ պահերը: Ասես լսում եմ Ալիկի ծիծաղը, տեսնում դեմքը, ամեն մի շարժումը… Այսօր մերթընդմերթ մտածում էի, թե ինչպես կանցներ օրը, եթե Ալիկը ողջ լիներ: Դեռ երկու տարի կար, բայց Ալիկը պատմում էր, թե ինչպես ենք տոնելու մեր ամուսնության հոբելյանական տասներորդ տարին: Նրա խանդավառությունը զարմացնում էր ինձ: Մանրամասն նկարագրում էր տոնը, որ երկու տարի հետո էր գալու` այսպես կանենք, այնպես կանենք… Այսօր մի քանի անգամ մեր առաջին հանդիպումը հիշեցի: 2006-ի հոկտեմբերի 1-ին էր… իսկ հոկտեմբերի 14-ին ամուսնացանք:

-Այդքան հապճե՞պ… դա երեւի այն էր, ինչը սովորաբար կոչում են սեր առաջին հայացքից:

-Չէ՛, դա սեր չէր առաջին հայացքից: Ուրիշ բան էր… Ալիկի հայրն ու իմ հայրը միասին ծառայել էին զորամասում: Ալիկի հայրը սպա էր, իմ հայրը` պայմանագրային: Ալիկի հայրը տեսել էր ինձ ու որոշել, որ պետք է իր որդու կինը դառնամ: Ալիկը այդ ժամանակ սահմանամերձ զորամասում էր ծառայում: Երբ որդին եկել էր արձակուրդ, հայրը տղային առել-բերել էր մեր տուն: Ալիկը դասակի հրամանատար էր, ընդամենը 24 տարեկան, բայց նրա դեմքին, խոսքի, պահվածքի մեջ կար մի զարմանալի, տարիքին անհարիր հասունություն: Երկրորդ հանդիպման ժամանակ մենք միասին գնացինք սրճարան: Այդ օրը ես հասկացա, որ ուզում եմ մնացած ամբողջ կյանքս անցկացնել այդ ուժեղ, ազնիվ, կենսախինդ տղամարդու կողքին: Ալիկը նոր, անծանոթ ու անչափ գեղեցիկ աշխարհ էր, որն ինձ հափշտակեց, որտեղ ես ամեն օր մի նոր հրաշալիք էի բացահայտում: Ու ավելի ու ավելի էի սիրում նրան:

ՏՈՒՐՔ ԱՊԱԳԱՅԻՆ-Ալեքսանը պատմո՞ւմ էր իր ծառայությունից, զինվորներից, դիրքերում անցկացրած օրերից:

-Մեր հարսանիքից մեկ շաբաթ անց նա ինձ թողեց Գյումրիում ու գնաց զորամաս: Երկար-բարակ չարդարացավ, պարզապես ասաց, որ ծառայության մեջ է, զինվորներն սպասում են իրեն, ու ինքը պիտի նրանց կողքին լինի: Հաջորդ անգամ Ալիկին տեսա դեկտեմբերի 6-ին: Առանց բառերի էլ ես հասկացել էի, որ նրա ծառայությունը յուրահատուկ է, ու ես պիտի ավելորդ ժամանակ չխլեմ Ալիկից, ավելորդ հոգս չպատճառեմ նրան: Իսկ երբ տեղափոխվեցի սահմանամերձ բնակավայր (դա փետրվարին էր), հասկացա, որ դիրքը նրա երկրորդ տունն է, որտեղ անցկացնում է իր ժամանակի մեծ մասը: Այդտեղ առաջին անգամ ամուսնուս տեսա զինվորական համազգեստով: Ալիկը բարձրահասակ էր, թիկնեղ ու անչափ գեղեցիկ էր, երբ դաշտային համազգեստով փոշու մեջ կորած իջնում էր դիրքերից…

-Դուք երբեւէ դիրքերում եղե՞լ եք:

-Մինչեւ Ալիկը չզանգեր ու «չզեկուցեր», որ առաջնագծի բոլոր հատվածները ստուգել է, ամեն ինչ լավ է, պառկում է քնելու, ես անկողին չէի մտնում: Առաջնագիծը հետզհետե դարձավ իմ կյանքի ամենագլխավոր թեման: Ես միշտ խնդրում էի Ալիկին, որ ինձ տանի դիրքեր: Մի օր էլ համաձայնեց: Ու ես տեսա նրա երկրորդ տունը: Բլինդաժ, խրամատ, դիտակետ… կրակոցներ: Հակառակորդի մշտական ու վտանգավոր ներկայություն: Սահման պահող զինվորներին: Ես հասկացա, թե ինչու է Ալիկը այդքան շատ սիրում իր զինվորներին եւ այդքան դողում նրանց կյանքի համար: Ես հասկացա, թե ինչ է հայրենիքը:

Երբեք չեմ դժգոհել, որ ապրում եմ Ջեբրայիլում, որն անբնակ տարածք է, ու երեխաներդ պիտի հասնեն կողքի գյուղ, որ մանկապարտեզ ու դպրոց գնան: Չեմ դժգոհել, որովհետեւ Ալիկի կողքին լինելու համար պատրաստ էի հաղթահարել ամեն դժվարություն: Բայց առաջնագիծը տեսնելուց հետո ես «դարձա» հայրենիքի պաշտպանության մի մասնիկը: Ալիկի զինակից ընկերը դարձա: Իմ կյանքի ամենաերջանիկ օրերը Ջեբրայիլում են անցել: Մի գեղեցիկ, ընտանեկան պատկեր միշտ աչքիս առաջ է: Ես ընթրիք եմ պատրաստում, իսկ Ալիկը գետնին նստած խաղում է երեխաների հետ` անհոգ ծիծաղելով ու մանկացած: Ալիկի նման հոգատար հայր չեմ տեսել: Երբ երեխաները հիվանդանում էին, նա ամբողջ գիշեր արթուն էր մնում:

Երեխաներս շատ են կարոտում հորը: Հատկապես մեծս` Աստղիկը: Ալիկը առաջնեկին մոր անունով կոչեց, նրանք շատ էին կապված: Աղջիկս արդեն 11 տարեկան է ու չի համակերպվում հոր կորստի հետ: Նա երազում է զինվորական բժշկուհի դառնալ, որ այդպես մոտ լինի հորը:

Ես երեխաներիս պատմում եմ իրենց հոր մասին: Հովհաննեսս երկու տարեկան էր, երբ հայրը զոհվեց: Նա միշտ հարցեր է տալիս: Ստիպում է նույն բանը պատմել հարյուր անգամ: Այն դպրոցում, որտեղ սովորել է Ալիկը, նրա անունով դասարան կա: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում, որի շրջանավարտն է Ալիկը, լսարան է անվանակոչվել ամուսնուս անունով: Գյումրիում Ալիկի անունով պուրակ կա: Ես ու երեխաներս ամեն օր զբոսնում ենք այդ պուրակում: Այնտեղ խաչքար է դրված: Ալիկի նկարով հուշաքար կա ու շատ ծաղիկներ: Այնտեղ մեզ բոլորը ճանաչում են: Ու բոլորի հայացքներում սեր ու երախտագիտություն կա:

-Հպա՞րտ եք… Հպարտությունը կարո՞ղ է մխիթարանք լինել:

-Երբ կեսգիշերին զանգեցին ու շտապ զորամաս կանչեցին Ալիկին, ես մինչեւ լուսաբաց աղոթեցի զինվորների համար: Ալիկն ինձ համոզել էր, որ իրեն գնդակ չի դիպչի, ու ես այնքան վստահ էի, որ նա ողջ կմնա: …Ալիկը բարձրացել էր դիրքեր, որ փրկի հակառակորդի ծուղակում հայտնված իր զինվորներին: Երբ ասացին, որ Ալիկը թաքնվել է թշնամուց, ասացին` երբ վտանգն անցնի, դուրս կգա, ես հասկացա, որ Ալիկը զոհվել է: Ալիկը երբեք, ինչ էլ լիներ, ինչ վտանգ էլ սպառնար, չէր թաքնվի:

…Ապրիլի 10-ին ադրբեջանցիները վերադարձրին նրա մարմինը: Սա ճակատագիր չէր, այլ Ալիկի ընտրությունը: Ալիկին ծառայության էին ուղարկել Վարդենիս: Վարդենիսում պայմաններն անհամեմատ լավ էին, բայց նա չհարմարվեց փափուկ կյանքին, զեկուցագիր գրեց, խնդրեց իրեն կրկին ուղարկել Ջեբրայիլ: Մարտի 16-ին եկանք Ջեբրայիլ, երկու շաբաթ անց Ալիկը զոհվեց:

…Այս կյանքը, որ ապրում եմ, Ալիկի նվերն է ինձ: Այս կյանքը մեզ նվիրել են բոլոր նրանք, ովքեր ընկան սահմանին հայրենիքը պաշտպանելիս, մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար վճարելով իրենց չապրած օրերով: Ու մենք պարտավոր ենք ճիշտ օգտագործել մեզ տրված ժամանակը:

-Եվ ո՞րն է ճիշտը:

-Ինչ-որ բան անել երկրի ու նրա մարդկանց համար:

Ապագայի իմ տուրքը հայրենիքին իմ երեխաներն են: Ես ուզում եմ, որ նրանք պաշտեն այն հողը, որի ազատության համար զոհվեց իրենց 33-ամյա հայրը:

-Փաստորեն, մենք տուրք ունենք ապագային:

-Ունենք: Այլապես ո՞րն է մեր ապրելու իմաստը:

-Ես չեմ կարող ասել, որ խորապես հասկանում եմ Ձեր ապրումները, ցավի ու երջանկության միահյուսված զգացողությունը: …Եվ ուզում եմ հարցնել` կարո՞ղ եմ շնորհավորել Ձեր եւ փոխգնդապետ, հերոս հրամանատար Ալեքսան Առաքելյանի ամուսնության 12-րդ տարեդարձը:

-Իհարկե, կարող եք: Ես երջանիկ եմ, որ 12 տարի առաջ ամուսնացել եմ Ալիկի հետ: Երջանկության 9 ու կես տարիներ ապրել եմ նրա հետ եւ կարող եմ դեռ մի ամբողջ կյանք էլ ապրել այն ջերմությամբ, որ ամբարել եմ իմ սրտում: Այն երջանկությամբ, որ սահման չուներ…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1264) 24.10.2018 - 30.10.2018, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


25/10/2018