Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ԲԱՆԱԿԻՑ

Հոկտեմբերի 31-ը երկու զինվորի մայր Ալիս Մանուկյանի ծննդյան օրն է։ Նրա կրտսեր որդին՝ սերժանտ Սերոբ Մանուկյանը, մոր ծննդյան օրը շնորհավորել է բանակից ուղարկված նամակով։

Բարեւ, մամ ջան։ Երեկ իջա դիրքերից։ Ցուրտ չի, մամ, տաք, արեւոտ աշուն է։ Չես պատկերացնի՝ էնքան սիրուն է բնությունն այստեղ։ Հրաշք է։ Անտառում ինչ գույն ասես չկա՝ կարմիր-դեղին-կանաչ։ Դու բնություն շատ ես սիրում, մեկ-մեկ էնքան եմ ուզում կողքիս լինես, միասին շրջենք անտառում, քեզ ցույց տամ դիրքերը, լեռները, գետը, աղբյուրները։ Այստեղ մարդիկ պարզ են, բարի, հյուրասեր։ Զինվորներին էլ շատ են սիրում։ Երբ քայլում ենք գյուղի փողոցներով, տնամերձ այգիներում աշխատող մարդիկ մեզ հրավիրում են տուն, ցանկանում են հյուրասիրել, ինչ-որ լավ բան անել զինվորի համար։ Ասում են՝ մեր հույսը, հավատը դուք եք։ Մամ, Երեւանում ուրիշ է. պատերազմը հիշողություն է դարձել, մնացել է անցյալում, իսկ այստեղ՝ այս փոքրիկ սահմանամերձ գյուղում երբ զրուցում ես մարդկանց հետ, թվում է՝ պատերազմը երեկ է ավարտվել։ Անընդհատ պատերազմից են խոսում, հիշում են, պատմում։ Այնպիսի պատմություններ են պատմում, որ ապշած ես մնում։ Հոգիդ ալեկոծվում է, արյունը եռում է երակներիդ մեջ, սիրտդ լցվում է վրեժով։ Միեւնույն ժամանակ հպարտանում ես, որ այդպիսի խիզախ հայրենակիցներ ունես։ Այստեղ 13-14 տարեկան տղաները սահման են պահել պատերազմի ժամանակ, ապրել են մշտական ռմբակոծությունների տակ, բայց չեն լքել գյուղը։ Մնացել են իրենց հողին կպած, իրենց տան դուռը չեն փակել, իրենց օջախի լույսը չեն մարել ու թուրքի առաջ իրենց գյուղի դարպասները դարձրել են անսասան։ Երբ դիրքերում եմ լինում, սիրում եմ հեռվից նայել գյուղին. տները ցաքուցիր են, փողոցները՝ ոլորապտույտ։ Գիշերը համատարած խավարի մեջ գյուղի լույսերը պայծառ կայծկլտում են։ Այն մտքից, որ մարդիկ իրենց տներում խաղաղ ապրում են, եւ դու ես պաշտպանում նրանց անդորրը, սիրտդ լցվում է հպարտությամբ։ Ու պատասխանատվությունդ կրկնապատկվում է։
Դո՞ւ ոնց ես, մամ ջան, դպրոցում հո շատ չե՞ս հոգնում։ Ես անընդհատ իմ մասին եմ պատմում, որովհետեւ գիտեմ՝ քեզ հետաքրքրում է ամեն ինչ, ամեն մանրուք։ Քեզ լավ պահի, մամ ջան, շատ մի չարչարվի ու ինձ համար էլ մի անհանգստացի։
Մենակ չեմ, մամ, ընկերներս, հրամանատարներս կողքիս են։ Դիրքերում մարդկային հարաբերությունները ուրիշ են՝ ավելի ջերմ ենք, հարազատ, միասնական։ Վտանգը, թշնամու ներկայությունը մտերմացնում է մեզ, ստիպում հասկանալ հավատարմության արժեքը, գնահատել ընկերոջ նվիրվածությունը։
Մամ, քեզ շատ եմ կարոտել։ Հրամանատարս ասաց՝ եթե շարունակեմ բարեխիղճ ծառայել, շուտով արձակուրդ կստանամ։ Անկեղծ ասած, հույս ունեի ծննդյանդ օրը տուն գալ, բայց չստացվեց։ Ոչինչ, մամ ջան, ծնունդդ երկու անգամ կնշենք։ Չտխրես մամ ջան։ Երեկ պապայի հետ խոսեցի, ասաց, որ ծննդյանդ օրը Երեւանում կլինի։ Մի քանի օրից էլ Արշակը կզորացրվի։ Ու ամեն ինչ լավ կլինի։ Ասում ես՝ Արշակը հավասարակշիռ է, կարգապահ, պատասխանատու, իսկ ես՝ բռնկուն, տաքարյուն, այդ պատճառով էլ ինձ համար շատ ես անհանգստանում։ Մամ, բանակը բոլորին էլ հավասարակշիռ, կարգապահ ու պատասխանատու է դարձնում։ Մանավանդ՝ երբ սահման ես պահում։
Շնորհավոր ծնունդդ, մամ ջան։ Չգիտեմ՝ ինչ գրեմ։ Աշխարհում ամենից շատ քեզ եմ սիրում։ Երջանիկ եղիր, մամ ջան, թող ամեն ինչ քո սրտով լինի։ Քեզ աշխարհի չափ կարոտել եմ։
Քո որդի՝ Սերոբ Մանուկյան