Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ
ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆՍահմանամերձ Կուտական գյուղում ենք: Լեռների փեշերին ծվարած այս համայնքում դժվար է գյուղացու առօրյան. ամեն օր հողի, բնության հետ կռիվ է տալիս, բերք ու բարիք ստեղծում, որ ապրի, մի մասն էլ քաղաքացուն հասցնի: Բնակլիմայական բարդ պայմաններում ապրող և արարող գյուղացիները չեն բողոքում դժվարություններից, լուռ իրենց գործին են: Հատկանշական է, որ գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները շատ չեն, թեև բազում չլուծված խնդիրներ կան: Համայնքը փոքր է, մեկը մյուսին օգնելով՝ առաջ են գնում:

Գետաշենից գաղթածներն են այստեղ բնակություն հաստատել, նոր օջախներ ստեղծել: Նրանք առավել քան լավ են հասկանում հայրենիքը շենացնելու, հայրենի հողին կառչելու և այն պաշտպանելու կարևորությունը: Գյուղի դպրոցում 37 աշակերտ է սովորում: Գյուղացիները փորձում են իրենց երեխաների համար առավել լուսավոր ապագայի հիմք դնել, վաղվա օրվա հանդեպ վստահություն ներշնչել: Եվ այդ վստահությունը նրանց առավելապես հաղորդում է սահմանին՝ իրենց բնակավայրից ոչ հեռու զենքը ձեռքին կանգնած հայ զինվորը: Պատահական չէ, որ գյուղի երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում պայմանագրային ծառայության անցնողները: Ամսվա մի մասը նրանք դիրքերում են՝ մարտական հերթապահության, մյուս մասը գյուղում հողագործական աշխատանքներ են կատարում: Երեխաները մանկուց տեսնում և համոզվում են, որ անվտանգությունն ապահովող բանակը իրենց կողքին է, յուրաքանչյուր ընտանիքի անբաժան մասն է:

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆՈւղևորվում ենք առաջնագիծ: Մի քանի կտրուկ վերելքից հետո հասնում ենք սարի գագաթին տեղակայված հենակետ, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում պայմանագրային զինծառայողները: Մեծ մասը շրջակա բնակավայրերից է: «Մարտական իրադրությունն անփոփոխ է, հակառակորդի կողմից օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել»՝ այս զեկույցով է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Գրիգորյանին դիմավորում հենակետի ավագ, լեյտենանտ Ա. Մակարյանը: Շրջայց հենակետի տարածքում. փոխգնդապետը ստուգում է անձնակազմի ծառայության ընթացքը, լրացուցիչ հրահանգներ տալիս, ապա անդրադառնում է անվտանգության կանոնների առավել խիստ պահպանման անհրաժեշտությանը: Հիշեցնում է, որ հակառակորդը սովորաբար օգտվում է մեր դիրքապահների զգոնության անգամ աննշան թուլացումից, ինչը պետք է բացառել:

Հենակետում ծառայությունը կազմակերպված էր ըստ օրվա կարգացուցակի: Ազատ հերթափոխի տղաները ցույց են տալիս վերջերս հենակետում իրականացված ինժեներական աշխատանքները, խոսում դիրքապահների անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին: Այնուհետև հենակետի ավագի ուղեկցությամբ մտնում ենք խրամուղի, զրուցում խրամաբջիջներում հերթապահող տղաների հետ: Շրջում ենք տարածքում. բարձունքից կարծես ամբողջ աշխարհը բռիդ մեջ լինի: Վերևում քեզ ավելի վստահ և ուժեղ ես զգում, սարերի պես հզոր:

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆԱռաջին դիտակետում կրտսեր սերժանտ Արայիկ Մամաջանյանն էր: Պայմանագրային ծառայության է անցել 2011թ.: Հայրը Չարդախլու գյուղից է, մայրը՝ Գանձակից: Ծնողներից անընդհատ լսել է նրանց ծննդավայրի, շրջակա տարածքների հետ կապված գեղեցիկ պատմություններ, մտովի պատկերացրել հայկական բնակավայրերի գեղեցկությունը:

Ծառայության ընթացքում Արայիկը կարողացել է յուրովի վրեժ լուծել հարազատ բնակավայրը լքած, զրկանքներ կրած ծնողներին տանջող ցավի համար. հակառակորդի հերթական սադրանքներից մեկի ժամանակ Կալաշնիկովի ձեռքի գնդացիրով կրակ է վարել և շարքից հանել առավել «աներես» տրանսպորտային միջոցը:

Շատ ժամանակ է անցել այդ դեպքից, ու հիմա էլ Արայիկը իր նոր դիրքում շարունակում է աչալուրջ ծառայությունը: Իր խրամաբջիջից շատ մեծ տարածք է դիտարկվում: Ներքևի ձորակում մի փոքրիկ սև կետ է նշմարվում, որը գրեթե անհնար է տարբերել անզեն աչքով: Հենց առաջին հերթապահության օրը «պարզել է», որ կետն ընդամենը չորացած կոճղ է: Այժմ արդեն նման ուշադիր դիտարկում կատարող Արայիկը խոցման լրացուցիչ միջոցներ ունի. տեղադրվել է խոշոր տրամաչափի նորագույն «Կորդ» գնդացիր, որով հնարավոր է խոցել նաև օդային թիրախները:

Մեկ այլ ուղղությամբ հերթափոխը հանձնած շարքային Սամվել Անանյանն է միանում զրույցին: Նա էլ իր հերթին ոգևորված պատմում է լեռներում ծառայության առանձնահատկությունների մասին, ցույց տալիս, թե ինչպես են ամբողջությամբ վերահսկում ձորակի ճանապարհները: Թե՛ ցերեկային, թե՛ գիշերային տեսանելիության պայմաններում հակառակորդի ոչ մի շարժ նրանց աչքից չի վրիպի: Սամվելը Աբովյան քաղաքից է: Ամուսնացած է, մեկ տղա ունի: Այժմ ընտանիքով ապրում են Վարդենիսի շրջանի Փոքր Մասրիկ գյուղում: Հայրն է հողի հետ կապվել, մեծ տնտեսություն է ստեղծել:

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ-Պարտադիր ժամկետային ծառայությունս ավարտելուց հետո հայրս ասաց՝ կուզես՝ մնա գյուղում, չէ՝ վերադարձիր Աբովյան, միայն իմացիր, որ այս ամենը երեխաներիս համար եմ ստեղծել: Սկզբում ապրեցի քաղաքում, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ լեռները կանչում են: Անցա պայմանագրային ծառայության: Վեց տարի Քարվաճառի մարտական դիրքերում հերթապահությունից հետո տեղափոխվեցի այստեղ: Սիրում եմ զինվորական գործը, ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում: Չեմ էլ կարող նկարագրել, թե հպարտության ու վեհության ինչ զգացում եմ ունենում, երբ զենքը ձեռքիս կանգնում եմ սարի գլխին, հետևում հակառակորդին, որ իմ ընտանիքը, ծանոթ, անծանոթ իմ հայրենակիցները հանգիստ իրենց գործով զբաղվեն,- ասում է Սամվելը:

…Կանգնած ենք դիրքի ամենաբարձրադիր կետում: Մառախուղը մեկ արագ հոսում, ծածկում է շուրջբոլորը, մեկ էլ ցրվում ու հնարավորություն է տալիս զմայլվելու լեռների հզորությամբ ու վեհությամբ, գեղեցիկ տեսարաններով: Մերթընդմերթ անձրևում է: Նկատում եմ, որ մառախուղի ժամանակ տղաներն ավելի ուշադիր են կատարում դիտարկումը: Մտնում ենք կացարան, սուրճի սեղանի շուրջ շարունակում զրույցը: Ուշադրությունս գրավում է այն, որ դիրքի տղաները բոլորն էլ երիտասարդներ են, ավյունով, ուժով լի: Այսինքն՝ պայմանագրային ծառայության անցնող կազմը երիտասարդանում է: Նրանք արդեն երջանկություն չեն փորձում փնտրել օտար ափերում, այլ իրենց ավագ ընկերների օրինակով ձգտում են շենացնել հայրենի եզերքը, ապահովել հայրական օջախների ու երկրի անվտանգությունը: Սարերում սարերի պես հզոր տղերք են կանգնած:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ