Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ



ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆՆրանք բացառիկ կարողություններով օժտված եւ գիտությամբ զբաղվող երիտասարդներ են: Նրանք արդեն ունեն բակալավրի ու մագիստրոսի կոչում, գիտահետազոտական աշխատանք կատարելու փորձն ու հաջողությունները փաստող բազում մրցանակներ ու պատվոգրեր: Նրանք յուրահատուկ զինվորական ստորաբաժանման՝ գիտատեխնիկական վաշտի առաջին զինվորներն են:

 

Վաշտը կազմավորվեց 2018 թ. ամառային զորակոչի ընթացքում՝ պաշտպանության նախարարի հրամանով եւ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությամբ:  Անհատական զրույցների ու բարդ առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովը 156 դիմորդներից ընտրեց լավագույններին, որոնք ժամկետային զինվորական ծառայությունը կհամադրեն մասնագիտական գործունեության հետ եւ առավել արդյունավետ կօգտագործեն իրենց գիտելիքները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ու դրանց կիրառման գործընթացում: Գիտատեխնոլոգիական վաշտի զինվորները շուտով  կկցագրվեն ռազմարդյունաբերական ոլորտում պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր ունեցող ընկերություններին եւ ինստիտուտներին:  Իսկ մինչ այդ, ինչպես հայկական բանակի մյուս զինվորները, նրանք ուսումնասիրում են ռազմական գործի «այբուբենը»` առավոտյան վերկաց, շարային քայլ, ֆիզիկական ուսուցում, կրակային պատրաստություն, եւ ոչ մի զիջում: Ծառայությունը գիտատեխնիկական վաշտում այլընտրանք չէ, այլ՝ իսկական զինվոր դառնալու ճանապարհ:

 

Ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական գումարտակում է անցնում նորաստեղծ վաշտի զինվորների բանակային խստակյաց առօրյան: Հրամանատարը՝ փոխգնդապետ Գոռ Սահակյանը, լսում է հերթապահի կարճ զեկույցը ու ազդարարում. «Ազա՛տ»: Նա նկատում է՝ գիտնական զինվորները կազմակերպված են, կարգապահ, ձգտող: Բարեխիղճ են եւ առաջադրված ցանկացած հանձնարարություն կատարում են մեծ ոգեւորությամբ.  «Ադապտացիոն շրջանը շատ  կարճ տեւեց. տղաներն արագ հարմարվեցին զինվորական կյանքին: Հաջողությամբ անցան երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներն ու զինվորական երդում տվեցին: Նրանց առօրյան բավական հագեցած և արդյունավետ է, նույն ծրագրով, ինչ գործում է պարտադիր ժամկետային զինվորներով համալրված ստորաբաժանումներում: Գիտակից, բանիմաց, խելացի եւ հայրենասեր երիտասարդներ են ջերմ նորաստեղծ վաշտում: Հասկանում են` հարկավոր է անընդհատ կատարելագործել ունակությունները: Ռազմաավիացիոն համալսարանում ձեւավորված ընտանեկան մթնոլորտը թույլ կտա նրանց կենտրոնանալ աշխատանքի վրա եւ հետագայում բարձր արդյունք գրանցել»:

ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆԶորանոցում զինվորները ենթաօձիք են կարում, արդուկում են հանդերձանքը, կարգի բերում իրենց արտաքին տեսքը:  Շարքային Պետրոս Պետրոսյանը խոստովանում է՝ բանակում ամենից ավելի կարգուկանոնն է դուր գալիս.  «Այստեղ ամեն գործ իր ժամն ունի: Հնարավորություն չկա ինչ-որ առաջադրանք վաղվան թողնելու՝ մտածելով, որ  հետո երկու անգամ շատ կաշխատես ու բացը կլրացնես: Բանակում սովորում ես ճշտապահ լինել»: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի գերազանցիկ շրջանավարտն ընդունվել  էր ասպիրանտուրա, տարկետման իրավունք ստացել, բայց դիմում է գրել ու զինվորագրվել. «Բարդ որոշում չէր: Մինչ զորակոչվելս աշխատում էի  Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում: Մշակումներ էի կատարում բանակի համար: Բարելավում էի ջերմատեսիլ սարքերի ոսպնյակների հնարավորությունները, որ հերթապահող զինվորը գիշերային պայմաններում մեծ հեռավորության վրա առավել պարզորոշ տեսնի օբյեկտը: Վերջին առաջադրանքս տեսականորեն հաշվարկելն էր, թե ինչպես է լույսը փոխազդում սֆերոիդալ տեսք ունեցող որոշ մետաղական նանոմասնիկների հետ: Բավականին դժվար խնդիր էր, բայց հաջողվեց լուծել»:

ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆՊակաս դժվար չէր զենքի հետ շփվելու կանոնների սերտումը: Բայց այսօր գիտնական զինվորները չեն զիջում փորձառուներին: «Կրակային պատրաստություն» առարկայից տեսական պարապմունքները վաշտի հրամանատար, մայոր Կարեն Թովմասյանն է անցկացնում: Զինվորներին նախապատրաստում է հրաձգության, պարզաբանում գործողությունների հաջորդականությունը, հիշեցնում անվտանգության կանոնները: «Մենք այստեղ մարտիկ ենք կոփում: Տղաները պետք է  գիտելիքների պաշար ունենան զինված ուժերի, տարբեր զինատեսակների, մարտավարության նրբությունների, զինվորական օրենքների, իրավունքների ու պարտականությունների մասին: Նրանք պետք է պատրաստ լինեն նաև անհրաժեշտության դեպքում մարտ վարելու կամ հնարավոր վտանգավոր իրավիճակը չեզոքացնելու: Դրա համար պետք է ամբողջությամբ տիրապետեն ամրակցված զենքերին, կարողանան լավ կրակել եւ արագ կողմնորոշվել: Հիմնականում այդ ունակությունների կատարելագործմանն են միտված գործնական հրաձգության պարապմունքները»,-ասում է մայորն ու հրահանգում տեղափոխվել կրակադաշտ:

Մինչ տղաները զենք ու զրահ են ստանում կրակային վարժաձեւերը գործնականում ցուցադրելու համար, ծանոթանում ենք Ավետ Գիժլարյանի հետ: Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրից է: Լավ է հասկանում դիպուկ կրակի կարեւորությունը. «Հակառակորդը պարբերաբար կրակահերթեր էր արձակում Չինարիի ուղղությամբ: Մենք՝ գյուղի տղաներս, բարձրանում էինք բլուր եւ այնտեղից հետեւում, թե ինչպես են մեր զինծառայողները վայրկյանների ընթացքում լռեցնում ոգեւորված հակառակորդին: Հպարտանում էինք: Այնպես որ, սահմանին ծառայելուց չեմ խուսափել, բայց, եթե այստեղ եմ պետք, ուրեմն գերազանց կանեմ գործս: Ավարտել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: Ուսումնասիրել եմ ազդանշանների մշակման մեթոդները: Աշխատել եմ երկու ընկերություններում: Իսկ բանակում հասկացա, թե ինչ է նշանակում լինել մեծ թիմի մի մասնիկը»:

ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆԿրակային դիրք զբաղեցնել, նշան բռնել, խոցել թիրախը. դասակի հրամանատար, կապիտան Հովակիմյանը բծախնդրորեն հետեւում է զինվորների գործողությունների հաջորդականությանը: Վահե Մկրտչյանը թեեւ իր զենքին հարմարվել է, բայց տանկ վարելու հույսը չի կորցնում.  «Տրանսպորտային համակարգերի մասնագետ եմ: Որպեսզի տեսական գիտելիքներս «շոշափելով» յուրացնեմ, աշխատել եմ ավտոսպասարկման կետում: Հիմա ամեն ինչ գիտեմ շարժիչների մասին: Կարծում եմ՝ գիտելիքներս օգտակար կլինեն զրահամեքենաների արդիականացման գործում: Հույս ունեմ՝ ծառայության ընթացքում գոնե մեկ անգամ տանկ վարելու հնարավորություն կընձեռվի»:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ Դարչիկ Գուլքանյանն էլ հույս ունի, որ իրենց գիտական առօրյան նույնչափ հագեցած կլինի. «Աշխատում էի գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայում: Մեր օրը սկիզբ ու վերջ չուներ: Երբեմն պահակները մեզ ուժով էին հանում շենքից: Անընդհատ փորձեր էինք կատարում, ուսումնասիրում լազերային ազդանշանների գրանցման խնդիրները: Վերջին փորձս՝ սպեկտրոնային իմպուլսների գրանցում, հաջողությամբ ավարտեցի եւ զորակոչվեցի»:

ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆՎազք, արագաուժային հատկանիշների զարգացում, ֆիզիկական կարողությունների ամրապնդում՝ գիտնական զինվորների առօրյայի անբաժանելի մասն է: Մարզահրապարակում նրանք հերքում են իրենց դիմացկունությունը կասկածի տակ առնողներին: Տղաներից ոմանք նույնիսկ մարտարվեստով են զբաղվել: Շարքային Հրանտ Չարչյանը ոչ միայն մաթեմատիկական մոդելների ձևակերպման և ուսումնասիրման գործում է հաջողել, այլեւ բռնցքամարտում. «Ծառայությունը լավ հնարավորություն է ֆիզիկական վիճակս շտկելու: Տասը կիլոգրամ նիհարել եմ, որն ինձ շատ է ոգեւորել»:

Մեծ ոգեւորությամբ տղաները նաեւ մարտական զենքով շարային վարժաձեւերն են կատարում: Պետք է սահուն ու համաչափ գործեն: Ամեն շարժումը մանրակրկիտ մշակված է: Վարդան Ալոյանն ասես պատվո պահակախմբի  զինվոր լինի: ՏՏ ոլորտում նախագահի 2017թ. կրթական պարգեւի արժանացած եզակի ուսանողներից է եւ միակը ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆվաշտում, որ  որդի ունի. «Գերազանցությամբ ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի բաժնի բակալավրիատն ու մագիստրատուրան: Ուսումնասիրել եմ տարրական մասնիկների և նրանց փոխազդեցությունների հատկություններն ու կառուցվածքը: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատելիս մեր փոքր խումբը  գիտափորձեր էր կատարում աշխարհի բարձր հոսանքների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիայի՝ ՑԵՌՆ-ի համար: Իսկ հայրենական  ընկերություններից մեկում ներգրավված էի անօդաչուների մշակման գործում: Վերջերս ինձ քայլող մարդուն հետեւող անօդաչուի  ծրագիրը մշակելու խնդիր առաջադրվեց: Առաջին երկու փորձարկումները տապալվեցին. մարդը աջ էր շարժվում, սարքը՝ ձախ, եւ հակառակը: Նկատեցի սխալի օրինաչափությունն ու  ուղղեցի այն»: Սպարիկ Հայրապետյանը ուշադիր լսում է ընկերոջը: Շատ է ուզում, որ ծառայության ընթացքում իրեն վստահեն անօդաչուների ծրագրային ապահովումը: Ամերիկյան համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի ուսանողն ընդունելության քննությունների ժամանակ իր ցուցանիշներով շրջանցել է վաշտի տղաներին, բայց ամենեւին չի մեծամտանում. «Շատ մտերիմ ենք, օգնում ենք մեկս մյուսին:  Իսկ ազատ ժամանակ երկար քննարկումներ ենք ծավալում ծրագրավորման, մաթեմատիկայի կամ ֆիզիկայի շուրջ: Մեզնից յուրաքանչյուրը սովոր է պնդել իր կարծիքը մինչեւ վերջ, բայց մի հարցում համակարծիք ենք՝ մեր պետության պաշտպանունակության ապահովման գործում պետք է իրական ներդրում ունենանք»:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/10/2018