Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ ԲԱՆԱԿՆ Է
ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ ԲԱՆԱԿՆ Է

ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ ԲԱՆԱԿՆ Է«Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանի խորին համոզմամբ՝ ֆիզիկական եւ մտավոր բացառիկ կարողություններով օժտված մարդկանց թվով Հայաստանը առաջինն է աշխարհում:

«Գինեսի ռեկորդների գրքի» նմանությամբ ստեղծված հայկական «Դյուցազնագիրքը» 1990թ.  ի վեր ամփոփում է հայ դյուցազունների անհավանական սխրանքները: Իսկ ազգային բանակը իր ամենապատվավոր տեղն ունի «Դյուցազնագրքում»՝ 22 դյուցազուն՝ բազմաթիվ ռեկորդներով, եւ 3 Գինեսի ռեկորդակիր:

 

-Պարոն Թովմասյան, անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ «Դյուցազնագիրք» անվանումը եւ այն իրողությունը, որ ի տարբերություն «Գինեսի ռեկորդների գրքի», մեր «Դյուցազնագրքում» ընդգրկվում են բացառապես մտավոր եւ ֆիզիկական հզոր ներուժով պայմանավորված ռեկորդները:

-Այո՛: Ի տարբերություն «Գինեսի ռեկորդների գրքի», մենք «Դյուցազնագրքում» չենք գրանցում, ասենք, երկար թքողներին կամ ռեկորդ չենք համարում լեզուն ճակատին հասցնելը: «Դյուցազնագիրքը» պատվի եւ փառքի գիրք է, որը պատմում է մտավոր եւ ֆիզիկական բացառիկ ունակություններով օժտված հայ մարդու սխրանքների մասին:

-Ես ուրախությամբ նկատեցի, որ «Դյուցազնագրքի» երկու հատորներում ընդգրկված են ոչ միայն երիտասարդ, այլեւ մանուկ եւ տարեց դյուցազունները:

-Ի դեպ, շուտով լույս կտեսնի «Դյուցազնագրքի» երրորդ հատորը: Այո՛, մենք ունենք բազմաթիվ փոքրիկ դյուցազուններ, որոնք արդեն իսկ ապշեցրել են բոլորիս իրենց ֆիզիկական ուժով եւ մտավոր կարողություններով: Նրանք վաղը կդառնան հզոր տղաներ ու կհամալրեն ազգային բանակի շարքերը, ինչպես, օրինակ, 2 ու կես տարեկանում 3 ու կես տոննա հրող փոքրիկը, 6 ամսական Աղասին, որը, բնականաբար, չի քայլում եւ հոր գրկում մի ձեռքով բարձրացնում է 6 լիտր տարողությամբ ջրով լի տարան: Գյումրեցի հինգամյա Գոռը, որը ուսերին դրված 7 կգ 700 գրամ կշռող ծանրաձողով կատարել է «կքանիստ» վարժություն 81 անգամ 4 րոպեում: Այդպես կարող եմ երկար թվել:

-Հրաշալի է, որ ֆիզիկական մեծ ուժով օժտված դյուցազունների հերթափոխը չի ընդհատվելու բանակում: Իսկ մտավոր բարձր կարողություններ ունեցող փոքրիկները նույնպե՞ս շատ են. բանակին նաեւ մտքի նվաճումներ են պետք:

-Իհարկե: Օրինակ՝ վանաձորցի Գոռը դեռ երկու տարեկան էր, երբ սկսեց «ընդլայնել» իր աշխարհագրական գիտելիքները՝ երեք ամսում մտապահելով 80 պետությունների մայրաքաղաքների անունները: Մենք ունենք մանկահասակ գիտնականներ, որոնք վաղուց հաղթահարել են բարձրագույն մաթեմատիկան: Տիեզերքը պեղող դպրոցականներ, որոնք դեռ զարմացնելու են աշխարհին իրենց հայտնագործություններով:

-«Դյուցազնագրքում» իրենց տեղն ունեն գիտության եւ մշակույթի բնագավառի հայ մեծերը: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում նրանք:

-Խնդիրը միայն հանճարեղությունը չէ, այլ՝ բացառիկությունը: Նկարչուհի Վերա Հարությունյանը մատներով հարյուրավոր գեղանկարներ է արարել: Նրա կտավներին վրձին չի դիպել: Ջութակահար Նիկոլայ Մադոյանը 33 ժամ անընդմեջ նվագել է համաշխարհային դասականների մոտ 60 ստեղծագործություն` ունենալով ժամը մեկ ընդամենը 5 րոպեանոց դադար առնելու հնարավորություն:Սրանք աշխարհում չկրկնված մշակութային սխրանքներ են:

Ինչ վերաբերում է բանակին, մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ բանակը պարզապես սխրանքների ու ռեկորդների դարբնոց է: Չկա ավելի գեղեցիկ, վեհացնող երեւույթ, քան մարդկային ուժի ցուցադրությունը, ու մեր բանակայինների գրեթե բոլոր ռեկորդները սահմանվել են զորքի առաջ, հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ որպես մեծ տոնակատարություն, որպես ուժի ու զորության փառաբանում: Դուք պետք է տեսնեիք զինվորների ու սպաների ոգեւորությունը, խանդավառությունը, երբ իրենց զինակիցը ավելի քան հազար անգամ մեծ պտույտներ էր անում պտտաձողին կամ անհավանական թեթեւությամբ «խեցգետին» դիրքում 16 վայրկյան որովայնի վրա պահում էր 113 կգ 250 գրամ կշռող զանգվածը:

-Ինչպե՞ս եք գտնում դյուցազուններին: Մտածում եմ՝ գուցե մեր հեռավոր գյուղերում շատ դյուցազուններ կան, որոնց դեռ չեք հայտնաբերել;

-Տարիներ առաջ մենք շրջում էինք Հայաստանի տարածքով ու պատմում էինք «Դյուցազնագրքի» մասին, հորդորում էինք արտասովոր ունակություններով օժտված մարդկանց դիմել մեզ: Հետո հեռուստատեսությամբ, համացանցով մեր ռեկորդակիրների մասին այնքան պատմեցինք, որ վստահաբար կարող եմ ասել՝ այսօր «Դյուցազնագրքի» մասին բոլորը գիտեն: Հայաստանում կան նաեւ դյուցազնական ընտանիքներ, նույնիսկ՝ գերդաստաններ:

-Հայաստանի ո՞ր մարզն է առաջատարը:

-Ռեկորդակիրը բանակն է: Եվ սա մեր համազգային հպարտությունն է:

-Պարոն Թովմասյան, շնորհակալություն ոգեւորող տեղեկությունների համար: Ձեր օգնությամբ մենք «Հայ զինվորի» առաջիկա համարներում պարբերաբար կպատմենք զինվորական դյուցազունների նվաճումների մասին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ