Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ
ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ1920 թ. օգոստոսի 24-ին Խորհրդային Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով, ստանալով խորհրդային իշխանության համաձայնությունը, քեմալական Թուրքիան պատերազմ է սկսում Հայաստանի Հանրապետության դեմ և սեպտեմբերի 23-ին թուրքական զորաբանակը Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ ներխուժում է Հայաստան:

Հայաստանի զինական ուժերը տեղաբաշխված էին չորս (Սարիղամիշ-Կարս, Սուրմալու, Նախիջևան, Դիլիջան-Ղազախ) ճակատներում:

Հայկական զորաբանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատում տիրող իրական կացությունից, մարտական ուժերը գլխավորապես կենտրոնացնում է Կարսի և Սուրմալուի ուղղություններում՝ առավելագույն ուշադրությունը բևեռելով Կարսի ճակատի վրա:

Սարիղամիշ-Կարս ուղղությունում գործող զորքերի ընդհանուր հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Սիլիկյանը, Կարսի բերդապետը՝ գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ Փիրումյանը: Կարսի ճակատում կենտրոնացած վերոհիշյալ թվարկված զորամասերը մասն են կազմել գեներալ Հովսեփյանի և Սեպուհի հրամանատարությամբ գործող բրիգադների:

Սուրմալուի ռազմաճակատի հրամանատարությունն ստանձնում է Դրոն:

Ռազմաճակատների հրամանատարների ընտրությունների հարցում ՀՀ կառավարության և զինվորական ուժերի վերին հրամանատարության, մասնավորապես՝ գեներալներ Նազարբեկյանի ու Սիլիկյանի տեսակետները միանշանակ չեն եղել:

Պետական և ռազմական գործիչներից ոմանք, ելնելով հանրապետության պաշտպանության գործում Կարսի բերդաքաղաքի բացառիկ ռազմավարական նշանակությունից, պահանջում էին, որ Դրոն ստանձներ ոչ թե Սուրմալուի, այլ Կարսի ճակատի հրամանատարությունը:

ՀՀ կառավարության անդամներ Սիմոն Վրացյանն ու Արտաշես Բաբալյանը, որոնք այդ օրերին Կարսի ճակատում էին, ծանոթանալով Կարսի ուղղությունում տեղաբաշխված զորամասերում տիրող իրավիճակին՝ համապատախան զեկուցագիր-տեղեկագիր են հղում հանրապետության կառավարությանը: Նրանք առաջարկում են՝ «Դրոյին Սուրմալուի ճակատից փոխադրել Կարսի ճակատ: Սուրմալուի ուղղությունում դեռ տաք կռիւներ էին տեղի ունենում, բայց Կարսի ճակատը ավելի էր վտանգուած: Մեր համոզումով, թշնամին այստեղից պիտի հասցներ վճռական հարվածը, հետևաբար, անհետաձգելի անհրաժեշտություն էր ուժեղացնել ռազմաճակատը Դրոյի նման բացառիկ ժողովրդականություն վայելող մարտական մի ուժով»:

Կառավարության ներկայացուցիչների ներկայացրած առաջարկությունները տեղում քննարկելու և համապատասխան վճիռներ կայացնելու նպատակով ՀՀ զինվորական նախարարության հանձնարարությամբ իր օգնականներով Կարս է գալիս Սարիղամիշ-Կարս ռազմաճակատի ընդհանուր զորահրամանատար, գեներալ Սիլիկյանը:

«Գոլուբչիկի (սիրելիներ),-ասել է գեներալ Սիլիկյանը,-այս բոլորը, որ դուք հեռագրել էք, ինձ ծանոթ է, բայց, ասացեք, խնդրեմ, ես ի՞նչ կարող եմ անել: Ի՞նչ կարող են անել զինվորական նախարարը կամ սպարապետը: Ուզում էք Դրոյին բերել այստեղ, ես էլ եմ ուզում, բայց ո՞վ պիտի բռնի նրա տեղը: Եթէ Երևանը անցնի թշնամու ձեռքը, ի՞նչ արժեք կունենա Կարսի ճակատը…»:

ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում փոխել Կարսի ռազմաճակատի հրամանատարությանը, և Դրոյին հանձնարարվում է շարունակել ղեկավարել Սուրմալուի ռազմաճակատը:

ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐՉնայած ՀՀ կառավարությունն ու հայկական բանակի գլխավոր հրամանատարությունը Կարսի ճակատն էր ընդունում որպես գլխավոր ուղղություն, այնուամենայնիվ, Սուրմալուն իր աշխարհագրական դիրքով և ռազմավարական նշանակությամբ պակաս կարեւորություն չէր ներկայացնում: Նախ՝ Սուրմալուի ռազմաճակատը ավելի մոտ էր հանրապետության մայրաքաղաք Երևանին ու Հայաստանի ամենախիտ բնակեցված շրջանին՝ Արարատյան դաշտավայրին:

Սուրմալուի ռազմաճակատում, բացի կանոնավոր ավելի քան 10.000 թվակազմ ունեցող զորքից, գործում էին նաև 6000 զինյալներից բաղկացած քրդական հրոսակախմբերը, որոնք քանակական առումով ավելին էին, քան Կարսի ուղղությունում քուրդ զինյալները: Նրանց շարքերը պարբերաբար համալրել են Բագրևանդի, Աբաղայի, Դիադինի, Դոմպանդի և հարակից այլ շրջանների քրդերը: Սուրմալուի ճակատում կենտրոնացած քրդական հրոսակախմբերը տեղյակ էին, որ իրենց շրջանների քրդերի զգալի մասին կոտորել էր հենց Դրոյի գլխավորած պատժիչ արշավախումբը, 1915 թ. ձեռնարկված «Աբաղայի արշավանքի» ժամանակ: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ահավոր սպանդ ու ավարառություն կիրականացնեին այդ հրոսակախմբերը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, եթե նրանց հաջողվեր թուրքական զորքերի համագործակցությամբ հաղթահարել հայկական զորքերի դիմադրությունն ու գետանցելով Արաքսը՝ խորանալ հանրապետության տարածքն ու գրավել Երևանը:

Ահա այդ հանգամանքն է նկատի ունեցել գեներալ Սիլիկյանը, շեշտելով. «…Եթե Երևանը անցնի թշնամու ձեռքը, ի՞նչ արժեք կունենայ Կարսի ճակատը»:

Սուրմալուի ճակատում գրեթե քառակի անգամ գերակշռող ուժեր ունեցող հակառակորդի դեմ մարտնչող 3000 մարտունակ և իրենց հայրենիքին նվիրված քաջակորով մարտիկներն ու նրանց անպարտելի հրամանատարն ավելի քան բավական էին թշնամուն ջախջախելու համար:

Հետաքրքիր է ծանոթանալ Դրոյի գլխավորած զորամասերի հրամանատարների բնութագրերին՝ Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի մեկնաբանությամբ, որը պատերազմի ժամանակ լինելով Սուրմալուի ճակատում, շատ լավ ծանոթ էր զորամասերի ու նրանց հրամանատարների մարտական ուղուն և որակներին:

«…Իրոք,-գրում է Վ. Ահարոնյանը,-այստեղ բոլոր աչքի ընկնող և պատասխանատու դիրքեր գրավող սպաները երիտասարդներ են: Ահա, ծանրախոհ, հավասարակշռուած գնդապետ Խուդաբաշյանը, որ հազիվ 30 տարեկան է: Ահա նրան հասակակից անվրդով և առյուծասիրտ փոխգնդապետ Հալաբյանը: Մռայլ, սակավախոս Թարխանյանը, որի արտաքինն իսկ ասես մի սեղմւած բռունցք լինի միշտ պատրաստ թշնամու գլխին իջնելու, ընդամենը 26-27 տարեկան, հաստատակամ ու վճռական Թարիվերդյանը, 26 տարեկան, շրջահայաց, զգույշ, հոտառու Շահբազյանը, 26 տարեկան, ու վերջապես կրակ ու բոց Մամաջանյանը՝ միայն 24 տարեկան»:

Վ. Ահարոնյանի բնութագրած սպաները թեպետ շատ երտասարդ էին, բայց բազում կռիվների բովում կոփված և զինվորների ու վերին հրամանատարության շրջաններում անառարկելի հեղինակություն վայելող հրամանատարներ էին:

«Այդպես են,- շարունակում է Վարդգես Ահարոնյանը,- այն զորաբանակի սպաները, որոնցից ամեն մեկի թիկունքում իբրև անբաժան ստվեր կանգնած է ինքը՝ զորաբանակի ընդհանուր հրամանատարը՝ Դրոն:

Եւ չկա որևէ այն թեկուզ վախկոտ զինվորը կամ սպան, որ Դրոյի խոսքով բաց աչքերով, առանց տատանվելու դեպի մահը չի քայլի: Որը նրա ենթակա ռազմիկներից կհանդգնի խնայել իր կյանքը այն ժամանակ, երբ ինքը՝ ընդհանուր հրամանատարը, չի խնայում իր կյանքը հասարակ զինվորի պես»:

Գլխավոր ռազմակայանից Սուրմալուի ռազմաճակատի զորամասերի մարտաշարքերը համալրելու համար չեն առաքվել որևէ լրացուցիչ մարտական ուժեր: Հանրապետության կառավարությունն ու հայկական բանակի հրամանատարությունը ավելի քան վստահ էին, որ թեպետ զորքերի քանակական առումով իր սահմանափակ հնարավորությանը, Սուրմալուի ուղղությամբ դեպի Արարատյան դաշտ և մայրաքաղաքի դարպասները ձգվող ուղիներն անառիկ են ու հուսալիորեն պաշտպանված:

Պետք է ասել, որ այս անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության դրսևորած վստահությունն ավելի քան տեղին էր ու արդարացված:

1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հայկական զորքերն անկոտրում պաշտպանությամբ դիմագրավում են թուրքական զորքերի ու քրդական հրոսակախմբերի բազմիցս ձեռնարկած հարձակումներն ու խափանում Արարատյան դաշտ ներխուժելու թուրք հրամանատարության ձեռնարկած բոլոր փորձերը:

Դրոն, որպես օրենք, հակառակորդի ձեռնարկած հարձակումները խափանելու նպատակով չի սահմանափակվել սոսկ պասիվ ինքնապաշտպանությամբ: Դիմագրավելով հակառակորդի գրոհները՝ հայ մարտական ուժերը հարձակումներ են գործել ճակատի մեկ այլ հատվածում կենտրոնացած թշնամու հենակետերի վրա: Համանման մարտավարությամբ գործելը հնարավորություն էր ընձեռում ոչ միայն ապակողմնորոշել, խառնել թշնամու հրամանատարության ծրագրերը, այլև մասնատել հակառակորդի մարտական ուժերը և խափանել զորամասերը արագորեն տեղաշարժելու ու մեկ գլխավոր ուղղությամբ կենտրոնացնելու և հզոր ու անկասելի հարվածներ ձեռնարկելու հնարավորությունները:

Անհաջողության մատնվելով նախորդ մարտերում՝ թուրք հրամանատարությունը Սուրմալուի ճակատում կենտրոնացնում է լրացուցիչ զորամասեր ու քրդական հրոսակախմբեր ու հոկտեմբերի 24-ին անհրաժեշտ վերախմբավորում և նախապատրաստական քայլեր կենսագործելուց հետո, վերսկսում է մարտական գործողություններն ու մեծ ուժերով հարձակվում Մարգարայի ու Կարակալայի կամուրջների մերձակայքում պաշտպանական դիրքեր գրաված հայկական զորավաշտերի վրա: Արաքսի երկու կամուրջները չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հանգույցներ էին: Կարելի է ասել, որ այդ երկու կամուրջները Հայաստանի Հանրապետության յուրօրինակ դարպասներն էին: Ահա թե ինչու թուրք հրամանատարությունը հայկական ամբողջ զորաբանակը օղակի մեջ վերցնելու ու ջախջախելու նպատակով ձգտում էր նախ և առաջ գրավել կամուրջներն ու անգամ ուշադրության չարժանացնելով զոհերին ու կորուստները, ամենակատաղի և հզոր հարվածներ տեղում էր հենց այդ հատվածներում պաշտպանվող զորամասերի վրա:

Սուրմալուի ռազմաճակատի հրամանատարության համար չէր կարող գաղտնիք լինել թուրք հրամանատարության մարտավարությունը: Նախորդ կռիվների փորձն արդեն մատնանշում էր, որ այս անգամ ևս թուրք հրամանատարությունը առաջին հերթին գրոհներ կգործի հենց այդ կամուրջների ուղղությամբ: Հայկական կողմը, շատ լավ գնահատելով այդ իրողությունը, իր հերթին համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ դիմագրավելու այդ ուղղությունից տեղացող հարձակումները:

Զորագնդերի հրամանատարներին Դրոյի տված հրամանը միակն էր. զոհվել, բայց պաշտպանել Արաքսի գետանցումները և ոչ մի պարագայում թույլ չտալ թշնամուն անցնելու գետն ու ներխուժելու Արարատյան դաշտ:

Ճակատամարտի ընթացքում կամուրջների ուղղությամբ թուրքական զորքերի ձեռնարկած մեկ գրոհը հաջորդել է մյուսին: Ռազմաճակատի այդ տեղամասում կենտրոնացած հայկական գրեթե քառապատիկ փոքրաթիվ ուժերի պաշտպանությունը ժայռի նման անսասան էր:

Ճակատամարտում Դրոն կիրառել է շատ հետաքրքիր, միանգամայն կշռադատված, իսկ հակառակորդի համար անսպասելի մարտավարություն: Եթե ճակատի մի հատվածում նրա գլխավորած մարտական ուժերը աննահանջ դիմադրությամբ պաշտպանում էին Արաքսի գետանցումները, ապա մեկ այլ հատվածում, նախահարձակ լինելով, գրոհներ էին ձեռնարկում թուրքական զորամասերի վրա:

Հոկտեմբերի 24-ին հակառակորդի ուժերի դեմ հերոսաբար մարտնչող զորախմբերը, մեծ դժվարությամբ դիմադրելով դեպի Արաքսի կամուրջները ձգտող թշնամու մեծաքանակ ուժերի պարբերաբար կրկնվող գրոհները, հարկադրված սկսում են քայլ առ քայլ նահանջել: Ռազմաճակատում շատ վտանգավոր կացություն է ստեղծվում: Եթե հայ մարտիկները չկարողանային կասեցնել թուրքերի և քրդական հրոսակախմբերի առաջխաղացումը, ապա չէր բացառվում, որ նրանց հաջողվեր գրավել կամուրջներն ու ներխուժել Արարատյան դաշտ, ապա նաև մայրաքաղաք Երևան:

Ներկայացնելով հայ մարտիկների համար ստեղծված այդ ծանրագույն պահը՝ Մարտիրոսը նշում է. «Երբ տաճիկները անցնում էին մեր ուժերի թիկունքը, Դրոն կարգադրել էր, որ առաջին գծից ոչ ոք չնահանջի, և բոլորը մնան իրենց տեղերում»:

շարունակելի

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր