Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ
ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸԽաղաղապահ ուժերի բրիգադում ձեւավորվել է կին խաղաղապահների առաջին դասակը

 

ԸՆԴԳՐԿՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԻՍՏ

ՀՈՎԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր

 

Մահմեդական երկրներում կանանց կարող են խուզարկել միայն կանայք: Նման բնույթի առաջադրանքների կատարումը անհրաժեշտ էր դարձնում կանանց ներգրավվածությունը  մեր խաղաղապահ ստորաբաժանումում: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ մեր համապատասխան պաշտոնյաների միջեւ երկար քննարկումների արդյունքում՝ ութ ամիս առաջ ձեւավորվեց կին խաղաղապահների դասակը: Ընդգրկվել ցանկացողները շատ էին, ընտրությունը՝ խիստ: Ընդունելության ժամանակ հաշվի ենք առել  աղջիկների ֆիզիկական պատրաստությունը, հարցազրույցի միջոցով ստուգել ենք նրանց գիտելիքները, նաեւ՝ անգլերենի իմացությունը: Առաջին երկու ամիսներին մարտական պատրաստությամբ անձամբ եմ զբաղվել:  Երբեմն մտածում էի՝ ոմանք ծանրաբեռնվածությունը չեն հաղթահարի, բայց հիմա տեսնում եմ նրանց շարքում եւ հպարտանում, որ կամքի ուժ դրսեւորեցին: Աղջիկները, իսկապես, շատ են կոփվել, այլեւս չեն «նվնվում», դժվարություններից չեն բողոքում: Դասակի հրամանատարի ճիշտ աշխատանքի արդյունքն է: Նա հատուկ պատրաստություն անցած փորձառու կին զինվորական է: Ինչ վերաբերում է ծառայության պայմաններին՝ միայն սանհանգույցն ու հանդերձարանն է առանձնացված: Կին խաղաղապահների համար այլ արտոնություններ չկան: Նրանք ընդգրկված են ներքին վերակարգերում, վաշտի կազմով իրականացնում են մարտական պատրաստության դասընթացներ, հաղթահարում են հոգեբանական ու ֆիզիկական նույն դժվարությունները, ինչ տղամարդիկ:

Ես ինքս էլ տարբեր առաքելությունների ժամանակ առիթ եմ ունեցել շփվելու օտարազգի կին խաղաղապահների հետ, հետեւելու նրանց աշխատանքին շտաբներում, հսկիչ անցագրային կետերում, նաեւ մարտական տեխնիկա վարելիս: Սաղավարտով, ծանր հանդերձանքով՝ նրանք տղամարդուն հավասար ծառայություն են իրականացնում հրաձգային ստորաբաժանումներում: Եվ փորձում են  չտարբերվել: Անգամ երբ ուզում ես օգնել, հակաճառում են. «Մի՞թե թույլի տպավորություն ենք թողնում»: Մեր աղջիկները նրանց չեն զիջում եւ, կարծում եմ, մոտ ապագայում պատրաստ կլինեն մեկնելու խաղաղապահ առաքելության:

 

ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸԱռավոտյան տողան, շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստություն, մարտավարամասնագիտական զորավարժություններ ու դաշտային ելքեր. այսպիսին է կին խաղաղապահների առօրյան:

 

Դասակի հրամանատարը լեյտենանտ Անի Հովհաննիսյանն է: Հատուկ նշանակության ստորաբաժանումում կոփված, մարտական բազում փորձություններ հաղթահարած զինծառայողն ապագա խաղաղապահներին չի խնայում. պետք է անթերի գործեն: Զորամասի շարահրապարակում աղջիկները կատարում են նրա հրահանգները. շարվում են զենքով եւ առանց զենքի, քայլում են, շրջադարձեր կատարում, դուրս են գալիս շարքից ու ներկայանում հրամանատարին, ստորաբաժանում են կազմում եւ անցնում երգով: Աղջիկները վարժությունները գերազանցիկ զինվորի բծախնդրությամբ են կատարում՝ շարժումները համաչափ են  ու հատու: Դե, իսկ նրանց ձիգ կեցվածքը կարող է անգամ մոդելների նախանձը շարժել: «Քանի որ աղջիկները ժամկետային ծառայություն չեն անցել, բացը լրացնելու համար անցկացնում ենք հավելյալ պարապմունքներ: Ի պատիվ նրանց, պետք է ասեմ, որ շատ արագ եւ բավականին հեշտ են յուրացնում զինվորական գործը: Ես, իհարկե, երբեմն հիշեցնում եմ, որ իրենք թույլ չեն, բայց, հավատացեք, նման զրույցների առիթ հազվադեպ է լինում: Դասակում ընդգրկվել են սեփական ուժերին ու կարողություններին հավատացող աղջիկներ: Ոմանք արդեն աչքի են ընկել բարձր ցուցանիշներով: Կվերապատրաստվեն սերժանտական դպրոցում, այնուհետեւ կստանձնեն ջոկի հրամանատարի կամ դասակի հրամանատարի տեղակալի պարտականությունները»,-ասում է լեյտենանտն ու նոր առաջադրանքներ տալիս:

Քսանամյա Սոնա Խալաթյանն էլ սովորելու առիթը բաց չի թողնում: Եթե պետք է՝ նույն վարժությունը մի քանի անգամ է կրկնում: Վեց տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլ է խաղացել: Վերջերս էլ հաղթահարել է փորձաշրջանն ու հրավիրվել փոքր ֆուտբոլի ազգային հավաքական: Երազանքն իրականացել էր, բայց ծառայելու միտքը հանգիստ չէր տալիս. «Իմ տարիքի աղջիկներից ով մեկ անգամ համազգեստով կին է տեսել, երեւի մտածել է զինվորագրվելու մասին: Ես անընդհատ հետաձգում էի որոշումս, ինքս իմ մեջ ուժ չէի գտնում: Մի օր էլ արթնացա ու ասացի՝ վե՛րջ, գնում եմ զինկոմիսարիատ: Այնտեղ առաջարկեցին ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Չստացվեց, քանի որ արդեն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնի ուսանող եմ: Եվ ինձ հուշեցին խաղաղապահ բրիգադի հասցեն: Եկա, քննություններ հանձնեցի ու համալրեցի կանանց դասակը»,-պատմում է Սոնան: Նա մի քանի ամիսների ընթացքում բացահայտել է ֆուտբոլի ու ծառայության նմանությունները. «Ֆուտբոլը ձեւավորում է մարտիկի որակներ: Թե՛ ֆուտբոլում եւ թե՛ զինվորական գործում անդադար պիտի կատարելագործվես, անդադար պիտի աշխատես, պիտի քեզ չխնայես, դիմանաս մինչեւ վերջ: Թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ մարտադաշտում հապաղումը հավասարազոր է պարտության: Ե՛վ ֆուտբոլի դաշտում, ե՛ւ մարտադաշտում դու միշտ հավատում ես հաջորդ պահին»: Սոնան խաղաղարարության մասին իր պատկերացումներն ունի. «Այն սկսվում է ներքին հավասարակշռությունից ու ներդաշնակությունից: Եթե խռովություններդ չես հաղթահարել, ուրեմն խաղաղապահի  գործը քոնը չէ»:

Խաղաղապահի կոչումը վաստակելու համար աղջիկների դասակը օրվա ծանրակշիռ մասն անցկացնում է մարտավարական դաշտում: Հիմա էլ գործնական պարապմունք է՝ սովորում են պաշտպանվել  զանգվածային խոցման զենքից: Լեյտենանտ Հովհաննիսյանը վայրկենաչափը ձեռքին հետեւում է, թե ինչպես են իր զինվորները կիրառում ՆԱՏՕ-ական պաշտպանական անհատական միջոցները: Պաշտպանիչ ձեռնոցներ ու թիկնոց, հատուկ հանդերձանք ու կիսաճտքավոր կոշիկներ, հակագազ. Աննա Սենյանը առաջինն է զգեստավորվում: Մի փոքր շունչ առնելուց հետո պատմում է. «Ծառայել եմ ՀՕՊ զորքերում՝ հրամանատարական կետում մարտական հերթապահություն էի իրականացնում: Այնուհետեւ տեղափոխվել եմ առաջնագծի զորամաս եւ շարունակել ծառայությունս որպես համալրման բաժանմունքի գործավար: Բայց քանի որ դժվարը հեշտով փոխող մարդ չեմ, որոշել եմ ավելի բարդ խնդիրներ առաջադրել ինքս ինձ: Հիմա իմ ափսեի մեջ եմ»: Աննան երկու երեխաների մայր է եւ լավ գիտի, թե ինչ է նշանակում ապրել կողքինների համար եւ ուրախանալ կողքինների երջանկությամբ. «Կարծում եմ՝ առաքելության ժամանակ կին խաղաղապահը պետք է առաջնորդվի հենց այս  կարգախոսով»:

Սվետլանա Բախչագուլյանն էլ իր նշանաբանն ունի՝ դժվարության հանդիպելիս երբեք սեռով չարդարանալ. «Ապրիլյան պատերազմից հետո որոշեցի գոնե մի բանով նպաստել հայրենիքի մարտունակության բարձրացմանը: Ընդգրկվեցի Վովա Վարդանովի «ողջ մնալու արվեստ» կամավորական խմբում: Մեկ ու կես տարի կոփվեցի: Զինավարժանքներ, լեռնամագլցում, գիշերակաց քարանձավում, էքստրեմալ բուժօգնություն՝ այս խիստ կյանքին վարժվելուց հետո որոշեցի ավելի լուրջ զբաղվել զինվորական գործով: Իմացա դասակի մասին եւ անդամագրվեցի»:

ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸՄինչ մենք զրուցում ենք, մյուս աղջիկները միանում են վաշտին: ֆիզպատրաստության պարապմունքներն ընդհանուր կազմով են անցկացնում, ինչն իր բացատրությունն ունի. «Նախկինում տղաները հաճախ հինգ կիլոմետրանոց վազքուղին դժվարությամբ էին անցնում: Տեսնելով աղջիկների ձգտումը՝ նրանց «երկրորդ շնչառությունը» բացվել է: Հիմա տարածությունը հաղթահարում են նախատեսված ժամանակում»,-ասում է լեյտենանտ Հովհաննիսյանն ու ազդարարում նախավարժանք: Վաշտը վազքով շրջանցում է տեղանքն ու վերադառնում մեկնակետ: Հետո էլ զինծառայողները վարժասարքի վրա արագացված տեղաշարժեր են կատարում, ապա ձգվում պտտաձողի վրա: Աղջիկները ուժային վարժությունները երբեմն ճիգերի գերլարումով են կատարում: «Ապրե՛ք, ապրե՛ք». իրենց ծառայակից ընկերուհիներին քաջալերում են տղաները:

«Պառկած դիրք ընդունիր». հաջորդ հրահանգն է:  Շարքային Գրետա Պանյանը հարյուր հրում է կատարում գետնից: Դասակի «սուպերզինվորը» պարի պետական համալսարանի բալետի բաժնի շրջանավարտներից է: Չայկովսկու «Կարապի լիճ» բալետային ներկայացման մեջ աղջիկ-կարապներից մեկին է մարմնավորել. «Առողջ ապրելակերպի ջատագով եմ, առավոտյան պարտադիր վազում եմ: Զբաղվել եմ ակրոբատիկայով: Սիրում եմ ռիսկի դիմել, դրա համար էլ այստեղ եմ: Աշխարհի ցանկացած կետում բարձր կպահեմ կապույտ տարբերանշանով ու եռագույն դրոշով  համազգեստիս պատիվը»:

ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸԽաղաղապահը պետք է միշտ զգոն լինի եւ կարողանա արագ կողմնորոշվել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Այս ունակություններն աղջիկները մարզում են առաջնագիծը ներկայացնող ուսումնական կետերում, նաեւ զորավարժությունների ու դաշտային ելքերի ժամանակ: Քրիստինե Հարությունյանը ե՛ւ շարասյուն է ուղեկցել, ե՛ւ շարժական անցակետում է հերթապահել, ե՛ւ կանանց ու երեխաների  է խուզարկել: Իհարկե, դեռ պայմանական: «Զառ» խաղաղապահ ուսումնական կենտրոնում անցկացված  զորավարժության ժամանակ էլ մասնակցել է պաշտպանական եւ հակահարձակման գործողությունների: Եվ միշտ աչքի է ընկել բացառիկ պատրաստվածությամբ, ինչը, սակայն, ծանր փորձության արդյունք է. «Ուսումնական մարտական դիրքի ավագ էի կարգվել: Ձմեռ էր, ցուրտ:  Երեկոյան ընթրիքի ժամանակ արթուն հերթափոխ իրականացնող երկու զինվորներիս համոզեցի գետնատնակ գալ՝ տաք թեյ խմելու, մի բան ուտելու:  Եվ հենց այդ ժամանակ էլ պայմանական հակառակորդը հարձակվեց: Իմ ջոկը կարող էր կորուստներ ունենալ (հուզվում է): Գրկել էի ինձ հետ հերթապահողներին ու առատ արցունքներով հեծկլտում էի. «Կներեք»: Երեւի շատերն այդպես էլ չհասկացան, թե ինչու եմ ուսումնական վրիպումը սրտիս այդքան մոտ ընդունել: Գուցե այն պատճառով, որ խորապես հասկացել եմ՝ զինվորականի սխալը կարող է կյանք արժենալ»:

Դասակը հրաձգային է, զենքերը՝ տարբեր: Դիրքավորվելիս թե՛ դիպուկահար հրացանը, թե՛ ձեռքի նռնականետը, թե՛ գնդացիրը աղջիկները գործածում են վարպետորեն՝ առանց սխալվելու: Եվ առաջադրանքից շեղվում են միայն մեկ անգամ՝ երբ մեր լուսանկարիչը փորձում է լավ կադր ստանալ. «Գոնե տեսքներս տե՞ղն է»:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ