Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ
ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ

ՀԵՆՐԻԿ ԲԱՐԴԻԵՎՍԿԻ

ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ

Կայսր.- Եվ այսպես, թարգմանի՛չ, ի՞նչ է պահանջում գերմանների առաջնորդը։

Թարգմանիչ.- Անտիկ աշխարհի կործանումը, ձերդ մեծություն։

Եվ որ մենք ստորագրենք կապիտուլյացիան։

Գերմանների առաջնորդ։- Յավո՛լ։

Կայսր.- Ի՞նչ է դա նշանակում։

Թարգմանիչ.- Ստորագրեք, ասում է, կապիտուլյացիան։

Կայսր.- Ի՛նչ լկտիություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ստորագրենք։

Թարգմանիչ.- Աշխարհը կկործանվի, ձերդ մեծություն։

Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։

Կայսր.- Ի՞նչ է ասում այդ վայրենին։

Թարգմանիչ.- Ասում է՝ աշխարհը կկործանվի։

Կայսր.- Ի՞նչ լկտիություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե չստորագրենք։

Թարգմանիչ.- Աշխարհն էլի կկործանվի, ձերդ մեծություն, միայն թե՝ բռնի կերպով։

Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։

Կայսր.- Ի՞նչ է ասում։

Թարգմանիչ.- Ասում է՝ աշխարհը կկործանվի բռնի կերպով։

Կայսր.- Ի՛նչ լկտիություն։ Դե ինչ, ստիպված ենք բանակցություններ վարել։

Թարգմանիչ.- Նա բանակցություններ վարել չգիտե, ձերդ մեծություն։ Նա դեռ երբեք բանակցություն չի վարել. վայրենի է։

Կայսր.- Աստված իմ, գոնե մեկ ուրիշը մեզ հաղթեր։ Ասա նրան, որ մարդկությունը շատ կափսոսա անտիկ աշխարհի համար։

Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։

Կայսր.- Ի՞նչ է ասում։

Թարգմանիչ.- Ասում է՝ ձեր անտիկ աշխարհը նրանց այնքան է պետք, որքան գայլաձկանը՝ հովանոց։

Կայսր.- Չէ՛, ա՛յ քեզ լկտիություն։ Երեւի կյանքում ո՛չ գայլաձուկ է տեսել, ո՛չ էլ հովանոց, բայց դեռ հանդգնում է համեմատություն անել։ Գուցե սա ընդդիմությունն է, որ գերման ձեւանալով՝ փորձում է մեզ վախեցնել։

Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։

Կայսր.- Ի՞նչ է ասում։

Թարգմանիչ.- Ասում է՝ սա ընդդիմություն չէ։ Եվ, ընդհանրապես, ասում է՝ շտապե՛ք։

Կայսր.- Ինչ-որ տարօրինակ ես թարգմանում։ Դու պատահմամբ հո կաշառված չես։

Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։

Կայսր.- Ի՞նչ է ասում։

Թարգմանիչ.- Ասում է, ինչպես կարող եք այդպիսի բան մտածել։

Կայսր.- Բայց դու իրո՞ք նրան հասկանում ես։

Թարգմանիչ.- Ես չեմ հասկանում, թե նա ինչ է ասում, բայց գիտեմ, թե ինչ է ուզում ասել։

 

Թարգմանեց  ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԸ