Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ
ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ

 

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ-Կապը բանակի ամենահզոր զենքն է. կապ չկա` չկա կառավարում, չկան համաձայնեցված գործողություններ,- սա զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանի բնորոշումն է: Որն իր հերթին նշանակում է. որ բանակում, առավել եւս` մարտական գործողությունների ժամանակ, կապը պետք է աշխատի անխափան: Այդ պատճառով էլ զինված ուժերում կիրառվում է ե՛ւ լարային, ե՛ւ ռադիոկապ` իրենց տարատեսակներով` հեռավոր, օպտիկամանրաթելային, ռադիոռելեային, կարճալիք եւ գերկարճալիք տիրույթներում` տարբեր ռադիոցանցերով եւ ռադիոուղղություններով գործող, ինչն էլ հնարավորություն է տալիս ունենալու կապի ռեզերվային միջոցներ եւ խափանվելու դեպքում կապի մի տեսակը փոխարինելու մեկ ուրիշով` ապահովելով անընդհատ կառավարում եւ ներդաշնակված գործողություններ: Կապի զորամասերը զինված ուժերում կապի ապահովման հենքային օղակներն են: Այստեղ ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողները ուսումնական ծրագրերին ու ծառայողական գործառույթներին համապատասխան` կատարելագործում են իրենց մասնագիտական գիտելիքները, մարտական պատրաստության մակարդակը, բարոյակամային որակները, որպեսզի անհրաժեշտության դեպքում առավելագույն արդյունավետությամբ կատարեն ծառայողական գերխնդիրը` մարտական գործողությունների ժամանակ ապահովեն բարձրորակ ու մշտական կապ:

Կապի զորամասը, որի հրամանատարն է գնդապետ Գագիկ Մովսիսյանը, ամառային ուսումնական փուլից մի քանի ամիս առաջ կառուցվածքային եւ հաստիքային փոփոխությունների ենթարկվեց, որի նպատակն էր ծառայությունը դարձնել ավելի արդյունավետ, նպատակասլաց ու նվազագույն ուժերով հասնել մեծ ու ընդգրկուն ձեռքբերումների: Միաժամանակ, պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվեց զորամասի համալրումը ժամկետային զինծառայողներով, որոնց պետք է փոխարինեն պայմանագրային հիմունքներով զինված ուժեր զորակոչված քաղաքացիները: Զորամասի հրամանատարի հավաստմամբ` զորամասը պայմանագրայիններով համալրելը լուծում է մի քանի խնդիր: Աշխատելու եւ վաստակելու, իրենց ընտանիքի հոգսերը հոգալու հնարավորություն է տրվում մեր այն հայրենակիցներին, որոնք կամավորության սկզբունքով եւ գիտակցված ընտրությամբ ցանկանում են զինվորագրվել բանակին, ինչը ենթադրում է առավել պատասխանատու վերաբերմունք զինծառայության հանդեպ եւ ավելի մեծ նվիրում: Պայմանագրայինները, ի տարբերություն ժամկետային զինծառայողների, երկու տարի ծառայելուց հետո չեն զորացրվում, շարունակում են ծառայել, իսկ տարիների փորձառությունը բազմապատկում է մասնագիտական հմտություններն ու ծառայության որակը: Կապի զորամասը պայմանագրայիններով համալրելու ընթացքը ավելի դյուրին ու արդյունավետ դարձնելու համար զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Մովսիսյանը նամակով դիմել է բոլոր զինկոմիսարիատների ղեկավարներին` խնդրելով պահեստազորի շրջանում իրազեկման ու բացատրական աշխատանքի միջոցով նպաստել կապի զորամասի համալրմանը պայմանագրային զինծառայողներով: Եվ արդյունքը չի ուշացել: Զորամասում ծառայել ցանկացել են ոչ միայն մերձակա տարածքների, այլեւ հեռավոր շրջանների բնակիչները: Նրանք անկեղծորեն խոստովանում են, որ աշխատավարձը բարձր չէ, բայց կան բազմաթիվ արտոնություններ, որոնք պայմանագրային զինծառայությունը դարձնում են գայթակղիչ, օրինակ` անվճար բուժօգնությունից օգտվելու հնարավորությունը, բնակվարձի փոխհատուցումը եւ այլն:

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ-Այդուհանդերձ, մեր պայմանագրայիններից շատերին բանակ է բերել ոչ թե կայուն աշխատավարձը կամ զանազան սոցիալական արտոնություններից օգտվելու հնարավորությունը, այլ սերը զինվորական գործի, հատկապես` կապավորի մասնագիտության հանդեպ,- ասում է գնդապետ Մովսիսյանը,- պայմանագրայիններից շատերը ժամկետային զինծառայության ժամանակ եղել են կապավորներ:

Գնդապետ Գ. Մովսիսյանը 28 տարվա բանակային կենսագրություն ունի: Նա այն զինվորականներից է, որոնց մասին ասում են` համազգեստը դարձել է նրա մաշկը: Ու որքան էլ փորձում եմ զրույցը տանել դեպի օգոստոսի 13-ին մեկնարկած ամառային ուսումնական փուլի ընթացիկ խնդիրները, գնդապետը խոսում է զինվորականի կերպարի, բարոյակամային որակների ու հայրենիքի պաշտպանության գաղափարին զինծառայողների նվիրվածության մասին:

-Մենք պիտի զորամաս մտած քաղաքացու հոգում համազգեստ կրելու առաջին օրվանից քայլ առ քայլ արթնացնենք զինվորին: Երբ նա հասկանա, որ իր աշխատանքը սոսկ գումար վաստակելու միջոց չէ, այլ հայրենիքն ու ժողովրդին պաշտպանելու կոչում, երբ զգա զինվորական համազգեստ կրելու պատիվն ու հպարտությունը, կապավորի իր մասնագիտությունը կսովորի ջանասիրաբար եւ բարեխղճորեն կզբաղվի իր մասնագիտական հմտությունների եւ որակների զարգացմամբ ու կատարելագործմամբ: Ուստի, այս զորամասում մարտական պատրաստության ուղղություններից առաջնայինը զինծառայողների բարոյագաղափարական դաստիարակությունն է` անձնակազմի հետ տարվող աշխատանքը:

 

Մարտական պատրաստություն՝ տեսականում ու գործնականորեն

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸԿապի զորամասում շրջելիս առաջինը, որ ուշադրություն գրավեց, զինվորական համազգեստով կանանց ու ծաղիկների առատությունն էր: Փարթամ ծաղիկներ էին ամենուր` զորամասի բակում, զորանոցների բոլոր պատուհանագոգերին, նույնիսկ զինվորական պահարանների վրա:

-Զինվորնե՞րն են աճեցնում այս ծաղիկները,- հարցնում եմ ինձ ուղեկցող սպային` մայոր Դզյուբային:

-Իհարկե,- պատասխանում է մայորը,- եւ հենց այս մանրուքից էլ կարելի է պատկերացում կազմել զինվորների տրամադրության մասին:

Զորանոցում զինվորներ չկային, նրանք կոկիկ հարդարել էին անկողինները, հավասար շարքով դասավորել բոլոր իրերն ու դասասենյակներում հերթական պարապմունքն էին անցկացնում ուսումնական փուլի ծրագրով սահմանված առարկաներից: Երբ գնում էինք լսելու ավագ լեյտենանտ Արման Առուստամյանի անցկացրած՝ ռազմական կապի տեխնիկայի, շարժական կապի միավորների ու կապի գծերի (մալուխների) բացազատմանն ու հավաքմանը նվիրված մարտավարամասնագիտական դասը, շարահրապարակում կապավոր կանանց դասակը կատարելագործում էր շարային պատրաստության հմտությունները, իսկ քիչ հեռու գլխավոր շտաբի ռադիոկենտրոնի անձնակազմը ֆիզպատրաստության պարապմունքի ընթացքում ձգվում էր պտտաձողի վրա, վարժություններ էր կատարում զուգափայտերով, մագլցում էր պարանով եւ այլն: Պարոն Դզյուբան բացատրեց, որ կապավորների ֆիզպատրաստությունը չպետք է զիջի համազորային զորամասերում առկա մակարդակին: Նույնը վերաբերում է նաեւ կրակային պատրաստությանը: Պարզելով, որ ֆիզպատրաստության դասի օրվա հերոսը շարքային Եղիկյանն է, որը գերազանցել է բոլորին ձգումների քանակով, քաջալերում ենք տղային ու գնում դասասենյակ, որտեղ ավագ լեյտենանտ Արման Առուստամյանի հերթական դասախոսությունն էին լսում զինվորները եւ պայմանագրային զինծառայողները: Ես, իհարկե, որքան էլ ջանացի, չհասկացա, թե ինչպես պետք է բացազատել մալուխները, առավել եւս` ինչպես պետք է հավաքել դրանք, ինձ չօգնեցին ո՛չ գունագեղ պաստառները, ո՛չ զանազան սխեմաները, ո՛չ էլ էլեկտրոնային նյութերը: Արման Առուստամյանի հավաստմամբ՝ պատճառն այն էր, որ ես չեմ լսել նախկին դասախոսությունները ու արդեն 20 օր դասավանդվող ծրագրի մյուս նյութերը: Իրականում, յուրաքանչյուր թեմա բացատրվում է ամենայն մանրամասնությամբ ու մատչելի, իսկ դասի վերջում հարցուպատասխանների միջոցով գիտելիքը է՛լ ավելի է ամրապնդվում: Ավագ լեյտենանտը լիահույս է, որ ուսումնական փուլի ավարտին՝ քննությունների ժամանակ, զինծառայողները բարձր գնահատականներ են ստանալու: Եվ գուցե նրանցից մեկնումեկը պայմանագրային զինծառայող Արթուր Տիգրանյանից եւ ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Ծատուրյանից «խլի» լավագույնի տիտղոսը:

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸԵս լավագույնների անունները գրանցում եմ իմ նոթատերտում, նրանց հետ զրուցելու բավականությունը թողնում այցելության ավարտին եւ ճանապարհվում դիտելու գործնական պարապմունք: Ռ-161 կայանի պետ Վարդան Խաչատրյանը իր անձնակազմով բացազատում է Ռ-161 կայանը: Գործնական պարապմունքին մասնակցում են ռադիոջոկի կին զինծառայողները՝ կրտսեր սերժանտ Մերի Հակոբյանի հրամանատարությամբ:

Ենթասպա Վարդան Խաչատրյանը բացատրում է, որ գործնական պարապմունքի պայմանները գրեթե նույնացված են մարտական գործողությունների իրավիճակին:

Եվ իրենք խնդիրը կատարել են գերազանց:

-Գործնական պարապմունքների ժամանակ բարձր արդյունքներ ցույց տալու համար անհրաժեշտ է զինվել տեսական գիտելիքներով եւ ժամանակին ու բարեխղճորեն սպասարկել տեխնիկան` այն միշտ պահելով սարքին ու մաքուր:

Հետո ես հետաքրքրվում եմ, թե ինչպես է աշխատում Ռ -161 ռադիոկայանը: Վարդան Խաչատրյանը այնպիսի սիրով ու ոգեւորությամբ է պատմում կայանի մասին, այնպիսի խանդավառությամբ է բացատրում, որ ես ակամա հիշում եմ զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Մովսիսյանի խոսքերը կապավոր զինծառայողների բարոյագաղափարական դաստիարակության, մասնագիտությունը սիրելու, գործը արժեւորելու եւ սեփական համազգեստով հպարտանալու մասին:

Իմ խնդրանքով ենթասպա Խաչատրյանը պատմում է, որ զինվորականի ընտանիքից է` ե՛ւ հայրը, ե՛ւ երկու եղբայրները զինվորականներ են: Ինքը՝ որպես ժամկետային, ծառայել է մարտական հերթապահություն կատարող զորամասում, եղել է կապավոր: Եվ զինծառայության ընթացքում սիրելով բանակը, զինվորական կյանքն ու կապավորի մասնագիտությունը, զորացրվելուց հետո, այս անգամ որպես պայմանագրային, շարունակել զինծառայությունը հայկական բանակում: Մասնակցել է քառօրյա պատերազմին:

Վարդանն ունի բարձրագույն կրթություն, եւ նրա բոլոր «ծառայողական» երազանքները կապված են բանակի հետ:

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ…Մեր այցելությունը կապի զորամաս ավարտվում է ճաշարանում. էլ ինչ զինվորական լրագրող, եթե սեփական աչքերով չտեսնի ու չհամոզվի, թե համեղ, սննդարար ու բազմատեսա՞կ է արդյոք զինվորի ճաշը:

-Ոլոռով ապուր, բազուկով աղցան, բրնձով փլավ, տավարի միս, հյութ…,- ճաշարանի պետ Ալինա Նիգոյանը ներկայացնում է օրվա ճաշացուցակը: Ճաշերի բույրը այնքան ուժեղ է ու ախորժաբեր, որ առանց համտեսելու էլ հասկանում ես, որ այստեղ զինվորի համար սիրով ու բարեխղճորեն են պատրաստում: Ալինա Նիգոյանը հպարտությամբ ասում է, որ խոհարարի մասնագիտություն է սովորել Վարպետաց տանը: Արդեն 12 տարի բանակում է: Այդ ընթացքում նա հասցրել է կարմիր դիպլոմով ավարտել Երեւանի պետական համալսարանը:

-Խոհարարության ֆակուլտե՞տը,- կատակում եմ:

-Ո՛չ, կառավարման ֆակուլտետը,- ասում է Ալինա Նիգոյանը անթաքույց հպարտությամբ,- բայց ես սիրում եմ բանակը, զինվորական միջավայրը: Զինվորին կերակրելը կարեւոր ու շնորհակալ գործ է: Ու ես բանակում եմ:

Ես լսում եմ ճաշարանի պետին, միեւնույն ժամանակ աչքի պոչով հետեւում զինվորներին: Իրոք, մեծ ախորժակով են ուտում: Ու ես որոշում եմ, որ լավագույնների հետ զրույցը, որ սկսվեց ակամա` Երեւանի պետական համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած եւ զինվորին կերակրելը պատիվ ու հպարտություն համարող Ալինա Նիգոյանի հետ, կավարտեմ մյուս լավագույնների հետ իրոք սպասված հանդիպումով:

 

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸԼավագույնները

Երբ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Մեսրոպյանին հարցրի, թե ժամկետային զինծառայողներով ու պայմանագրայիններով համալրված զորամասում ովքեր են լավագույնները, առանց երկար-բարակ մտածելու երկու անուն տվեց՝ ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Ծատուրյան եւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Տիգրանյան:

Շարքային Հարություն Ծատուրյանը նախորդ ուսումնական փուլն ավարտել է գերազանց գնահատականներով: «Նա գերազանց կապավոր է, դիպուկ նշանառու, ունի փայլուն ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստություն»:

Սա փոխգնդապետ Մհեր Մեսրոպյանի կարծիքն է, ու ինձ, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչպես է զինվորը հասել նման արդյունքների, որն է, այսպես ասած, գլխավոր մոտիվացիան: Շարքային Ծատուրյանը ձիգ է նույնիսկ նստած ժամանակ: Նրան նայելիս ակամա մտքիդ մեջ պտտվում է կարգապահություն բառը: Հարցերին այնքան փութաջանորեն է պատասխանում, այնպիսի պատասխանատվությամբ, որ ակամա ես էլ եմ լարվում: Ընդամենը հարցրել եմ` դժվա՞ր է լավագույն զինվոր լինելը: Ու Հարություն Ծատուրյանն սկսում է ամենասկզբից:

-Ես Բերդից եմ: Ծնվել, մեծացել եմ սահմանամերձ տարածքում, կրակոցների տակ ու գիտեմ, թե ինչ արժեք ունի զինվորը երկրի ու հատկապես սահմանին ապրող ժողովրդի համար: Իմ հորեղբայրը պայմանագրային զինծառայող է, մեկ անգամ չէ, որ նրա հետ դիրքեր եմ բարձրացել, տեսել եմ սահմանին կանգնած զինվորի պատասխանատվությունն ու հպարտությունը: Երբ ունես փոքրիկ հայրենիք, դու պարտավոր ես ուժերիդ ներածին չափ ուժեղ զինվոր լինել: Մարտունակ զինվոր: Եթե զինվոր ես, ուժեղ լինելը քո հայրենասիրությունը դրսեւորելու միակ ձեւն է:

Զինվորն էլ առանց հարցնելու պատասխանում է բոլոր այն հարցերին, որ պտտվում են մտքիս մեջ: Բայց ես չեմ ուզում, որ նա գնա, ես ուզում եմ զրուցել լավագույն զինվորի հետ, հասկանալ, թե ուրիշ էլ ինչ մտքեր կան այս լրջախոհ ու պատվախնդիր զինվորի գլխում:

-Կարելի՞ է ֆիզպատրաստության դասից հետո շարունակենք մեր զրույցը,- հարցնում է նա:- Հիմա պիտի մարզվեմ:

Ես գլխով եմ անում: Զինվորը ոտքի է կանգնում, մի պահ ոտքերը՝ կիպ, իրանը՝ ուղիղ, ձգվում է որպես յուրօրինակ «զինվորական հրաժեշտ», ապա արագ դուրս է գալիս սենյակից ու միանում պտտաձողերի վրա ձգվող ընկերներին:

Իսկ ես գնում եմ հաջորդ լավագույնի մոտ:

Կրտսեր սերժանտ Արթուր Տիգրանյանն է: Նրա «զենքը» Ռ-142 ռադիոկայանն է: Ինչպես ինքն է ասում՝ մանկուց է երազել զինվորական դառնալ, համազգեստ կրել՝ այն պարզ պատճառով, որ հորեղբայրը` Սամվել Տիգրանյանը, ազատամարտիկ էր, ու բոլորը նրան հերոսի պես էին վերաբերվում: Ժամկետային զինծառայության ժամանակ ծանոթացավ Ո-142 ռադիոկայանի հետ:

-Իմ զենքը շատ սիրեցի,- ասում է աչքերը փայլեցնելով:

-Ի՞նչ զենք է, որ չի կրակում,- ես խաղում եմ Արթուրի հոգու հետ:

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ-Առանց կապի բոլոր զենքերը կկրակեն աննպատակ ու ապարդյուն,-ասում է կրտսեր սերժանտը: Ապա առանց շինծու համեստության պատմում իր ծառայողական հաջողությունների մասին՝ սկսելով ժամկետային զինծառայության ժամանակ ստացած պատվոգրերից ու այլ զանազան խրախուսանքներից, շարունակելով «Ռ-142 ռադիոկայանների պետեր» համաբանակային մրցույթում երկրորդ տեղը գրավելու փաստով:

-Իմ առջեւ նպատակ եմ դրել՝ հաջորդ մրցույթում առաջին տեղը գրավել,-ասում է 34-ամյա պայմանագրային զինծառայողը գրեթե մանկական պարզությամբ ու խանդավառությամբ,- ես շատ եմ աշխատում, որ առաջինը լինեմ ու բարձրացնեմ իմ զորամասի անունը:

Իսկ երբ հարցնում եմ ծառայողական ու կենցաղային դժվարությունների մասին, երբ հետաքրքրվում եմ, թե ինչու չի ամուսնացել, կրտսեր սերժանտը խնամքով շրջանցում է հարցս.

-Որքան էլ դժվար լինի, ես բանակից գնացողը չեմ: Պատրաստ եմ հաղթահարելու յուրաքանչյուր դժվարություն, որովհետեւ ինձ առանց զինվորական համազգեստի չեմ պատկերացնում: Երբ զինվորական համազգեստով դուրս եմ գալիս փողոց, մարդիկ, գեղեցիկ աղջիկները այնպիսի սիրով ու հարգանքով են նայում ինձ… Ես բանակի մի մասնիկն եմ: Ուրիշ էլ որտեղ կարող էի այսքան ուժեղ ու կարեւոր լինել…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ