Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸ
ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸ

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸԲարձրակարգ, դիմացկուն, անվրեպ, անխոցելի, անտեսանելի. այսպիսի բառերով են հաճախ բնութագրում մարտական խնդիրը կրակով լուծող մասնագետներին՝ դիպուկահարներին: Խոցել թիրախը որոշակի տարածությունից՝ գուցե առաջին հայացքից պարզ առաջադրանք թվա, սակայն ամենեւին էլ այդպես չէ: Դիպուկահարները հատուկ ընտրված հրաձիգներ են, որոնք երկարատեւ ուսուցում են անցնում: Նրանց պատրաստության գործում մանրուքներ չկան. կարեւոր է ինչպես  զենքի ընտրությունը, այնպես էլ կոշիկի որակը:

 

Ընտրություն, պատրաստություն, մկրտություն

Ինչպե՞ս են կոփվում հայկական բանակի դիպուկահարները, հոգեբանական եւ ֆիզիկական ի՞նչ արգելքներ են հաղթահարում այդ կոչմանն արժանանալու համար: Որոշեցինք պարզել տեղում եւ մեկնեցինք դիպուկահարների պատրաստության դպրոց: Ամենից առաջ նշեմ, որ դպրոց ասվածը զորամաս է: Այն, սակայն, առանձնահատուկ է, քանի որ պատասխանատու է ամբողջ բանակի դիպուկահարների պատրաստության համար: Հրամանատարը փոխգնդապետ Դուրյանն է: Ասում է՝ իրենց զորամասում ոչ ոք պատահաբար չի հայտնվում:

-Ապագա դիպուկահարների նախնական ընտրությունը կատարվում է մշտական տեղակայման վայրերում՝ հրաձգությունից լավագույն արդյունք ցուցաբերած նորակոչիկների, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողների կազմից: Ի տարբերություն վերջիններիս, որ գործուղվում են դպրոց՝ վերապատրաստման, ունակությունների կատարելագործման կամ նոր զինատեսակներին տիրապետելու համար, ժամկետայինները մասնագիտանում են զրոյից: Դիպուկահարներն ուսուցանվում են հաստիքային ստորաբաժանումների կազմում՝ ըստ զինատեսակների մասնագիտացված հրահանգիչների անմիջական վերահսկողությամբ:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸՓոխգնդապետը ներկայացնում է  մեկ կիսամյակ տեւողությամբ դասընթացների  երեք փուլերը: «Առաջինն ադապտացիոն շրջանն է. հնարավոր է` զինծառայողը, ընդունվելով մեր դպրոց, դեռ խորությամբ չի ընկալում, թե ինչ է իրենից պահանջվում: Մեկ ամսվա ընթացքում նա ձեռք է բերում տեսական գիտելիքներ զենքի, մարտավարության վերաբերյալ, կատարում է կրակային առաջին վարժանքները: Սկսում է հասկանալ՝ խնդիրը կատարելու է հակառակորդի աչքերի մեջ նայելով, բարձր ռիսկի, վտանգներով հագեցած եւ անկանխատեսելի զարգացումներով լի պայմաններում: Ամեն մարդ չէ, որ կարող է իր մեջ ուժ գտնել հաղթահարելու նման լարվածությունը: Ուստի, դիպուկահարի համար առաջնային է հոգեկան կայունությունը, համբերատարությունը: Եթե անհատական զրույցների կամ վարժանքների ժամանակ պարզվում է, որ թեկնածուն բռնկվող է, հեշտությամբ է զայրանում, «գերակտիվ է», անհամբեր կամ անվախ, ուրեմն, նա չի համապատասխանում: Վերադառնում է զորամաս՝ այլ բնույթի ծառայություն իրականացնելու»,-հրամանատարը հատ-հատ շեշտում է բառերը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, զինծառայողը հաղթահարում է փորձաշրջանը, ապա երկրորդ փուլում դաշտային պարապմունքների միջոցով ամրապնդում է տեսական գիտելիքները:  «Նա սովորում է խոցել փոքր նշանակետերը, կրակում է մեծ հեռավորություններից, վարժադաշտում տեղաշարժվում է ճիշտ այնպես, ինչպես մարտադաշտում՝ հաղթահարելով բազում անակնկալներ: Սահմանափակ տարածությունում ժամերով սպասում է թիրախին, ինչը եւս լուրջ փորձություն է: Եվ հաճախ այս ամենը կատարում է գիշերային պայմաններում: Ամենժամյա ծանրաբեռնվածություն. սա է դիպուկահարների պատրաստման կարգախոսը»,-ասում է փոխգնդապետ Դուրյանը:

Վերջին՝ երրորդ փուլում, դիպուկահարը ստուգողական համալիր վարժություններ է կատարում: Սակայն անգամ գերազանց արդյունքը երաշխիք չէ, թե նա յուրացրել է ծրագիրը. «Ուսումնական փուլի ավարտից հետո դիպուկահարին ուղեկցում ենք առաջնագիծ, որպեսզի այն ամենը, ինչը սովորել է դպրոցում, ցուցադրի իրական պայմաններում՝ հակառակորդի անմիջական ազդեցության գոտում: Դիպուկահարը պետք է գիտակցի՝ ինքը հակառակորդի կողմից ամենամանրակրկիտ փնտրվող թիրախն է: Եվ վճռական ազդեցություն ունի մարտական գործողությունների ելքի վրա, քանի որ տարբեր խորություններում լուծում է առանցքային խնդիրներ՝ առանց բանակային այլ ստորաբաժանումների ներգրավվածության»,-շեշտում է զորամասի հրամանատարը:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸՀետաքրքրվում եմ՝ հետեւո՞ւմ են դպրոցի շրջանավարտների ծառայության հետագա ընթացքին: Փոխգնդապետը կատարված առաջադրանքների օրինակներ է մատնանշում, բայց եւ զգուշացնում՝ դրանց բնույթը խիստ գաղտնի է. «Դպրոցի գործունեության ութ տարիների ընթացքում հարյուրավոր բարձրակարգ մասնագետներ ենք պատրաստել: Նրանցից  շատերը թե՛ քառօրյա ռազմագործողությունների ժամանակ, թե՛ առանձին դեպքերում մարտական խնդիրը գերազանց են կատարել:  Իհարկե, ուսումնասիրում ենք նաեւ թերությունները եւ փոփոխություններ կատարում մարտավարությունում»:

Բացի անհատական վարպետությունից, պակաս կարեւոր չեն նաեւ դիպուկահարի զինանոցի ընձեռած հնարավորությունները: Փոխգնդապետ Դուրյանը վստահեցնում է. «Զինանոցն անընդհատ արդիականացվում է: Դիտարկման, հայտնաբերման, թիրախների նույնականացման նորագույն համակարգերը մեզ թույլ են տալիս գործելու օրվա ցանկացած ժամի, եղանակային տարբեր պայմաններում: Հայկական բանակի դիպուկահարները կիրառում են համաշխարհային չափորոշիչներով լավագույնի համարում ունեցող զինատեսակներ եւ կարող են խոցել թիրախը հակառակորդի պաշտպանության խորքում՝  մինչեւ 3000 մետր հեռավորության վրա:  Դիպուկահար հրացանների որոշ նմուշներ էլ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները կատարելագործել են. բարելավվել են դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը: Սակայն ամենալավ զենքն էլ ընդամենը պարսատիկ է, եթե այն կիրառողը բանիմաց չէ»:

 

Խոցում մատի մեկ հպումով
ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸՀրաձգարանում պայմանագրային դիպուկահարներն են: Կրակային պատրաստության գործնական պարապմունք է: Հրաձգությունը կատարում են տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Յուրաքանչյուր զինծառայող երեք փամփուշտ ունի՝ 400 մետրի վրա հայտնվող երեք թիրախները խոցելու համար: Վարժանքին կրակագծից հետեւում եմ հատուկ ականջակալներով: Սակայն, այնուամենայնիվ, ամեն կրակոցից հետո կկոցում եմ աչքերս: Հրահանգիչ Դավթյանն ասում է. «Իսկ դիպուկահարին խստիվ արգելվում է կրակոցի ժամանակ փակել աչքը»: Հետո դիպուկ կրակելու մի քանի գաղտնիք է բացահայտում. «Մարտական խնդրի հաջող կատարումը հիմնականում կախված է դիպուկահարի կրակային դիրքի ճիշտ ընտրությունից: Նա պետք է զենքի խզակոթը, նշանոցը, ձգանը հարմարեցնի իրեն:  Երկար նշան բռնելը հակացուցված է. աչքդ հոգնում է, նշանակետն էլ կարող է անհետանալ: Դիպուկահարը մեկ րոպե ունի՝ դիրք զբաղեցնելու եւ նշան բռնելու համար, եւ ընդամենը երեք վայրկյան՝ կրակելու, որի ընթացքում չի թույլատրվում շնչել կամ արտաշնչել»:

Արմանը երեք թիրախներից յուրաքանչյուրը խոցում է մատի մեկ հպումով: Իհարկե, պատահականություն չէ: Վեց տարի է՝ ծառայում է առաջնագծում. «Կարող ես լինել դիմացկուն, անզիջում, վարժված, բայց, եթե վճռական պահին երկմտեցիր, ուրեմն՝ կվրիպես եւ կտապալես գործողությունը: Հետեւաբար, ամենակարեւորը գիտակցումն է՝  հանուն ինչի՞ ես կրակում»:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸԳոյություն ունի դիպուկահարների դասային որակավորման կարգ՝ երրորդ, երկրորդ, առաջին, վարպետ: Մասնագիտական աճի ձգտումն է հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող Օլյային դիպուկահարների դպրոց բերել. «Պատահել է՝ մեկ օր դարանակալել եմ ձյան մեջ. չեմ քնել, չեմ սնվել, ջուր չեմ խմել: Կարողություններս զարգացնելու համար պատրաստ եմ հաղթահարել ավելի բարդ փորձություններ: Եվ լավ է, որ մեզ այստեղ  չեն խնայում»:

Յանան էլ փորձարկում է իր նոր զենքը՝ «Օրսիս Տ-5000» դիպուկահար հրացանը. «Տրամաչափը 8.6 մմ է: Նախատեսված է փոքր նշանակետերի ուղղությամբ գերճշգրիտ կրակ վարելու համար: Այս զինատեսակը իր չափորոշիչներով աշխարհի լավագույնների շարքում է: Կարծում եմ՝ շուտ կվարպետանամ: Ավարտել եմ ֆիզիկայի ֆակուլտետը եւ հեռավորություն, ժամանակ, արագություն մեծություններից լավ եմ գլուխ հանում»:

Ինքնուրույն ընտրել նշանակետը, գնահատել դրա կարեւորությունը եւ խոցել մեկ կրակոցով. մեծ վարպետություն եւ համարձակություն պահանջող նման խնդիրներ Հովիկը շատ է կատարել. «Ժամկետային ծառայությունս անցկացրել եմ որպես դիպուկահար: Զորացրվել եմ եւ որոշել ծառայությունս շարունակել պայմանագրային հիմունքներով: Արդեն չորս տարի է, ինչ ընդգրկված եմ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Կարծում եմ՝ ինչքան էլ փորձառու լինես, միշտ սովորելու բան ունես: Դիպուկահարը պետք է բոլոր զենքերից էլ հավասարապես լավ կրակի: Հիմա հրաձգություն կվարեմ Arctic Warfare ընտանիքի դիպուկահար հրացանից»:

Ուսումնական մեկ այլ կետում էլ դիպուկահար դառնալու առաջին փորձերն են կատարում ժամկետային զինծառայողները: Նրանք ընդամենը մեկ-երկու ամիս առաջ են զորակոչվել:  Կապիտան Դարբինյանը նկատում է. «Զորամասերում ճիշտ ընտրություն է կատարվել: Մենք էլ այնպես կմարզենք, որ թշնամուն սաստելիս ձեռքները չդողան»: Հետո հրահանգում է. «Նշա՛ն բռնիր, կրա՛կ»: Եզակի արդյունք է ցուցադրում հյուսիսարեւելյան զորամասի զինվոր Դավիթը՝ 50 հնարավոր միավորից վաստակելով 49, «Դիպուկահարների մասին շատ ֆիլմեր եմ դիտել եւ միշտ ցանկացել եմ հենց այդ մասնագիտությամբ ծառայել: Զորամասում ինքնաառաջադրվել եմ (ժպտում է), այնուհետեւ  ԱԿ-74-ով խոցել բոլոր թիրախներն ու վաստակել այստեղ սովորելու իրավունքը: Մեկ ամսվա ընթացքում յուրացրել եմ «Դրագունով» դիպուկահար հրացանի հնարավորությունները: Հիմա այն գործնականում եմ կիրառում եւ այնքան ոգեւորված եմ, որ անգամ կիզիչ արեւը աչքիս չի երեւում: Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի վերադառնամ զորամաս եւ ստանձնեմ պարտականություններս»:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸ

 

Դիպուկահարի անխոցելիության երաշխիքները

Դիմացկունությունը, թերեւս,  դիպուկահարի ամենակարեւոր հատկանիշներից է: Եվ զինծառայողներն այն մարզում են կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ: Հաղթահարում են տարատեսակ արգելագոտիներ. վազում են երեք, հինգ, տասը կիլոմետր, ապա սողեսող անցնում փշալարապատ տեղանքը, մագլցում են երկու մետրանոց պատը, հետո նվաճում անմատչելի թվացող բարձրություններ, ցատկում խոր փոսի վրայով եւ այսպես շարունակ: Դասակի հրամանատար Մովսիսյանն անընդհատ ուղղորդում է ապագա դիպուկահարներին, հուշում, թե ինչպես ճիշտ կատարել այս կամ այն վարժությունը:  Փորձառու հրահանգիչն ասում է. «Արգելագոտու հաղթահարումը դաստիարակում է «մարտական զայրույթ», որն այնքան անհրաժեշտ է հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողին բարդ խնդիրներ կատարելիս»: Ապա վերաձեւակերպում է հայտնի ասույթը. «Կրկնությունը մարտական պատրաստության մայրն է»: Եվ տղաները վարժությունները նորից են կատարում:

«Գտնել քողարկված զինծառայողներին».  եթե ուսումնական վաշտի հրամանատար, կապիտան Արիստակեսյանն անզիջում լիներ, ես ու մեր լուսանկարիչը մի ամբողջ օր կանցկացնեինք զորավարժադաշտում՝ նրա այս առաջադրանքը կատարելու համար: Ինչ խոսք, կրակային դիրքի ընտրության եւ քողարկման նրբություններն ապագա դիպուկահարները գերազանց են ըմբռնել: Նկատել նրանց անգամ երեք քայլ հեռավորության վրա գրեթե անհնար է: Օգտագործել են տեղանքի ընձեռած բոլոր հնարավորությունները՝ խոտածածկույթ, փլվածքներ, թփուտներ: «Իսկ եթե քողարկիչ տարրեր չկա՞ն»,-հարցնում եմ: Կապիտան Արիստակեսյանը բացատրում է. «Ուրեմն կրակային դիրքն ընտրում են այնպիսի տեղանքում, որտեղ բացակայում են հստակ  կողմնորոշիչներ, ռելիեֆն էլ ոչնչով չի գրավում հակառակորդի ուշադրությունը»:

Դիպուկահարները սովորաբար կահավորում են հիմնական, պահեստային եւ կեղծ կրակային դիրքեր, որպեսզի  հակառակորդի կողմից  հայտնաբերվելու դեպքում փոխեն իրենց տեղը: Ուսումնական վաշտի հրամանատարը նշում է՝ եթե դիպուկահարն ու հետախույզ-դիտորդը հուսալի են քողարկված, ապա նրանց ապրելու հավանականությունը 70 տոկոսով ավելանում է. «Դիպուկահարը պետք է անտեսանելի լինի. նրա անխոցելիությունն ընկճում է հակառակորդին»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ