Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱ
ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱ

ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱԶինվոր կա՝ սահմանին է ծառայում. նրա բազկին՝ ուժ, ոգուն՝ ամրություն, իսկ զինվոր էլ կա՝ իր ժամանակը, Աստծու կողմից իրեն տրված տաղանդն է լիուլի ծառայեցնում Հայրենիքին: Զաքար Քեշիշյան – Կամիլա Երկանյան-Քեշիշյան. նրանց սիրտը «եռանիստ» է. մի կողմում Լիբանանն է` Զաքարի ծննդավայրն ու այժմ արդեն Կամիլայի բնակատեղին ու աշխատավայրը, մյուս կողմում Հայաստանն է, որի հետ բազում մարդկային ու ստեղծագործական կապերով են կապված, երրորդը Արցախ աշխարհն է, որտեղ նրանք հույս են սփռում եւ իրենց ոգու լույսը՝ գունավորելով Շուշիի մշակութային կյանքը: Հայաստան-Սփյուռք -Արցախ կենսական այս կապը գործում է անխափան:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վերջերս ներկա էի Կամիլա եւ Զաքար հրաշալի ամուսնական զույգի «Հայկական խճանկար» զուգանվագի (դաշնամուր, շվի-դուդուկ) երեւանյան անդրանիկ համերգին, որից հետո կայացավ Կամիլայի  «Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուի գինեձոնը: Այն գրականագետների բարձր գնահատանքին արժանացավ: Արտիստիկ, գեղեցիկ, ներդաշնակ ու շնորհաշատ այս զույգի մասին մի քանի հետաքրքրական տեղեկություններ իմացա՝ կատարումների միջեւ Զաքարի համով պատմություններից: Երաժշտական երեկոն վերածվեց հայ ընտանիքի յուրօրինակ ճակատագրի վավերագրություն-բեմադրության: Իսկ երբ նրանց հյուրընկալ հարկի տակ էի, շատ ավելին իմացա նրանց կյանքի ու հայրենանվեր գործերի մասին:

 

Զաքարը

Կամերային երաժշտության տան դահլիճում Զաքարն ու Կամիլան բազմիցս առանձին համերգներ են ունեցել, իսկ այս մեկը յուրահատուկ էր. բեմում երկուսով էին, կատարումներից մեկին միացավ նրանց վեցամյա զավակը՝ Վահագնը՝ իր դհոլով ու հայկական տարազով: «Մեզ բեմում տեսնելիս ոգեւորվում է, ուզում է մեզ միանալ»,- բեմից աչքով է անում Զաքարը: Առաջին անգամ Զաքարն այս դահլիճում է լսել Կամիլայի մենահամերգը սիմֆոնիկ նվագախմբի հետ` Բեթհովենի երկրորդ կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար. «Այն ժամանակ դեռ ո՜վ կմտածեր, թե ինչ բախտավորություն էր սպասում մեզ»… Զուգանվագներից մեկից հետո շվիի հետ իր առաջին ծանոթության պատմությունն է անում: «Փոքր էի, երբ մի անգամ Հայաստանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգի ժամանակ առաջին անգամ լսեցի շվիի ձայնը. հմայված էի: Հայրիկիս ասացի. «Կուզենամ ունենալ այս գործիքից»: Համերգից հետո մոտեցանք կատարողին: Հայրս ասաց, որ շատ սիրեցի շվին: Շվիահարը գրպանից հանեց շվին ու առանց խոսքի մեկնեց ինձ: Այսպես այդ գործիքը մտավ իմ կյանք… Կոմիտասյան շարք»,- հայտարարում է Զաքարը, որից հետո դահլիճը լցվում է շվիի` ասես հեռավոր սարերից հասնող առվակների հարազատ խոխոջյունով:

…Տարիներ հետո դիմել է ՀՀ Սփյուռքի նախարարություն՝ կոնսերվատորիայում ստաժավորում անցնելու համար: «Մի տարվա մեջ ի՞նչ պիտի սովորես,- ասել է խստադեմ ներկայացուցիչը,- օվկիանոսից մի բաժակ ջո՞ւր պիտի խմես: Չե՞ս ուզում մնալ Հայաստանում, ինչպես հարկն է՝ սովորել: Մենք էլ կիմանանք, որ սփյուռքի համար մի լավ գործ ենք արել»: «Աստծուց մեկ աչք էի ուզել՝ երկուսը տվեց»,- իր բախտի վրա զարմանում է Զաքարը: Երբ արդեն ընդունված էր ու պայմանավորված օրը ներկայացել էր դասի, նրան ընդառաջ է եկել դասախոսը… նույն մարդը, որ տարիներ առաջ համերգից հետո իրեն շվի էր նվիրել՝ Իլյա Մինասյանը…

Լիբանանահայ խմբավար-շվիահար-դուդուկահար Զաքար Քեշիշյանը Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, Լիբանանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Լիբանանում այժմ գործող ևս երկու երգչախմբերի՝ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան երգչախմբի և լիբանանահայ ազգային վարժարանների «Այգ» երգչախմբի ու նվագախմբի խմբավարն է:

1988 թիվ. համազգային շարժման զարթոնք, խմորումներ, և… երկրաշարժ… Թերևս պատահական չէր, որ Զաքարը հենց 1988-ին էլ առաջին անգամ իր ուսանող ընկերների հետ համերգային ծրագրով մեկնեց Արցախ և առաջին հայացքից սիրահարվեց Շուշիին:

«Դժնդակ տարիներ էին»,- հիշում է Զաքարը: Ուսանողական շրջանում նրա այցերը Շուշի արդեն պարբերական բնույթ էին ստացել: Երբ կոնսերվատորիայում ձմռանը ցրտի պատճառով երեք ամիս դադարեցվում էին դասերը, Զաքարը մեկնում էր Շուշի: Ամառային արձակուրդներն այնտեղ էր անցկացնում:

Երկրաշարժից հետո՝ 1989-ից կոնսերվատորիայի դասախոս Արմեն Բուդաղյանը ուսանողական համերգներ էր կազմակերպում երկրաշարժից տուժած տարածքներում:  «Գյումրիի դպրոցներից մեկում համերգի ժամանակ հանկարծ տեսա, որ բոլոր երեխաները ուրախ-զվարթ ծափ են տալիս, իսկ մի երեխա անընդհատ լալիս է: Շատ ազդվեցի. մտածեցի՝ երևի ծնողներին է կորցրել՝ մորը, հորը… Համերգից հետո  մոտեցա, հարցրի՝ «Բալի՛կ ջան, ինչո՞ւ կու լաս, պետք չի՛ լալ»: Ասաց. «Ձյաձյա՛, ես էլ էի շվի նվագում, շվիս մնաց ավերակների տակ…»: Մի շվի հանեցի ու տվեցի նրան. «Վերցրո՛ւ, նվագի՛ր»: Անմիջապես պայծառացավ: Տարիներ անց ծանոթներիցս մեկը հարցրեց. «Զաքա՛ր, Գյումրիում ինչ-որ երեխայի երկրաշարժից հետո շվի նվիրե՞լ ես»: «Այո՛, ի՞նչ է որ»: Ռադիոյով լսել էր, որ մրցույթում հաղթած մի շվիահար շնորհակալություն էր հայտնել երկրաշարժից հետո իրեն շվի նվիրած սփյուռքահայ դուդուկահարին, որի անունը չէր էլ հասցրել իմանալ:

1992թ.` Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Զաքարին վիճակվեց այնտեղ հիմնել «Վարանդա» երգչախումբը, որի 25-ամյակը նշվեց անցյալ տարի: Տասնվեց տարի է, ինչ բարի հսկան, ինչպես նրան անվանում են Շուշիում, ամեն ամառ Կամիլայի հետ արձակուրդն անցկացնում է Շուշիում:

«Դժվարին տարիներ էին,- պատմում է Զաքարը,- ամբողջ ուշադրությունն ուղղված էր բանակի կարիքներին, սակայն պետք էր սփոփել տեղի բնակչությանը, մաքրել նրանց աչքերի արցունքները, մանուկների դեմքին ժպիտ բերել… Երեխաներն այդ օրերին քրջերից տիկնիկներ էին պատրաստում, թատրոն բեմադրում»:

Քրջե տիկնիկների մասին լսելով՝ հիշեցի բնիկ շուշեցիներ Նվերին և Վովային, որոնք նույն այս պատմությունն արեցին վերջերս Շուշիում: Հենց այս երգչախմբի առաջին սաներն են եղել ու այդ տարիները մեծ ջերմությամբ են հիշում, գովեստով խոսեցին Զաքարի՝ մինչև այժմ էլ շարունակվող մեծ աշխատանքի մասին: Նրանք հիմա Շուշիի թատրոնում են աշխատում: Ապրիլյան քառօրյային անմիջապես զինվորագրվել ու մեկնել էին առաջնագիծ: Բայց նրանց մասին կպատմեմ առանձին:

«Արցախյան պատերազմի տարիներին նրանք դեռ երեխա էին,- ասում է Զաքարը:- Մի դեպք հիշեցի…Հերթական փորձն էինք անում, երբ տաք հաց բերեցին: Փորձը ոչ մի կերպ առաջ չէր գնում, ու հանկարծ գլխի ընկանք, որ երեխաները քաղցած են… Հացի բույրից շշմել էին… Մեծ սիրով էին գալիս պարապմունքներին: Մի օր համերգով գնացել էինք Հադրութ. երեք համերգ էինք տվել, մեկը՝ զորանոցում: Անձրև, մշուշոտ եղանակ էր: Վերադարձանք, արդեն պառկել էինք քնելու, ու հանկարծ զանգ հնչեց. «Պարո՛ն Զաքար, Ֆելիքսին ասե՛ք՝ թող Ձեզ մոտ մնա, առավոտյան տուն գա»: Երեխայի մայրն էր: Շատ անհանգստացա. Ֆելիքսին տուն էի ճանապարհել: Ասացի՝ «Տիկի՛ն, բայց Ձեր տունն ո՞ւր է որ, արդեն հասած պետք է լիներ»: «Ո՞նց, չի՞ ասել, որ քարինտակցի ենք»: «Այո՛, բայց Քարինտակը Շուշիում չէ՞»: Ֆելիքսն, ուրեմն, ամեն առավոտ դժվար, քարքարոտ ճանապարհով եկել, հետ էր վերադարձել: Մի ժամ հետո մայրը կրկին զանգահարեց. «Մի՛ անհանգստացեք, արդեն հասել է»:

26 տարիների ընթացքում «Վարանդա» երգչախմբի տարազով 700 երեխաներ առնվազն մեկ անգամ բեմ են բարձրացել: Ոմանք՝ 15 տարի, ոմանք՝  10 տարի շարունակ երգել են «Վարանդայում»: Նրանցից ոմանց երեխաներն են այսօր երգչախմբում երգում: «Այժմ նոր երգացանկի վրա ենք աշխատում»,- ասում է Զաքարը: Հիմա Զաքարն ու Կամիլան Շուշիում են, զբաղված են Վարանդայի երիտասարդների, պատանիների և երեխաների հետ նոր համերգ կազմակերպելով: «Ուրախ եմ, որ ժամանակակից կոմպոզիտորներից նոր երգեր ենք նվեր ստանում, հարստացնում մեր երգացանկը, առաջնաելույթներ ենք ունենում Շուշիում: Այս 25 տարիների ընթացքում շուրջ 106 երգ է ծնվել, և այս տարի  տասնյակ նոր երգեր ավելացան դրանց»: Ստեփան Շաքարյան, Արեգ Լուսինյան, Ռոբերտ Պետրոսյան, Ստեփան Բաբաթորոսյան, Խաչատուր Մարտիրոսյան և այլն: Սուրեն Մուրադյանի, լուսահոգի Երվանդ Պետրոսյանի և մյուս մեր հրաշալի մանկագիրների խոսքերով երգեր են գրվել:

Զաքարը ոչ միայն երգչախմբային գործունեությամբ է զբաղված, այլ նաև իր սաներին օգնում է երաժշտական միջազգային տարբեր հարթակներ դուրս գալ: Մի քանիսն ավարտեցին Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, մի մասն էլ՝ Երեւանի պետական կոնսերվատորիան: Շատերն այժմ Ստեփանակերտում երգչախմբեր ունեն: «Նախկին սաներից լիբանանահայ Րաֆֆի Միքայելյանը երեք արտասահմանյան երկրներում կայացած միջազգային մրցույթների դափնեկիր է:

«Վարանդայի» առաջին 10 տարիներին մշտապես Ասկերանի, Խոջալուի, Մարտակերտի, Հադրութի զորանոցներում համերգներ էինք տալիս, – պատմում է Զաքարը: – Հետպատերազմյան ծանր շրջանն էր. մենք էլ մեր կողմից էինք ուզում ոգևորել մեր զինվորականներին: Թե՛ իմ երգչախմբի երիտասարդների, թե՛ երեխաների և թե՛ զինվորների համար սա այնքա՜ն մեծ ոգևորություն էր»:

Զաքարն ու Կամիլան «Վարանդայի» 25-ամյա հոբելյանից առաջ որոշել էին՝ 25 տարին մեկ միամյա ընդմիջում տալ: Սակայն հենց Շուշիում էլ վճռեցին՝ ոչ մի դադար…

 

Կամիլան

ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱԿամիլան բեմից եթերային մի փերի է թվում` նուրբ, գեղեցիկ, անվրդով: Սակայն այն ուղին, որն ինքն է ընտրել, անշուշտ նրա հզոր անհատականության և մարտիկի որակների մասին է վկայում: Իհարկե, դժվար է ծննդավայրից հեռու լինելը, բայց, ուրախալի է, որ կարող է միաժամանակ գործել ու օգտակար լինել մի քանի վայրում:

Կամիլան սերում է Երկանյանների հայտնի երաժշտական ընտանիքից: «Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում» ասույթը լիովին սազական է Կամիլային: Երիտասարդ կինը հրաշալի դաշնակահարուհի է, բանաստեղծուհի, զբաղվում է գեղանկարչությամբ: Լիբանանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Մենահամերգներով, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Կիպրոսում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում և Արցախում:

Նրա բանաստեղծական ժողովածուները տպագրվել են հայաստանյան և արտերկրի մի շարք հայալեզու թերթերում և հանդեսներում, ալմանախներում: Դրանց հիման վրա գրվել են երգեր: «Այս տողը իմ տունն է», «Ձեզ նայելիս», «Ղովտի կին», «Քարի ու իմ միջև», «Բառահանդես» և վերջապես նոր՝ «Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուն նրա մեջ փոթորկվող ընդվզումների և խաղաղարար ուժի երևակումն են: «Ծաղկած ցավի» բաժիններից մեկը՝ «Խաղաղութիւն՝ արեան երգերով», ծնվել է Արցախյան շարժման՝ Կամիլայի վերապրումներից: Այս բանաստեղծությունների մի մասը արևմտահայերեն է: Կամիլայի արմատները Կարինից են, և արևմտահայերեն գրելը, ինչպես ինքն է բացատրում, իր արյան կանչն է:

Երբ Երևան գալով՝ այցելել էր գրականագետ Ֆելիքս Բախչինյանին, վերջինս մի գիրք էր դրել սեղանին` «Ծանոթացի՛ր»: Կամիլայի գործերի մասին «Տագնապի ճիչը» (Կամիլայի բանաստեղծական աշխարհը) գրականագիտական վերլուծությունն էր: «Կարո՞ղ եք պատկերացնել ապրումներս, երջանկությունս… Անչափ շնորհակալ եմ նրան՝ այս հրաշալի նվերի համար»: Ֆ. Բախչինյանի այս գրքից ուզում եմ մեջբերել երկու տող Կամիլայի առաջին՝ «Բառահանդես» ժողովածուի մասին. «…Մեծ եղավ զարմանքս, երբ գրքի հենց առաջին էջից ես լսեցի մեղեդի՝ բառի մաքուր ու եթերային մեղեդի: Բառը հնչեց որպես երգ, ու ես լսեցի բառաշատրվանների ու բառաջրվեժների բազմաձայն երաժշտություն»:

Տարբեր երկրների բեմահարթակներում մենահամերգներով ու զուգանվագներով հանդես եկած Կամիլան շատ բարձր է գնահատում մեր ժողովրդի երաժշտական ըմբռնումը: Հարություն Դելլալյանի «Սոնատ դաշնամուրի համար. նվիրում Կոմիտասին»` Ցեղասպանության զոհերի և վարդապետի հիշատակին նվիրված ստեղծագործությունն առաջին անգամ որոշ մտավախություններով է ներկայացրել Շուշիի հանդիսատեսին: Բնավ դյուրամարս երաժշտություն չէ. դաշնակահարը կատարման ընթացքում մատներով դաշնամուրի ստեղներից էլ է ձայներ կորզում: «Համերգից որոշ ժամանակ անց հեռախոսազանգ եկավ. ինձ անծանոթ մեկը իր հիացմունքն էր արտահայտում: Այնքան խոր և ճշգրիտ վերլուծություն արեց… ցանկացա իմանալ՝ ո՞վ էր այս երաժշտագետը: «Չէ՛, Կամիլա ջան, ես գյուղացի մարդ եմ, գործս այգու հետ է»:

Կամիլան Արմինե Աբաջյան-Բասմաջյանի հետ 2015-ին կազմել է դաշնամուրային «Կամար» երկյակը և ելույթներ ունեցել Հայաստանում և այլուր:

Առջևում Կամիլայի նոր համերգն է. սեպտեմբերի 6-ին Կամերային երաժշտության տանը նա ելույթ կունենա հոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի առաջատար դաշնակահար Սեդրակ Երկանյանի հետ զուգանվագով:

 

Օրերս՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահ Բակո Սահակյանը Զաքար Քեշիշյանին շնորհեց Արցախի Հանրապետության Արվեստի վաստակավոր գործչի  կոչում: «Հայ զինվորը» ջերմորեն շնորհավորում է բազմաշնորհ երաժշտին՝ իր հայրենանվեր գործունեության համար ստացած պարգևի առթիվ:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Կամիլա Երկանյան-Քեշիշյան

ՏՂԵՐՔԻՆ…

(«ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ՝ ԱՐԵԱՆ ԵՐԳԵՐՈՎ» շարքից)

 

Իմ ձեռքերի մէջ

Քո մարմինն է տաք,

Կոկորդս սեղմող՝

Ցաւի փամփուշտը:

Դու տուեցիր մեզ

Խաղաղութիւնը

Ու հեռանում ես

Արեան երգերով:

Խրամատներից

Բարձրացող յուշն է

Մեր դէմքերի

Արիւնը մաքրում:

Գունատ երկնքի

Դալկադեմ աշունն է,

Դեղնավիշտ փէշով

Հառաչը ծածկում:

Քո աչքերի մէջ

Յոյսի կանգառներն են

Հայոց բարձրադիր

Եզերքը պահում:

Իմ ձեռքերի մէջ

Քո տաք մարմինն է,

Համբոյրիս սպասող՝

Վիրակար վէրքեր:

Դու տուեցիր մեզ

Խաղաղութիւնը,

Իսկ հերթը մե՛րն է

Պատուով ապրելու:

 

2018թ.