Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ  ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի Ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մոնթե Մելքոնյան անուն-ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը: «Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետև անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից և ամեն քայլ պետք է լինի իր և մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը:

Դրսևորելով բարձր գիտակցականություն, ճիշտ ընտրելով ձեր ապագա մասնագիտությունը և կայանալով որպես հաստատակամ անհատներ` դուք սկսելու եք ծառայել ու գործել ի բարօրություն երկրի, ի նպաստ ապագայի և երաշխիք եք դառնալու հաջորդ սերունդների համար, որպեսզի նրանք էլ գիտակցեն, որ ստեղծածը ոչ միայն ենթակա է պահպանման, այլ այն պետք է զարգանա ու հզորանա»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Ընդգծելով նաև այն իրողությունը, որ հասարակությունը ձևավորող անհատների ֆիզիկական և մտավոր ներուժի հզորությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը՝ նախարար Տոնոյանը գոհունակությամբ է արձանագրել, որ վարժարանում ուսանող երիտասարդները գիտակցաբար են մոտենում ապագայում ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու և հայկական զինուժի սպայակազմը ձևավորելու շատ կարևոր նախապայմանին: «Վարժարանի սաներից շատերը այսօր զինված ուժերի հրամանատարական շղթայի անքակտելի մասն են և բարձր ու կարևոր հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում՝ իրենց կարգապահ ու նվիրված ծառայությամբ նպաստելով զինված ուժերի մարտունակությանը և ավելի ամուր դարձնելով հայոց սահմանը: Վստահ եմ, որ տարիներ անց մենք հպարտանալու ենք նաև ձեզնով»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ռազմամարզական վարժարանի ղեկավար կազմը, ուսուցիչները և սաները: Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ներկաներին իրենց հայրենասիրական կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ «Զորական» համույթի զինծառայողները:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է վարժարանի անձնակազմի շարային երթով, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական զրույցը սաների հետ և շրջայցը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրի տարածքում: