Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԺՎԱՐ՝ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
ԴԺՎԱՐ՝ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ

ԴԺՎԱՐ՝ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄՉդադարող մարզումներ եւ ծրագրով նախատեսված դասընթացներ. հյուսիսարեւելյան զորամասում ուսումնական փուլը ակտիվ ընթացքի մեջ է:

Ամիսներ առաջ գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումների ժամանակ փայլուն հանդես եկած զորամասի անձնակազմն ամրապնդում և կատարելագործում է ունակությունները:

Զորամիավորման լավագույն հետախուզական վաշտի զինծառայողներն են մարզվում: Շտկում են մասնագիտական հնարքները: Նման պարապմունքներն են հղկում հետախույզների դիմացկունությունն ու մասնագիտական վարպետությունը:

«Մենք պետք է ամեն օր, ամեն վայրկյան պատրաստ լինենք դիմակայելու հակառակորդին, ուստի ժամանակը զուր չենք վատնում, անընդհատ կրկնում, ամրապնդում ենք գիտելիքները»,- նշում է ժամկետային զինծառայող Տիգրան Հակոբյանը:

Զինվորական առօրյայի կարևոր ու պարտադիր բաղադրիչներից է նաև ֆիզպատրաստության դասաժամը: Տղաները համալիր վարժություններ են կատարում, կոփում մարմինն ու հոգին: Զինվորների շարքում քիչ չեն նաև մարզիկները: Նրանք ծառայողական հագեցած առօրյային զուգահեռ հասցնում են ժամանակ հատկացնել նաև  իրենց մարզաձևերին:

Ժորա Աթոյանն ասում է. «Մեր ֆիզպատրաստության շարահրապարակում բոլոր հնարավորությունները կան, որ պարապես, չթուլանաս եւ նույնիսկ գերազանցես այն արդյունքները, որ ունեիր նախքան բանակ գալը»:

Զորամասի կայանավանում ԴՕՍԱԱֆ-ի մեքենավարման դասընթացներն ավարտած նորակոչիկներն են. ծանոթանում են կցագրված զինտեխնիկային, բնութագրերին ու շահագործման կարգին: Սա անհրաժեշտ է հատկապես զինանձնակազմին տեղափոխել պատրաստվող վարորդների համար. պետք է անսարքության դեպքում կարողանան տեխնիկան արագ գործի դնել, վերացնել թերությունները, հերթափոխին հասցնել մարտական հենակետ:

Գոռ Դավթյանը վստահ է՝ գերազանց կհանձնի մեքենավարման առաջիկա քննությունն ու իբրև վարորդ պատվով կանցկացնի երկամյա ծառայությունը:

…Համաձայն պատրաստության պլանի՝ զորամասերում այս շաբաթ անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այսօրինակ մարզումների պարբերականությունը հնարավորություն է ընձեռում սպաներին փնտրելու և գտնելու նոր լուծումներ, ամրապնդելու մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունները պաշտպանողական մարտի նախապատրաստման և պլանավորման ժամանակ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը նկատում է. «Սա լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր սպա իրադրության կտրուկ փոփոխության, սրման ժամանակ հմուտ գործի, հմուտ ղեկավարի իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը»:

Մեկ այլ զորամասում գործնական պարապմունքներ են անցկացնում հրետանավորները: Անցած ուսումնական կիսամյակի արդյունքներով, մարտական պատրաստության առումով, ստորաբաժանումը ճանաչվել է պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Ուսման գերազանցիկ Անդրեյ Հովհաննիսյանը, որ նախկինում երբեք չի էլ մտածել հրետանավոր դառնալու մասին,  անցնելով ծառայության հրետանային ստորաբաժանումում, մասնակցելով մարտական կրակով անցկացվող զորավարժություններին, մեջբերում է Սուվորովի հայտնի  թևավոր խոսքը. «Դժվար՝ ուսման մեջ, հեշտ՝ մարտի դաշտում»:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ