Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸՀնագետ Հակոբ Սիմոնյանի աշխատասենյակում նախշազարդ սափորները միանգամից են գրավում ուշադրությունս: Դժվար թե որեւէ իր պատահաբար տեղ գտնի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենի սեղանին:

 

-Սեւ կավանոթները թվագրվում են ք.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսն ընկած ժամանակաշրջանով: Հայտնաբերել ենք Ամուլսարում, որտեղ նախքան ոսկու հանքի շինարարական աշխատանքները, կարելի է ասել, փրկարարական պեղումներ ենք կատարել,-նկատելով հետաքրքրվածությունս՝ պատմում է հնագետը: -Դրանք բացահայտում են Հայաստանում թույլ արտահայտված բացառիկ հետաքրքիր մի փուլ՝ երբ ձեւավորվում էր հնդեվրոպական կամ արիական մշակույթը, երբ ի հայտ էին գալիս առաջին դամբանաբլուրները: Գունազարդ մյուս սափորները Աշտարակի մերձակայքից են՝ Վերին Նավեր դամբարանադաշտից, թվագրվում են 2-րդ հազարամյակի առաջին կեսով: Անոթները գտնվել են իրարից մոտ 250 կմ հեռավորության վրա, բայց շարունակում են մեկը մյուսին՝ ապացուցելով, որ բրոնզե դարից ի վեր հայկական լեռնաշխարհն ունեցել է միասնական մշակույթ:

-Ենթադրում եմ՝  վերականգնողներն ահռելի աշխատանք են կատարել՝ գտածոները սկզբնական տեսքի բերելու, դրանց նոր կյանք պարգեւելու համար:

-Բնականաբար: Գտածոները  բաժանված էին հարյուրավոր մանր, փխրուն կտորների, որոնք համարակալվել են, մաքրվել, լվացվել, լուսանկարվել, հաշվառվել ու հետո միայն վերականգնվել գիպսի օգնությամբ: Մեր վերականգնողներն իրենց գործը փայլուն են կատարում:  Վերջերս Ճապոնիայի կառավարությունը  Հայաստանի հետ կնքեց 630 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա վերազինելու մեր լաբորատորիան նորագույն սարքավորումներով եւ լուծելու պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքները, ճարտարապետական կոթողները լավագույն մեթոդներով վերականգնելու խնդիրները:

-Պարոն Սիմոնյան, Ձեր ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է հազարավոր հնագիտական նյութեր, որոնցից շատերն են եզակի: Սակայն ամենատպավորիչն ու բացառիկը, թերեւս, Աղձքի պեղումներն են, որ  լույս են  սփռում Հայոց պատմության կարեւորագույն դրվագներին…

ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ-Պարսից Սասանյան Շապուհ Երկրորդ արքան, չկարողանալով ընկճել Հայաստանի ըմբոստ ոգին, ձեռնարկում է արշավանք, որի նպատակն էր հափշտակել հայոց արքաների ոսկորները, որովհետև, ըստ մոգերի, դրանց մեջ էր ամփոփված երկրի քաջությունը, բախտն ու փառքը: Թագավորը խորհրդանշել է երկրի անկախությունն ու հզորությունը: Պարսկական բանակը, շրջանցելով Հայոց Միջագետքը, հարավից ներխուժել է Եփրատ գետի վերին ավազանը եւ խաբեությամբ գրավել Անի-Կամախ ամրոցը, բացել հայոց արքաների դամբարանն ու հափշտակել պետականության խորհրդանիշները: Հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ գիշերային հարձակումով ջախջախել է պարսկական բանակն ու հետ խլել հայոց արքաների մասունքները: Պատմիչներն ուշագրավ տեղեկություններ են հաղորդում. հոգեւորականները կտրուկ դեմ էին սրբերի հանգրվան Վաղարշապատում հուղարկավորել մասունքները, քանի որ հայոց հեթանոս եւ քրիստոնյա արքաների ոսկորները խառնվել էին: Եվ ահա Արագած լեռան լանջին՝ Աղձքում, կառուցվել է հատուկ դամբարան, որտեղ ամփոփվել են հայոց արքաների մասունքները: 19-րդ դարում հայ գիտնականները, հոգեւորականներն առաջին անգամ ուսումնասիրեցին դամբարանը, սակայն ոչինչ չգտան: Թվում էր՝ պարսից արքայի  դիվական ծրագիրն իրագործվել է, եւ թագավորների աճյուններն անհետ կորել են՝ զրկելով երկիրն իր զորությունից ու փառքից: Կառավարության ծրագրով՝ պեղումների նոր փուլը վերսկսվեց  2015-2016թթ., երբ պատգամավոր Արագած Ախոյանն Ազգային ժողովում բարձրաձայնեց՝ ամոթ է, ինչպե՞ս ենք պահպանում հայոց արքաների դամբարանը:  Դամբարանի կողքին գտնվող եկեղեցին վերականգնելու նպատակով որոշվեց պեղել սալահատակը:  Եվ հանկարծ սալահատակի տակ հիանալի և համաչափ զարդանախշերով երեք քարե մասունքատուփեր հայտնաբերեցինք: Դրանցից մեկի վրա խաչ էր, որ վկայում էր՝ աճյունները հողին են հանձնվել արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում:

-Որ այդտեղ եղել է  Արշակունիների դամբարանը, վկայում են Խորենացին ու Բուզանդը: Բացի պատմական փաստերից, ի՞նչն է հիմք տալիս եզրակացնելու, որ այստեղ ամփոփված են արքաների մասունքները:  
-Նախ՝ բոլոր ոսկորները ջարդված են, բեկոտված, ինչը բնական է, քանի որ  պարսիկները հապշտապ են դրանք հանել հողից: Երկրորդ՝ մարդաբանական հետազոտություններն ուշագրավ փաստեր են ի հայտ բերել՝ ոսկորները պատկանում են տարբեր սեռի ու տարիքի անձանց, ինչը նշանակում է, որ դա ընտանեկան թաղում է: Եթե սրբերի մասունքներ լինեին, ուրեմն, պիտի միայն հասուն տղամարդկանց ոսկորներ գտնեինք:  Մի հետաքրքիր դիտարկում եւս. աճյունատուփերի մեջ հայտնաբերված որոշ ոսկորների վրա կան դիակիզման հետքեր, իսկ մինչքրիստոնեական ժամանակաշրջանում թագավորների մարմինները դիակիզում էին:  Նաեւ՝ աճյունատուփերը թաղված էին այն ժամանակ արդեն գոյություն ունեցող եկեղեցու խորանի տակ. սալահատակը քանդվել է, տուփերը թաղվել են,  հետո սալահատակը նորից զմռսվել է:

-Ինչո՞ւ:

ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ-Հայաստանը պատերազմում էր Սասանյան կայսրության դեմ, որը աշխարհակալ երկիր էր: Եվ ամեն րոպե պարսիկները կարող էին նորից փորձել գողանալ ոսկորները: Այսինքն՝ դրանք պետք է թաքցնեին հնարավորինս հուսալի վայրում: Ինչ վերաբերում է հիմնական դամբարանին, ապա այն կառուցվել է կա՛մ մոլորեցնելու համար, կա՛մ էլ աճյունների մի մասը այնտեղ են հուղարկավորել: Այնուամենայնիվ, վերոնշյալ  փաստարկները համալրման կարիք ունեն: Պետք է կատարել հայտնաբերված  ոսկորների  ռադիոկարբոնային եւ ԴՆԹ տարրալուծում, ինչը բավականին ծախսատար է, սակայն թույլ կտա պարզելու աճյունների բացարձակ տարիքն ու արքայատոհմի անդամների գենետիկան: Ի վերջո, ամբողջ Մերձավոր Արեւելքում սա միակ վաղ միջնադարյան արքայական դամբարանն է:

-Ինչ խոսք, Աղձքը մեր փառքի, մեր հպարտության, մեր փառահեղ անցյալի հուշարձաններից է: Այս է վկայում նաեւ պեղված աշխարհիկ պալատական կառույցը: Այժմ ո՞ր շերտին եք հասել:

-Մինչ այժմ պալատական շինության մասնակի հետքեր ունեինք Դվինում՝ թվագրված 5-6-րդ դարով: Իսկ 450-500 քառ. մետր մակերեսով այս մոնումենտալ շինությունը մեզ հասած միակ վաղագույն աշխարհիկ պալատական կառույցն է (4-5-րդ դարեր): Այն լավ պահպանված է. պալատի պատերի բարձրությունը հասնում է 3 մետրի: Այստեղ ամենայն հավանականությամբ հավաքվում էին երկրի առաջնորդները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայոց արքաներին, որոշելու ճակատագրական հարցեր, այսինքն` առանցքային, սրբացված մի վայր էր: Երկու տարուց կավարտենք պեղումները: Շերտերը բավականին թանձր են, ինչը բարդացնում է աշխատանքը: Այժմ հասել ենք ստորին շերտին, որն անմիջական կապ ունի պատմական անցքերի հետ: Դարձյալ այստեղ հայտնաբերել ենք  ամբողջ Առաջավոր Ասիայում եզակի հարթաքանդակներով զարդարված թրծակավե աղյուսներ, որոնք կազմել են ծոփոր (ֆրիզ) եւ ձգվել պատի ամբողջ երկայնքով:  Ամենատպավորիչը, թերեւս, զմրուխտ հավքի  կամ հազարան բլբուլի պատկերով սալիկն է: Սիրամարգի գլխով եւ պոչով, արծվի հզոր ոտքերով թռչունը  կանգնած է կենաց ծառի դիմաց, որից բխում են չորս գետեր:

Աղձքում ենք հայտնաբերել նաեւ մեսրոպատառ արձանագրություններով վաղ միջնադարյան երկու տապանաքարեր: Հավանաբար իշխանական ծագում ունեցող անձանց կամ հոգեւորականների գերեզմաններ են: Մի եզակի դամբանաքար էլ վերջերս պեղեցինք՝ երկթեք  տապանաքարի երկու կողմերին շրջանի մեջ առնված արիական խաչ  է, որ փորագրվում էր հնագույն եկեղեցիների աղոթասրահների պատերին: Ամբողջ Հայաստանում չկա նման խաչով գեթ մեկ տապանաքար: Ուրեմն, անկասկած, այստեղ պաշտելի պատմական անձ է ամփոփված:

-Պարոն Սիմոնյան, այս պեղումները, այս ամբողջ ծրագիրն ի՞նչ նշանակություն ունի: 

ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ-Գտածոներն ապացուցում են, որ զարգացած միջնադարում Աղձքը եղել է այնպիսի կենտրոնների շարքում, ինչպիսիք են Անին, Գառնին, Ամբերդը: Հարկավոր է Աղձքի հանդեպ վերաբերմունքն արմատապես փոխել, տարածքը բարեկարգել եւ հիմնել Հայոց պետականությանը նվիրված թանգարան:  Սա մեր ինքնությունը պահպանելու, մեր ունեցածն աշխարհին ցույց տալու լավագույն հնարավորությունն է: Եթե Աղձքը վերականգնվի, ապա այն կարող է դառնալ զբոսաշրջության միջազգային հզոր կենտրոն:  Ի վերջո, երբ պարսիկները ավերում էին մեր արքաների դամբարանը, հավատում էին, որ այդպիսով բախտը, քաջությունը եւ փառքը կլքեն մեզ: Հիմա, եթե մենք մեր արքաների դամբարանը վերականգնենք՝ գուցե փոխենք մեր ճակատագիրն ու նախնյաց քաջությունը եւ փառքը վերադարձնենք մեր երկիր:

-Ուշագրավ են նաեւ Արագածոտնի մարզի մեկ այլ՝ Փարպի գյուղի շրջակայքում գտնվող Ներքին Նավեր դամբարանադաշտի  պեղումները: Հայտնաբերել եք ձիու ոսկորներ: Զոհաբերված ձի, այն էլ երրորդ հազարամյակի երկրորդ կեսով թվագրվող դամբարանում, համամարդկային արժեք ունեցող հայտնագործություն է: Ինչպե՞ս եղավ:

-2002 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձեռնարկեցի Ներքին Նավեր դամբարանադաշտի պեղումները: Դամբարանի ընդերքում գտա խոշոր կճղակավոր կենդանու ոսկորներ, հավանական էր՝ ձիու: Խիստ ցուրտ էր, ձյուն: Որոշեցի դադարեցնել պեղումները, ծածկել ոսկորները հողով եւ վերսկսել աշխատանքը միայն հնէաբանի ներկայությամբ: Եվ ահա ձմռան ավարտից հետո Հայաստանում էր հնակենդանաբան Հանս Պիտեր Ուերպմանը: Այո, այստեղ, ի թիվս այլ կենդանիների, գազանների, թռչունների, ձկների, խեցգետնի և երկկենցաղների, կատարվել է նաև երկու ձիու զոհաբերություն: Թաղման նման ծես վկայված է  հնդարիների սրբազան հիմներում: Ձին հասարակ ընտանի կենդանի չէ: Այն քաղաքակրթության կրողն է ու ռազմական ուժի հիմքը: Ընտելացնելով ձին և օգտագործելով որպես տրանսպորտային միջոց՝ մարդը տարածությունը կրճատեց 4-10 անգամ: Թերևս ձին էր այն հիմնական լծակը, որը հնարավորություն տվեց հնդեվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդներին կարճ ժամանակամիջոցում տարածվելու իրենց պատմական հայրենիքից մինչև Բրիտանիա ու  Հնդկաստան: Հետագայում Ներքին Նավերում հայտնաբերվեց ձիաբուծության մասին վկայող ապշեցուցիչ մի սափոր՝ կարմիր ֆոնի վրա սեւով պատկերված է տոհմիկ ձիերի երամակ, ինչպես նաեւ մի զվարճալի դրվագ. ձիերից մեկը «քաշում է» քուռակի պոչից՝ իբրեւ նախատինք: Այս գտածոն հնագույնն է ամբողջ հին արևելյան մշակութային ժառանգության մեջ: Ընդամենը 1 կմ արևելք ընկած Վերին Նավերի արքայական դամբարաններում էլ  հայտնաբերեցինք մարտակառք եւ հերոս արքաների դիմաքանդակներով զարդարված թագ: Մինչդեռ Հայաստանի հնագույն դիմաքանդակներ էին համարվում Տիգրան Մեծի դիմապատկերով դրամն ու Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը: Արքայական ծեսին բնորոշ շքեղ թաղման ընծաներում բացառիկ էին նաեւ երկաթե իրերը, մասնավորապես՝ ձիու սանձը,  ինչպես նաև ոսկեզօծ շեղբով դաշույնը՝ պատրաստված իր ժամանակի համար բարդ տեխնոլոգիական հնարքներով: Դրանք թվագրվում են Ք.ա. XVII-XIV դդ., այնինչ ընդունված է համարել, որ երկաթը տարածվել է Ք.ա. XII դ.:

-Այս  վիթխարի հայտնագործությունների մասին հրապարակվել են բազում հոդվածներ, խոսել են  միջազգային գիտաժողովների ժամանակ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս  են արձագանքել արևմտյան գիտական շրջանակները:

ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ-Ներքին Նավերի եւ Վերին Նավերի բոլոր դամբարանները պատմամշակութային, հնագիտական մեծաքանակ տեղեկություններ են պարունակում հին Հայաստանի բնիկների կյանքի, կենցաղի, դիցաբանական ընկալումների, սովորությունների, սոցիալական կառուցվածքի մասին: Ք.ա. III հազարամյակում այստեղ ձևավորվել էր հնդեվրոպական կամ հին արիական մշակույթը կրողների հզոր հասարակություն, որը տիրապետում էր ձիաբուծության եւ մետաղագործության գաղտնիքներին: Գտածոները Հին աշխարհի պատմությունը սրբագրելու եւ հանելուկային մի շարք երևույթների, այդ թվում նաև հիքսոսների առեղծվածի բացահայտման համար կարեւորագույն նշանակություն ունեն: Դրանք ապշեցրել են արեւմտաեվրոպացի գիտնականներին: Նրանք զարմանում են. ինչպե՞ս կարող են Բաբելոնից հյուսիս այսպիսի գտածոներ հայտնաբերվել: Չեն ուզում հաղթահարել կարծրատիպերը: Մենք պետք է կարողանանք պարտադրել ճշմարտությունը, ինչը բարդ, աշխատատար և մեծ ֆինանսներ պահանջող ծրագիր է:  Մեզ անընդհատ փորձում են համոզել, որ փոքր երկիր ենք, իսկ փաստերն այլ բան են հուշում:

Գիտեք, ես նաեւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ եմ եւ հաճախ այցելում եմ առաջնագծի զորամասեր: Զրուցում եմ մեր զինվորների հետ, ներկայացնում պեղումների արդյունքները: Ուզում եմ դիրքերում կանգնած մեր տղաներն իմանան, որ հարյուրհազարամյակների պատմություն ունեցող հզոր երկրի սահմաններն են հսկում…

 

Զրուցեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ