Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. 1918Թ. ՄԱՐՏ



ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. 1918Թ. ՄԱՐՏ1918 թ. մարտին Սարիղամիշի ռազմաճակատում իրավիճակը հակառակորդի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով կտրուկ փոխվում է: Մարտադաշտի առաջավոր բնագծերից ստացած տեղեկություններից հայտնի է դառնում, որ մարտի 11-ին թուրքական զորքերը վերսկսում են հարձակումը և առանց որևէ ջանքերի գրավում են Միջնկերտ գյուղն ու շարունակելով առաջխաղացումը Սարիղամիշի խճուղով՝ գրավում են Ղարաուրգանի մերձակա Ենիքյոյ-Զյակ և Աբուլվերտ գյուղերը: Պաշտպանության այդ բնագծում դիրքավորված Դալի Ղազարի զորաջոկատները չկարողանալով պատշաճ դիմակայել թուրքական զորքերի գրոհներին՝ նահանջում են Հայդարա գյուղ: Հայկական զորքերի նահանջի հետևանքով ստեղծվում է շատ վտանգավոր ու տագնապալի իրավիճակ: Թուրքերը կարող էին լրացուցիչ ուժեր նետել մարտադաշտ և խորացնելով ճեղքումը, զարգացնել ձեռք բերած նվաճումն ու հարձակվել Սարիղամիշի վրա, որի զինապահեստներում ամբարված էին հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք, հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Հարկավոր էր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և վճռական ու արագ գործողություններով հետ շպրտել թուրքերին ու փակել ճեղքվածքը:

Այդ Ժամանակ Սարիղամիշում էր նաև Հայկական Բանակային կորպուսի զինվորական կոմիսար Դրոն, որը քաջ գիտակցելով թուրքական զորքերի հարձակման հետևանքով ռազմաճակատում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի ողջ կարևորությունը՝ վճռում է մեկնել Ղարաուրգան-Միջնկերտ ուղղություն և անձամբ առաջնորդել հայ զինվորներին:

Համաձայն այդ օրերին ռազմաճակատում տիրող կացությունը լուսաբանող տեղեկագրի` «Այդ ժամանակ ժամանում է կորպուսի զինվորական կոմիսար Դրոն, և ռազմաճակատի հրամանատար, գեներալ Արեշյանը՝ գնահատելով այդ առաջնորդի ժողովրդականությունը, անմիջապես նրան է հանձնում Խանի զորախումբն ու նրան հանձնարարում մարտի 14-ին Ղարաուրգանի և Միջնկերտի շրջանում անցնել հարձակման: Դրոյի հրամանատարության ներքո եղել են 1-ին գնդի 3 վաշտեր, Դալի Ղազարի 4-րդ զորախմբի 4 վաշտեր, Արամի խումբը, 101-րդ հեծյալ հարյուրակը, 4-րդ լեռնային մարտկոցը և մեկ թեթև հրանոթ: Այդ ամենից զատ, նրան օգնելու համար ուղարկվում են Հայոց ազատամարտի անվանի ռազմիկներ Սեբաստացի Մուրադի և Սեպուհի հեծյալ վաշտերը: Զորախմբի կազմում ընդգրկվում են նաև 12 սպաներ՝ գնդապետ Միրզոևի գլխավորությամբ»:

ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. 1918Թ. ՄԱՐՏՂարաուրգանի ուղղությունը ռազմավարական առումով շատ կարևոր էր, և այդ պատճառով թուրքերն աշխատում էին անպայման գրավել հենց այդ հատվածը, որը Սարիղամիշի հետ կապված էր նաև երկաթգծով:

Ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բերդաքաղաքի՝ Էրզրումի հանձնումից և հայկական զորամասերի ոչ այնքան կազմակերպված նահանջից հետո ռազմաճակատի առաջավոր բնագծերում դիրքավորված հայ զինվորների շրջանում դեռևս նկատելիորեն տիրապետում էին խուճապային տրամադրություններն ու անկազմակերպ իրավիճակը: Զորքերի մարտաշարքերն ուժեղացնելու, մարտնչելու ոգին և պատրաստակամությունը բարձրացնելու ու կայունացնելու համար հրամանատարությունից պահանջվում էր ուժերի գերագույն լարում և հսկայածավալ աշխատանք: Ընդունելով ռազմաճակատի ամենապատասխանատու և վտանգված շրջանի՝ Ղարաուրգան-Միջնկերտ հատվածի հրամանատարությունը՝ Դրոն պետք է միավորեր այդ ուղղությամբ գործող զորավաշտերը, կազմակերպեր հակահարձակումը և հաղթահարելով թուրքական զորքերի դիմադրությունը, ինչպես նաև ձմռան խստաշունչ պայմանների հարուցած խոչընդոտները՝ հետ նվաճեր Սարիղամիշի համար վճռական նշանակություն ունեցող Ղարաուրգան-Մեջնկերտ շրջանը:

Նրա մասին պատմող բազում վավերագրերը, հուշագրություններն ու այլ փաստաթղթերը միանշանակ վկայում են, որ Դրոն շատ լավ կարողացել է լեզու գտնել և հաջողությամբ համագործակցել ինչպես արհեստավարժ սպաների, այնպես էլ ոչ արհեստավարժ զինվորականների հետ: Ղարաուրգան ուղղությունում իրականացրած մարտական գործողությունների ժամանակ դարձյալ նույնն էր, նրա զորախմբում ժողովրդական անվանի հերոսների՝ Սեբաստացի Մուրադի, Սեպուհի, Զեմլյակի, Արամի և Դալի Ղազարի ընկերակցությամբ հաշտ ու համերաշխ կռվում էին արհեստավարժ զինվորականներ: Դրոն, իրոք, կարողացել է մեծ արդյունավետությամբ ներդաշնակել զինվորականության այդ երկու ուժերն ու կարողությունները:

ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. 1918Թ. ՄԱՐՏՄարտի 13-ին, հակառակորդի դիրքերը փոքր-ինչ ուսումնասիրելուց և զորավաշտերին համապատասխան հրահանգներ տալուց հետո, Դրոն հաջորդ օրն առավոտյան տալիս է թուրքական զորքերի պաշտպանական հենակետերի վրա գրոհելու հրամանը: Խորտակելով նախորդ օրերի հաջողությամբ թևավորված թուրքերի դիմադրությունը՝ զորախումբը շարժվում է առաջ:

«Հարձակում կատարվեց հաջողությամբ: Զորախումբը աջ թևում հասնում է մինչև Սիբասարի բարձունքը, իսկ կենտրոնում և ձախ թևում գրավում Խորոմ լեռը…»:

Այդ օրվա կռիվների ընթացքում եղել են նաև չնախատեսված դեպքեր: Տարվելով բուռն գրոհներով՝ Սեբաստացի Մուրադի ու Սեպուհի առաջնորդած հեծյալ վաշտերը սրընթաց հարձակում ձեռնարկելով` մխրճվում են հակառակորդի դասավորության խորքը և մերկացնելով հարձակվող զորախմբի ձախ թևը, հնարավորություն ընձեռում թուրքերին բաց տարածքից հարվածելու կենտրոնում և ձախ թևում հաջողությամբ հարձակվող 4-րդ և 1-ին գնդերի զորավաշտերի թիկունքին: Հայտնվելով երկու հանդիպակաց հարվածների արանքում, Դրոյի զորախմբի կենտրոնն ու ձախ թևը հարկադրված սկսում են նահանջել: Կռիվների ամենավճռական պահն էր. Դրոն թուրքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով գրոհի է ուղարկում նախորդ կռիվներում իրեն փայլուն դրսևորած Արամի գլխավորած վաշտը:

«Արամի խումբը,- նշվում է մարտական գործողությունների տեղեկագրում,-գործելով հերոսաբար, հարվածում է թուրքերի առաջ ընկած տեղամասին, և հակառակորդը ջախջախվելով ու նահանջելով՝ մեր զորքի տնօրինությանն է հանձնում մարտադաշտը»:

Ղարաուրգանի ուղղությամբ Դրոյի զորախմբի հաղթական գործողությունների մասին վկայում է նաև Սարիղամիշի ռազմաճակատի հրամանատար, գեներալ Արեշյանը. «Հարձակումն ընթացավ հաջողությամբ: Աջ թևի զորամասերը հասան Սարիբանի բարձունքը, գրեթե մինչև Զոկ, իսկ կենտրոնի ու ձախ թևերը գրավեցին Խորոմ լեռը:

… Այդ օրվա մեր կորուստներն են՝ 8 զոհ և 12 վիրավոր»:

Թուրքական ջախջախված զորամասերը նահանջելով Ղարաուրգան-Մեջնկերտ շրջանից, միանում են ուրիշ զորամասերի և հաջորդ օրը ևեթ հարձակվում Քոշաքիլիսա, Կարակուրդ գյուղերի վրա ու առանց մեծ դժվարության գրավում այդ բնակավայրերը: Ռազմաճակատում իրավիճակը ավելի է շիկանում, երբ Սարիղամիշի բարձունքներից հայ զինվորները նկատում են թուրքական նոր՝ հեծյալ և հետևակ զորամիավորումներին, որոնք շարժվում էին դեպի Բարդուսի և Խան-Դարեսայի լեռնանցքի ուղղությամբ: Թուրքերի նպատակը միանգամայն հասկանալի էր. գրավելով Բարդուսը և անցնելով լեռնանցքը՝ նրանք կարող էին դուրս գալ թիկունք և պաշարման մեջ վերցնել այդ շրջանում մարտնչող հայկական զորքերը:

«…Այդ շրջանցումը զորախմբում առաջ է բերում ցնցում, և առաջապահ զորամասերի զինվորները վախենալով շրջապատման վտանգից՝ սկսում են լքել մարտադաշտը»:

ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. 1918Թ. ՄԱՐՏՌազմաճակատի հրամանատարությունը ձեռնարկում է տենդային քայլեր: Դեպի լեռնանցք է շարժվում Պանդուխտի գլխավորած պարտիզանական զորախումբը: Մարտի 16-ին թիկունքից Սարիղամիշի շրջան է հասնում 1-ին հեծյալ գունդը և կենտրոնանում Կարակուրդ և Կոշաքիլիսա ուղղությամբ: Նույն օրերին ռազմաճակատի առաջավոր հատվածում է հայտնվում նաև Զեմլյակի հեծյալ զորաջոկատը: Թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու և նրանց նվաճած գյուղերը հետ վերցնելու նպատակով ռազմաճակատի հրամանատարությունը կենտրոնացնում է ևս մի քանի զորամասեր և անցնում հարձակման:

Ղարաուրգան-Միջնկերտ գործողության արդյունավետ ավարտից հետո պաշտպանական հանգույցներում թողնելով իր զորախմբի մի մասը՝ Դրոն զորախմբի ձախ թևի ուժերով ռազմաճակատի հրամանատարության կողմից կենտրոնացված զորամասերի համագործակցությամբ հարձակվում է թուրքական զորքերի վրա: Գրոհող զորավաշտերի հարվածն անկասելի էր, թուրքերը հետ նահանջելով՝ հայկական զորքերի տնօրինությանն են հանձնում Կարակուրդ և Կոշաքիլիսա գյուղերի շրջանը: Այդ օրվա մարտերում իրենց գործողությամբ առանձնապես աչքի են ընկնում 1-ին հեծյալ գնդի և Զեմլյակի գլխավորած հեծյալ ջոկատի մարտիկները:

Թուրք զինվորների վկայություններից պարզվում է, որ Սարիղամիշի ուղղությամբ գործում էին թուրքական 9-րդ, 12-րդ և 36-րդ դիվիզիաները (1918թ. Մայիսյան հերոսամարտերի ժամանակ 9-րդ և 36-րդ դիվիզիաները մարտնչել են Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում-Հ. Գ.), որոնք մարտական մեծ փորձառություն էին ձեռք բերել՝ մասնակցելով բազմաթիվ կռիվների և անգամ Գալիպոլիի նշանավոր ճակատամարտին:

Թուրքական զորքերի հարձակումներին զուգընթաց, իրենց գործողություններն էին ակտիվացրել նաև քուրդ հրոսակախմբերը, որոնք չբավարարվելով միայն թալանով՝ թիկունքի և հաղորդակցության միջոցների վրա պարբերաբար կատարվող ասպատակություններով, հարձակումներ էին գործում նաև հայկական զորամասերի վրա: Իրենց ձեռնարկած գործողությունների ընթացքում քրդերին հաջողվել էր գրավել և հենակետի վերածել Կըզլ-Քիլիսա գյուղը ու այնտեղից հաճախակի հարձակումներ գործել հայկական զորամասերի և հատկապես թիկունքային ծառայության ուժերի վրա: Քուրդ հրոսակախմբերի սանձարձակություններին վերջ տալու նպատակով Դրոն Ղարաուրգանի հաղթական գործողությունից հետո զորախմբի մի մասով հարձակվում է Կըզլ-Քիլիսա գյուղում կենտրոնացած քրդական հրոսակախմբերի վրա և նույն օրը ևեթ կորպուսի շտաբը ռազմաճակատից ստանում է հետևյալ հաղորդագրությունը. «Սարիղամիշի ուղղությամբ նորից հետ է գրավվել Բարդուսի մերձակայքում գտնվող Կըզլ-Քիլիսա գյուղը»:

Այս արդյունավետ գործողություններից հետո ռազմաճակատի Ղարաուրգան-Մեջնկերտ-Կարակուրդ հատվածում ժամանակավորապես հաստատվում է հարաբերական կայուն իրավիճակ:

Անդրադառնալով Սարիղամիշի ռազմաճակատում այդ օրերին ընթացող կռիվներին և դրանցում Դրոյի ավանդի գնահատմանը՝ հայկական Բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Թ.Նազարբեկյանը նշում է. «Երեկոյան կողմ (մարտի 6-ին) վերադարձա Սարիղամիշ: Հաջորդ օրը նախագահի (նկատի ունի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանին – Հ.Գ.) գլխավորությամբ ժամանեցին Ազգային խորհրդի մի քանի անդամներ: Նրանց հետ էր նաև կորպուսի նախկին զինվորական կոմիսար Դրոն, որը, պարզվում է, հրաժարվել էր այդ պարտականությունից և ցանկություն էր հայտնել մեկնել ռազմաճակատի առաջավոր գիծ և մարտնչել հակառակորդի դեմ: Նրա փոխարեն կոմիսար էր նշանակվել Հակոբ Քրիստափորի Զավրիևը:

ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ. 1918Թ. ՄԱՐՏԴրոն հաջորդ օրը՝ մարտի 8-ին, մեկնել էր առաջավոր զորամաս Ղարաուրգանի ուղղությամբ և ստանձնել այդ զորամասի հրամանատարությունը: Կարող եմ համարձակորեն ասել, որ շնորհիվ սպաների և զինվորների միջավայրում ունեցած իր հեղինակությանն ու խիզախությանը, նա կանգնեցրեց հակառակորդի հարձակումը, ու մենք կարողացանք ավելի երկար մնալ Սարիղամիշում»:

Սարիղամիշի ռազմաճակատի Ղարաուրգանի ուղղությամբ Դրոյի գլխավորած զորաջոկատների հաջողությունը հույժ կարևոր էր: Հայկական կորպուսի հրամանատարությանը ավելի քան անհրաժեշտ էր գոնե մի քանի օր ժամանակ, որպեսզի կարողանար ոչ միայն զորամասերը համալրել նոր ուժերով և համապատասխան քայլեր ձեռնարկել խուճապն ու անկազմակերպվածությունը մարտաշարքերից արմատախիլ անելու ուղղությամբ, այլև թիկունք տեղափոխել գաղթականությանը, պահեստներում ամբարված զենքն ու զինամթերքը, հանդերձանքը և այլ արժեքավոր իրեր:

Վկայում է գեներալ Թովմաս Նազարբեկյանը. «Ես օգտվեցի այդ դադարից: Նախորդ մարտերի նահանջի հետևանքով խարխլված զորամասերը ուժեղացվեցին և փոքր-ինչ կարգի բերվեցին… Շարունակվեց ուժեղացված տեմպերով փախստականների, Սարիղամիշի հարուստ պահեստներից զենք ու զինամթերքի, հանդերձանքի, սննդամթերքի և այլ կարևոր սարքավորումների բեռնաթափումը: Պահեստների կողքերին թափված էին մեծաքանակ շաքար, թեյ, կրուպա և պահածոներ: Ունենալով սահմանափակ քանակի վագոններ, ես այդ բոլորը, ինչպես նաև փախստականներին ուղարկեցի Ալեքսանդրապոլ»:

 

Հեղինակն օգտվել է Հայաստանի ազգային արխիվի եւ

«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի նյութերից:

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #9 (1256) 29.08.2018 – 04.09.2018, Ազգային բանակ


30/08/2018