Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂ ՈՒ ՍՐՏՈՏ ՏՂԵՐՔԻ ՏԵՂ Է»
«ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂ ՈՒ ՍՐՏՈՏ ՏՂԵՐՔԻ ՏԵՂ Է»

«ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂ ՈՒ ՍՐՏՈՏ ՏՂԵՐՔԻ ՏԵՂ Է»Մեր եռագույնը բարձրացնելու եւ Հայոց հիմնը մոլորակով մեկ հնչեցնելու պատմական եւ երջանիկ բազում պահեր է մեզ պարգեւել Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Օրերս Գյումրիում հանդիպեցի նրան, բայց հանդիպման առիթը ոչ թե մարզական ստուգատեսում աշխարհահռչակ մարզիկի հերթական նվաճումն էր, այլ նոր-նոր ավարտված զորակոչը:

 

-Արթուր, ավարտվեց հերթական զորակոչը: Հատկապես քո ծննդավայր Գյումրիում զորակոչը միշտ էլ համաժողովրդական ըմբռնում է ունեցել, անգամ 90-ականների սկզբներին, երբ նոր-նոր էր կազմավորվում հայոց բանակը: Իսկ զինվորական կոմիսարի խոսքից էլ հասկացա, որ քո հերթական այս այցը ամենևին էլ անակնկալ չէր իրենց համար , քանի որ դու զորակոչի օրերին հաճախ ես լինում զինկոմիսարիատում: Մի խոսքով՝ քաջատեղյակ ես զորակոչային անցուդարձին:

-Համոզված եմ, որ աշխարհում ոչ մի հայ անհաղորդ, անտարբեր չէ զորակոչին և ընդհանրապես՝ բանակի խնդիրներին: Երբ ժամանակս ներում է, ամեն կերպ փորձում եմ ինչ-որ բանով աջակցել, թեկուզ իմ ներկայությամբ օգտակար լինել : Երբ իմանում եմ, որ զինկոմիսարիատը ինչ-որ միջոցառում է կազմակերպել, եթե քսան րոպե էլ ժամանակ ունենամ, անպայման ներկա եմ գտնվում: Բանակը գյումրեցու համար սրբություն սրբոցի պես մի բան է: Բանակի հետ կապված ամեն ինչին գյումրեցին պատվախնդրորեն է մոտենում:

  -Մի առիթով դու ասել ես, որ քո հաղթանակները միայն քոնը չեն՝ քո Երկրինն են, քո ժողովրդինն են…

– Նաեւ՝ ազգին ծառայող, ազգի պաշտպան  զինվորինն են:

-Ինչպես մարզիկը, այնպես էլ զինվորը, պետք է հոգեբանորեն ուժեղ լինի, ունենա հոգեբանական պատրաստվածության բարձր աստիճան: Այդպե՞ս չես կարծում:

-Ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական ու մարտական  պատրաստվածության բարձր աստիճան. կատարյալ վիճակն է բերում հաղթանակի:

-Արթուր, չես կարծում, որ բանակը ուժեղ տղերքի տեղ է:

-Հաստատ: Միշտ էլ այդպես է եղել: Հատկապես՝ մեր բանակը, որը մեր սահմանները թշնամու ոտնձգություններից պաշտպանելու  խնդիր ունի, հոգով ուժեղ ու սրտոտ տղերքի տեղ է: Էն տղերքը, ովքեր ծառայում են բանակում, նրանք ամենահայրենասեր ու քաջ տղերքն են: Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, թե ինչ առյուծասիրտ ու անվախ տղերք են սահմանին կանգնած: Այսօր բանակ գնացող պատանիներն էլ, ես համոզված եմ, ապրիլյան հերոսների նման քաջասիրտ տղերք են:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ