Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՐՏՔԻ ԶԳԱՑՈՒՄՈՎ
ՊԱՐՏՔԻ ԶԳԱՑՈՒՄՈՎ

ՊԱՐՏՔԻ ԶԳԱՑՈՒՄՈՎՀՀ հարավարեւմտյան սահմանագոտու մարտական հենակետերից մեկում ծառայում է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Գառնիկ Մուրադյանը: Գառնիկի  զորացրվելուն հինգ ամիս է մնացել: Մարտական ծառայության մեջ աչքի ընկնելու համար զորամիավորման, գնդի հրամանատարների կողմից խրախուսված, շնորհալակալագրեր ստացած զինվորը, պարզվում է, հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի ուսանող է: Վեց ամիս էր հասցրել սովորել, երբ զինծառայության անցնելու ժամանակը մոտեցավ: Գառնիկը վճռեց կիսատ թողնել ուսումը, վերադառնալ ու պարտքը ժամանակին հատուցել հայրենիքին:

 

Գառնիկի պարզ ու հստակ խոսքից, ձիգ կերպարանքից ու հանդարտ, ինքնավստահ պահվածքից երևում է, որ երիտասարդ զինվորականը գլխովին ծառայության նրբությունների, առօրյա պարտականությունների մեջ է:

-Մարտական հերթապահությունն ընթանում է ըստ հաստատված գրաֆիկի, – զեկուցելու պես սկսեց Գառնիկը:- Այս պահին հակառակորդը  փորձում է որոշակի շինարարական աշխատանքներ  իրականացնել սահմանին մոտ: Դե, մենք էլ մեր հերթին չենք կորցնում զգոնությունը ու պատրաստ ենք հակադարձելու ցանկացած սադրանքի:

…Մինչ ծառայությունս որոշ մտավախություններ, իհարկե, ունեցել եմ, բայց զորամաս մտնելու օրվանից ամեն ինչ շատ արագ ցրվեց. մթնոլորտը, զինվորների հետ ընկերական փոխհարաբերությունները, ծառայության նկատմամբ համընդհանուր  սրտացավ վերաբերմունքը անվերապահ բարձրացնում են զինվորներիս պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը, եւ այս միջավայրում օրերն ավելի արագ ու հեշտ են անցնում:

Իսկ երբ կանգնում ես առաջնագծում՝ հասկանում ես ծառայությանդ բուն  իմաստը, գիտակցում ես արածիդ կարևորությունը:

Այստեղ, դիրքապահի ամենակարևոր որակը պատասխանատվությունն է դառնում: Եվ այն գիտակցությունը, որ կանգնած ենք սահմանին, որը թանկագին արյունով է գծված, որ նպաստում ենք երկրի առաջընթացին, մեր ժողովրդի խաղաղ ու հանգիստ կյանքին ու աշխատանքին, կարծում եմ՝ իր դրոշմն է դնելու մեր հետագա ամբողջ կյանքի վրա:

ՊԱՐՏՔԻ ԶԳԱՑՈՒՄՈՎ…Անձնակազմում նոր ընդգրկված զինվորներ ունենք: Մեր փորձից գիտենք, որ ամենադժվարը հարազատների կարոտին դիմանալն է: Փորձում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդպիսի ապրումները հնարավորինս մեղմանան:

Մինչև դիրքեր բարձրանալը վերապատրաստվում ենք, պարապմունքներ ենք անցկացնում, բացատրում ենք դիրքային ծառայության նրբությունները, անվտանգության կանոնները: Դիրքում պարապմունքները գործնական բնույթ են կրում. տղաները քայլ առ քայլ սեփական փորձով ամրապնդում են մարտական պատրաստության գիտելիքները: Ծառայությունն ինձ արդեն իսկ շատ բան է սովորեցրել: Նախ՝ մարտավարական գիտելիքներ եմ ձեռք բերել, իսկ սա յուրաքանչյուր տղամարդու համար կարևոր փորձառություն է: Եվ բացի այդ, ծառայությունը նաև մարդկանց հետ շփման, հաղորդակցման կարևոր հմտություններ է ձևավորում:

Տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստանի դիրքը այնպիսին են, որ մեր երկրի ամենամեծ հիմնաքարը բանակը պետք է լինի, իսկ ամենակարևոր «պաշարը»՝  մեր զինված ուժերը, մեր զինվորը: Մենք պատերազմական իրավիճակում ենք ու ամեն պահի պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման,- խոսքը եզրափակեց կրտսեր սերժանտ, դիրքի ավագ  Գառնիկ Մուրադյանը:

… Ժամկետային զինծառայությունն ավարտելուց շուրջ մեկ ամիս անց, Գառնիկը կվերադառնա իր ուսմանը՝ Օքսֆորդի համալսարանի «Համաշխարհային կառավարում» բաժնում: Բաժնի անվանումը հնչեղ ու խոստումնալից է, երիտասարդ զինվորի խոստումն առավել ևս՝ «Ուսումս ավարտելուց հետո կշարունակեմ որպես մասնագետ ու քաղաքացի ծառայել ի շահ հայրենիքի»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ