Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸՀոգեբանական պատրաստությունը կուրսանտների՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական հուզական վերաբերմունքի, դժվարությունների հաղթահարման ներքին պատրաստակամության, հուզակամային կայունության ձևավորմանն ուղղված նպատակային, կազմակերպված գործընթաց է: Հոգեբանական պատրաստությունը իրականանում է ապագա սպաների ուսուցման և դաստիարակության գործընթացների համատեքստում, բացի այդ, նաև հատուկ ուսումնադաստիարակչական աշխատանք է ենթադրում:

Զինվորական մասնագետի պատրաստման ընթացքում ուսուցման և դաստիարակության միջոցով մեծ թվով մասնագիտական անհրաժեշտ որակներ են ձևավորվում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս որակներից բոլորը չեն, որ դրսևորվում են  զինծառայողի գործունեության պայմանների փոփոխման դեպքում (եղանակի, տեղանքի ռելիեֆի, տեսողության վրա կրակային ազդեցության), ու հատկապես` մարտական իրավիճակում:

Հոգեբանական պատրաստվածության վերաբերյալ դիպուկ դիտարկում է արել ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը: Նրա կարծիքով` խնդիրը ոչ թե տվյալ պահին անձի հոգեկանի վրա ազդող գործոնների ուժի, այլ՝ նորույթի մեջ է:

Հոգեբանական պատրաստության խնդիրն այն է, որ դեռևս խաղաղ ժամանակ ուսուցման և դաստիարակության ընթացքում ուսուցանվողը դրվի այնպիսի պայմանների մեջ, որ նրա մոտ մշակվեն մարտական խնդիրների կատարամանն անհրաժեշտ հոգեբանական որակներ:

Տագնապ կամ ուժեղ վախ, որպես կանոն, ապրում են դեռևս անփորձ զինծառայողները: Փորձառության հետ՝ մարտական լարված պայմաններում մարտիկի մեջ վախը կարող է թույլ դրսևորվել, երբեմն նույնիսկ առհասարակ անհետանալ: Սակայն այն կարող է ի հայտ գալ, սրվել, երբ վտանգն առաջանում է անսպասելի, երբ հակառակորդը նոր զենք է կիրառում և այլն: Այս դեպքում վախը «կատարում է» հարմարվողական գործառույթ` մարդուն ստիպելով վտանգից պաշտպանվելու միջոցներ որոնել: Զինվորականի մեջ որքան մեծ լինի ապագա մարտական իրավիճակին առավելագույնս համապատասխանող, ձևավորված հոգեբանական «պատկերների» քանակը, այնքան ավելի քիչ կլինի անորոշության վիճակի մեջ ընկնելու հավանականությունը, որը, որպես կանոն, մարդու մեջ առաջ է բերում պասիվ-պաշտպանական ռեֆլեքս, ուրեմն և` անարդյունավետ գործողություններ կատարելու միտում:

Հետագա գործունեության համար կարևոր նշանակություն ունեն դրդապատճառները և պահանջմունքները:  Պետք է հաշվի առնել, որ այս կամ այն գործողության կատարման համար վճռական է ոչ միայն դրա առարկայական բովանդակությունը  (ուր, ինչպես, ում հետ գնալ, ինչ վերցնել հետը), այլ նաև դրա նշանակալի լինելը զինվորականի համար (հանուն ինչի՞ պետք է գնալ, անհրաժե՞շտ է դա, թե՞ ոչ): Հետևաբար, հոգեբանական պատրաստությունը պետք է սկսել զինծառայողի մեջ  համապատասխան դիրքորոշումների ակտիվացումից, տրված խնդիրների լուծման կարևորության և անհրաժեշտության համոզմունքի մշակումից, համապատասխան դրդապատճառների ձևավորումից, մարտական պայմանների մասին որոշակի պատկերացումներից:

Այս առումով վերադաս հրամանատարների խոսքային ազդեցությունը ուսուցանվողների ներաշխարհի վրա` համոզման, ներշնչման եղանակով, առաջնային կարևորություն է ձեռք բերում: Սակայն, անհրաժեշտ է նաև, որ ուսուցանվողը զգայականորեն ըմբռնի, օրինակ, մարտական գործողությունների  հոգեբանական պատկերի մոդելը:  Սա իրականանում է մարզանքների, զորավարժությունների, կրակային պարապմունքների և այլ պրակտիկ գործողությունների ժամանակ:

Հոգեբանական պատրաստության մեջ առանձնանում են ընդհանուր, հատուկ և նպատակային պատրաստության ձևերը: Ընդհանուր հոգեբանական պատրաստության ժամանակ, որն իրականանում է ուսուցման և դաստիարակության գործընթացում, սպաների մեջ ձևավորվում են մարտի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ, ընդ որում` ոչ միայն զենքին և տեխնիկային տիրապետելու հոգեշարժիչ /հոգեմոտոր/ հմտություններ, այլ նաև, առաջին հերթին, այնպիսի հոգեբանական գործընթացներ, որոնց շնորհիվ մշակվում են որոշում կայացնելու կարևորագույն գործառույթները` խոսքային ակտիվությունը, մարտական խնդիրների ամբողջ համակարգը մտապահելու և դրա հնարավոր զարգացումներն ու ելքերը կանխագուշակելու ընդունակությունը, ուշադրությունը և այլն: Այս շատ կարևոր աշխատանքի ընթացքում ապագա հրամանատարը, սպան սովորում է ազդել զինվորական կոլեկտիվի բարոյահոգեբանական վիճակի, ակտիվության վրա` ներշնչելով հաղթանակի վստահություն, մշակելով մարտական ոգի:

Այս առումով կարևոր օրինակ են արցախյան պատերազմի ընթացքում գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի՝ ստորաբաժանման սպաներ «պատրաստելու» գործընթացի կազմակերպման մասին մեզ հասած վկայությունները: Խորապես գիտակցելով մարտի դաշտում արագ կողմնորոշման, փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ընդունակության կարևորությունը` նա ստիպում էր փոփոխել պայմանները` նոր խնդիրներ առաջադրելով: Զորախաղի ժամանակ, ճեղքելով պայմանական հակառակորդի պաշտպանությունը և գրավելով բարձունքը, ու այսպիսով դրված նախնական խնդիրները լուծելուց հետո, երբ գեներալ Իվանյանին զեկուցում էին առաջադրանքի հաջող կատարման մասին, նա անմիջապես փոփոխում էր մարտի իրադրությունը, օրինակ` նշելով, որ թշնամին օգնական ուժերի տեղ հասնելուց հետո նոր հարձակում է ձեռնարկել և… պետք է նահանջել: Հրամանատարներին հանձնարարում էր նահանջ կազմակերպել: Իսկ երբ ստորաբաժանման հրամանատարը գալիս ու զեկուցում էր, որ խնդիրը հաջողությամբ իրականացված է, բարկանում էր: Գումարտակի հրամանատարի հիշողություններից. «Բարկացած վեր թռավ տեղից, թե` «Պարո՛ն կապիտան, զինվորների հոգում այս ի՞նչ եք ներարկում, ո՞վ է նահանջով զորախաղ ավարտում, զինվորը պետք է սովորի հարձակվել ու գրավել հակառակորդի ցանկացած բնագիծ, իսկ դուք նրանց հոգեբանորեն նահանջի՞ եք նախապատրաստում»: …Եվ հեռախոսով սկսեց կարգադրել, թե հրետանային ու զրահատանկային ինչպիսի լրացուցիչ ուժեր օգնության գան հակահարձակման նախապատրաստվող մեր գումարտակին: Առարկեցինք` պատճառաբանելով, որ զինվորները հոգնել են, զարմացավ, թե` այդ ի՞նչ են արել, որ արդեն հոգնել են, ու խորհուրդ տվեց. «Դուք զինվորին լա՛վ բացատրեք, թե ինչ ու ինչպես պիտի անի, կտեսնեք, որ ոչ ոք չի հոգնել»:

Գլխիկոր վերադարձանք, շուտով տագնապով ոտքի հանված լրացուցիչ ուժերն էլ տեղ հասան, գեներալ Իվանյանն էլ եկավ, և նրա աչալուրջ հայացքի ներքո, գաղափարական ու բացատրական աշխատանքից և համապատասխան գործնական պարապմունքից հետո գումարտակը տարանք հակահարձակման:

Ստորաբաժանումները, մոռացած օրվա հոգնածությունը, ուրախ աղմուկով նետվելով առաջ` հաղթահարում էին բոլոր արգելքները, խոցում բոլոր թիրախներն ու դիրքավորվում «ազատագրված» բարձունքում»:

 

Շարունակելի

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ