Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ - 2018
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ – 2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ - 2018Միջազգային բանակային խաղերն առաջին անգամ անցկացվեցին 2013թ.: Այն ժամանակ մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Այսօր արդեն ավելի քան 30 երկրներից շուրջ 5000 զինվորական է մասնակցում խաղերին:

Այս տարվա խաղերի բացման արարողությանը՝ հուլիսի 28-ին, հրավիրված մասնակից երկրների բարձրաստիճան զինվորականների թվում էր նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախ ընթերցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մասնակիցներին, ապա շարունակեց.

 

«Համոզված եմ, որ բանակային խաղերը կամրապնդեն երկրների միջեւ վստահությունն ու համագործակցությունը, մեր ժողովուրդների միջեւ կամրապնդեն ընկերական հարաբերությունները: Վստահ եմ, որ դուք կցուցաբերեք նպատակասլացություն, ոգու ուժ եւ տոկունություն, արժանիորեն կհաղթահարեք բոլոր փորձությունները եւ կհասնեք ձեր առջեւ դրված նպատակներին»:

Ապա բարձրացվեց 2018թ. բանակային խաղերի խորհրդանիշ-դրոշը, եւ մրցումները կազմակերպող երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ազգային երգ ու պարով: Հայաստանը ներկայացրեց պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի համույթը:

Բանակային խաղերի բացումն ազդարարվեց նաեւ այն երկրներում ու քաղաքներում, որտեղ անցկացվում են մրցումները: Իսկ այդ նույն ժամանակ Ալաբինոյում տեղի ունեցավ տանկային բիաթլոնի բացման արարողությունը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ - 2018…Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում են թիմեր 23 երկրներից, յուրաքանչյուրից 3 անձնակազմ: Առաջին փուլն անհատական մրցավազքն է, որի ավարտին մասնակից երկրների լավագույն 12 թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ, ապա լավագույն 4-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին: Տանկային բիաթլոնի երթուղին համալրված  է մեկնարկի եւ ավարտի եզրագծերով, լիցքավորման եւ լիցքաթափման տեղամասով, կրակի վարման, տուգանային ժամանակի տեղամասերով, տուգանային շրջանով եւ արգելագոտիներով: Մեկ շրջանը 4 կմ 100 մետր է: Առաջին երկու մեկնարկներն անցկացվեցին բացման արարողությունից անմիջապես հետո: Ուժերը չափեցին Քուվեյթի, Չինաստանի, Ղազախստանի, Ուգանդայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Զիմբաբվեի, Ադրբեջանի եւ Հնդկաստանի տանկիստները: Հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին, մեկնարկի դուրս եկավ մեր առաջին անձնակազմը, իսկ մրցակիցներն էին Վիետնամը, Ղրղըզստանը եւ Մյանման:

Տանկի հրամանատար Արման Առուստամյանին, նշանառու օպերատոր Լեւոն Հովհաննիսյանին եւ մեխանիկ վարորդ Զոհրաբ Զոհրաբյանին վստահված էր Տ72 Բ3 տանկը: Հայկական անձնակազմի առաջին արգելքը խուսավարման գոտին էր, որն իրենք` տանկիստներն անվանում են օձ: Այնուհետեւ, առաջին կրակային վարժության համար, անձնակազմները մուտք են գործում լիցքավորման տեղամաս: Կրակն իրականացվում է հերթականությամբ հայտնվող 3 թիրախների ուղղությամբ, որոնց հեռավորությունը 1600, 1700 եւ 1800 մետր է: Հայ տանկիստները խոցեցին բոլոր 3 թիրախները եւ շարունակեցին երթը: Հաղթահարեցին ծանծաղուտը, 7 մ բարձրությամբ բլուրը, կրակի տեղամասը, հակատանկային փոսը, ծնկաձեւ կամուրջը, սանրաձեւ տեղամասը, գրեթե 1մ բարձրությամբ պատնեշը եւ հասան մարտական կրակի 2-րդ տեղամաս: Կրակը վարում էին զենիթային գնդացրից՝ ուղղաթիռ թիրախի ուղղությամբ, ընդամենը 15 փամփուշտով: Մրցավարները խոցում չարձանագրեցին: Սակայն մեկնարկից հետո մրցավարական կազմի ստուգումների արդյունքում պարզվեց, որ խոցում եղել է, պարզապես ծուխը չի աշխատել: Բոլոր արգելքները եւս մեկ անգամ հաղթահարելուց հետո մեր տղաները լիցքավորեցին զինամթերքը՝ 3-րդ կրակային խնդրի կատարման համար: Ապակյա թիրախը նույնպես խոցված էր… Այսպիսով՝ 5 թիրախ եւ 5 խոցում: Հայկական անձնակազմն ավարտեց 3-րդ շրջանը, առաջինը հատեց եզրագիծը եւ անհատական պայքարում խմբում դարձավ առաջատար:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ - 2018Մինչ մեր տանկիստները նախապատրաստվում էին իրենց երկրորդ երթին, որը նախատեսված էր հուլիսի 31-ին, մենք այցելեցինք խոհարարներին: Կրակային վարժության ժամանակ երիտասարդ խոհարարներն արձանագրել են բարձր արդյունքներ:

Կանոնները շատ խիստ են. դաշտային խոհանոցում պետք է լինեն երկու խոհարարներ եւ հրահանգիչ, այլապես թիմը կտուգանվի, կպակասեցվեն միավորները: Մրցման կերակուրը պատրաստ է, ժամանակն է ներկայացնելու բծախնդիր մրցավարներին: Շուրջ ժամ տեւած քննարկման արդյունքում հայ խոհարարների թիմը կրակային եւ հանձնարարված կերակրի պատրաստման արդյունքում առաջատար եռյակում էր` զիջելով միայն Ռուսաստանի եւ Ղազախստանի խոհարարներին: Երրորդ մրցման արդյունքում, սակայն, հացաբուլկեղենի պատրաստման գործում մրցավարներն ըստ արժանվույն չգնահատեցին հայ խոհարարների պատրաստածը, եւ թիմը չհավաքելով անցողիկ միավորներ` դուրս մնաց պայքարից:

 

♦♦♦

Վերադառնում ենք մերձմոսկովյան Ալաբինո եւ հուլիսի 31-ի առավոտյան ներկա լինում նույն օրը երթի դուրս եկած անձնակազմի հրահանգավորմանը: Թիմի մարզիչ, փոխգնդապետ Գագիկ Գեւորգյանն ու գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Զաքար Բժշկյանը զրուցում են անձնակազմի հետ, քաջալերում նրանց, մաղթում բարի երթ ու բարձր արդյունքներ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ - 2018Գլխավոր մարզիչի կարգադրությունը կա, մրցավարները բարձրացնում են դրոշները, եւ մրցավազքն սկսվում է: Մեր անձնակազմի մրցակիցները չեն փոխվել, կրկին Ղրղըզստանն է, Վիետնամն ու Մյանման: Հայ տանկիստները մեկնարկում եւ հեշտությամբ հաղթահարում են արգելագոտիները: Միայն կրակային վարժության ժամանակ 1 վրիպումն ստիպում է տուգանային շրջան կատարել, եւ մեր անձնակազմը եզրագիծը հատում է երկրորդը, սակայն խմբում պահպանում է առաջատարի դիրքը:

«Մասնակցության առաջին իսկ օրերից, մասնավորապես՝ տանկային բիաթլոնի հայկական անձնակազմը, կայուն եւ արժանապատվորեն է հանդես գալիս: Կրակային ու արագության լավ ցուցանիշները անձնակազմի մարտական տեխնիկային գերազանց տիրապետելու արդյունք են: Նրանք կարող են մրցել ցանկացած պետության ներկայացուցիչների հետ, ու տղաները ցույց կտան, որ իսկական մարտիկներ են,– ասաց Միջազգային բանակային խաղերի գլխավոր մրցավար Ալեքսանդր Պիրյազեւը:

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ