Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄ
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄ

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄՇուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հուլիսի 30-ին միանգամից 61 զինվորական մկրտվեց` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Ժամկետային զինծառայողներ են` թվով 60 հոգի Մատաղիսի զորամասից: 61-րդ մկրտվողն ավագ լեյտենանտ Մարատ Պետրոսյանն է` Ապրիլյան պատերազմում հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած շարքայինը, որին մինչ օրս էլ բոլորը Ուստա մականունով են ճանաչում:

Գաղափարի հեղինակը Արցախում գործող «Սատար կանգնենք» հասարակական բարեգործական կազմակերպությունն է, որն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է աչքի ընկնել մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով: Կազմակերպության ղեկավարը հերոսական մարտական ուղի անցած ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանն է, որը  որպես ՀԿ ներկայացուցիչ ու  նաև պատերազմի վետերան` հաճախ է լինում զորամասերում. «Զինվորների հետ հերթական շփման ժամանակ խնդրեցի շատ անկեղծ պատմել իրենց տպավորությունները: Սպասում էի, թե կենցաղային ինչ-որ թեմա կբարձրացվի, բայց առաջինը ձեռք բարձրացրած զինվորն ասաց, որ ուզում է մկրտվել: Այս մասին պատմեցի մեր կազմակերպության անդամներին, ու որոշեցինք կազմակերպել տղայի մկրտությունը: Խոսեցի զորամասի հրամկազմի հետ, խնդրեցի ճշտել` կա՞ն էլի զինվորներ, որոնք ցանկություն ունեն մկրտվելու, քանի որ մտածեցինք` կարելի է համատեղ կազմակերպել այդ ամենն ու միաժամանակ մի քանի զինվորի մկրտել: Կարճ ժամանակ անց, զորամասից զանգ ստացանք` ցանկացողները շատ-շատ են: Պարզ էր, որ ընտրություն չէինք անելու ու բոլոր ցանկացողներին էլ պիտի մկրտեինք: Հավաքվեցինք, զրուցեցինք, դիմեցինք մեր համախոհներին ու շատ կարճ ժամանակահատվածում մեր պատրաստակամ ընկերների օգնությամբ կազմակերպեցինք այս միջոցառումը»:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄՄկրտություն ստացած շարքային Արեգ Գրիգորյանը վեց ամսվա զինծառայող է: Սպասվող միջոցառման մասին իմացել է այնպես, ինչպես ծառայակից բոլոր ընկերները` անվանականչին հրամանատարը հարցրել է`  ո՞վ կա շարքում, որ մկրտված չէ և ունի նման ցանկություն: Արեգն ասում է, որ Հայ Առաքելական  եկեղեցու հանդեպ ներքին հավատը միշտ էլ եղել է: Մկրտվելու ցանկությունն անմիջապես զորակոչվելուց առաջ է ծնվել, բայց չի հասցրել. «Այդպես էլ առանց կնքվելու զորակոչվեցի ու հիմա` 6 ամիս անց, իմ ծառայակից եղբայրների հետ Շուշիի այս հրաշափառ եկեղեցում մկրտվում եմ զինվորական համազգեստով` հայրենիքի պաշտպան, մարտական հզոր ուղի անցած Արցախյան պատերազմի վետերան Վիլեն Սաֆարյանի քավորությամբ: Հպարտ եմ, ուրախ ու շատ հուզված»:

Մկրտության խաչերը ամերիկահայ Հասմիկ Տերտերյանն ու Նովա Հինդոյանն են  նվիրել, տոնական ճաշկերույթի համար էլ հոգացել են մկրտվողների կնքահայրերը, որոնց առանձնահատուկ բծախնդրությամբ են ընտրել` բժիշկ, պատգամավոր, զինվորական, մտավորական, արցախցիներ, որոնց միավորողը հայրենասիրությունն ու առաքինի մարդ լինելն է:

10 կնքահայրերի շարքում է նաև Արկադի Կարապետյանը` Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարը, որը սեփական փորձից գիտի. մկրտությունը քրիստոնյա հայ զինվորի համար շատ կարևոր է: Պատմում է` պատերազմի թեժ օրերին է մկրտվել` 33 տարեկանում. «Անկեղծ որ ասեմ, ես այդ ժամանակ առանձնապես ոչ ոգևորված էի քրիստոնեական հավատքով, ոչ էլ պատշաճ ուսումնասիրել էի այն: Բայց ներքին մի մղում կար. չէի ուզում զոհվել` առանց մկրտվելու: Դա գիտակցված որոշում էր, ընտրություն, և ես ուրախ եմ, որ այսօր մկրտվող տղաները ևս գիտակցաբար են անում այս քայլը` դառնալով իսկական հայ քրիստոնյա»:

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կամարների ներքո տղաները խումբ-խումբ հավաքվել են իրենց կնքահայրերի շուրջ: Ծանոթանում են, հեռախոսահամարներ փոխանակում, քննարկում ապագա ծրագրերը: Ասում են` սա նոր մտերմության սկիզբն է, որն ամբողջ կյանքում շարունակվելու է` հարսանիքներ, երեխաների մկրտություններ ու էլի հազար ու մի երջանիկ առիթներ, որ դեռ պիտի տեղի ունենան տղաների կյանքում` բանակից հետո: Իսկ մինչ այդ` խաղաղ ու անփորձանք ծառայություն մեր զինվորներին:

 

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ