Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄԶրույց ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ

 

Պարոն Քերոբյան, Դուք վերջերս եք նշանակվել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում: Որո՞նք են հայկական ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները: Ի՞նչ նորությունների սպասենք:

-ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի գերխնդիրը տեխնոլոգիական սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացումն է: Այդ առումով չափազանց կարևորում եմ նախորդ տարիներին ձևավորված քաղաքականության շարունակականությունը: Այսինքն՝ պարզունակ մետաղամշակումից կամ տեխնիկայի պարզունակ նմուշների արտադրությունից անցում է կատարվում բարձր տեխնոլոգիական, բարդ, բայց միևնույն ժամանակ միջազգային շուկաներում մրցունակ սպառազինության նախագծման և արտադրման ուղղություն: Դա նշանակում է կյանքի կոչել հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների առավելությունները, օգտագործել նաև արդի տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած այնպիսի ընկերությունների հնարավորությունները, որոնց արտադրանքը կարող է իրապես մրցունակ լինել միջազգային շուկայում:

Հայկական ռազմարդյունաբերության նորամուծությունները հիմնականում ցուցադրում ենք ցուցահանդեսների ժամանակ: Իհարկե, դրանք հազվադեպ են, բայց ներկայացված նմուշները ցույց են տալիս մեր աշխատանքների ուղղությունը, ռազմական տեխնիկայի զարգացման բնագավառում շեշտադրումները: Այժմ շեշտադրումները հետևյալն են՝ ժամանակակից նյութեր, մեթոդներ, տեխնոլոգիաներ, մարտի վարման և ընդհանուր ռազմավարության մոտեցումներ, ուժերի և կառավարման ապակենտրոնացում, յուրաքանչյուր զինվորի, մարտական միավորի հագեցում տեխնիկայով և տեխնոլոգիաներով: Դեռ վաղ է ասել, որ մենք լիովին ապահովված ենք ամեն ինչով, բայց այսօր արդեն առկա նմուշները հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե մենք վաղը ինչ բանակ ենք ունենալու: Զարգացման ներկա քայլերով ապագան բավականին խոստումնալից է:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ-«ARMHITEC» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները ներկայացան տարբեր մշակումներով: Դրանցից քանի՞սն են այժմ կիրառվում զինված ուժերում:

-Ներկայացված տեսականու մի մասն արդեն մեր զինված ուժերի զինանոցում էր: Ունենք մի քանի տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Շուտով կլինեն նաև հարվածային մոդելներ, դրանք այժմ փորձարկումների փուլում են: Հրամանատարական կազմը կիրառում է հայկական արտադրության կապի սարքավորումներ: Օդային իրադրության կառավարման համակարգերը հնարավորություն են տալիս մեր ՀՕՊ զորքերին լինելու տեղեկացված և ծրագրավորելու օդային թիրախների հայտնաբերման, ուղեկցման, նշանացուցման գործողությունները, այդ թվում՝ օպերատիվ մակարդակում: Սակայն միայն կիրառվող տեխնիկայի քանակով ցուցահանդեսի արդյունավետությունը չափելը սխալ է: Ցանկացած մշակում զենքի կարգավիճակի հասցնելը մեծ ժամանակ է պահանջում: Օրինակ՝ հարվածային ԱԹՍ-երից մեկը փորձարկումների փուլում է, տարբեր մասեր սերիական արտադրության են դրվում: Այն մինչև զինատեսակ դառնալը դեռ ճանապարհ ունի անցնելու:

Ցուցահանդեսին ներկայացված էր հեռակառավարմամբ զինատեսակի փորձանմուշ: Դա ինքնանպատակ չէր: Այդ մի նմուշը, կարծես, ռազմական արդյունաբերության առանձին մի ճյուղի զարգացման սկիզբն ազդարարեց: Եվ այժմ հեռակառավարվող զենքերի որոշ նմուշներ փորձնական արտադրության փուլում են: Դա արվում է, որ զինվորը կրակողից դառնա օպերատոր: Այսինքն՝ զինվորին հեռացնում ենք կրակի անմիջական գծից, զենքը կրակում է, բայց դրա հետևում զինվոր չկա, նրան անմիջական վտանգ չի սպառնում: Ինչո՞վ է դա լավ ու հեռանկարային: Նախևառաջ, զինվորի մարտական հնարավորությունները սահմանափակված չեն լինի, ավելին` դրանք բազմապատկում ենք հինգ, տասն անգամ՝ նվազեցնելով հակառակորդի ուժերի գերազանցությունը, ինչ-որ չափով ստանում առավելություն՝ ի հաշիվ էլեկտրոնիկայով հագեցած ճշգրիտ զենքի: Կրակող փողերի քանակը կարող է լինել տասնապատիկ շատ, մարտական պաշարն էլ՝ մի քանի անգամ ավելի: Մարտական հնարավորությունների շեշտակի ավելացման և զինվորի անվտանգության ապահովման շնորհիվ հեռակառավարվող զենքը դիտարկվում է որպես ռազմավարական առավելություն ստանալու միջոց:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄՉէր կարելի ակնկալել, որ տվյալ տեխնիկան անմիջապես կհայտնվի առաջնագծում: Բայց մեկ այլ` չցուցադրված նմուշի որոշակի խմբաքանակ արդեն առաջնագծում է: Այդպիսով հեշտանում է տեխնիկայի սպասարկումը, զինամթերքի մատակարարումը: Հեռակառավարման այդպիսի կարողություններ առայժմ ստանում են հիմնականում մեծ հեռահարության ծանր զենքերը. դրանք կարող են հակառակորդին խոցել առանց անմիջականորեն վերջինիս խոցման գոտում լինելու:

Իսկ այդքան շատ մշակումների մեջ ինչպե՞ս է որոշվում՝ որի՞ն նախապատվություն տալ:

-Ռազմական արդյունաբերության ոլորտում հաջողության հիմնական նախապայմանը գրագետ և արդյունավետ մոտեցումն է: Նախագծումը պետք է կատարվի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, անմիջական շփման արդյունքում: Ներկայացվող արտադրանքի մարտավարատեխնիկական բնութագիրը պետք է բավարարի զինված ուժերում ընդունված չափորոշիչներին: Ի վերջո, տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում: Եռաչափ տպագրությունը, նույնիսկ պարզունակ թվացող նմուշներում նորագույն տարբեր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը էականորեն կարող է բարձրացնել այդ միջոցների մարտական կիրառման արդյունավետությունը:

Ռազմական տեխնիկայի և զենքի մշակումը երկարատև և բարդ գործընթաց է. մշակվող կամ նախագծվող նմուշների փոքր մասն է իրականում դառնում արտադրատեսակ, անցնում սպառազինության: Մենք հետևյալ քաղաքականությունն ենք որդեգրել. ցանկացած նախագծային աշխատանք պլանավորում ենք այնպես, որ կիրառելի լինի զինված ուժերում: Լինում են դեպքեր, երբ նախագծումը երկար է տևում, և տվյալ զենքի կիրառման նպատակահարմարությունը կորչում է, կամ հակառակորդի մոտ ի հայտ են գալիս հակազդման արդյունավետ միջոցներ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄԱրդյոք ունե՞նք համապատասխան գիտական ներուժ ռազմական արդյունաբերության ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու համար:

-Իմ պատկերացմամբ՝ «Ազգ-բանակ» գաղափարի էությունը ամեն հայի ներգրավվածությունն է ՀՀ պաշտպանության գործում: Յուրաքանչյուր հայ, նաև արտերկրում, պետք է իր ուժերի չափով պատրաստ լինի աջակցելու զինված ուժերի հզորացմանը, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության ոլորտում: Հպարտությամբ պետք է նշեմ, որ ակտիվորեն համագործակցում ենք հայկական գիտական տարբեր ընկերությունների, տեխնոլոգիական ձեռնարկությունների հետ:

Այս տարի կարևոր երկու նախաձեռնություն կյանքի կոչեցինք: Մեկը ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումն է, մյուսը զինված ուժերի կազմում գիտական-տեխնոլոգիական ստորաբաժանման ստեղծումն է, ուր զորակոչվում են տեխնիկական, բնական և ճշգրիտ գիտությունների գծով մասնագիտացած զորակոչիկները: Համոզված եղեք` ընդունող հանձնաժողովն ընտրելու է լավագույններին:

Գիտական հաջողված մշակումներից հետո անհրաժեշտ են համապատասխան արտադրական հնարավորություններ: Առկա՞ են արտադրություն կազմակերպելու այդ հնարավորությունները:

-Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արտադրական հնարավորությունները բավականին նվազել են: Մեր ահռելի ներուժի մի քանի տոկոսն է մնացել: Մինչև 1998-1999 թվականները Հայաստանում ակտիվ ռազմարդյունաբերական աշխատանք էր ծավալված: Ինքս մինչև պարտադիր ժամկետային ծառայության մեկնելը աշխատել եմ սպառազինություն արտադրող նման մի ձեռնարկությունում: Հիշում եմ՝ այն տարիներին արտասահմանյան մասնագիտական հրատարակությունները, օրինակ՝ Jane՚s-ը, որ համարվում է բացարձակ հեղինակություն ռազմական տեխնիկայի բնագավառում, Հայաստանի ռազմարդյունաբերության ներուժը գնահատում էր բավական բարձր. աշխարհում մենք լավագույն քսանյակում էինք: Ցավոք, 2000-ականներից ռազմարդյունաբերությունն անկում ապրեց, ստեղծվեց մի իրավիճակ, երբ պարզապես սեփական զենք չէինք արտադրում: 2016թ. սրացումներից հետո հասկացանք, որ այդպես էլ չի կարող շարունակվել, ու մենք միայն մեզ վրա կարող ենք հույս դնել: Ակտիվ սկսեցինք աշխատել և՛ նոր ընկերությունների ներգրավման, և՛ եղածների արտադրական բազայի հարստացման ուղղությամբ: Այսօր ունենք ժամանակակից թվային կառավարմամբ եռաչափ, հնգաչափ, հինգառանցքանի մետաղամշակող կամ տարբեր կոմպոզիտային նյութերով աշխատող հաստոցներ, սարքավորումներ, որոնց միջոցով կարողանում ենք պատրաստել և ճշգրիտ մշակել տարբեր մասեր՝ թեթև ու ամուր: Մեր հայրենական ընկերություններից շատերն աշխատում են աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով, մի մասն էլ իրենք են ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ: Ունենք այդ ներուժը, որ բերելու է մրցակցային առավելության:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄՁեր կարծիքով՝ ունե՞նք նմուշներ, որոնք կարող են համարվել հայկական ռազմարդյունաբերության պարծանքը և մրցել արտասահմանյան նմուշների հետ:

-Կիրառվող ռազմական տեխնիկայից կառանձնացնեի հայկական արտադրության ռադիոտեղորոշիչ կայանները, որոնք, առանց չափազանցության, նմանօրինակը չունեն աշխարհում իրենց տեխնիկական հնարավորություններով և կիրառման մոտեցումներով: Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ նաև իրենց գնով: Դրանք մեկ աստիճան բարձր են ռուսական, ամերիկյան, ֆրանսիական օրինակներից: Մինչ այժմ ցուցադրվել են MJ-25 կայանի հնարավորությունները, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք դիտարկելու օդային տարածքը մինչև Կասպից ծով, նաև դեռ գետնին կայանած, օդանավակայանում շարժվող տեխնիկան: Սա վերահսկման անսահման հնարավորություն է ընձեռում:

Մյուսը օպտիկաէլեկտրոնային պայքարի սարքն է՝ իԽ01, որը նույնպես արդեն գաղտնազերծվել է:

Զորքերում լայնորեն կիրառվում են հետախուզական անօդաչու սարքերը: Վերջերս մեր անօդաչուներից մեկը խփվեց, սակայն անհրաժեշտ է նշել՝ այն միջոցները և ծախսը, որ հակառակորդը իրականացնում է մեր անօդաչուների ոչնչացման ուղղությամբ, տասնապատիկ գերազանցում է նույն այդ անօդաչուների գինը: Փաստացի, նաև տնտեսական բաղկացուցիչով ենք գերազանցում նրանց:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄԻ՞նչ քայլեր են ձեռնարկվում հայկական ռազմական նշանակության արտադրանքը միջազգային շուկա արտահանելու ուղղությամբ:

-Արտերկրում մեր արտադրանքը վաճառելու առումով պարծենալ դեռ չենք կարող: Բայց, առաջին քայլերն արվել են: Արդեն երեք տարի է, ինչ մասնակցում ենք ռուսական «АРМИЯ» ցուցահանդեսին, այս տարի ներկայանալու ենք առավել մեծ տաղավարով: Եկող տարի ԱՄԷ-ում մասնակցելու ենք IDEX միջազգային ցուցահանդեսին, որը բավական ներկայացուցչական միջոցառում է: Դա հնարավորություն կտա մեր ձայնը լսելի դարձնելու ամբողջ աշխարհին: Ընդհանրապես, ցուցահանդեսային գործունեությունը ռազմարդյունաբերության ոլորտում բավական մեծ դեր ունի:

Իհարկե, սպառազինության և ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկայում տեղ գրավելը շատ դժվար է: Նաև մի այսպիսի նրբություն կա. որևէ զենք վաճառելու համար դու այդ զենքը պետք է կիրառած լինես, ցույց տաս դրա հնարավորությունները մարտական պայմաններում: Եթե նույնիսկ որևէ նմուշ արտադրվել է, բայց դեռ չես ապացուցել դրա կիրառման արդյունավետությունը, ուրույն դերակատարումը ժամանակակից մարտի համատեքստում, դժվար է հուսալ, թե այն կվաճառվի: Ելնելով դրանից՝ մենք ունենք յուրաքանչյուր նմուշի կիրառման ծրագիրը մեր զինված ուժերում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄԱռաջին հայացքից փակուղու առաջ եք կանգնում. դժվար է շուկա դուրս գալ մի արտադրանքով, որը չես օգտագործում, և դժվար է օգտագործել մի սարք, որի կարիքը չունես:

-Առաջնահերթ մտածելով հայկական բանակի մասին՝ պիտի մտածենք, թե որ արտադրանքը պահանջարկ կունենա միջազգային շուկայում: Դրա համար ակտիվորեն հետևում ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման միտումներին, մեր ընկերություններին էլ խորհուրդ ենք տալիս կիրառել ժամանակակից նյութեր ու տեխնոլոգիաներ: Որակապես և քանակապես հարստացնելու ենք մեր զինանոցը, միայն հայկական ընկերությունների միջոցով դա անել հնարավոր չէ: Ավիացիայի և ծանր զրահատեխնիկայի առումով մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, հնարավոր է՝ երբևէ չմոտենանք էլ դրա արտադրությանը: Ինչ վերաբերում է փոքր, բայց տեխնոլոգիական, հետևաբար՝ նաև ավելի թանկարժեք տեխնիկային, մենք այդ ուղղությունը համարում ենք հեռանկարային և հետևողականորեն զարգացնելու ենք:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ