Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՊԱՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՊԱՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՊԱՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎՀուլիսյան տապը այս տարի ռեկորդներ է սահմանում: Իսկ նորակոչիկներն ու նրանց ծնողները կարծես չեն էլ նկատում. բոլորի ուշադրությունը լարված է, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը փորձում է արժանապատվորեն թաքցնել բնական հուզմունքն ու շփոթվածությունը:

Նայում եմ նորակոչիկների հերթական խմբին, որ զինկոմիսարիատի բակում տարածվող խրոխտ ռազմահայրենասիրական երգի հնչյունների տակ պատրաստվում է մեկնել կենտրոնական հավաքակայան: Շենքի ներսում ստուգվում են նորակոչիկների փաստաթղթերը: Մի բան պարզ է. այս տղաներից յուրաքանչյուրն անհատականություն է, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամեն մեկը մի օջախի ծուխ, մայրերից յուրաքանչյուրն էլ որդու հետ կապված վերապրումների  իր տեսադարանն ունի՝ նրա ծննդյան օրից մինչև այս օրը:

Մոտենում եմ Նոր Նորքի զինկոմիսար, գնդապետ Սերգեյ Հակոբյանին.

Ըստ Ձեզ, ինչո՞վ կնշանավորվի այս զորակոչը:

Այս  զորակոչի կարևոր իրողությունը, կասեի՝ նույնիսկ անակնկալը, եղավ արտերկրից զինկոմիսարիատներ ինքնակամ ներկայացած զորակոչիկների աննախադեպ թիվը:  Առհասարակ, բոլոր նորակոչիկներն ավելի ոգևորված, հոգեբանորեն առավել պատրաստ են ներկայանում զինկոմիսարիատ:

Ահա Չիբուխչյան Արթուրը, որ  2009թ. ընտանիքի հետ ապրել է ՌԴ Սամարա քաղաքում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով  վճռել է գալ ու ծառայել հայկական բանակում:

Երբ իմացա, որ չծառայածների հանդեպ հետապնդում չի լինելու, և ոչ ոք ինձ դասալիք չի համարելու, որոշեցի գալ, կատարել հայրենիքիս հանդեպ պարտքս,- ասում է երիտասարդը:-Եկա, ներկայացա զինկոմիսարիատ՝ առանց որևէ խնդրի, և հիմա հանգիստ խղճով գնում եմ ծառայելու: Տրամադրությունս շատ բարձր է. վաղուց Հայաստանում չէի եղել, հարազատներիս, դասընկերներիս կարոտել էի:

Արթուրի մանկության ընկերները նրանից չեն հեռանում: Մի քիչ տխուր են. չհասցրին ոնց որ պետքն է կարոտներն առնել, բայց, ոչինչ, կյանքն առջևում է, դեռ կհասցնեն:

Եթե ծնողներս  էլ վերադառնան հայրենիք, բանակից հետո հաստատ կմնամ հայրենիքում:

Արթուրը իմ սիրելի թոռնիկն է, մանկուց ես եմ նրան պահել,- ասում է ճանապարհելու եկած տատը:- Հենց լսեցի վարչապետի  ուղերձը, զանգահարեցի որդուս. «Արմե՛ն ջան, էրեխուն ուղարկի՛, թող գա»: Ինքն էլ թե՝ «Մա՛մ, ես էլ հենց այդ էի մտածում: Ինչքա՞ն կարելի է ուրիշի հողում էսպես փախեփախ ապրել»: Արթուրս հենց ինքնաթիռից իջավ, առաջինը ինձ զանգեց՝ «Տատի՛կ, իջա՜, իջա՜»:

-Ի՞նչ կարևոր խորհուրդ ես տվել եղբորդ,- հարցնում եմ Արթուրի մեծ եղբորը՝ Ժանին, որը սահմանապահ զորամասում է ծառայել, ամենաբարդ դիրքերից մեկում է մարտական հերթապահություն իրականացրել:

Ամենակարևորը՝ որ միշտ ուրախ լինի, «դուխը» չգցի, եթե պետք է՝ պիտի «պոստ» պահի, բա ո՜նց: Ես երկու տարի պահեցի, հիմա նրա հերթն է: Թշնամին հենց մեր քթի տակ էր՝ հաշված մետրերի վրա: Բայց, ասեմ, որ հենակետային ծառայությունն ամենալավն է: Ոչ մի վախ չկա, հասկանում ես՝ ով ով է: Երբ զգում ես թշնամու շունչը և գիտես, որ ամեն ինչ քո ձեռքին է, առավել հոգատար ես դառնում ընկերներիդ նկատմամբ:

Ուշադրությունս գրավեց մեծ ոգևորությամբ ծառայության մասին ընկերների հետ զրուցող Արման Ալեքսանյանը: Միացա նրանց զրույցին.

Բոլորին կոչ եմ անում գալ, ծառայել: Մեր երկիրն այն իրադրության մեջ է, որ բոլոր հայ տղաներն էլ պարտավոր են ծառայել ու պաշտպանել հայրենիքը:

Իսկ մայրը՝ տիկին Անժելան, հպարտությամբ նայում է որդուն ու թվարկում նրա արժանիքները. «Պարտաճանաչ է, խելացի, կամային, խիզախ, հայրենասեր, մի խոսքով՝ լրիվ պատրաստ է զինծառայությանը»:

Որդուս  ճանապարհում եմ բարձր տրամադրությամբ,- ասում է Արմանի հայրը՝ Վարդան Ալեքսանյանը:- Տղան ծնված օրվանից պետք է պատրաստ լինի սրան: Մյուս որդիս՝ Դավիթս էլ վեց ամիս հետո կզորակոչվի:

Հաղթանդամ, ժպտերես նորակոչիկ է Արթուր Դավթյանը, ընդունվել է Երևանի գյուղատնտեսական համալսարան.

-Ի՞նչ տրամադրությամբ ես ճանապարհվում բանակ,- արդեն սովորական դարձած հարցիս պատասխանում է.

Դուխով,- և արագ ձուլվում մարդկային զանգվածին:

Բակում նորակոչիկներից մեկը գեներալի ուսադիրներով ալեհեր զինվորականի հետ գրկախառնված լուսանկարվում է:

Վաղարշակ Վարդանյան. Արդարադատության գեներալ-մայոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ և սովորական քաղաքացի,- զեկուցելու պես, բայց ժպտալով ներկայանում է նորակոչիկի պապը: Եվ ինքն էլ սկսում զրույցը.

Երբ մեր սերունդն էր բանակ մեկնում, տղային աղջիկ տալիս ծնողները տեղեկանում էին՝ ծառայե՞լ է, թե՞ ոչ: Եթե ոչ՝ աղջիկ տալը դժվարանում էր, մտածում էին՝ ուրեմն հիվանդոտ է:  Հիմա տեսնում եմ, որ մենք կրկին վերադառնում ենք մեր այդ լավ ավանդույթներին. տղա է, ուրեմն պիտի ծառայի: Ու սա շատ ուրախացնում է ինձ:  Այսօր եկել եմ թոռանս՝ Վաղարշակիս բանակ ճանապարհելու: 

Զինվորական ավտոբուսը մտնում է զինկոմիսարիատի բակը: Ծնողներից ոմանք այստեղ հրաժեշտ են տալիս նորակոչիկներին, մյուսներին դեռ հանդիպելու եմ կենտրոնական հավաքակայանում:

Մինչ տղաները հավաքակայանի տարբեր հատվածներում, կարգի համաձայն, բուժզննում են անցնում, ստանում են իրենց տարբերանշանները, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը շրջում է հավաքակայանի տարածքով և ուշիուշով հետևում զորակոչի ընթացքին: Քիչ առաջ է վերադարձել Ազգային Ժողովից, որտեղ քննարկվել էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովին ներկայացված առաջարկը` կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Այս փոփոխությունը կապված է ՀՀ քաղաքացու կրթության սահմանադրական իրավունքի  լիարժեք իրացման հետ: Մենք առաջարկել ենք, որ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվի տարկետում` մինչև ուսումնառության ավարտը: Հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական ուսումը 11 տարի է, իսկ Հայաստանում՝ 12, և հայրենիք վերադարձած տղաները մեկ դասարան ավելի ցածր են նստում և ավարտում են արդեն 19 տարեկանում: Ուստի, փորձելու ենք,  համապատասխան հիմքերի առկայության դեպքում, արդեն իսկ 19 տարեկանը լրացած տղաներին տարկետում տրամադրել:

Ճաշի, առաջին զինվորական ճաշի ժամն է: Արդեն քաղցած տղաները «առաջին», «երկրորդ» պատվիրելով՝ նստում են սեղանների շուրջ և, ինչպես նկատում եմ, ախորժակով «ըմբոշխնում են» ափսեների պարունակությունը:

-Հը՛, տղանե՛ր, ի՞նչ կասեք:

Շատ լավ է, ամեն ինչ համեղ է,- ուրախ արձագանքում են նորակոչիկներն ու հավելում,- եթե միշտ այսպես են կերակրելու, էլ մտածելու ի՞նչ ունենք:

Նրանց է միանում նաև պաշտպանության փոխնախարարը, որ իր նախընտրած ճաշատեսակներով տեղավորվում է սեղաններից մեկի մոտ ու  զրույցի բռնվում նորաթուխ զինվորների հետ:

Հաջորդ կանգառը հանդերձավորման սրահն է: Նորակոչիկներն իրենց քաղաքացիական հագուստը տեղավորում են հատուկ պարկերի մեջ և առաջին անգամ  փորձում զինվորական հանդերձանքը:

-Պետք է համազգեստի թևքերը ծալել՝ այ այսպես,-տղաները անվարժ շարժումներով փորձում են կրկնել ուղեկցող սպայի գործողությունները:  Արմանը նոր է դուրս եկել հանդերձասրահից, փորձում է կարգի համաձայն հագուկապը ավարտուն  տեսքի բերել:

Համազգեստի մեջ  ինձ արդեն զինվոր եմ զգում,- լուսավոր ժպտում է նա: Սա պարզապես համազգեստ չէ,- փորձում է բացատրել իր նոր զգացողությունները` հատուկ շեշտելով յուրաքանչյուր բառը,-հայկական բանակի համազգեստն է:

Բաբլումյան Հովհաննեսը Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանող է: Գալստյան Գալուստը ոսկերիչ է, ուսանում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում: Մուրադյան Մուրադը փոխադրվել է բժշկական համալսարանի երրորդ կուրս. ատամնաբույժ է դառնալու:

Եթե անգամ չնկատեի Ժպտերես, բարեհոգի ու մի քիչ մարմնեղ, կարմրաթուշ  նորակոչիկի պարանոցից  կախված տարբերանշանը՝ «ՈՒԽ», անսխալ կգուշակեի նրա մասնագիտությունը:

Ուսումնական կենտրոնում սովորել եմ խոհարարություն,- ասում է նորաթուխ զինվորը՝ Տիգրան Թումասյանը,- աշխատել եմ ռեստորանում, հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում:

-Ամենալավը ո՞ր ճաշատեսակն ես պատրաստում:

Սթեյքը,- առանց երկար մտածելու ասում է Տիգրանը:

-Միջին աստիճանի տապակած սթեյք պատրաստելը, լսել եմ, ամենադժվարն է, ստացվո՞ւմ է:

Էն էլ ո՜նց,- ասում է հպարտ:

Օրվա ամենահուզումնալից պահն է մոտենում. զինվորական շարք կազմելով` տղաներն ուղևորվում են վիճակահանության սրահ:

Սպասասրահում բոլորի անհամբեր հայացքներն ուղղվում են մեծադիր էկրանին, որի միջոցով հետևում են վիճակահանության սրահ մտնող զինվորներին:  Երկրորդ՝ ավելի փոքր էկրանը խոշոր պլանով ցույց է տալիս վիճակահանության թմբուկներն ու բարձրախոսը, որին րոպեներ անց  կմոտենան տղաները  և հերթով կհայտարարեն  իրենց բաժին ընկած ծառայության վայրն ու կցուցադրեն  թղթիկը՝ զորամասի համարով:  Ամեն ինչ պարզ է, տեսանելի ու թափանցիկ:

Տեղավորվում եմ կենտրոնական հավաքակայանում հերթապահող բուժծառայության բուժքույրերից մեկի՝ Աստղիկի կողքին, որին բազմիցս հանդիպել եմ այս նույն իրավիճակում:

Դրսում 42 աստիճան շոգ է, ու անչափ հաճելի է սպասասրահի օդորակիչի տարածած զովությունը: Մինչև վիճակահանությունը զրույցի եմ բռնվում Աստղիկի հետ:

Հետաքրքիր մի բան եմ նկատել,- ասում է նա,- ապրիլյան պատերազմին նախորդած երկու զորակոչերին ծնողների շրջանում բուժօգնության կարիք ունեցողները շատ էին: Կարծես ավելի դյուրագրգիռ էին, սպասումից կարող է ուշաթափվեին, լացն ու հիվանդագին անհանգստությունը սովորական բաներ էին: Իսկ հիմա, տե՛ս, թե ինչ զուսպ են, հանդարտ: Հոգեբանական ուսումնասիրության նյութ է:

Իսկ ես իմ հերթին մտորում եմ, որ ապրիլյան պատերազմը ամբողջ ազգի մեջ արժանապատվության ու հայրենիքի հանդեպ նվիրումի մի նոր, աննախադեպ ալիք առաջ բերեց: Եվ անկախ հուզմունքից, որը բնական է այսօր այստեղ ներկա հարազատների համար, բոլորն էլ հստակ գիտակցում են. իրենց որդին ծառայում է ազատ ու հպարտ հայրենիքին, որն այսօր նաև հենց իրենց զավակների հույսին ու խնամքին է հանձնվելու: Մնացածը՝ ծառայության վայրը, հեռավորությունը, բաժանման թախիծը դառնում են ածանցյալ…

Վիճակահանությունից հետո մոտենում է ամենադժվար՝ բաժանման պահը: Տղաներն ու ծնողներն արդեն գիտեն, ով որտեղ է ծառայելու: Սպասասրահի տարբեր հատվածներում իրենց զինվորին են գրկել հարազատները: Ծնողներից շատերի դեմքին ժպիտ է, ոգևորություն:

Հովհաննեսի հայրը՝ Շիրազ Բաբլումյանը, փորձում է ներկայացնել իր հոգեվիճակը. «Ե՛վ ուրախ եմ, և՛ հուզված, և՛  ոգևորված: Ու այս ամենը միաժամանակ»:

Գալուստի մայրիկն ուրախ ժպիտով է որդուն հրաժեշտ տալիս.

Ուրախ ենք, իհա՛րկե: Առողջ, լավ  որդիներ ենք բանակ ուղարկում: Աստված իրենց պահապան:  

Սրահի մի անկյունում էլ ինքնակամ հայրենիք վերադարձած Արթուր Չիբուխչյանի ընտանիքի անդամներն են շրջապատել իրենց հերոսին: Ակնհայտ է՝ գոհ են որդու ընտրությունից. շնորհավորում են, համբույրներով ծածկում: Արթուրը, մյուս խրոխտ տղաների հետ միասին, այսուհետ Հայրենիքի լիիրավ, հպարտ ու արժանապատիվ պաշտպանների շարքում է:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ