Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»

Այս զորակոչին գործող այլընտրանքային զինվորական ծառայության ևս մեկ տարբերակ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը: Այս պահի դրությամբ ավելի քան 250 դիմում է ներկայացվել «Պատիվ ունեմ» ծրագրով բանակ զորակոչվելու համար: Այն երիտասարդներին թույլ է տալու տարկետում ստանալ և ծառայության մեկնել բուհում ուսումնառությունն ավարտելուց հետո, ծառայել որպես սպա՝ ստանալով բարձր աշխատավարձ։ 

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»-«Պատիվ ունեմ»-ը շատ մեծ հնարավորություններ ու հեռանկարներ է ապահովում բուհում սովորել ցանկացող երիտասարդների համար,- շեշտում են զորակոչիկներ Հրաչյա Սարգսյանը և Աշոտ Դադայանը: Երկուսն էլ «Պատիվ ունեմ»-ի առաջին դիմորդներից են:  Ընդունվել են Մ. Հերացու անվան բժշկական համալսարան: Բակալավրիատում սովորելու տարիներին ապագա բժիշկները քաղաքացիական մասնագիտությունը յուրացնելուն զուգահեռ կանցնեն նաև զինվորական պատրաստության դասեր, ապա ուսման ավարտից հետո լեյտենանտի կոչումով 3 տարի կծառայեն դասակի հրամանատարի պաշտոնում:

Աշոտ Դադայանի հայրը զինվորական է, հենց նա էլ որդուն ուղղորդել է ընտրելու «Պատիվ ունեմ» ծրագիրը:

 

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»-Գիտեմ, որ քննություններն ավարտելուց հետո թույլ են տալիս, որ անվճար սովորես, հետո որպես սպա ծառայում ես բանակում, հետագայում նաև մագիստրատուրայի վճարն է պետությունը փոխհատուցում: Հրաչյա Սարգսյանն էլ հավելում է.

-Մի առավելությունն այն է, որ պետությունն է վճարում քո ուսման վարձը, երկրորդը՝ որ  բուհն ավարտելուց հետո գործազուրկ չես մնա և կունենաս երաշխավորված աշխատավարձ:

Արտոնությունները շատ են, սակայն «Պատիվ ունեմ»-ի հիմքում մասնակցության հստակ պահանջներ են՝ կանոնակարգված օրենքով:  Եթե այս կամ այն պատճառով ծրագրի մասնակիցը բակալավրիատում սովորելու ընթացքում ընդհատի ուսումը, հեռացվի բուհից կամ զինվորական պատրաստության դասընթացից, ապա ի չիք կդառնա նաև «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցությունը։ Երիտասարդը ոչ միայն կզրկվի տարկետման իրավունքից, այլև կվճարի մինչև այդ ուսանողի և պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա վճարված ուսման վարձը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ