Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ԲԱՐՁՐ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»
«ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ԲԱՐՁՐ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»

«ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ԲԱՐՁՐ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»Հայկական բանակի պատվո պահակային վաշտը ոչ միայն ԶՈՒ, նրա կայացածության, այլեւ պետության հզորության առհավատչյան է, նրա այցեքարտը։ Չէ որ պատվո պահակախումբն է մասնակցում օտարերկրյա պետությունների ղեկավարների դիմավորելու եւ ճանապարհելու միջոցառումներին, առանց նրա մասնակցության չի նշվում պետության, ԶՈՒ համար կարեւոր եւ ոչ մի միջոցառում։

 

Հայկական բանակի 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի շատ մանրամասներ թերևս արդեն մոռացվել են, սակայն պատվո պահակային վաշտի տղաների մարտական զենքով ներկայացրած զինվորական այն գեղեցիկ ներկայացում-ցուցադրությունը, որը աշխարհում հայտնի է «դեֆիլե» անվամբ, ոչ միայն չի մոռացվել, այլև շարժել է շատ ու շատ երկրների զինվորականների հիացմունքն ու հետաքրքրությունը: Մեզ անծանոթ այս եզրույթը, որը հայերեն թարգմանվում է շարանցում, թերևս լիարժեքորեն չի արտահայտում զինվորական փոքրիկ ներկայացման ամբողջ դիտարժանությունը, որն իր կատարման բարդությամբ ու գեղեցկությամբ, փայլուն ռիթմով առ այսօր շարունակում է հիացնել բոլորին։

Տարիներ շարունակ ուսումնասիրելով աշխարհի տասնյակ երկրների զինված ուժերի պատվո պահակային վաշտերի գործունեությունը, Դուբայի ոստիկանական ակադեմիայի ղեկավարության ընտրությունը կանգ է առել երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հայաստանի վրա, և որոշում է կայացվել, փորձի փոխանակման, ինչպես նաև իրենց պատվո պահակային վաշտի մասնագիտական հմտություններն ու որակները բարձրացնելու և կատարելագործելու նպատակով հենց այդ երկրներ գործուղել աշխատանքային խմբեր:

Օրերս հենց այս նպատակով Երևանում էր Դուբայի ոստիկանական ակադեմիայի երեք հոգանոց խումբը՝ մայոր Յուսուֆ Ահմեդ Ալբլուշին, 2-րդ կարգի լեյտենանտներ Սաուդ Արիֆն ու Նասսեր Ալբլուշին:

«ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ԲԱՐՁՐ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»Մեկ շաբաթ՝ օրը մի քանի ժամ, արաբ ոստիկանները գնդապետ Աշոտ Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում պատվո պահակային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Սոկրատ Վարդանյանի անմիջական ղեկավարությամբ մասնակցեցին  պատվո պահակային վաշտի առօրյա գործունեությանը, վարժանքներին ու պարապմունքներին, դասընթացներին ու ներկայացումներին, մշակութային միջոցառումների շրջանակներում այցելեցին մեր երկրի տեսարժան վայրեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Սևանա լիճ…

«Շատ երկրների փորձ ենք ուսումնասիրել, սակայն այդքան ծանր կշռող մարտական զենքով կատարվող վարժության ոչ մի բանակում չենք հանդիպել»,- մեզ հետ զրույցում իր հիացմունքն արտահայտեց խմբի ավագ Յուսուֆ Ահմեդ Ալբլուշին:

Մայոր

ՅՈՒՍՈՒՖ ԱՀՄԵԴ ԱԼԲԼՈՒՇԻ

 

Մեկ շաբաթ դիտեցինք, թե ինչպես են զինվորները մարտական զենքով դեֆիլեի հնարքներ կատարում։ Եվ որպեսզի ինքս ինձ համար պարզեմ կատարվող վարժության ամբողջ դժվարությունը, խնդրեցի ինձ տալ աշխատանքային գլխավոր «գործիքը»` մարտական կարաբինը, որը կշռում է 3 կգ 895 գրամ։ Եվ երբ փորձեցի մեկնած ձեռքով օդում պահել զենքը… Անչափ դժվար է հստակ և համաչափ վարժություններ կատարելը։ Կեցցե՛ն ձեր զինվորները: Ուղղակի հիացած եմ: Այստեղ մենք տեսանք բարձր արհեստավարժություն, մեծ վստահություն ու պատասխանատվություն և զինվորական բարձր կարգապահություն։

Ես և իմ խումբը շատ ուրախ ենք ընձեռված հնարավորության համար և սպասում ենք, որ ապագայում կրկին կայցելենք Հայաստան: Շնորհակալություն ենք հայտնում այն թիմին, որը մեզ ծանոթացրեց պատվո պահակային վաշտի գործունեությանը, պարապմունքներին:

Փոխանցում եմ Դուբայի ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Խալիֆա Աբդուլլահ Ալ Մարրիի, նրա տեղակալ, գեներալ-մայոր Մուհամեդ Ահմեդ Բին Ֆահդի և Դուբայի ոստիկանական ակադեմիայի ղեկավար, գեներալ-բրիգադիր Ղաիթ Ղանիմ Ալ-Սուաիդիի մեծագույն ողջույնները:

Մեզ համար պատիվ էր հանդիպել գնդապետ Աշոտ Հակոբյանին և Սոկրատ Վարդանյանին և նրանց գլխավորությամբ ծանոթանալ պատվո պահակային վաշտի նորագույն ցուցադրական վարժություններին և մարզումների մեթոդներին:

 

2-րդ կարգի լեյտենանտ ՆԱՍՍԵՐ ԱԼԲԼՈՒՇԻ

 

Մեր ակադեմիայի ղեկավարությունը 2011-2016 թթ. ընկած ժամանակահատվածում մանրակրկիտ ուսումնասիրել է Հայաստանի զինված ուժերի պատվո պահակային վաշտի ելույթները և շատ տպավորվել ու հիացել  է հատկապես դեֆիլեով, որը մեզ մոտ կոչվում է «Զինվորական շոու»: Հայկական դեֆիլեի վարժությունները շատ են և կատարելու առումով վերին աստիճանի դժվար ու բարդ: Մեկ շաբաթը, բնականաբար, բավարար չէ մարզումների ու պարապմունքների համար, սակայն պատկերացում կազմելու համար, կարծում եմ, որ բավարար է: Պատվո պահակային վաշտի զինվորները ֆիզիկապես առողջ, ձիգ և ներկայանալի արտաքինով պատանիներ են: Վարժանքների ժամանակ նկատվում էր, որ նրանք օժտված են նաև ներքին՝ բարոյահոգեբանական հատկանիշներով` կենտրոնացվածություն, սառնասրտություն, դիմացկունություն, պատվի և արժանապատվության խոր ընկալում, հատկանիշներ, որ անչափ կարևոր են այս ծառայության համար: Ի դեպ, նրանց արտաքին տեսքը` սկսած սանրվածքից, վերջացրած կոշիկների փայլով, կատարյալ է: Այստեղ ես տեսա  շարժման ու վարժության մանրակրկիտ մշակում և հղկում` հիացմունքի արժանի:

 

2-րդ կարգի լեյտենանտ ՍԱՈՒԴ ԱՐԻՖ

 

Այս մեկ շաբաթվա ընթացքում լիովին համոզվեցի, որ մեր ակադեմիայի ղեկավարությունը ճիշտ որոշում կայացրեց` փորձի փոխանակման նպատակով մեզ գործուղելով բարեկամական Հայաստան: Համոզված եմ, որ ձեր զինված ուժերի  պատվո պահակային վաշտի վարժանքներին մեր մասնակցությունը հնարավորություն տվեց, որ  նորամուծությունները տանենք մեզ հետ և դրանք գործնականում կիրառենք մեզ մոտ: Այն, ինչ մենք տեսանք ու սովորեցինք, անչափ տպավորիչ էր: Մեր օրերը ձեր երկրում անցան շատ հագեցած ու լիարժեք: Այս զորամասում մենք տեսանք կոկիկ ու ձիգ քայլվածքով կարգապահ սպաներ ու զինվորներ: Դեֆիլեի հետ կապված ասեմ, որ այն իսկապես հրաշալի են կատարում այստեղ: Եվ չես կարողանում հավատալ, որ մարտական զենքով ճարպիկ հնարքներ կատարողներն ընդամենը ժամկետային զինվորներ են:

Դեֆիլեն իր մեջ ներառում է երեք տասնյակից ավելի վարժություններ, որոնք հանրագումարի են բերվում մեծ դժվարությամբ:

Պատվո պահակային վաշտի մասնակցությամբ դեֆիլեն առաջին անգամ կատարվել է 2009 թվականի հուլիսի 31-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյա հոբելյանի արարողության ժամանակ։

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ