Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՄՈՒՐ Է ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԶՈՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ»
«ԱՄՈՒՐ Է ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԶՈՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ»

«ԱՄՈՒՐ Է ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԶՈՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ»Ութ տարեկան էի: Ամեն աշխատանքային օր` ժամը 6-ին, անցնում էի ընտանիքիս արարողակարգի հիմնական պարտականության կատարմանը: Միջնեկ քույրս` Կարինեն, տաշտ էր բերում` դնելով այն հատակին փռված սրբիչի վրա: Ավագ քույրս` Ալվարդը, տաք ջուր էր բերում: Իսկ ես իմ փոքրիկ ձեռքերով սկսում էի լվանալ հայրիկիս հոգնած ոտքերը: Չեմ կարծում, որ տրամաբանում էի, սակայն ընկալում էի, որ այդ ոտքերն են, որ ամեն առավոտ վեր կենալով՝ հագնում են կոշիկները եւ պատրաստվում օրվա մարտահրավերներին:

Ես հասկանում էի, որ օրվա մարտերում այդ ոտքերը ժամերով կանգնում էին, որպեսզի երեկոյան տուն վերադառնալիս ապահովված լինեն մեր կենցաղային կարիքները եւ փոքրիկ շքեղությունները: Ընտանեկան այս արարողությունը ես սիրով էի կատարում. վերջապես հերթը հասել էր ինձ: Երկու ավագ քույրիկներս արդեն շրջանավարտ էին եղել այդ պարտականությունից եւ ստանձնել էին նոր պարտականություն. օգնել մայրիկին` պատրաստելու ճաշի սեղանը:

Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն էլ ունեցել է իր ընտանեկան մեծ ու փոքր պարտականությունները` փայտ կոտրել, հավերին կուտ տալ, ջուր բերել, հացի գնալ, թութը տափ տալ եւ այլն:

Ընտանիքի հանդեպ պարտականությունները մենք սովորում ենք մեր ծնողներից, իսկ հայրենիքի հանդեպ պարտականության ծիլերը կարծես ձեւավորվում են նաեւ բնազդով, եւ հենց բնազդով էլ մենք հասկանում ենք, որ առանց ապահով եւ բարեկեցիկ հայրենիքի չենք կարող ունենալ կուռ եւ ամուր ընտանիք, եւ առանց առողջ եւ միասնական ընտանիքի չենք կարող ունենալ ուժեղ եւ անվտանգ հայրենիք: Ընտանիքը հայրենիքի սյունն է: Ֆիզիկական վտանգից պաշտպանվելու համար մենք մեր երկրի սահմաններին խրամատ ենք փորում, ուրեմն հոգեւոր կյանքն էլ անվտանգ եւ ապահով դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ պաշտպանական խրամատ: Եվ այդ խրամատն էլ հենց մեր ընտանիքն է:

«ԱՄՈՒՐ Է ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԶՈՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ»Ճիշտ այսպիսի համոզմունքով էլ 2000թ. Րաֆֆին եւ ես հիմնադրել ենք Օրրանը: Երեւանյան եւ վանաձորյան Օրրաններում մեկ հարկի տակ են համախմբվել ավելի քան 300 անապահով ընտանիքների երեխաներ եւ 100 տարեցներ: Օրրանը առաջարկում է մի մոդել, որը մերժում է ընտանիքից երեխային կտրելը եւ նրան մանկատուն ուղարկելը: Օրրանի փիլիսոփայությունն է` որքան էլ սոցիալապես դժվար եւ անապահով պայմաններում ապրի երեխան, միեւնույն է, նա պետք է մեծանա ընտանիքի ջերմ եւ սիրող գրկում, որպեսզի ընտանիքի հիմքերը չխարխլվեն, եւ նրա ուժը չսասանվի: Օրրանում մենք երեխային տրամադրում ենք ամենօրյա տաք կերակուր, հոգատար եւ ջերմ վերաբերմունք, կրթություն եւ դաստիարակություն, որպեսզի նա մեծանա իր ընտանիքում եւ երբեք չկորցնի իր կապը նրա հետ, մենք նրա ընտանիքին անգամ հաճախ տրամադրում ենք կացարան եւ աշխատանք: Բոլորս լավ գիտենք, որ այսօրվա երեխան մեր վաղվա զինվորը, ուսուցիչն ու բանվորն է, եւ նա չի կարող շենացնել, պահպանել իր հայրենիքը, եթե կապված չէ իր ընտանիքի հետ:

Ընտանիքի միասնությունը շատ անգամ կախված է տնտեսական պայմաններից: Տնտեսական այս ծանր պայմաններում մեր առաջնահերթ պարտականությունը ընտանիքն ամուր պահելն է, նրա միասնությունը եւ ուժը ապահովելը: Սա նշանակում է, որ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի մեր հայրենիքում արտագաղթ եւ արտագնա աշխատանք չլինի, եւ դրանց հետեւանքով ընտանիքները չմասնատվեն ու չքայքայվեն:

Ընտանիք ունենալը կյանքում լիարժեք եւ առողջ ապրելու պարտադիր պայմաններից է: Հենց այս պատճառով էլ, երբ մենք մեծանում ենք եւ կենցաղային հարցերում դառնում ավելի անկախ, ընդլայնում ենք մեր ընտանիքը ամուսնանալով: Ամենեւին էլ պատահական չէ` երբ ուզում ենք արտահայտել մեր անսահման սերը եւ անբացատրելի հարաբերությունը մեր մտերիմ ընկերների հանդեպ, նրանց ներկայացնում ենք որպես մեր եղբայր կամ քույր:

Ընտանիքը ընծա է Արարչի կողմից, որպեսզի մենք կյանքում կարողանանք պաշտպանվել մանր ու մեծ դժվարություններից: Դարերի ընթացքում «ընտանիք» եզրույթի իմաստը փոփոխվել է: Եթե առաջներում ընտանիք էր համարվում ամուսինն ու կինը` իրենց երեխաներով, ապա արդի աշխարհը մեզ է ներկայացնում ընտանիքի տարբեր կառուցվածքներ: Հայաստանում եւս ընտանիքները կանգնած են փոփոխությունների շեմին, դժվարությունների առջեւ: Ղարաբաղյան պատերազմի մարդկային կորուստները, դեպի արտերկիր արտագնա աշխատանքը, ծանր սոցիալական պայմանները աննախադեպ մարտահրավերներ են նետում ընտանիքի ամուր կառույցին: Ուրեմն ի՞նչ պետք է անել, որպեսզի կարողանանք պահպանել մեր ընտանիքների ամրությունը: Ինչպե՞ս կարող ենք ապահովել, որ մեր կյանքի խրամատը հանկարծ չփլուզվի: Իմ համեստ կարծիքով՝ դա կարելի է անել` նպաստելով ընտանիքի ամրությանը եւ դրան նպաստող արժեքների ձեւավորմանը: Հենց պետական մակարդակով է պետք ջանք չխնայել, որպեսզի ընտանիքները տնտեսական եւ սոցիալական վատ պայմանների հետեւանքով չբաժանվեն: Աշխատատեղերի ապահովումը, լինի պետության, թե մասնավոր հատվածի կողմից, դպրոցական կրթության բարելավումը կամ հմտությունների զարգացումը, անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու պայմանների բարելավումը, տարբեր տեսակի խրախուսանքները պետության կողմից պետք է մղվեն առաջին պլան, որպեսզի ընտանիքի հայրը կամ մայրը կարողանա արժանապատվորեն հոգալ ընտանիքի կարիքները: Ոչ պակաս կարեւոր է նաեւ հոգեբանական օժանդակությունը: Անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել այն ամուսնական զույգերին, որոնք խնդիրներ եւ դժվարություններ ունեն: Օրինակ` ամուսնական զույգերի միջեւ փոխադարձ սերը եւ հարգանքը ամրապնդելու, ինչպես նաեւ ընտանիքի հանդեպ նրանց հավատը պահելու եւ պահպանելու նպատակով կարելի է տրամադրել անվճար մասնագիտական եւ պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

Այս աշխատանքում նաեւ կարեւոր դեր ունեն կրթօջախները, եկեղեցին, Օրրանի պես հասարակական կազմակերպությունները:

Ես իմ ընտանիքում եմ սովորել կուռ ընտանիքի արժեքը, այն նաեւ սովորել եմ` հորս ոտքերը լվանալով, բայց յուրաքանչյուր ընտանիք ունի իր նիստուկացը, որը դարբնում է այդ ընտանիքի ամրությունը, ամրություն, որն այնքան անհրաժեշտ է մեր հայրենիքին, քանի որ, ինչպես Նժդեհը կասեր` ամուր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԽԱՉԻԿՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ