Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉ` ԶԻՆՎՈՐԻՆ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉ` ԶԻՆՎՈՐԻՆ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉ` ԶԻՆՎՈՐԻՆԻմ ու նկարիչ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ծանոթությունն սկսվեց նրա նամակից.

«Բարեւ, Գայանե՛ ջան: Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց արդեն մի քանի տարի է՝ պարպված պարկուճներից, զենքի կտորներից, զինամթերքի մնացորդներից զարդեր եմ պատրաստում: Ամիսներ առաջ մասնակցեցի Ֆրանսիայում կայացած հեղինակավոր «En Guerre» մրցույթ-փառատոնին, որին մասնակցելու հայտ ներկայացրած 43 երկրի 550 զարդագործներից ընտրվել էին միայն 14-ը, այդ թվում եւ ես: Այս պահին ցուցահանդեսը շարունակվում է: Ինչո՞ւ եմ պատմում այս ամենը: Ես գիտեմ, որ Դուք զինվորական լրագրող եք, սիրով կարդում եմ Ձեր հոդվածները: Ու որոշեցի հենց Ձեզ դիմել օգնության խնդրանքով: Մի արմավիրցի տղամարդ, որի որդին՝ Ռազմիկ Մկրտչյանը, ծառայում է պաշտպանության բանակում, ինձ նվիրեց կրակած փամփուշտի պարկուճ: Ռազմիկը այդ փամփուշտով խոցել էր մեր հողը մտած ադրբեջանցի դիվերսանտին: Ես «Հայրենիք պաշտպանած» պարկուճից խաչ եմ պատրաստել եւ որոշել եմ գնալ դիրքեր ու խաչը մեդալի պես ամրացնել պոստում կանգնած զինվորի կրծքին: Ուզում եմ՝ իմ անունից դիրքեր բարձրանալու թույլտվություն խնդրեք Ձեր ղեկավարությունից:

Հանուն հայրենիքի մեծ սխրանք գործած մարտիկին պարգևատրում են «Մարտական խաչով», իսկ իմ պատրաստած խաչը խաղաղության խաչ է: Պահպանիչ խաչ: Մենք պիտի ապրող հերոսներին սիրենք այնքան, որքան զոհված հերոսներին ենք սիրում: Ես որոշել եմ այս նախաձեռնությունը դարձնել պարբերական և իմ խաղաղության խաչը տեսնել բազմաթիվ հերոս զինվորների կրծքին»:

Օրեր անց գյումրեցի երիտասարդ նկարիչ-զարդագործը եւ նրա գեղեցկուհի կինը իմ հյուրերն էին:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉ` ԶԻՆՎՈՐԻՆ-Արտա՛կ, Ձեր նամակն ստանալուց անմիջապես հետո գտա Ձեր ֆեյսբուքյան էջը ու փնտրեցի զենքերի, զինամթերքի մնացորդներից պատրաստված զարդերի նկարները… Ես ապշած- հիացած եմ: Անհնար է հավատալ, որ այդ զարդերը պարպված փամփուշտներից, զենքերի փողերից ու այլ մասերից են պատրաստված: Այնքան շքեղ են, ինքնատիպ, գեղեցիկ: Ես դրանք ոչ մի ոսկու, ոչ մի թանկարժեք մետաղի հետ չէի փոխի: Ո՞վ է Ձեզ սովորեցրել այդ արվեստը, այն ավանդույթներ ունի՞ Հայաստանում:

-Ինձ ոչ ոք չի սովորեցրել, ինքնուս եմ: Համացանցը փորփրելիս պատահաբար իմացա, որ աշխարհում կա զենքից զարդ պատրաստելու արվեստ: Գաղափարը շատ հրապուրիչ էր: Ինչ վերաբերում է հայկական ավանդություններին, ինձ շատ կցկտուր տեղեկություններ են հայտնի այդ մասին:

-Ձեր զարդերն այնքան հայկական են: Ես մասնագետ չեմ, բայց անզեն աչքով էլ կարող եմ տեսնել հայկականության կնիքը, մեր ազգային ոճը, ձևերը, գույները: Ես, որ համաչափության սիրահար եմ, հիացա Ձեր անհամաչափության «ներդաշնակությամբ»: Որոշ զարդերի վրա նույնիսկ փամփուշտների համարանիշը կար և դարձել էր նախշի մաս: Պատերազմը մերժելու, մահը՝ կյանքի, ցավը գեղեցկության վերածելու Ձեր մղումը այնքան ակնառու է ու առինքնող….

-Ես Գյումրիի Սլաբոդկա թաղամասից եմ: Երկրաշարժից հետո ժամանակն ասես կանգ առավ իմ ծննդավայրում, համատարած տխրություն իջավ քաղաքի վրա: Հետո իմ մանկության վրայով մի նոր խորշակ անցավ: Երբ քաղաք մտավ Արցախյան պատերազմում զոհված առաջին գյումրեցին` եռագույնը վրան, Գյումրին նորից կծկվեց ցավից: Ծիծաղի, հումորի, լույսի ու հրճվանքի քաղաքը էլ չկար: …Մահ, վիշտ սփռող զենքը զարդի վերածելը իմ ծանր հիշողություններից ծնված՝ խաղաղության մաղթանքն է աշխարհին:

-Երկրաշարժ, հետո պատերազմ… Էդ ինչ աննկուն ուժ էր, որ ստիպեց գյումրեցուն ապրել, շտկել մեջքը: Մեկին գիտեմ` կորցրել էր ամբողջ ընտանիքը, ծնողներին, եղբայրներին, քույրերին, կնոջը, երեխաներին… Բայց ապրեց: Ամուսնացավ: Երեխաներ ունեցավ: Յոթ երեխա: Նրանց անվանեց զոհված հարազատների անուններով:

-Այո՛, Գյումրին չծնկեն: Ցավը ներս արած, տնակների մեջ, սարսափելի ծանր պայմաններում՝ մարդիկ հավատացին իրենց ապագային: Պատերազմի ժամանակ, խավարի, ցրտի տարիներին օրվա հացը գերմարդկային ճիգերով վաստակող գյումրեցիները երաժշտական, նկարչական դպրոց էին տանում իրենց զավակներին: Ես ու եղբայրս ե՛ւ երաժշտական դպրոց ենք գնացել, ե՛ւ պարի, ե՛ւ նկարչության…

-Նկարչությունն ավելի հոգեհարզատ էր, քան երաժշտությո՞ւնը…

-Ես չէի սիրում «գիտությունով չալել»: Ուզում էի փող աշխատել ու դպրոցական տարիներին նվագում էի հարսանիքներում: Հայկական պարեղանակներ, թեթեւ մեղեդիներ…

-Բա դասե՞րդ:

-Հանրակրթական առարկաները լավ էի սովորում, բայց, պարզ էր, որ ե՛ւ ես, ե՛ւ եղբայրս՝ մեր խառնվածքով ու նախասիրություններով, պիտի խորանանք արվեստի մեջ: Երկուսս էլ ընդունվեցինք մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը: Հետո… կյանքը պարտադրեց իրենը. մայրս ու կրտսեր եղբայրս մնացին Հայաստանում, ես ու հայրս գնացինք Ռուսաստան, որ փող աշխատենք:

Բնակարաններ էի նորոգում` գիպսի քանդակներ, նախշեր: Ու ապրում էի Հայաստան վերադառնալու ու իմ սիրած գործով զբաղվելու երազանքով: Այդ տարիներին էր, որ եղբայրս Թուրքիայում մասնակցեց միջազգային հեղինակավոր փառատոնի՝ Ղարսի ու ցեղասպանության մասին նկարած կարճամետրաժ ֆիլմով, ու մեծ հաջողություն ունեցավ. նրա ֆիլմը ներկայացվեց Կաննի փառատոնին: Այս լուրը լսելուց հետո իմ բոլոր զրկանքները փարատվեցին:

2009-ին մոտ 10 տարվա պանդխտությունից հետո վերադարձա հայրենիք: Ամուսնացա Հայարփիի հետ, որին առաջին անգամ Յոթ Վերք եկեղեցում եմ տեսել: Գլխաշորը գլխին, աչքերը խոնարհած աղոթելիս հրեշտակի էր նման:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉ` ԶԻՆՎՈՐԻՆ-Իսկապես, շատ գեղեցիկ կին ունեք:

-Հոգով է գեղեցիկ: Մասնագիտությամբ լեզվաբան է, բայց տիկնիկագործությամբ է զբաղվում: Հելունով տիկնիկներ է գործում: Այս պահին Հայարփիի տիկնիկները ցուցադրվում են Ֆրանսիայում բացված ցուցահանդեսում: Հայարփին ավանդական հայ կնոջ կերպար է` իմ պատկերացրած կատարելատիպը: Իր սիրով ու հարգանքով ծնողներիս հանդեպ, համբերատարությամբ, նվազագույն նյութական պահանջներով,ամուսնուն մշտապես աջակցելու պատրաստակամությամբ: Իսկապես, իմ բախտը բերել է, որովհետեւ հրաշալի ընտանիք ունեմ: Իմ օջախում մի հարկի տակ երեք սերունդ է ապրում` լիակատար սիրո, խաղաղության ու ներդաշնակության մեջ: Շատ դժվարություններ ենք հաղթահարել միասին: Պատահել է` նույնիսկ հացի փող չենք ունեցել, բայց չենք ընկճվել. ավելի ենք սեղմվել իրար, ավելի ենք մտերմացել, ավելի ենք սիրել ու աջակցել մեկս մյուսին:

Մոռացա ասել, որ ես ու Հայարփին ամուսնացանք Անիի եկեղեցում: Հայաստանից գնացած քահանան իրավունք չունի որեւէ հոգեւոր ծես կատարելու Թուրքիայի տարածքում, բայց մենք շատ խնդրեցինք Շիրակի թեմի առաջնորդին ու նրա թույլտվությամբ Տեր Վարուժանին առած՝ գնացինք Կարս, այնտեղից էլ Անի:

-Ասում են` Կարսը շատ է նման Գյումրիին:

-Նմանը ո՞րն է, կարծես Գյումրին է` նույն ոճը, նույն սալահատակը, հետո… արյունդ է զգում, որ քոնն է: Որ տանն ես:

-Ո՞վ գիտի, Անին մեկ էլ ե՞րբ էր հայկական հարսանիք տեսել:

Զրույցը սկսեցինք Ֆրանսիայի միջազգային ցուցահանդեսից, հասանք Կարս ու Անի… Եկեք վերադառնանք Ձեր զարդագործությանը:

-Պատմեմ, թե ինչպես մեկնեցի Ֆրանսիա` մասնակցելու փառատոնին: Ֆրանսիական դեսպանատունը մերժեց ինձ, թույլ չտվեց մուտք գործել Ֆրանսիա, պատճառաբանելով, որ ես Հայաստանում չունեմ սեփականություն, պետական աշխատանք, բանկում` գումար, Ֆրանսիայում օրը 60 եվրո ծախսելու հնարավորություն: Շատ զարմանալի էր, որ գործին խառնվեցին «Ֆրանս-3» հայտնի հեռուստաընկերությունը եւ այն քաղաքի քաղաքապետը, որտեղ պիտի տեղի ունենար փառատոնը:

Ու միայն նրանց միջնորդությամբ ինձ թույլ տվեցին մասնակցել մրցույթ-փառատոնին: Ես այս ամենը պատմում եմ՝ մեկ անգամ ևս պնդելու, որ ոչ մի ձգտում չի մնա անարդյունք, եթե շնորհալի ես ու աշխատասեր, եթե ջանացել ես ու չես ընկրկել դժվարությունների առաջ:

-Դուք հարցազրո՞ւյց եք տվել «Ֆրանս 3-ին»: Ինչպիսի՞ն են այդ հանրահայտ հեռուստաընկերության լրագրողները:

-Եղբայրս էլ շատ զարմացավ, երբ լսեց, որ «Ֆրանս 3»-ը ինձնից հարցազրույց է վերցրել: Նա ավելի քան տասը տարի ապրում ու ստեղծագործում է Ֆրանսիայում, բայց, ինչպես ինքն էր ասում կես կատակ-կես լուրջ, «Ֆրանս 3»-ին հարցազրույց տալու բախտ չէր ունեցել:

Ես չէի պատկերացնում, թե ինչ արժեք ունեն իմ գործերը, չէի հասկանում, թե ինչ հեղինակավոր մրցույթի է մասնակցելու, բայց, երբ տեսա տոնականորեն զարդարված քաղաքը, շքեղ ընդունելությունը, մասնակիցների բարձրաճաշակ գործերը, որոնք վաճառվում էին տասնյակ հազարավոր եվրոներով, հասկացա, որ նշանակալի արդյունքի եմ հասել…

Այս ամենով հանդերձ, ինձ համար ամենակարևորն այն է, որ ես երկրորդ կյանք եմ տալիս մի նյութի, որը պատերազմի` չարիքի խորհրդանիշ է, եւ այն վերածում եմ գեղեցկության:

Ինչ վերաբերում է «Ֆրանս 3»-ի լրագրողներին, արտառոց ոչինչ չկար, մեր այժմյան զրույցն ավելի սրտամոտ է ինձ ու բովանդակալի: Եվ Ձեզ հիմա մի մատանի պիտի նվիրեմ, որը նույնպես առաջնագծից է եկել՝ իր հերոսական առաքելությունը կատարելուց հետո:

-Դուք պատերազմը «վերաձեւում եք» խաղաղության:

-Նաեւ ուզում եմ ասել, որ գեղեցկությունը մետաղի հարգի ու դրանք թանկարժեք քարերով զարդարելու մեջ չէ: Թող ոչ մի հայ կին գեղեցկությունը չպայմանավորի թանկությամբ ու թոթափի քաղքենիությունը: Ի դեպ, Եվրոպայում կա Արվեստագետի օր, եւ մեր ցուցահանդեսը բացվեց հենց այդ օրը: Ես, լինելով հայ նկարիչ-զարդագործ, պատիվ ունեցա հայկական արվեստի ինքնատիպությունն ու գեղեցկությունը ցուցադրելու Եվրոպայում:

-Արտակ ջան, շնորհակալ եմ զրույցի համար: Շնորհակալ եմ սահմանից եկած այս մասունքի` այս նրբակերտ մատանու համար, որի մյուս կեսը փակել է մեր հողը մտած թշնամու ճանապարհը: Մատանին մատիս է, բայց ես դրա մեծ խորհուրդը կկրեմ սրտիս մեջ: Մատանու վրա սեպագրեր կան, ես դրանք չեմ կարող վերծանել, բայց զգում եմ, որ այն մի պատառիկ է իմ հեռավոր նախնիների` հայրենիքի ազատության համար հերոսաբար ու հպարտորեն զոհաբերվելու, հայրենիքը անսահման սիրելու քարակոփ վկայություններից:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ