Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲՕրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում` նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար:

 

Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որ զորավարժությունն անցկացվում էր գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմը հանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրման ժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը:

Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացել նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացս յուրաքանչյուր գործողություն ստուգել և գնահատել են հանձնաժողովի անդամները:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲԶորավարժարանում սահմանված կարգի համապատասխան բացազատվել են ուսումնական կետեր: Պայմանական մարտական գործողություններն սկսելուց առաջ ըստ ուսումնական կետերի զեկույցներ են ներկայացվել մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ միջոցների ու հնարքների մասին: Քննարկվել են սպառազինության, զինամթերքի, հրաձգության նախապատրաստման և այլ բազմաթիվ խնդիրներ:

Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել և ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը:

Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվում են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներն ու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարում և տվյալները արագ փոխանցում մարտական հաշվարկներին:

Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքը: Հարվածներ են հասցվում ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող հակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվում են բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ:

Դրվագներից մեկում հակառակորդին հաջողվում է հայտնաբերել մեր կրակային դիրքերից մի քանիսը: Անմիջապես նոր կրակային դիրք զբաղեցնելու որոշում է կայացվում: ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մարտկոցը արգելափակող կրակ է վարում՝ թույլ չտալով հակառակորդին կենտրոնացնել ուժերը, նպատակային կրակ վարել, միաժամանակ ապահովելով Դ-20 թնդանոթների մարտկոցի անվտանգ տեղաշարժը:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲԹիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:

Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկ զորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաև փաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում է նրանց մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական վիճակը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ