Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ



ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋՀունիսի 25-ին Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստին ամփոփվեցին 2017թ ձմեռային զորակոչի արդյունքներն ու առաջադրվեցին 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման խնդիրները:

Նիստին հանձնաժողովի անդամներից բացի, ներկա էին նաեւ շահագրգիռ բոլոր կառույցների, այդ թվում՝ քաղաքապետարանի, մարզպետարանի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բանակային զորամիավորումների հրամանատարները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ առաջին անգամ է նիստը անցկացվում հանրապետական հավաքակայանում՝ նպատակ ունենալով նիստի ավարտից հետո ներկաներին ծանոթացնելու զորակոչի ընթացքում հավաքակայանում իրականացվող աշխատանքներին եւ այն պայմաններին, որոնք ստեղծվել են զորակոչիկների եւ նրանց զինված ուժեր ճանապարհող հարազատների համար:

ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋՊաշտպանության նախարարը   իր խոսքում կարեւորեց  զորակոչի ընթացքում արդարության եւ թափանցիկության ապահովումը,  դրական գնահատեց   զորակոչիկների  եւ նրանց ծնողների բողոքների  արձագանքման գործում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր գործող հասարակական խորհրդի եւ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի թեժ գծի աշխատանքները:

Նախարարն ընդգծեց նաեւ, որ դրական տեղաշարժ  կա բժշկական հանձնաժողովի կողմից իրականացվող զորակոչիկների բժշկական փորձաքննությունների աշխատանքում:

Դավիթ Տոնոյանը  հանձնարարեց նորակոչիկների դիմավորումը  ոչ միայն հավաքակայանում, այլ նաեւ զորամասերում պատշաճ մակարդակով իրականացնել: «Վարչապետի կոչով արտերկրից զինվորագրվելու նպատակով հայրենիք  վերադարձողների նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու, եւ նրանք կվերադառնան եւ կծառայեն առանց խնդիրների»,-հավաստիացրեց նախարարը:

ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋԿատարված  եւ կատարվելիք աշխատանքների մասին առավել մանրամասն զեկույցով հանդես եկավ ՀՀ  զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հ. Մուրադյանը: Գեներալ-մայորը ներկայացրեց  թե՛ ձեռքբերումները, թե՛ նկատված թերությունները:

«Ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլում տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ զորակոչիկների ընտանեկան, սոցիալ-դեմոգրաֆիկ եւ առողջական խնդիրներն ստուգելու ուղղությամբ, բոլոր գերատեսչությունները, Երեւանի քաղաքապետարանը, մարզպետարանները եւ համայնքները ցուցաբերեցին գործուն աջակցություն, հասարակության շրջանում իրականացվեց տարաբնույթ քարոզչական աշխատանք՝ զինվորական ծառայության գրավչության բարձրացման եւ զորակոչի լուսաբանման ուղղությամբ: Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով տարածքային զինկոմիսարիատները կազմակերպել էին ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, կազմակերպվել էին զինակոչիկների այցելություններ Մատենադարան, Պատմության թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր….»:

ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋՀանրապետության զինկոմը անդրադարձավ զորակոչվածների թվաքանակին, ներկայացրեց կցագրման եւ հաշվառման վիճակագրական տվյալները: Խոսվեց նաեւ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների մասին:  Զինկոմը շեշտեց նաեւ, որ զորակոչի ընթացքում հստակ եւ կազմակերպված են աշխատել հանրապետական հավաքակայանում պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային բոլոր խմբերն ու հանձնաժողովները:

Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա շնորհակալություն հայտնեց զորակոչի գործընթացում ընդգրկված բոլոր գերատեսչությունների անձնակազմերին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ձմեռային զորակոչը ժամանակին եւ պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Նախարարը կարեւորեց յուրաքանչյուր օղակի աշխատանքն ու աջակցությունը, միաժամանակ հորդորեց  խստորեն պահպանել օրենքի պահանջները:

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ներկաների հետ  շրջեցին հավաքակայանում՝ դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների եւ ստորաբաժանումների պատրաստվածությունը: Տրվեցին հանձնարարականներ եւ ցուցումներ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/06/2018