Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷՄայիսի 11-ը N զորամասի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմավորման օրն է՝ փառավոր մարտական ուղի անցած գումարտակ, որը բանակաշինության գործում մեծ դերակատարություն է ունեցել:

Ադրբեջանա-արցախյան թեժ հակամարտության ժամանակամիջոցում` 1993թ. մայիս-օգոստոս ամիսներին, գումարտակն առաջին անգամ մարտական հրաման ստացավ, որը կատարեց մեծ պատասխանատվությամբ` ձեռք բերելով պատերազմական գործողությունների մասնակցության, մարտի նախապատրաստման և վարման հմտություն: Հրամանատարությունը բարձր գնահատելով գումարտակի բացառիկ կազմակերպվածությունն ու հարվածային հուժկու ուժը, 1993թ. օգոստոս-սեպտեմբերին գումարտակին հանձնարարեց նախաձեռնել ակտիվ պաշտպանական գործողություններ և ամեն կերպ շարժվել առաջ, տեղ զբաղեցնել միանգամայն նոր բնագծերում: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբերին գումարտակի հերոս ռազմիկների ոգին այլևս ընկճել հնարավոր չէր. նրանք առաջ են շարժվում դեպի հայոց հինավուրց Կովսական՝ ազատագրելու հայկական պատմական նոր բնակավայրեր: Գործողությունը փայլուն ընթացք ունեցավ: 1993թ. նոյեմբերի 25-ին գումարտակն արդեն Մայր Արաքսի ափին էր՝ Հորադիզի բնագծում: Թեժ մարտերին զուգընթաց, գումարտակը կատարեց նաև մեծածավալ ինժեներական աշխատանքներ:

1994թ. հունվարի 6-ին գումարտակն ինտենսիվ և ծանր մարտեր մղելով` ազատագրեց նոր տարածքներ: Այսպես՝ 1994թ. փետրվարից մինչև 2001թ. նորաստեղծ բանակի առաջին ստորաբաժանումներից  մեկի` Արթուր Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող N զորամասի առանձին մոտոհրաձգային գումարտակի հայ զինծառայողները բազմաթիվ նոր բնագծեր նվաճեցին:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում գումարտակը վերստին փայլեց հերոսությամբ` ցուցադրելով հայ զինծառայողի աննկուն ոգու և հզոր մարտիկի լավագույն որակական հատկանիշներ:

Ցավոք, իր անցած փառավոր մարտական ուղու ընթացքում գումարտակն ունեցել է 36 զոհ, 178 վիրավոր, 4 անհայտ կորած:

Փա՜ռք հերոսներին:

ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷԵվ ահա, հարազատ զորամասի  կազմավորման 25-ամյա տոնակատարություններին ընդառաջ, գումարակի առաջին հրամանատար, պահեստազորի գնդապետ Արթուր Մարտիրոսյանի առաջարկով հարազատ զորամասի տարածքում մեկ մարդու պես կրկին հավաքվեցին նախկին զինակիցները՝ ի կատար ածելու Աստծուն տված իրենց ուխտը՝ անպայման հանդիպել 25 տարի անց և սերունդներին թողնել գումարտակի հերոսական պատմությունը հավերժացնող հուշահամալիր:

Գորիս-Կապան մայրուղու հենց Կարմրաքարին հարող տարածքում գումարտակի նախկին զինծառայողները կանգնեցրին Տեղ գյուղից Աշոտ քանդակագործի հրաշալի խաչքարը` որպես հարգանքի տուրք գումարտակի հերոսների հիշատակին: Նախկին մարտիկները խաչքարի հարևանությամբ նաև ինքնատիպ հուշաղբյուր են կառուցել` նախապես կատարելով խմելու ջրի տեղափոխման մեծածավալ աշխատանքներ: Իսկ նույն բարեկարգված տարածքում գտնվող հանգստի անկյունը՝  Երևան-Թեհրան մայրուղու ցանկացած վարորդի, ուղևորի հնարավորություն կտա Սյունյաց հրաշագեղ բնության կարճատև հանգիստը վայելելու՝ Հայրենիքի ազատության համար զոհված հերոսների հիշատակը հարգելով:

Հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին 1-ին և 4-րդ զորամիավորումների հրամանատարները, Սյունիքի մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներ, հերոսական գումարտակի բազմաթիվ նախկին մարտիկներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, զինծառայողներ, մարզի բազմաթիվ քաղաքացիներ, հյուրեր:

Խաչքարի բացման պատիվը տրվեց 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին և Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին:

-Զինվորական նվագախումբը կատարեց ՀՀ Օրհներգը:

Խաչքարն օրհնեց Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Հեբոյանը:

Հանդիսավոր միջոցառմանը հնչեցին ելույթներ` ոգեկոչելով Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին: Երախտիքի խոսքեր ուղղվեցին այս ուսանելի նախաձեռնության հեղինակներին՝ մոտոհրաձգային գումարտակի զինծառայողներին, առաջին հրամանատար, պահեստազորի գնդապետ Արթուր Մարտիրոսյանին:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ